Դեկտեմբեր 23, 2024
exclusive
58114 դիտում

Ծանրամարտ՝ մեդալների «երաշտ» ու խնդիրների բացակայություն


Ծանրամարտ՝ մեդալների «երաշտ» խնդիրների բացակայության պայմաններում
Ծանրամարտ՝ մեդալների «երաշտ» խնդիրների բացակայության պայմաններում

Լուսանկարը` ibnlive.in

Առաքել Միրզոյանը
Առաքել Միրզոյանը

Լուսանկարը` Առաքել Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Գեւորգ Դավթյանը
Գեւորգ Դավթյանը

Լուսանկարը` zimbio.com

Նորայր Վարդանյանը
Նորայր Վարդանյանը

Լուսանկարը` Նորայր Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի հավաքականը ունիվերսիադայում
Հայաստանի հավաքականը ունիվերսիադայում

Լուսանկարը` Աղասի Աղասյանի ֆեյսբուքյան էջից

Տիգրան Գ. Մարտիրոսյանը
Տիգրան Գ. Մարտիրոսյանը

Լուսանկարը` flickr.com

Տիգրան Վ. Մարտիրոսյանը
Տիգրան Վ. Մարտիրոսյանը

Լուսանկարը` zimbio.com


Հայկական ծանրամարտ: Այս արտահայտությունն օգտագործողները գիտեն.  Հայաստանն այնքան ուժեղ է այս մարզաձեւում, որ ստեղծել է իր ոճը եւ աշխարհին ստիպել հաշվի նստել իր հետ:

Յուրի Վարդանյան, Իսրայել Միլիտոսյան, Օգսեն Միրզոյան, Յուրա Սարգսյան, Վարդան Միլիտոսյան… անուններ, որոնք ծանրամարտի պատմության մեջ ամրագրել են իրենց անսասան տեղը:

Հայաստանի անկախացումից հետո ծանրորդները շարունակեցին միջազգային տարբեր մրցաշարերից վերադառնալ մեդալներով: Ասպարեզ ելան Աշոտ Դանիելյանը, Խաչատուր Քյափանակցյանը, Գեւորգ Դավթյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Առաքել Միրզոյանն ու այլ ծանրորդներ:

Պատկերն այլ է այսօր: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների հավաքականի երբեմնի հաղթանակները ոչ միայն մարել են, այլ մի տեսակ վերացել:


Գեւորգ Դավթյանը:
Լուսանկարը՝ zimbio.com:

Sport Mediamax-ը ծանրամարտի հետ կապված խնդիրների, բացթողումների, անկումների ու անհաջող ելույթների մասին խոսել է տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի, ֆեդերացիայի նախագահի օգնական Վահան Խեչանյանի եւ ծանրորդ Առաքել Միրզոյանի հետ:

Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կրկին մեդալներ ունենա մեծահասակների պայքարում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը վերջին անգամ մեդալ է նվաճել 2010 թվականին, երբ աշխարհի չեմպիոն դարձավ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը համոզված է, որ անհնար է անընդհատ բարձրունքում լինել, մեդալներ նվաճել  ու «ծանրամարտում ամեն ինչ էլ պատահում է»:

«Աշխարհի առաջնությունների ժամանակ շատ մեծ մրցակցություն է լինում: Նույնիսկ այն, որ մեր ծանրորդը 60 մարզիկների հետ պայքարում զբաղեցնում է 11-րդ տեղը, վատ արդյունք չէ»,- գտնում է մարզիչը:

Իսկապես, 60-ի մեջ լինել 11-րդը վատ արդյունք չէ, բայց սա կարելի է հասկանալ այն մարզաձեւերի պարագայում, որտեղ հայերն ուժեղ չեն կամ էլ ֆավորիտների թվին չեն պատկանում: Սակայն ծանրամարտը մեր երկրում հենակետային մարզաձեւ է եւ ստանում է նաեւ համապատասխան ֆինանսավորում:

Ծանրամարտը ամենաշատ ֆինանսավորում ստացող մարզաձեւերից է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պետական բյուջեից այս տարի, ինչպես եւ միշտ ստացել է 165 մլն դրամ:

Ըստ ֆեդերացիայի նախագահի օգնական Վահան Խեչանյանի այդ գումարը ծախսվում է մրուցմների եւ ուսումնամարզական հավաքների վրա:

«Մնացած բոլոր ծախսերն անում է մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը, օգնություն լինում է նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից: Այդ միջոցներով էլ կատարվում են մարզիկների վիրահատությունները, առնում ենք սննդային հավելումներ, դեղորայք: Օրինակ՝ Գերմանիայում Ռուբեն Ալեքսանյանի վիրահատությայն գումարը տվել է Ծառուկյանը, իսկ Մելինե Դալուզյանինը՝ Շահազիզյանը»,- շեշտում է Խեչանյանը:

Ըստ նրա, այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որպես այդպիսին խնդիրներ չունի, կան լավ մարզիչներ, ովքեր էլ ուշադրությամբ հետեւում են բոլոր ծանրորդներին եւ մանրակրկիտ աշխատանքներ են տանում նրանց հետ. «Մնում է ծանրորդներն ամբողջովին տրվեն մարզումներին ու բարձր պահեն մարզաձեւի պատիվը: Ծանրամարտը մեր երկրում առաջնային մարզաձև է, ու մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կրկին մեդալներ ունենանք մեծահասակների պայքարում»:


Առաքել Միրզոյանը:
Լուսանկարը՝ Առաքել Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:

Միայն մրցակցության դեպքում է հնարավոր արդյունքի հասնել

Իսկ ո՞ւր կորան արդյունքները: Այս հարցին մեր զրուցակիցները հիմնականում տալիս են մեկ պատասխան. շատ են վնասվածքները: Ծանրորդներից մեծ մասն առաջնություններից հետո չեն կարողանում արագ վերականգնվել, ենթարկվում են տարբեր վիրահատությունների եւ ժամանակ է պետք կրկին նախկին մարզավիճակին վերադառնալու համար:

Ֆեդերացիայի նախագահի օգնականը նշում է, որ 2013-ին առաջատար ծանրորդների մեծ մասը ենթարկվել է տարբեր վիրահատությունների: Այդ պատճառով էլ մեր հավաքականն ամբողջ կազմով չի մասնակցել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին. «Այս տարի, սակայն, ոչ մի խնդիր չունենք, ոչ ֆինանսական, ոչ առողջական: Կարծում եմ, մեդալներ էլ կլինեն»:

Ըստ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր եւ Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանի, հայկական ծանրամարտում այսօր կոնկրետ խոչընդոտ չկա. «Որպես ծանրորդ ես շատ լավ գիտեմ մեր մարզաձեւի դժվարությունները: Վնասվածքները, անհաջողությունները, ընտանեկան խնդիրները կարող են անդրադառնալ ծանրորդի վրա, իսկ այդ ամենն, անշուշտ, ազդում է ելույթների վրա: Վայրէջքներ ու վերելքներ միշտ էլ լինում են սպորտում ու պետք չէ հուսահատվել, թե հայկական ծանրամարտը թուլանում է»:

Ծանրամարտը, ինչպես եւ այլ մարզաձեւեր, անկանխատեսելի է. երկարատեւ մարզումներն ու տանջանքները մրցապայքարի ժամանակ կարող են տապալվել փոքրիկ խոչընդոտի պատճառով: Դա է պատճառը, որ ծանրորդներից շատերը հաճախ չեն էլ խոսում իրենց բարձացրած կիլոգրամների կամ էլ ակնկալվող մեդալի մասին:

«2009 թվականին ես գտնվում էի գերազանց մարզավիճակում, պատրաստվում էի աշխարհի առաջնությանը կանգնել առաջին աստիճանին: Մտքովս անգամ չէր անցնում, որ լուրջ վնասվածք կստանամ ու մի քանի ամիս չեմ մարզվի: Վնասվածքն իմ պլանների մեջ չէր մտնում: Սա էր պատճառը, որ ԱԱ-ում ես միայն արծաթե մեդալ նվաճեցի»,- ասաց Միրզոյանը:

Ծանրորդի խոսքերով, վնասվածքը խնդիր է, որի առաջ կարող է կանգել յուրաքանչյուր մարզիկ:

«Վնասվածքից հետո վերականգնվելու համար մեր երկրում պայմաններ կան, հակառակ դեպքում ես չէի առողջանա: Ես ունեի արմունկի, մեջքի ու ոտքի վնասվածքներ ու, Հայաստանում բուժում ստանալով, կրկին սկսեցի մարզումներս»,- խոստովանեց Առաքելը:

Մեկ այլ խնդիր է նաեւ մրցակցությունը: «Միայն մրցակցության դեպքում է հնարավոր արդյունքի հասնել: Շատ լավ կլիներ, որ մենք մի քաշային կարգում ունենանք մի քանի ծանրորդներ: Երբ մարզիկն իրեն անընդհատ առաջատար է համարում, սկսում է ավելի պակաս ուժերով աշխատել: Իսկ երբ իր կողքին տեսնում է մյուսներին, ամեն ինչ անում է դիրքերը չզիջելու համար»,- նշել է Պողոս Պողոսյանը:

Պեկինից 3 մեդալ, իսկ Լոնդոնից՝ 0


Տիգրան Վ. Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ zimbio.com:

2008 թվականի պեկինյան Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ծանրորդներից Գեւորգ Դավթյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը նվաճեցին բրոնզե մեդալներ: Բոլորովին այլ պատկեր էր չորս տարի անց` 2012-ին: Հայաստանը Լոնդոնի Օլիմպիադա մեկնեց չորս ծանրորդով, նրանցից մեկը չմասնակցեց վնասվածքի պատճառով, մյուս երկուսը զրո միավոր ստացան եւ լքեցին պայքարը, իսկ մեկն էլ նույնիսկ տասնյակ չմտավ:

«2008-ին Հայաստանի հավաքականն անհամեմատ ուժեղ էր: Այո, համամաիտ եմ, որ Լոնդոնում վատ ենք ելույթ ունեցել, բայց հավաստիացնում եմ, որ մի քանի տարի անց մեծ հաջողություններ ենք արձանագրելու»,- խոստովանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը:

Օլիմպիադայում անհաջող ելույթ ունենալուց հետո Առաքել Միրզոյանի հետ աշխատանքներ է տարել թիմի հոգեբանը: Մարզիկը խոստովանում է, որ հոգեբանը շատ է օգնել իրեն ու կարողացել է վերականգնվել:

«Անկեղծ եմ ասում, ինձնից շատ ոչ ոք չէր ցանկանում, որ ես մեդալով վերադառնայի Հայաստան: Ես տարիներ շարունակ պատրաստվել էի այդ միջոցառմանը, ինձ զրկել էի ամեն ինչից ու ամբողջ օրս անցնում էր միայն մարզադահլիճում, սակայն չստացվեց: Ինչպես նշեցի, ամեն մի փոքրիկ բան էլ կարող է խանգարել»,- ասաց նա:

Ըստ մարզչի, Օլիմպիական խաղերից հետո իրենք փոխել են մարզումների  մեթոդները, աշխատելու են  ավելի խիստ, լուրջ ու հետեւողական:


Տիգրան Գ. Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ flickr.com:

«Մենք գիտենք, որ ծանրամարտը Հայաստանում հենակետային մարզաձեւերից է: Մարդիկ մեզնից միշտ մեդալներ են ակնկալում, այդ պատճառով էլ անընդհատ մարզվում ու աշխատում ենք: Ցավում եմ, որ այժմ շատ մեծ հաջողություններ չկան, բայց ամեն ինչ անելու ենք, որ պահենք հայկական ծանրամարտի լավ ավանդույթները»,- շեշտել է գլխավոր մարզիչը:

Միրզոյանը կարծում է, որ մեդալների թվի կրճատվելն ամենեւին էլ չի ենթադրում, որ ծանրամարտը մեր երկրում լավ վիճակում չէ. «Միգուցե մարզերում առկա են տարբեր խնդիրներ, բայց մեր կոմիտեի կողմից աշխատանքներ արվում են ու աստիճանաբար կառուցվում են տարբեր մարզադահլիճներ»:

Mediamax Sport-ն այսքանով չի ավարտում ներկայացնել ծանրամարտի խնդիրները: Մեր հաջորդ հոդվածում տեղ են գտնել մարզիկների աշխատավարձերի, մարզերում տիրող իրավիճակի եւ առաջիկա Օլիմպիական խաղերի ծրագրի մասին տեղեկություններ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին