Այս մրցաշրջանում 20-ամյա Արտյոմ Բանդիկյանին հաջողվել է ամրապնդվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում եւ հաջող գործել թիմի պաշտպանության աջ կողմում: Վերջերս էլ հատուկ նրա խաղը դիտելու համար Մոսկվա է մեկնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նա հանդիպել է ֆուտբոլիստի հետ ու խոսել հավաքականը համալրելու հեռանկարների մասին:
Mediamax Sport-ն ուսումնասիրել է խաղացողին ու նրա մասին մի քանի հետաքրքիր մանրամասներ իմացել: Վերջերս ակումբի մամուլի ծառայությունը Բանդիկյանի հետ հարցազրույց է ունեցել, որից առանձնացրել ենք ուշագրավ հատվածներ:
Հիմնական կազմում հայտնվելը
«Անկեղծ ասած, որեւէ սպասելիք չունեի, չէի մտածում, որ կհայտնվեմ թիմի հիմնական կազմում: Միայն վստահ էի մեկ բանում, որ պետք է ամեն օր ավելացնեմ ու ցույց տամ ինձ, այլապես խաղաժամանակ չեմ ստանա:
Ձմռանը հիմնական թիմի հետ հավաքի էի, ինչից հետո պահեստային էի ու երբեմն դուրս էի գալիս խաղադաշտ: Այդ ընթացքում մտերմացա տղաների հետ, նրանց ավելի լավ ճանաչեցի, օգնեցին ինձ հարմարվել թիմում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Նաեւ շնորհակալություն մարզչական անձնակազմին վստահության համար, որ ինձ թույլ տվեցին դրսեւորվել ու թիմի մի մասը դառնալ:
Լուսանկարը` cskabasket.ru
Երկու խաղում հանդես եմ եկել աջ պաշտպանի դիրքում, այդպես էի գործում դեռ Ակադեմիայում սովորելու տարիներին, ընդ որում՝ բավական երկար ժամանակ: Իսկ սկսել եմ ձախ թեւից, կրկին պաշտպան էի: 8-9 տարի հանդես եմ եկել պաշտպանությունում եւ միայն վերջին մեկ տարում հենակետային կիսապաշտպան դարձա: Դրա համար երկու դիրքում էլ կարողանում եմ խաղալ:
Անկեղծ կլինեմ, սկզբում ձախ ոտքս շատ թույլ էր, սակայն խաղալով այդ եզրում՝ սովորեցի կարճ ու երկար փոխանցումներ եւ հարվածներ կատարել: Հիմա արդեն ամեն ինչ էլ կարողանում եմ:
Մեծահասակների թիմում անցկացրած մրցաշրջանից տպավորություններս դրական են: Թիմը կարողացավ Ռուսաստանի առաջնությունում 3-րդ տեղը գրավել ու գավաթակիր դառնալ: Շնորհակալ եմ խաղաժամանակի համար, կարեւոր չէ, թե որքան րոպե անցկացրի, առաջնայինը ԲԿՄԱ-ում նորամուտս նշելն էր»:
Մուտքը ֆուտբոլ
«ԲԿՄԱ-ում 6 տարեկանից եմ, մինչ այդ մարզվել եմ Կոտելնիկներում: Ձմռանը մինի ֆուտբոլ էի խաղում, իսկ ամռանը՝ ֆուտբոլ:
Ի դեպ, ֆուտբոլում լրիվ պատահական եմ հայտնվել: Ծնողներիս հետ մեր քաղաքի նորաբաց սպորտային համալիրի կողքով էինք անցնում, նրանք առաջարկեցին մտնել ու տեսնել, թե ինչ խմբեր կան: Նկատեցինք ֆուտբոլի խմբակն, ու ծնողներս ինձ գրանցեցին, թեեւ սկզբում նրանց համոզում էի հրաժարվել այդ մտքից: Բայց առաջին մարզումից հետո ֆուտբոլը շատ հավանեցի:
Լուսանկարը` cskabasket.ru
Մոտ մեկ տարի մարզվելուց հետո ինձ հրավիրեցին ԲԿՄԱ-ում փորձաշրջան անցնելու: Իմ խաղընկերներից մի տղա էլ կար, մեզ 2 շաբաթ ժամանակ տվեցին: Դեռ մեկ շաբաթ էր անցել, երբ ինձ վերցրին, իսկ նրան՝ ոչ:
Ամեն հաջող մարզումից հետո ինձ ավելի ու ավելի էի հավատում, ազնվորեն իմ աշխատանքն էի կատարում, մեծ ջանքեր էի ներդնում ու աստիճանաբար աճում»:
Կարեւոր մարզիչը
«ԲԿՄԱ-ի 2005 թվականների սաները շատ ջերմ էին իրար հետ ու թիմում լավ մթնոլորտ էր տիրում, ինչն օգնում էր մեզ կատարելագործվել: Իսկապես, լավ սերունդ էր: Մեզ ստուգում էինք թե մարզումների ու թե խաղերի ժամանակ, դրա համար մեզ հենց այնպես չեմ գովում:
Ես նաեւ թիմի ավագն էի, գիտակցաբար ընդունեցի թեւկապը, հասկանում էի, որ ոչ միայն թիմին դուրս եմ բերում խաղադաշտ, պետք է նաեւ հետեւեմ կարգուկանոնին ու կենցաղին: Հասկանում էի, որ ամեն ինչի համար ես եմ պատասխանատու: Այդ ամենն ինձ վստահություն էր տալիս ու լիցքավորում:
Ւմ զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել մարզիչ Դմիտրի Իգդիսամովը: Նա օգնում էր բոլոր խաղացողներին, ինչը նրան մնացած մարզիչներից առանձնացնում էր: Կապ չունի պահեստային ես, թե հիմնական կազմի խաղացող, բոլորին էլ ուշադրություն էր դարձնում: Հատկապես հիշում եմ խաղի մասին նրա 1,5-2 ժամանոց դասախոսությունները: Թեեւ հոգնում էինք, բայց դրանք միայն մեր օգտին էին: Նա բոլոր մրցակիցներին մանրակրկիտ վերլուծում էր, դրա համար էլ երիտասարդական թիմով չեմպիոն դարձանք»:
Լուսանկարը` cskabasket.ru
Արմատները
«Ծնողներս ծնվել են Վրաստանում՝ Ախալքալաքում: Այն ոչ այդքան մեծ քաղաք է, սակայն մեծ պատմություն ունի: Վրաստանում միայն մի անգամ եմ եղել, երբ 5 տարեկան էի: Հայաստանում էլ բարեկամներ ունենք, իսկ այնտեղ առաջին անգամ այցելեցի, երբ հավաքականից հրավեր ստացա: Միանգամից ընդունեցի այն, անգամ չեմ էլ մտածել:
Հայաստանի, երկրի մշակույթի եւ սովորությունների մասին շատ բան գիտեմ: Հայերեն էլ եմ կարողանում խոսել: Մեր ընտանիքն ու շրջապատը հետեւում է երկրի ավանդույթներին, այնպես որ ծանոթ եմ ամեն ինչին»:
Հավաքականը
«Եթե Հայաստանի հավաքականը խաղա այնպես, ինչպես Երեւանում Իռլանդիայի դեմ, հաջողության հասնելու հնարավորություն կունենա: Թիմը լավ հանդիպում անցկացրեց ու արժանի հաղթանակ տարավ: Պորտուգալիայի դեմ շատ դժվար էր, լրիվ այլ մակարդակի թիմ է: Այդ հանդիպմանը ներկա էի ու տեսնում էի, թե թիմի համար որքան բարդ է:
Այդ օրն ամբողջ քաղաքում էր մեծ իրարանցում, ոչ միայն ստադիոնի շրջակայքում: Մարդիկ բարձրահարկ շենքերից էին նաեւ հետեւում հանդիպմանը: Այդ ժամանակ երիտասարդական թիմը մեկնել էր Շվեդիա, իսկ ես վիզայի հետ կապված խնդիր ունեի եւ մարզվեցի ազգային ընտրանու հետ: Ծանոթացա տղաների հետ ու միասին աշխատեցինք:
Լուսանկարը` cskabasket.ru
Հույս ունեմ, որ առաջիկայում նաեւ ազգայինից հրավեր կլինի: Ամեն ինչ ինձնից է կախված, որքան լավ աշխատեմ, այնքան արագ ամեն ինչ տեղի կունենա: Ակումբի գլխավոր մարզչի հետ զրույց եմ ունեցել, որ ինձ աստիճանաբար ներգրավելու են խաղի մեջ: Նա գիտի, որ կարող եմ խաղալ ե՛ւ հենակետային դիրքում, ե՛ւ պաշտպանության աջ եզրում: Այնպես որ, համառորեն աշխատելու եմ, որպեսզի հասնեմ նպատակիս»:
Կուռքերը
«Փոքր տարիքում իմ կուռքը Մարսելոն էր, իսկ հիմա Պեդրոն ու Վիտինյան են: Աշխատում եմ բաց չթողնել Չեմպիոնների Լիգայի հանդիպումները, միշտ հետաքրքիր խաղեր են լինում, բացի այդ էլ կարելի է շատ բան սովորել:
Միշտ ուշադիր հետեւել եմ հայ ֆուտբոլիստների խաղին, հիմա էլ եմ շարունակում: Իհարկե, հետեւում եմ Մխիթարյանին, նա մինչեւ հիմա էլ հանդես է գալիս բարձր մակարդակով: Տխրեցի, երբ «Ինտեր»-ի հետ չկարողացան հաղթել Չեմպիոններ Լիգայի գավաթը: Առաջ այդպես ուշադիր հետեւում էի Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղերին, երբ նրանք Ռուսաստանի առաջնությունում էին ելույթ ունենում: Ու, իհարկե, վաղուց բաց չեմ թողնում Հայաստանի հավաքականի հանդիպումները»:
Հասմիկ Բաբայան
























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: