Հոկտեմբեր 09, 2024
453 դիտում

Մագնուս Կարլսենը նշել է աշխարհի լավագույն շախմատիստի անունը


Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` elektronikus


Աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը ֆուտբոլի մեծ սիրահար է՝ ինքն էլ է խաղում, որպես երկրպագու եւս բավական ակտիվ է:

Կարլսենի սերը ֆուտբոլի հանդեպ այնքան մեծ է, որ 2020-ին նույնիսկ գլխավորել է ֆենտեզի ֆուտբոլի պաշտոնական վարկանիշը՝ առաջ անցնելով 7,3 մլն խաղացողներից, արդյունքում մրցաշրջանն ավարտել է 10-րդ տեղում: «Այս տարի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, Էրլինգ Հոլանդն իմ թիմում չէ»,-The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Կարլսենը:

Իսկ շախմատի նկատմամբ իրենց սիրո մասին բարձրաձայնել են ֆուտբոլիստներ Հարի Քեյնը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Էնթոնի Գորդոնը, իսկ «Չելսի»-ի մարզիչ Էնցո Մարեսկան նույնիսկ թեզ է գրել, թե այն ինչպես է օգնում ֆուտբոլային մարզչի մտքի աշխատանքին:

Նախորդ տարի Մոհամեդ Սալահը խոստովանել է, որ շախմատի սիրահար է ու միջինից բարձր՝ 1400 վարկանիշ է ունեցել. «Մագնուսը չեմ, բայց ես էլ լավ եմ խաղում: Ոչ մեկը Մագնուսի հետ շանս չի ունենա: Բայց հույս ունեմ, որ մի օր նրա հետ կխաղամ»:

«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ ու, անկասկած, նաեւ Մո Սալահի: Թեեւ դեռ նրա հետ հանդիպելու հնարավորություն չեմ ունեցել: Շատ հաճելի կլիներ տեսնել Սալահին, ինչպես եւ մյուս մարզիկներին, որոնցով հիանում եմ ու որոնք սիրում են շախմատ խաղալ»,-նշել է գրոսմայստերը:

2018-ին նա ընդամենը 5 րոպեում կատարելով 17 քայլ՝ հաղթել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Նորվեգացին գտնում է, որ Պրեմիեր Լիգայում առավել լավ խաղում է Մարտին Էդեգորը, որը ժամանակին բավական ակտիվորեն էր հետաքրքրված մարզաձեւով, սակայն հետո մի քիչ տեմպերը թուլացրել է:

Լուսանկարը` elektronikus


Կարլսենը Լոնդոնում հանդես է գալիս գլոբալ շախմատային Tech Mahindra լիգայում, որի մրցանակային ֆոնդը 1 մլն դոլար է: Նրա կարծիքով՝ դա հիանալի նախաձեռնություն է ու հետագայում առավել շատ մարդիկ կսկսեն դիտել իրենց ելույթները:

«Ի տարբերություն այլ մարզաձեւերի, շախմատում դեռ ավելի շատ խաղացողներ կան, քան երկրպագուներ: Բայց իրավիճակը բարելավվում է»,- նշել է նա:

Կարլսենն անկեղծորեն պատասխանել է, թե ով է Աշխարհի լավագույն շախմատիստը: Թեեւ 2011 թվականից ինքն է գլխավորում ՖԻԴԵ-ի աղյուսակը, սակայն բոլոր ժամանակների առաջին համարը նրա կարծիքով 1985 եւ 2000 թվականների Աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովն է․

«Բայց եթե նույն հարցը ինձ տաք կարիերայի ավարտից հետո, պատասխանն այլ կլինի: Մի քանի լավագույն խաղացող էլ կա, որոնց թվում է նաեւ Ռոբերտ Ֆիշերը, ես էլ անկասկած կամ այդ ցանկում: Այն, որ ինձ մարդիկ լավագույնն եմ համարում, այդքան էլ չի զբաղեցնում մտքերս»:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին