Հունիս 24, 2025
113 դիտում

«Ավելին չեմ էլ կարող խնդրել, ամեն ինչ ունեմ». Լեո Մեսսին 38 տարեկան է


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` անձնական արխիվից


Մենք այն երջանիկ սերունդն ենք, որը տեսել ու վայելել է Լեո Մեսսիի խաղը: Նա իր կարիերայում տիրացել է բոլոր հնարավոր կոչումներին, իսկ ամենաբաղձալին Աշխարհի չեմպիոնությունն էր, որին հասավ 2022 թվականին:

Դրանով եզրափակվեց նրա կյանքի կարեւոր շրջափուլն ու մեկ տարի անց որոշեց հեռանալ Եվրոպայից: Mediamax Sport-ը մերօրյա ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի 38-ամյակի առիթով հավաքել է ԱԱ-ից հետո Մեսսիի հնչեցրած կարեւոր մտքերը:

«Դեռ 2014 թվականին եմ ասել, որ Աստված պատրաստվում էր ինձ տալ Աշխարհի Գավաթը: Բրազիլիայում այնքան մոտ էինք հաջողությանը, այդ ամենը նախապատրաստություն էր, նա հարմար պահի էր սպասում եւ Կատարի ԱԱ-ից լավ հնարավորություն չէր էլ կարող լինել: 

Աստծուն ամեն օր եմ շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ ինձ տվել է: Ավելին չեմ էլ կարող խնդրել, ամեն ինչ ունեմ:

Լուսանկարը` FIFA


Կուզեի Դիեգո Մարադոնային նվիրել Աշխարհի Գավաթը: Նա սիրում էր ազգային հավաքականն ու ուզում էր, որ այս ամենը տեղի ունենար: 

Դժվար է ասել, թե ինչ էի զգում, երբ Ֆրանսիայի դեմ խաղում Մոնտիելը վերջին դիպուկ 11-մետրանոցն իրացրեց: Շատ բաներ են մտքովդ անցնում ու նույն պահին՝ ոչինչ, մնում է միայն վայելել: Չես կարողանում հավատալ, որ հաջողվեց հաղթել: 

Հասկացա, որ ինձ ամեն ինչ տրվել է, հավաքականի հետ բոլոր տիտղոսներին արժանացել եմ: Երբեք չեմ պատկերացրել, որ նման կերպ կլինի եւ այդ պահը լավագույնը կդառնա:

Հասկանում էի, որ ամեն ինչ արդեն անցյալում է: Այսքան տանջանքներից հետո հասա իմ ուզածին, ընտանիքս ինձ հետ էր անցել բոլոր դժվարությունների միջով: Եղել են ժամանակներ, որ շատ եմ տառապել հավաքականի հետ: Հիասթափություններ են եղել ու պարտված եզրափակիչներ: Այնքան մոտ էի լինում հաջողությանը, բայց ամեն ինչ ձեռքից բաց էի թողնում: 

Պարգեւատրման ժամանակ անցնելիս տեսա Գավաթն ու չկարողացա այն չհամբուրել: Գավաթն ինքն ինձ կանչեց, այդ համբույրի կարիքն ունեի:

Լուսանկարը` FIFA


Երկար ժամանակ տարատեսակ քննադատությունների եմ արժանացել, այդ ամենի արդյունքում ընտանիքս ավելի շատ է տուժել, քան ես: Միշտ ցանկացել են ինձ ապացուցել, որ միասնական են եւ ուժեղ, բայց հասկանում էի, որ ներքուստ շատ են տառապում անարդար խոսքերի պատճառով, որ իմ հասցեին էին հնչում: Դրանք անցնում էին ֆուտբոլի շրջանակներն ու վիրավորում մեզ: Այդ ամենն ինձ անսահման ցավ էր պատճառում: Աշխարհի առաջնությունում հաղթանակը եզրափակեց այդ շրջափուլը: Հաղթեցինք Ամերիկայի եւ Աշխարհի Գավաթները, ամեն-ամեն ինչ, էլ ոչինչ չմնաց: 

Այն ամենն, ինչ պատկերացնում էի, ոչինչ էին իրական ապրումների հետ: Նման պահեր ունենալ մարդկանց հետ, տեսնել, թե ինչ են զգում ընկերներդ ու հարազատներդ, անհավանական էր: Ամբողջ Արգենտինան էր այդ ամենը զգում: Երբեք չէի կարող նման բան պատկերացնել: Իրականում ամեն ինչ ավելի մեծ ու աննկարագրելի էր, քան կարող էի երեւակայել: Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ամեն ինչ փոխվել է, շատերիս համար էր այդ հաղթանակը տպավորիչ: Իմ ողջ կյանքի երազանքը իրականություն դարձավ:

Լուսանկարը` Getty Images


Խելահեղ էր, կարողացա այդքան տարիների պայքարից հետո իրականացնել իմ երազանքը: Նման բան ցանկանում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ, բայց քչերին է հաջողվում հասնել դրան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս ու արգենտինացիներին, թե ինչպես են նրանք անցկացրել այդ հատուկ ամիսը, որն ընդմիշտ կմնա մեր հիշողություններում:

Գումարը երբեք էլ ինձ համար ոչ խնդիր է եղել, ոչ էլ խոչընդոտ: Ինձ անգամ չեն ասել պայմանագրի կետերի մասին: Պարզապես խոսել ենք տեղափոխության մասին, անգամ պայմանականորեն փողի թեման չենք շոշափել: Եթե գումարի համար խաղայի, կգնայի Սաուդյան Արաբիա, որտեղ ինձ հսկայական փող էին առաջարկում: 

Ուզում եմ փոխել իմ կյանքի առաջնահերթությունները, դուրս գալ ուշադրության կենտրոնից եւ ավելի շատ մտածել ընտանիքիս մասին: 

2 անհաջող տարվանից հետո այնքան վատ էի, որ ոչնչից հաճույք չէի ստանում: Այդ ընթացքում երջանիկ չէի, ինձնից գոհ չէի, ինչն ազդում էր նաեւ ընտանիքիս վրա: Երբ շատ բաների հասա ու հաղթեցի նաեւ ԱԱ-ում, ուզում էի հոգումս խաղաղություն լինի: 

Երբ իմ անունը վանկարկում էին Բարսելոնայում, հիանալի զգացողություններ ունեի ու վայելում էի այդ ամենը: Շատ տարօրինակ կերպով հեռացա ակումբից: Կուզեի այնպես հրաժեշտ տալ, ինչպես Բուսին ու Ժորդին, Չավին կամ Ինիեստան: Կուզեի այնպես հեռանալ, որ մարդկանց ասեի «ցտեսություն»:

Լուսանկարը` UEFA


Պանդեմիայի պատճառով ստադիոնում մարդիկ չկային, բայց կուզեի բոլորին հրաժեշտ տալ ու վայելել այդ ամենը: Դրա համար էլ երջանիկ էի զգում, երբ լսում էի իմ անունը «Նոու Կամպ»-ում կամ էլ Բարսելոնայում համերգի ժամանակ: Միշտ իմացել եմ, որ փոխադարձ սեր ենք զգում միմյանց նկատմամբ: Տարօրինակ էր լսել, որ ստադիոնում վանկարկում են անունս, բայց ինքս ներկա չէի այնտեղ:

Եվրոպական այլ ակումբներից էլ առաջարկներ եմ ունեցել, բայց անգամ չեմ դիտարկել դրանք, քանի որ միակ միտքս եղել է «Բարսելոնա» վերադառնալը: Երբ այդ ամենն էլ հնարավոր չեղավ, ժամանակն է հեռանալ Եվրոպայից ու տեղափոխվել ամերիկյան լիգա, ֆուտբոլին նորովի նայել ու փորձել վայելել ամեն օրը: Հաղթելու ցանկությունն ու պատասխանատվությունը նույնն են, ամեն ինչ փորձում եմ նորից լավ եմ անել, բայց արդեն այլ ռեժիմով»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին