Մայիս 19, 2024
16302 դիտում

Արթուր Աբրահամ. Առնվազն երկու տարի մնալու եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում

Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` Մեդիամաքս:


Այս տարին բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի համար առանձնացավ 2 չեմպիոնական գոտիներով. առաջինը՝ WBO-ն, նա կորցրեց Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում, իսկ երկրորդը (WBO ինտերկոնտինենտալ գոտի) վերցրեց Վիլֆեբորս Շիհեպոյից:

Այս տարին բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի համար առանձնացավ 2 չեմպիոնական գոտիներով. առաջինը՝ WBO-ն, նա կորցրեց Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում, իսկ երկրորդը (WBO ինտերկոնտինենտալ գոտի) վերցրեց Վիլֆեբորս Շիհեպոյից: 

Հիմա Աբրահամի բոլոր ծրագրերը կապված են Շտիգլիցի հետ ռեւանշ-մենամարտի հետ: Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում King Arthur-ը, ինչպես նրան անվանում են երկրպագուները, ամփոփել է 2013 թվականն ու խոսել է WBO գոտին վերադարձնելու, պարտությունների պատճառով անցկացված անքուն գիշերների ու կարիերան ավարտելու մասին:

- Արթուր, այս տարի դու երկու հաղթանակ ես տոնել Վիլֆեբորս Շիհեպոյի ու Ջովաննի դե Կարոլիսի նկատմամբ: Ի՞նչ նշանակություն ունեին քեզ համար այդ հաղթանակները:

- Այս տարվա առաջին մենամարտում ես հանդիպեցի Ռոբերտ Շտիգլիցին ու պարտություն կրեցի: Հաջորդ երկուսում կարողացա առավելության հասնել մրցակիցներիս նկատմամբ: Այդ միջանկյալ հանդիպումներն օգնեցին ճիշտ պատկերացում կազմել մարզավիճակիս մասին: Ճիշտ է, դրանք կարեւոր հաղթանակներ էին, բայց ինձ համար ավելի առաջնային են չեմպիոնական գոտու համար մղվող մենամարտերը:

- Դե Կարոլիսին հաղթելուց հետո  նշել էիր, որ գոհ չես մենամարտի արդյունքից: Ի՞նչը չէր բավարարել քեզ:

- Այդ մենամարտում ես պաշտպանում էի WBO ինտերկոնտինենտալ գոտին ու ուրախ եմ, որ այն կարողացա պահել ինձ մոտ: Սակայն շատ էի ուզում Կարոլիսին նոկաուտով հաղթել, բայց չստացվեց: Նա ամեն կերպ կարողանում էր խուսափել իմ հուժկու հարվածներից՝  անընդհատ շարժվելով ռինգում: Դա էր հիմնական պատճառը, որ ես մենամարտից հետո գոհ չէի ինձնից:

- Այս տարվա առաջին մարտում ցավալի պարտություն կրեցիր Ռոբերտ Շտիգլիցից  ու կորցրիր WBO գոտին: Ձեր առաջին մենամարտում դու էիր հաղթել, ինչո՞ւ չստացվեց կրկնել հաջողությունը:

- Մեր երկրորդ հանդիպման ժամանակ ես վնասվածք ստացա, ու մարտը դադարեցվեց: Շտիգլիցը հարվածեց աչքիս, ու բժիշկը չթույլատրեց շարունակել հանդիպումը: Մարտը տեւեց ընդամենը երեք ռաունդ, ու ես ժամանակ չունեցա ինձ դրսեւորելու:

- Շտիգլիցից կրած պարտությունից հետո հայտարարել էիր, որ եւս մեկ պարտության դեպքում այլեւս ռինգ դուրս չես գա ու քեզ չես համարի բարձրակարգ բռնցքամարտիկ: Սակայն հետո հաղթանակներ տոնեցիր, դրանք օգնեցի՞ն քեզ կրկին վստահություն ձեռք բերել:

- Իհարկե: Ամեն հաղթանակից հետո ավելի վստահ ես դառնում ու ռինգն ավելի լավ զգում: Ես էլ բոլոր մարզիկների պես սիրում եմ հաղթել: Հաղթանակներն օգնում են լավատես դառնալ, հավատալ սեփական ուժերին ու պայքարել չեմպիոնության համար:

- Շտիգլիցի հետ դիմակայությունում հաշիվը հավասար է՝ 1:1: Մյուս տարի մեզ հետաքրքիր ու սկզբունքային մենամարտ է սպասում:

- Ակնկալիքը մեկն է՝ պետք է ոչնչացնեմ նրան, ու վերջ: Կարեւոր չէ՝ նոկաուտ կլինի, թե ոչ, կարեւորը՝ մրցավարը վերջում բարձրացնի իմ ձեռքը: Ես շատ լուրջ եմ պատրաստվելու այդ մենամարտին, այն ինձ համար ամենա-ամենան է:

-Ի՞նչ կասես Շտիգլիցի մասին, նա ինչո՞վ է տարբերվում քո մյուս մրցակիցներից:

- Ամեն մարզիկ իր ոճն ունի ու տարբերվում է մյուսներից: Ես գիտեմ Շտիգլիցի ձեռագիրը. նա թեեւ թույլ է խփում, բայց սիրում է շատ հարվածել: Ոտքերով լավ է աշխատում ու տեղաշարժվում ռինգում: Ես էլ կհարվածեմ ոչ շատ, բայց դիպուկ: Ինչպես եւ իմ բոլոր մրցակիցներին, նրան նույնպես հարգում եմ, բայց հաղթանակն իմը պետք է լինի:

- 2014-ին սպասվում է ձեր արդեն 3-րդ դիմակայությունը: Ինչպե՞ս ես պատրաստվում մենամարտին:

- Մենք կհանդիպենք փետրվարի 1-ին Գերմանիայում: Այս մենամարտն ինձ համար չափազանց կարեւոր ու սկզբունքային է: Ես պարտավոր եմ հաղթել, քանի որ շատ եմ ցանկանում կրկին դառնալ WBO վարկածով աշխարհի չեմպիոն: Մեր 3-րդ հանդիպումն էլ է չափազանց հետաքրքիր լինելու երկրպագուների համար: 

- Ի՞նչ ես սովորել պարտություններից, ու ինչպե՞ս ես դրանք կարողանում մոռանալ:

- Փորձում եմ շուտ մոռանալ դրանց մասին, որ շատ չտխրեմ: Հիշում եմ, երբ պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ պարտվեցի, չէի կարողանում քնել: Անկեղծ եմ ասում, այդ ժամանակ շատ անքուն գիշերներ եմ անցկացրել՝ վերհիշելով մենամարտի դրվագներն ու փորձելով գտնել իմ սխալները: Մարզիկը պետք է կարողանա դասեր քաղել պարտություններից:

- Զգացվում է, որ մարզիչդ՝ Ուլլի Վեգները, չափազանց խիստ է ու պահանջկոտ: Սովորաբար ի՞նչ է նա ասում քեզ պարտությունից հետո կամ ինչպե՞ս է դժոհությունն արտահայտում:

- Իսկապես, նա շատ խիստ է ու պարտությունից հետո ջղայնանում է: Հաճախ բառերով է արտահայտում իր զայրույթը, երբեմն էլ՝ նաեւ «գործով» (ծիծաղում է – հեղ.): Նա անընդհատ պահանջում է կատարելագործվել ու դրսեւորել լավագույն կողմերը:

- Միշտ նշում ես, որ ցանկանում ես երկրպագուներին գեղեցիկ մենամարտ նվիրել: Ո՞րն է գեղեցիկ մենամարտն ըստ քեզ:

- Այն մենամարտերը, որտեղ բռնցքամարտիկները իրար չեն հրում, կախվում միմյանցից, կամ էլ գլխով չեն խփում, գեղեցիկ են լինում: Գեղեցիկ է նաեւ, երբ նոկաուտով ես հաղթում: Իմ մենամարտերից կառանձնացնեի Ժերմեն Թեյլորի հետ հանդիպումը, երբ վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի նրան:

- Ո՞ր քաշային կարգում ես քեզ ավելի վստահ զգում:

- Ես միշտ հանդես եմ եկել միջին քաշային կարգում ու գրեթե 4 տարի կարողացել եմ պահել IBF վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Այդպես էլ ոչ մի մարզիկի չի հաջողվել այն ինձանից խլել, ես այն հանձնել եմ Super Six մրցաշարին մասնակցելու համար: Այդ քաշային կարգում ոչ մի պարտություն չեմ կրել: Հետո տեղափոխվեցի սուպերմիջին քաշ, որին արդեն հարմարվել եմ: Մենամարտից առաջ շատ քաշ չեմ գցում ու արդեն վստահություն եմ ձեռք բերել:

- Դու մինչեւ 2015 թվականը երկարաձգել ես պայմանագիրդ «Sauerland Event» պրոմոութերական ընկերության հետ:

- Այո, ու դա նշանակում է, որ ես առնվազն երկու տարի դեռ լինելու եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Տեսնեմ, այդ երկու տարիներն ինչպիսին կլինեն, կկարողանամ կատարել իմ առջեւ դրված խնդիրները, նոր միայն կկողմնորոշվեմ ապագայիս հարցում:

Արթուր Աբրահամի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանը եւ Գոհար Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին