Աշխարհի ամենահայտնի ու տիտղոսակիր դարպասապահներից մեկը՝ Իկեր Կասիլիասն, այսօր նշում է 44-ամյակը: Կյանքի ընթացքում նա հասել է բոլոր տիտղոսներին ու կոչումներին, սակայն շարունակում է մնալ Մոստոլեսից նույն համեստ ու ամաչկոտ տղան:
Կասիլիասը ծնվել է 1981 թվականի մայիսի 20-ին ուսուցչի ու վարսավիրի ընտանիքում: Նա երազում էր ոստիկան դառնալ, սակայն հայրը՝ Խոսեն տղայի հետ կապված այլ ծրագրեր ուներ:
Նա ֆուտբոլ շատ էր սիրում ու ցանկանում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնա: Ի ուրախություն բոլորի, Իկերը շատ սիրեց ֆուտբոլն ու սկսեց խաղալ: Ընտանիքը հարուստ չէր եւ մարզահագուստ գնելու համար բավական գումար չուներ: Բայց ծնողները ելքը գտան՝ նրանք second hand-ում հարմար գնով խաղակոշիկներ տեսան, թեեւ դրանք արդեն կրել էին, բայց լավ վիճակում էին, ու ձեռք բերեցին Իկերի համար: Տղայի ունեցածն արդեն լրիվ մաշվել էր, բայց նոր զույգն էլ շատ մեծ էր եւ դարպասապահը դրանք կրում էր մի քանի զույգ գուլպաներով: Հաճախ մաշվող ձեռնոցներն էլ կոշկակարն էր նորոգում ու դրանք թարմ տեսք էին ստանում:

Լուսանկարը` անձնական արխիվից
9 տարեկանում Իկերն ընդունվեց «Ռեալ»-ի ակադեմիա ու այնտեղ հասնելու համար ամեն օր 30 կմ ճանապարհ էր անցնում: Հետագայում իր առաջին աշխատավարձով Կասիլիասը ծնողների համար տուն գնեց ու փոխհատուցեց ամենօրյա բենզինի գումարը:
«Ռեալ»-ի մեծահասակների թիմում Կասիլիասը հայտնվեց 1997 թվականի նոյեմբերին, երբ դեռ դպրոցական էր: Կասիլիասը դասի էր, երբ դպրոցի տնօրենը նրան հայտնեց, որ արագ շտապի տուն ու հավաքվի, քանի որ մեկնում է Նորվեգիա՝ Չեմպիոնների Լիգայում «Ռուսենբորգ»-ի հետ խաղին:
«Քիչ առաջ ես դասին նստած էի Խուլիոյի կողքին, իսկ հիմա արդեն Ֆերնանդո Մորիենտեսի, Կլարենս Զեեդորֆի ու Ռաուլի հետ էի: Ամեն ինչ անհավանական էր»,- այդ օրվա մասին հիշել է Կասիլիասը:
1999 թվականին Կասիլիասն արդեն երիտասարդների Աշխարհի չեմպիոն էր եւ «Ատլետիկ»-ի հետ խաղում նորամուտը նշեց «Ռեալ»-ում: Լրջորեն նրա մասին սկսեցին խոսել Չեմպիոնների Լիգայում «Վալենսիա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո, երբ փոխարինեց վնասվածք ստացած Բոդո Իլգներին:

Լուսանկարը` Real Mdrid
Իսկ ահա կյանքի լավագույն հանդիպումներից մեկը դարպասապահը համարում է 2002-ի ՉԼ-ի եզրափակիչը, որում «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Բայերին»: Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ հիմնական դարպասապահ Սեսար Սանչեսը վնասվածք ստացավ, ու Կասիլիասը պետք է արագ կերպով փոխարիներ նրան:
«Նույնիսկ չկարողացա միանգամից խաղադաշտ մտնել, քանի որ պետք է շապիկիս թեւերը կտրեի: Մոտս խուճապ սկսվեց, որտե՞ղ է մկրատը: Միշտ կարճաթեւ էի խաղում ու, երբ Սեսարը վնասվածք ստացավ, առաջին հերթին սկսեցի մկրատ փնտրել, չգտնելով, պարզապես պոկեցի դրանք ու ձեռնոցներս հագա: Հետո շատերն էին քննարկում, թե ինչ տեսքով հայտնվեցի խաղադաշտում: Պարզապես մտքովս էլ չէր անցել, որ այդ օրը խաղալու հնարավորություն կստանամ»:
Գլազգոյում Կասիլիասը մի քանի անգամ փրկեց իր թիմին ու առաջին անգամ հաղթեց ՉԼ-ում:
«Ռեալում» 16 տարվա ընթացքում անցկացրած 725 հանդիպումներում նա 5 անգամ Իսպանիայի չեմպիոն հռչակվեց, 3 անգամ հաղթեց ՉԼ-ում, 2 անգամ երկրի Սուպերգավաթին տիրացավ:
2015-ին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած տարաձայնության պատճառով Կասիլիասը ստիպված էր հեռանալ «Պորտու»: Իկերը կարիերան շարունակեց իր 2-րդ ակումբում, որտեղ 116 հանդիպման մասնակցեց, դարձավ Պորտուգալիայի չեմպիոն ու գավաթակիր, ապա հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին:

Լուսանկարը` Real Mdrid
Շվեդիայի հավաքականի հետ խաղում նորամուտը հավաքականում նշելուց հետո Կասիլիասը որպես պահեստային դարպասապահ մեկնեց ԵՎՐՈ-2000-ին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Նրա մասնակցեց նաեւ ԱԱ-2002-ին ու ԵՎՐՈ-2004-ին, սակայն նրա համար հաղթական էին 2010-ի Մունդիալն ու 2008-ի եւ 2012-ի ԵՎՐՈ-ները:
«Երբ փոքր էի, տեսել էի, թե ինչպես են Աշխարհի գավաթը բարձրացնում Լոթար Մաթեուսը, Դունգան, հետո եկավ Դիդյե Դեշամի հերթը, Կաֆուի ու Ֆաբիո Կանավարոյի: Երբեք չեք կարող պատկերացնել, որ մի օր նման բան ձեզ հետ էլ կարող է պատահել: Այն պահին, երբ այդ պատվին ես արժանացա, անբացատրելի ապրումներ ունեցա: Այդ պահը պատրաստ եմ դիտել այսօր, վաղն ու հետագա տարիների ընթացքում: Մինչեւ հիմա էլ չեմ կարողանում հավատալ, որ հենց մենք ենք հասել այդ հաղթանակին»:
2019-ի մայիսին «Պորտուի» մարզման ժամանակ դարպասապահի մոտ սրտի կաթված գրանցվեց, նա անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց ու այնտեղ մի քանի շաբաթ անցկացրեց:

Լուսանկարը` FIFA
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Կասիլիասը տոնեց 38-րդ տարեդարձը: Նրան ամենամեծ նվերը մատուցեց Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան՝ մայիսի 20-ը հայտարարելով դարպասապահի օր:
Հիվանդությունից հետո նա այդպես էլ չվերադարձավ ֆուտբոլ, որոշ ժամանակ անց բաժանվեց կնոջից՝ Սառա Կարբոներոյից, որի հետ երկու որդի ունեն:
Ապաքինվելուց հետո Կասիլիասն ավելի շատ է գնահատում կյանքն ու նրա շնորհած ամեն մի պահը. «Կաթվածից հետո ինչ-որ բան է փոխվել իմ գլխում: Սկսել եմ ավելի գնահատել առանձին պահերը: Երբեմն մենք չեք տեսնում այն, ինչ ունենք ու չենք հասկանում, որ շատերին կարող ենք երջանկացնել»:
Հիմա Կասիլիասը շատ է ճանապարհորդում, ակտիվ կյանք է վարում, մյուս լեգենդների հետ մասնակցում բարեգործական խաղերի եւ իրեն փորձում նաեւ հաղորդավարի կարգավիճակում: Յութուբում առանձին զրույցներից հետո նա թողարկել է իր փոդքաստն ու հայտնի հյուրերի հետ խոսում է ֆուտբոլային ամենատարբեր թեմաներից: Առաջին հյուրն էլ իր թիմակից ու ընկեր Ժերար Պիկեն էր:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: