Հայկական ֆուտբոլային ակումբները գնացին ձմեռային ընդմիջման։ Աղյուսակին նայելով կարելի է պատկերացում կազմել, թե ինչ թեժ պայքարում է անցել մրցաշրջանի առաջին կեսը։ Միանգամից 5 ակումբ անզիջում պայքար է մղում չեմպիոնության համար։ Թեեւ անցել է ընդամենը առաջին հատվածը, բայց արդեն կարելի է արձանագրել առաջին ձախողումներն ու անակնկալ վերելքները։ Այս ամենը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի առաջնությունը տարեցտարի էլ ավելի է զարգանում եւ դառնում գրավիչ ֆուտբոլասերների համար։
Հայաստանի առաջնության առաջին հատվածի ամենաուժեղ թիմը
Լուսանկարը` Արարատ-Արմենիայի ֆեյսբուք
«Արարատ-Արմենիա»-ն արժանիորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը ձմեռային ընդմիջումից առաջ։ Մանուել Տուլիպայի գլխավորությամբ թիմը խաղում է դինամիկ ու ժամանակակից ֆուտբոլ։ Ֆուտբոլիստներն անընդհատ շարժման մեջ են խաղադաշտում՝ փոփոխելով իրենց դիրքերը եւ խառնաշփոթի մեջ գցելով մրցակցին։ Առավել հաճելի է տեսնել, որ «Արարատ-Արմենիա»-ի մեկնարկային կազմում առկա են բազմաթիվ հայեր։ Եթե մրցաշրջանի սկզբում գլխավոր մարզիչն այդքան էլ չէր վստահում տեղացիներին, ապա հիմա իրավիճակն այլ է։ Առաջատար ակումբների ցանկում միայն պորտուգալացի մասնագետի ղեկավարած թիմի հիմնական կազմի հարձակման ամբողջ գիծն է կազմված տեղացի ֆուտբոլիստներից (Արայիկ Էլոյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան): Զարմանալի չէ, որ հայկական ակումբներից հենց «Արարատ-Արմենիա»-ն ունի ամենամեծ ներկայացվածությունը հավաքականում։ Թիմն ամենաշատ միավորներն է վաստակել չեմպիոնության ուղիղ մրցակիցների հետ խաղերում։ Եթե առաջատարները մնան թիմում եւ Տուլիպան շարունակի նման տեմպով աշխատանքը, «Արարատ-Արմենիա»-ն կհանդիսանա չեմպիոնության գլխավոր հավակնորդը։
Դրական արդյունքներ ապահովող երիտասարդ հայ մարզիչները
Լուսանկարը` Ուրարտուի ֆեյսբուք
Ռոբերտ Արզումանյանը հայտնի է երիտասարդների հետ իր կատարած աշխատանքով։ Սակայն իր մարզչական փորձառության մեջ չունի մեծ նվաճումներ եւ չէր կարողանում մրցաշարային բարձր հորիզոնականներ ապահովել։ Բայց այս տարի դեռեւս ապահովում է դրական արդյունքներ եւ բարձ դիրք ակումբի համար։ Ձմեռային դադարից առաջ առաջնության գլխավոր ռմբարկուն եւ գոլային փոխանցումներ կատարածը հենց «Ուրարտու»-ից են՝ Բրունո Միշել եւ Ժիրայր Մարգարյան։ Հաճելի է տեսնել, որ ակումբը հիմնվում է հիմնականում սեփական սաների վրա։ «Ուրարտու»-ն կարողանում է թե՛ լավ պաշտպանվել, թե՛ տիրել գնդակին ու խաղալ հարձակվողական ֆուտբոլ։ Երեւում է, որ մարզչական շտաբը մանրակրկիտ պատրաստվում է յուրաքանչյուր խաղից առաջ՝ մշակելով կոնկրետ մրցակցի դեմ արդյունավետ մարտավարություն։
Լուսանկարը` Փյունիկի ֆեյսբուք
«Փյունիկ»-ում Արտակ Օսեյանը ոչ միանգամից, բայց կարողացավ ապահովել ակումբին բնորոշ բարձր արդյունքները։ Նա իր տրամադրության տակ ունի հզորագույն կազմ։ Աստիճանաբար լավ մարզավիճակ են ձեռք բերում Խավի Մորենոն եւ Մարիուս Նուբիսին՝ վերածվելով հարձակման գծի առաջատարների։ «Փյունիկ»-ը հաճախ հաղթում է մեկ գնդակի առավելությամբ՝ անցնելով ամուր պաշտպանության եւ պահպանելով նվազագույն առավելությունը։ Թիմը խուսափում է գնդակի ավելորդ տիրապետումից՝ նախընտրելով ավելի շատ հակագրոհել եւ օգտվել մրցակցի սխալներից։
Գխավոր ձախողումն ու չեմպիոնության պայքար մղող «Ալաշկերտ»-ը
Լուսանկարը` Նոայի ֆեյսուք
Գլխավոր անակնկալը «Նոա»-ի զբաղեցրած դիրքն է մրցաշարային աղյուսակում։ Թիմն անգամ լավագույն քառյակում չէ՝ ցուցադրելով շատ անվստահ խաղ։ Սանդրո Պերկովիչը դեռեւս չի կարողանում կառուցել այն գերվստահ ու չեմպիոնական «Նոա»-ն, որին մենք սովոր էինք տեսնել նախորդ մրցաշրջանում։ Թիմն ունի ամենահզոր ու թանկարժեք կազմը Հայաստանի առաջնությունում, բայց չի կարողանում իրացնել իր ներուժը։ «Նոա»-ն փորձում է տիրել գնդակին եւ կառուցել երկարաշունչ գրոհներ, բայց շատ խոցելի է մրցակցի հակագրոհների նկատմամբ։ Պաշտպանության գծում հաճախակի են դարձել կոպտագույն սխալները։ Չկա համակցվածություն նաեւ հարձակման գծի ֆուտբոլիստների միջեւ, որտեղ վատագույնս է իրեն դրսեւորում հատկապես Մարին Յակոլիշը։ Պերկովիչի պաշտոնավարումը կարող է փրկել միայն եվրոպական ասպարեզում եղած հաջողությունը, հակառակ դեպքում խորվաթ մասնագետն ամենայն հավանականությամբ կհեռացվի հենց այս ձմռանը։
Լուսանկարը` Ալաշկերտի ֆեյսբուք
«Ալաշկերտ»-ն այս մրցաշրջանը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով՝ ցույց տալով ակումբի ունեցած նկրտումները։ Թիմն ունի ամենախաղակցված կազմերից մեկը Հայաստանի առաջնությունում եւ շատ տաղանդավոր մարզիչ, ով լավ գիտի իր թիմի ուժեղ եւ թույլ կողմերը։ Վահե Գեւորգյանը հանդիսանում է ժամանակակից, դինամիկ ու բարձր տեմպով ֆուտբոլի ջատագով։ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները խաղում են բարձր ինտենսիվությամբ՝ հաճախ ամբողջ խաղի ընթացքում անընդհատ ճնշելով մրցակցին։ Սակայն այս խաղաոճը շատ էներգատար է եւ սպառող, ինչի արդյունքում էլ թիմի արդյունքներն աստիճանաբար սկսում են նվազել։ Ֆուտբոլային այս նախագծի զարգացման հաջորդ մակարդակն, անշուշտ, եվրագավաթներն են եւ ինչու ոչ՝ անգամ չեմպիոնությունը։
Առաջնության բացահայտում «Վան»-ը եւ համարձակ ԲԿՄԱ-ն
Լուսանկարը` Վանի ֆեյսբուք
Մրցաշրջանի մեկնարկից առաջ թվում էր, թե կա ընդգծված հետնապահի գլխավոր թեկնածուն՝ «Վան»-ը։ Թիմի ամբողջ կազմը եւ մարզչական շտաբը հեռացան «Ալաշկերտ», եւ Չարենցավանը ներկայացնող թիմը սկսեց հապճեպ կազմ հավաքել։ Բայց մրցաշրջանի առաջին հատվածը ցույց տվեց, որ գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը կարողացավ կարճ ժամանակահատվածում մարտունակ թիմ ստեղծել։ Անգամ վերջինիս հեռանալուց հետո թիմը չընկճվեց՝ էլ ավելի վստահ խաղ ցուցադրելով արդեն Արթուր Ասոյանի ղեկավարությամբ։ «Վան»-ը կարողացել է հրավիրել շատ որակյալ լեգիոնականների՝ Էրիկի, Ջեֆերսոն Գրանադո, Խամես Սանթոս։ Թիմն ունի երիտասարդ կազմ, որտեղ իրենց ուրույն դերն ունեն նաեւ բազմափորձ ֆուտբոլիստներ, ինչպիսիք ենք Հրայր Մկոյանը, Բենիկ Հովհաննիսյանը։ Նրանք մեծ վստահություն են ներշնչում երիտասարդ խաղընկերներին։
Լուսանկարը` ԲԿՄԱ ֆեյսբուք
Արդեն մի քանի տարի անընդմեջ ԲԿՄԱ-ն մրցաշրջանի մեկնարկից առաջ կորցնում է հիմնական առաջատարներին (ինչում եւ կայանում է ԲԿՄԱ-ի ամբողջ գաղափարը) եւ թվում է, որ դա կարող է անդառնալի վատ հետեւանքներ ունենալ թիմի համար։ Բայց մարզչական շտաբը կարողանում է բացահայտել նոր տաղանդներ։ Այս մրցաշրջանում սկսեցին փայլել Նարեկ Հովհաննիսյանը, Վյաչեսլավ Աֆյանը եւ այլք։ ԲԿՄԱ-ն չի վախենում ոչ մի մրցակցից՝ խաղալով իր հարձակվողական համարձակ ֆուտբոլը։ Վստահաբար կարելի է նշել, որ բանակայինների մասնակցությամբ խաղերը շատ դիտարժան են։ Տեղեկություններ կան, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կարող է կորցնել ներկայիս առաջատարներին, բայց Արմեն Գյուլբուդաղյանցը կկարողանա լուծել նաեւ այդ խնդիրը։
Ավելի հզոր «Գանձասար» եւ հիմնականում սեփական կադրերով խաղացող «Շիրակ»
Լուսանկարը` Շիրակի ֆեյսբուք
Արդեն 2-րդ տարին անընդմեջ առաջնությունում հանդես եկող «Գանձասար»-ն այս մրցաշրջանում շատ ավելի վստահ տեսք ունի։ Թիմն արդեն վաստակել է 10 միավոր, այնքան, որքան ամբողջ անցած մրցաշրջանում։ Ահռելի աշխատանք է կատարել թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը, ով չնայած ունեցած սուղ միջոցների փորձում է կառուցել գնդակի տիրապետման վրա հիմնված գեղեցիկ ֆուտբոլ։ «Գանձասար»-ը մրցաշրջանից առաջ ունեցավ նաեւ կազմի էական փոփոխություն՝ համալրվելով բազմափորձ ֆուտբոլիստներով (Պետրոս Ավետիսյան, Տարոն Ոսկանյան), ինչը եւս դրական ազդեցություն ունեցավ ակումբի արդյունքների վրա։ Այս տարի շատ հաճելի է դիտել «Գանձասար»-ի հանդիպումները, քանի որ թիմն անկախ մրցակցի կարգավիճակից՝ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ եւ փորձում է ամրանալ աղյուսակի միջնամասում։
Ձմեռային ընդմիջմանը վաստակած 10 միավորով է մոտենում նաեւ Գյումրու «Շիրակ»-ը։ Արսեն Հովհաննիսյանի ղեկավարած թիմն այս մրցաշրջանում հիմնվում է սեփական կադրերի վրա՝ չունենալով շատ լեգիոնականներ։ «Շիրակ»-ը փորձում է խաղալ հիմնականում երկար փոխանցումներով՝ հիմնվելով արագ հակագրոհների վրա։ Ակումբը հատկապես վստահ է խաղում տնային հանդիպումներում՝ վաստակելով միավորների մեծամասնությունը։ Բայց անգամ տնային հանդիպումներում Գյումրին ներկայացնող թիմի աջակցությունը սկսել է նվազել՝ կապված ոչ բավարար արդյունքների հետ։ Այս տարի ընդհանուր կազմից առանձնանում է լավ մարզավիճակում գտնվող կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը, ով հանդիսանում է նաեւ թիմի գլխավոր ռմբարկուն։ Ակումբը որոշել է այսուհետ ավելի շատ հնարավորություններ ընձեռել հայ ֆուտբոլիստներին, ինչն անշուշտ բարդ, բայց հայկական ֆուտբոլի համար շատ կարեւոր որոշում է։
«Արարատ»՝ առաջնության անհույս հետնապահը
Լուսանկարը` Արարատի ֆեյսբուք
Հայաստանի առաջնության առաջին հատվածի բոլոր ցուցանիշներով վատագույն թիմը Երեւանի «Արարատ»-ն է։ Այդքան հարուստ պատմություն ունեցող ակումբն անցկացրած 15 հանդիպումից հետո կարողացել է վաստակել ընդամենը 3 միավոր՝ չունենալով ոչ մի հաղթանակ։ «Արարատ»-ն այս մրցաշրջանում չունի հստակ խաղային ձեռագիր․ թիմը փորձում է խաղալ երկար փոխանցումներով՝ հիմնականում հակագրոհելով եւ շեշտը դնելով պաշտպանության վրա։ Բայց բազմաթիվ սխալները գրեթե բոլոր դիրքերում խափանում են այդ ծրագիրը։ Իսկ գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը կարծես չունի այլ մտահղացումներ եւ թիմը բարեհաջող տանում է դեպի անդունդը։ Արդարության համար պետք է նշել, որ «Արարատ»-ը գրեթե միշտ ունի վնասվածք ստացած ֆուտբոլիստների ահռելի ցուցակ եւ մարզիչը հաճախակի զրկված է լինում առաջատարներից։ Թիմի կազմում առկա են բազմաթիվ լեգիոնականներ, որոնք թեեւ ունեն լավ որակներ, բայց չեն կարողանում ապահովել ցանկալի արդյունք։ Ստացվում է, որ ակումբը շեշտը դնում է հիմնականում արտասահմանցիների վրա, բայց անգամ այս պարագայում չի կարողանում իր տեղն ապահովել աղյուսակի միջնամասում։ Ծագում է շատ տրամաբանական հարց՝ գուցե պետք է հնարավորություն ընձեռել հայազգի ֆուտբոլիստներին։
Դավիթ Սարգսյան




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: