Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը կարողացել է նվաճել 1 բրոնզե մեդալ ու Աշխարհի առաջնությանը մասնակցելու երկու ուղեգիր: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Արամ Ավագյանը (56 կգ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ավելի շատ ակնկալիքներ է ունեցել իր սաներից:
«Արամն, անկասկած, շատ լավ մասնակցեց, նախորդ տարվա մի շարք անհաջողություններից հետո նա աստիճանաբար վերգտնում է իրեն: Գոհ եմ նրա կատարած աշխատանքից: Արամը շատ աշխատասեր է, ինչն էլ օգնում է արդյունքի հասնել»,- ասել է մարզիչը:
Նա հույս ունի, որ Ավագյանը հաջող ելույթ կունենա նաեւ հոկտեմբերի 8-16-ը Դոհայում կայանալիք ԱԱ-ում: Թեեւ Թորոսյանի խոսքով, մրցակցությունն այնտեղ թեժ է լինելու, մանավանդ որ խաղարկվելու են Օլիմպիական ուղեգրեր, բայց ժամանակ կա ու իրենք կհասցնեն պատրաստվել այդ ստուգատեսին:
ԱԱ-ում ելույթ է ունենալու նաեւ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որը ԵԱ-ում պայքարը լքել է հենց մեկնարկային մենամարտում: «Կորյունը զիջեց մրցաշարի ամենաուժեղ բռնցքամարտիկին, նա պատրաստ չէր դիմակայել նման մրցակցի: Կորյունը մեր շնորհալի ու տաղանդավոր բռնցքամարտիկներից է, ու նրանից եւս կարելի է լավ արդյունք ակնկալել»:
Թորոսյանի վկայությամբ, մրցավարությունը Բուլղարիայում շատ կողմնակալ է եղել, ու հերթական անգամ մի քանի հայ բռնցքամարտիկների՝Հովհաննես Բաչկովին, Արման Հովիկյանին ու Սամվել Բարսեղյանին, զրկել են հաղթանակներից: Իսկ ահա հավաքականի մյուս տղաներն իսկապես թույլ են եղել մրցակիցներից ու զիջել են նրանց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: