Լեւոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam-ում հաղթանակ տոնեց՝ եզրափակչում 1,5։0,5 հաշվով գերազանցելով Մագնուս Կառլսենին։
Արոնյանը ողջ մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն եւ Grand Slam-ի ընդհանուր պայքարում էլ գրավեց 2-րդ տեղը։ Առաջատարը Կառլսենն է, իսկ 3-րդ տեղում Ֆաբիանո Կարուանան։
Արոնյանը միշտ էլ ուժեղ է եղել Ֆիշերի վարկածով շախմատից հաճախ նշելով, որ սիրում է խաղի այդ տարբերակը։ Եւ հիմա, երբ շախմատում ավելացել են այսպես կոչված ազատ ոճի մրցաշարերը, Արոնյանը շարունակում է ցուցադրել իր բարձր վարպետությունը։
Լուսանկարը` Abhyudaya Ram
Freestyle Chess-ում 43-ամյա հայ գրոսմայստերն ամենատարեցն էր, բայց դա չխանգարեց նրան երկրորդ անգամ զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Հուլիսին նա մրցաշարի Լաս Վեգասի փուլում եւս հավասարը չէր ունեցել։
Ի դեպ, 22-ամյա Հանս Նիմանին հաղթելուց հետո նա հետաքրքիր մեկնաբանություն էր տվել․ «Նա (Նիմանը, խմբ․) ասել էր, որ ես արդեն ծեր եմ։ Իսկ ես մտածեցի, լավ, ես քեզ ցույց կտամ ու հետաքրքրություն կմտցնեմ մրցաշարում»։
ՀԱՀ-ում Արոնյանի ու Կառլսենի պարտիայում կարեւոր դեր խաղաց առաջին պարտիան, երբ հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ տոնեց։ Անակնկալ մեկնարկից հետո Կառլսենը չիմացավ ինչ անել՝ 10 րոպե վատնելով հակաքայլ գտնելու վրա։
Լուսանկարը` Stev Bonhage/Freestyle Chess
«Իմ խնդիրն ավելի հեշտ էր, քանի որ հետագա քայլերի զարգացման հստակ ծրագիր ունեի»,- Freestyle Chess-ին ասել է Արոնյանը:
Դրանից հետո, ինչպես Պիտեր Լեկոն է ասել, «խաղը վերածվեց լիակատար կոտորածի՝ մեկ մարդու շոուի»։ Արոնյանի հաղթանակը մեծ վստահություն տվեց նրան։
Երկրորդ պարտիայում Կառլսենը բավականին մեծ ճնշում է գործադրել նրա վրա։ Արոնյանը կարողացել է բավականին ճշգրիտ պաշտպանվել եւ պահպանել ցանկալի ոչ-ոքին։
«Իհարկե, նյարդային ու լարված էի։ Պետք է զգույշ լինել, քանի որ Մագնուսի դեմ նույնիսկ մեկ վրիպումը կարող է ճակատագրական լինել. նա այնքան լավ է գործում վերջնախաղում։Կարծում եմ՝ շատ լավ խաղացի։ Գրեթե ամբողջությամբ վերահսկում էի իրավիճակը, լավ դիրքեր գրավեցի սկզբնախաղերի ժամանակ։ Շատ ուրախ եւ գոհ եմ իմ խաղից։ Նույնիսկ մի փոքր հպարտ եմ ինձնով»,- ավելացրել է նա։
Լուսանկարը` Abhyudaya Ram
Ըստ շախմատիստի՝ այս հաղթանակը մեծ բան է նշանակում իր ու իր ընտանիքի համար, իսկ քրտնաջան աշխատելը պարգեւատրվում է․ «Ինչո՞ւ եմ այսքան հանգիստ։ Կարծում եմ դա տարիքից է։ Հասկանում եմ, որ պետք չէ սթրեսի մեջ ընկնել, քանի որ դա միայն վնաս կտա առողջությանս։ Դրա համար ես պարզապես հաճույք եմ ստանում խաղից»։
Հարցին, թե ո՞րն է հաջողության գաղտնիքը, պատասխանել է․ «Ընտանիքս, որն ինձ հետ է, միշտ աջակցում եւ ուժ է տալիս»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: