Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 2 մարզային ակումբներից մեկը «Գանձասարն» է: Նրա գլխավոր նպատակը տեղական ֆուտբոլը զարգացնելն ու Կապանը սպորտային քաղաք դարձնելն է:
Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել հայկական ֆուտբոլային ակումբների մասին պատմող շարքը: «Գանձասարի» դժվարությունների, ֆուտբոլում պետական աջակցության ու հայկական ակումբային կյանքի ակտիվացման իր տարբերակներն է ներկայացրել ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը:
«Գանձասարը» սեփական ստադիոն չունի ու վարձակալում է այն
«Գանձասարում» մինչեւ Հայաստանի առաջնության մեկնարկը զգալի փոփոխություններ են կատարվել. ամբողջովին փոխվել է մարզչական շտաբը, թիմ են հրավիրվել 4 մարզիչ ու 1 բժիշկ: Ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն ասում է, որ Հայաստանում առաջինն իրենք են նման փորձարկում արել:
«Մարզչական շտաբն առայժմ գոհացնում է մեզ, խաղից խաղ առաջընթաց է նկատվում: Շատ կարեւոր է, որ թիմում լավ մթնոլորտ է տիրում: Բայց դեռ շատ անելիքներ ունենք լուրջ ձեռքբերումներ արձանագրելու համար»,- նշում է Առաքելյանը:
Նոր մարզիչը՝ Սերգեյ Պուչկովը, իր հետ թիմ է բերել 6 ուկրաինացի ֆուտբոլիստների, լեգիոներների թիվը համալրել է եւս մեկը, որը հանդես էր գալիս «Ուլիսում»: Շարք է վերադարձել նաեւ «Գանձասարի» եւս մեկ բրազիլացի խաղացող, որը վնասվածքի պատճառով ստիպված էր որոշակի ժամանակ չխաղալ: Գործադիր տնօրենի խոսքով, իրենք փորձում են թիմում ընդգրկել նաեւ տեղացի ֆուտբոլիստներին:
Առաքելյանի վստահեցմամբ, իրենք բոլոր ֆուտբոլիստների համար հիանալի պայմաններ են ստեղծել, լեգիոներներն ակումբի սեփական մարզաբազայում են բնակվում, որտեղ ոչնչի պակաս չունեն. «Այն իմ սեփականությունն է ու ակումբին է տրամադրված: Մեր միակ խնդիրը ստադինոնն է, սեփականը չունենք ու ստիպված վարձակալում ենք: Գումարային տեսանկյունից դա դժվարություններ է առաջացնում»:
Կապանի թիմն ավելի շատ դժվարություններ ունի, քան մնացած 7 ակումբները
«Գանձասարի» գլխավոր նպատակը տեղական ֆուտբոլը զարգացնելն է: Կապանը միշտ էլ լավ ֆուտբոլային ավանդույթներ է ունեցել, ու Առաքելյանի խոսքով, այդ քաղաքում միշտ էլ ֆուտբոլ պետք է լինի. «Կապանցին ֆուտբոլով է ապրում, այլ մասսայական մարզաձեւ մեր քաղաքում չկա: Թիմը կարողանում է միավորել մարդկանց ու բերել ստադիոն: «Գանձասարում» միշտ շատ են եղել տեղացի խաղացողները, այդ պատճառով էլ տնային հանդիպումների ժամանակ մենք երկրպագուների պակաս չենք ունենում»:
Այս տարի էլ ակումբն իր առաջ խնդիր է դրել երկրի առաջնությունում ընդգրկվել մրցանակային եռյակում ու իրավունք ստանալ մասնակցելու Եվրոպայի Լիգային: Առաջնության մեկնարկում ցույց տված արդյունքներից ակումբի ղեկավարությունը գոհ է, ու կարծում է, որ աստիճանաբար կկարողանան իրագործել իրենց նպատակները:
Առաքելյանը նշում է, որ իրենք ի տարբերություն մնացած 7 ակումբների, ավելի շատ դժվարություններ ունեն: Թիմը արտագնա խաղերի ժամանակ ստիպված է լինում երկար ճանապարհ կտրել՝ Կապանից հասնելով Երեւան կամ էլ Գյումրի: Ինչի արդյունքում «Գանձասարի» ֆուտբոլիստներն ավելի շատ են հոգնում, քան մյուսները:
Երբեմն փորձում են Երեւանում ավելի երկար ժամանակ մնալ ու մի քանի խաղի հենց մայրաքաղաքում պատրաստվել: «Սակայն դա մեծ ծախսերի հետ է կապած: Երեւանում հիմնականում Ակադեմիայի դաշտում ենք մարզվում: Առաջնության կանոնադրության համաձայն, մրցակից թիմը պետք է մեզ դաշտ տրամադրի, բայց այդ պահանջը չեն կատարում: Սակայն երբ մենք ենք նրանց հյուրընկալելիս լինում, ամեն ինչ իրենց համար անում ենք»,- ասում է Առաքելյանը:
Միայն մի քանի ակումբներով ողջ երկրում ֆուտբոլ զարգացնել հնարավոր չէ
Ակումբը կարողանում է բոլոր ծախսերը հոգալ իր հիմնական հովանավորի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի շնորհիվ: Առաքելյանն ընդգծում է, որ այն միշտ հովանավորել ու աջակցել է Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը, ակումբն էլ ամեն ինչ անում է գումարն արդյունավետ օգտագործելու համար: Թեեւ չի ժխտում, որ մեծ գումարների դեպքում ավելի շատ հարցեր կկարողանան լուծել՝ բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրել թիմ ու ուժեղացնել կազմը:
Նա խոստովանում է, որ ակումբ պահելը չափազանց դժվար գործ է, մանավանդ, որ չկա պետական մոտեցում: Առաքելյանն առաջարկում է, որ գոնե մինիմալ ծախսերը պետությունը հոգա, որպեսզի ակումբները չսնկանան ու շարունակեն գործել:
«Հայաստանի առաջնությանն ընդամենը 8 թիմ է մասնակցում, բայց եթե պետությունն էլ աջակցի ֆուտբոլի զարգացմանը, գոնե 12-14 թիմ կունենանք: Առաջնությունը դինամիկ կդառնա ու հետաքրքիր պայքար կտեսնենք»,- ասում է Առաքելյանը:
Նա դժգոհ է, որ առաջնությանն ընդամենը 2 մարզային թիմ է մասնակցում՝ «Գանձասարն» ու «Շիրակը», մնացած 6-ը ներկայացնում են Երեւանը: Այդ պատճառով էլ կարծում է, որ լավ կլինի, եթե մարզկենտրոններն իրենց թիմերն ունենան. «1992 թվականի Հայաստանի առաջնությանը 24 թիմեր էին մասնակցում, առաջին լիգայում էլ 16 ակումբ կար: Իսկ հիմա մենք շատ ցավալի վիճակում ենք գտնվում: Մարզերի թիմերը գոնե 1-ին լիգային պետք է մասնակցեն, խաղային փորձի հնարավորություն տան տեղացի երեխաներին, որոնց մեջ էլ հնարավոր է նոր տաղանդներ ի հայտ գան: Միայն մի քանի ակումբներով ողջ երկրում ֆուտբոլ զարգացնել հնարավոր չէ»:
Տավուշը, Դիլիջանը, Սեւանը, Հրազդանը, Աբովյանը ֆուտբոլային ավանդույթներ են ունեցել, իսկ հիմա եթե այդքան քաղաքներում ֆուտբոլ չկա, որտեղի՞ց հավաքականում լավ ֆուտբոլիստներ կարող են հայտնվել, կարծում է Առաքելյանը:
Լեգիոներներն իրենց որակներով էապես չեն գերազանցում տեղացի ֆուտբոլիստներին
Առաքելյանը համարում է, որ Հայաստանի առաջնության նկատմամբ հետաքրքրությունը կորչում է նաեւ այն պատճառով, որ պարտվող թիմը դուրս չի մնում Բարձրագույն խմբի առաջնությունից, ու արդյունքում տարբերություն չկա մրցաշրջանը 8-րդ, թե 5-րդ տեղում ավարտել:
«Առաջնության կեսից հետաքրքրությունը կորչում է, մի կեսը եռյակում տեղ գտնելու ու Եվրագավաթներին մասնակցելու համար է պայքարում, մյուսներին ոչինչ չի մնում: Տարբեր երկրներում բոլոր տեղերի համար էլ համապատասխան գումար է տրվում: Իսկ մեզ մոտ ֆուտբոլի ֆեդերացիան առաջնության հաղթող թիմին 10 մլն դրամ է հատկացնում, իսկ գավաթակրին՝ 6մլն, ինչը չափազանց քիչ է»,- ասում է «Գանձասարի» գործադիր տնօրենը:
Նա նաեւ բացասական է համարում այն երեւույթը, որ ֆուտբոլիստները մի քիչ ավելի շատ գումար վաստակելու համար անընդհատ ակումբից ակումբ են տեղափոխվում:
Առաքելյանը կարծում է, որ Հայաստանի առաջնության մակարդակը շատ երկրների է զիջում, անգամ Անդորրային: Ըստ նրա, դա է վկայում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում «Բանանցի» պարտությունը «Սանտա Կոլոմայից», ինչն իսկական խայտառակություն էր:
Նրա խոսքով, դրա պատճառն այն է, որ լավ խաղացողներն ամեն ինչ անում են արտերկրում հանդես գալու համար: Արդյունքում, հայկական ակումբները թուլանում են, քանի որ լեգիոներներն էլ իրենց որակներով էապես չեն գերազանցում տեղացի ֆուտբոլիստներին, ու եվրագավաթներում չափազանց վատ մասնակցություն են ունենում:
Ակումբի մանկապատանեկան 9 թիմերում 250 երեխաներ են հանդես գալիս
Մրցաշրջանից առաջ «Գանձասարն» առաջին ուսումնամարզական հավաքը Կապանի իր բազայում է անցկացրել, այնուհետեւ մեկնել Էրզրում, որտեղ ըստ ակումբի ղեկավարության, կան մարզվելու համար շատ լավ պայմաններ: Սովորաբար «Գանձասարը» ձմեռային դադարի ժամանակ է ունենում արտասահմանյան հավաք, սակայն առաջնության անցկացման ժամկետների փոփոխության պատճառով, արդեն նաեւ ամռանն է մեկնում:
Կապանցիները նախընտրում են ավելի ուժեղ մրցակիցների հետ ընկերականներ անցկացնել ու անգամ դրսից թիմեր հրավիրել, սակայն առայժմ ֆինանսական խնդիրների պատճառով դա իրենց թույլ տալ չեն կարող: Եղած գումարները ծախսում են ակումբի զարգացման վրա:
«Գանձասարը» մանկապատանեկան 9 թիմ ունի, որտեղ 10 մարզիչների գլխավորությամբ հանդես են գալիս 250 երեխաներ: Ակումբը հիմա նաեւ Երեւանի «Շենգավիթ» թիմն է ձեռք բերել, ու 2002 թվականին ծնվածների թիմերից սկսած բոլորը «Գանձասարի» անվան տակ են հանդես գալու:
Ակումբի մարզաբազան Կապանից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում, ակումբն ամեն ինչ անում է, որ երեխաները բաց չթողնեն մարզումները՝ սեփական ավտոբուսով ապահովելով նրանց տեղաշարժը:
Հայաստանի ֆուտբոլային ակումբները շարքի մյուս հոդվածները կարդացեք այստեղ՝
Հայաստանի ֆուտբոլային ակումբները. «Ալաշկերտ»
Հայաստանի ֆուտբոլային ակումբները. «Միկա»
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: