Նրա մեծ նվիրումը, դաշտում անընդհատ ուշադիր լինելը, թիմակիցներին մոտիվացնելը, բոլորին հարգելը եւ, իհարկե, գանգուր մազերը միշտ են հիացրել ֆուտբոլի սիրահարներին՝ նույնիսկ մրցակցի երկրպագուներին։
Կառլես Պույոլը ֆուտբոլիստ էր, որի խաղով ժամանակին հիանում էին բոլորը։ Ծնվել է 1978 թվականի ապրիլի 13-ին Կատալոնիայի Լա Պոբլա դե Սեգուրում։ Պատանին իրենց քաղաքի թիմում սկսում է խաղալ որպես դարպասապահ, սակայն ուսի վնասվածքից հետո դառնում է հարձակվող։

Լուսանկարը` FC Barcelona
«Երբ փոքր էի, ծնողներս թերահավատորեն էին նայում ֆուտբոլիստ դառնալու իմ երազանքին եւ խրախուսում էին ուսումը»:
Սակայն տղայի միակ միտքը կապված էր սիրելի մարզաձեւի հետ։ Նա 1995-ին դառնում է Լա Մասիայի սան։ Հենց «Բարսելոնա»-ի պատանեկան ակադեմիայում էլ Կառլեսին մարզիչները սկսում են օգտագործել որպես պաշտպան։ Երկու տարի անց նա արդեն ակումբի 2-րդ թիմում էր։
1998 թվականին «Բարսելոնա»-ն ընդունում է «Մալագա»-ի առաջարկը եւ ցանկանում վաճառել Պույոլին, որը մնում էր Ֆրանկ դե Բուրի եւ Միխաել Ռեյզիգերի ստվերում։ Սակայն նա հրաժարվում է հեռանալ եւ այդ համոզմունքն ավելի է ամրապնդվում, երբ իր լավագույն ընկեր Չավին նորամուտն է նշում հիմնական թիմում։ Պույոլը վստահ էր, որ շուտով ինքը եւս միանալու է նրան։ Իսկապես, Լուի վան Գալը հաջորդ տարի նրան բերում է առաջին թիմ, որից հետո սկսվում են պաշտպանի հիանալի տարիները սիրելի ակումբում։
«Ես չունեմ Ռոմարիոյի տեխնիկան, Օվերմարսի տեմպը, Կլյուվերտի ուժը: Բայց ես ավելի շատ եմ աշխատում, քան մյուսները: Ես նման եմ այն ուսանողին, ով այնքան էլ խելացի չէ, բայց անընդհատ պարապում է ու քննությունները հաջող հանձնում»։

Լուսանկարը` FC Barcelona
Նա «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 593 հանդիպման, նվաճել 21 խոշոր տիտղոս, այդ թվում՝ 6 Լա Լիգայի եւ 3 Չեմպիոնների լիգայի գավաթ։ Արժանացել է նաեւ մի շարք անհատական մրցանակների։ 2003-04 մրցաշրջանի ավարտից հետո, երբ Լուիս Էնրիկեն հեռանում է թիմից, Պույոլը դառնում է ավագ։
2014 թվականին 36 տարեկանում նա հայտնում է. «Վերջին երկու խոշոր վիրահատություններից հետո ես գտնում եմ, որ ինձանից շատ ջանք է պահանջվում «Բարսա»-ի սահմանած մակարդակին հասնելու համար։ Նույնիսկ ավելին, քան ես եւ վիրաբույժները կարծում էինք: Դա է պատճառը, որ որոշել եմ հեռանալ։ «Բարսա»-ն եղել ու մնալու է իմ միակ տունը, որը տվել է ավելին, քան նույնիսկ կարող էի մտածել»:
«Բարսելոնա»-ին մինչեւ վերջ նվիրված ու հավատարիմ Պույոլը թիմում անցկացրել է 15 տարի, որից 10-ը՝ ավագի կարգավիճակում։
«Ես հասել եմ շատ երեխաների ունեցած երազանքին, արել այն, ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս կյանքում՝ խաղալ ֆուտբոլ»։
Ոչ պակաս հաջող էին Պույոլի անցկացրած տարիներն Իսպանիայի հավաքականում։ Կարմիր Ռոխայի կազմում անցկացրել է 100 հանդիպում, 2000-ին դարձել Օլիմպիական բրոնզե մեդալակիր, 2008-ին՝ Եվրոպայի, 2010-ին՝ Աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Գերմանիայի դեմ խաղում հենց Պույոլի միակ գոլի շնորհիվ իսպանացիները կարողացան դուրս գալ եզրափակիչ։

Լուսանկարը` FC Barcelona
«Պույոլը Պույոլ է ոչ միայն նրա համար, որ աշխարհի լավագույն պաշտպաններից է, այլ նաեւ որովհետեւ բնավորություն ունի, երբեք չի հանձնվում ու իր հետեւից տանում է բոլորին»,- ասել է Չավին։
Պատահական չէ, որ նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից եւ ավագներից մեկը։ Նրան թիմակիցներն ու երկրպագուներն անվանել են «El Tiburón» (Շնաձուկ), իսկ «Բարսա»-ի երկրպագուները կոչում էին «պատ», քանի որ չէր թողնում մրցակիցներին անցնել իրեն ու մոտենալ դարպասին։
«Բարսելոնա»-ի գլխավոր բժշկի խոսքերով՝ նա «ամենաուժեղն էր, ով ուներ ամենաարագ արձագանքելու հատկությունը եւ ամենապայթուցիկ ուժը»:
2006-ին The Guardian-ի լրագրող Սայմոն Թալբոթը Պույոլին նկարագրել է այսպես. «Ամբողջովին կապտանռնագույն ավագը ֆուտբոլ խաղում է սրտով ու մազերն աչքերին մտնում պայքարի մեջ՝ կարծես հիպերակտիվ ու խելագար երեխա։ Նման հպարտությամբ քչերն են կրում իրենց ակումբի մարզաշապիկը»:

Լուսանկարը` FC Barcelona
Պույոլին դիպուկ բնորոշում տվել է Ժերար Պիկեն, որի հետ պաշտպանության կենտրոնում հիանալի զույգ էին ինչպես «Բարսելոնա»-ում, այնպես էլ Իսպանիայի հավաքականում։
«Նա մեկն է, ով նույնիսկ 3։0 հաշվով հաղթելու եւ խաղի ավարտին մի քանի վայրկյան մնալու դեպքում կբղավի վրադ, եթե տեսնի, որ կենտրոնացվածությունդ թուլացել է։ Անգամ չորս գնդակի առավելության ժամանակ նա կարծում է, որ մենք ավելի լավ հաշվով պետք է հաղթենք»:
Խոսել Պույոլից ու չնշել նրա կերպարն ամբողջացնող գանգուրների մասին, չի լինի։ Պույոլը պատմել է, որ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Վան Գալը նրան առաջարկել է կտրել դրանք, երբ խաղացողը 19 տարեկան էր։ Նման բան ասել է թիմում հենց առաջին մարզումից անմիջապես հետո: Մարզիչն իր աշխատասենյակում Պույոլին առանձին հարցրել է. «Ի՞նչ խնդիր ունես, չե՞ս կարող քեզ թույլ տալ գումար հատկացնել ու մազերդ կտրել»: «Ես ոչինչ չպատասխանեցի, բայց մինչ օրս էլ մազերս պահել եմ այնպես, ինչպես կային։ Ես ինձ այդպիսի տեսքով եմ միայն պատկերացնում»:

Լուսանկարը` Getty Images
Կարիերան ավարտելուց հետո Պույոլը վարում է հանգիստ կյանք։ Նա գրեթե չի երեւում եթերներում կամ տարբեր միջոցառումներում, երբեմն խաղում է «Բարսելոնա»-ի կազմակերպած բարեգործական հանդիպումներում։ Կնոջ՝ Վանեսա Լորենցոյի հետ մեծացնում է երկու աղջիկներին։
«Դեռ երիտասարդ տարիներից գրեթե չեմ գնացել գիշերային ակումբներ։ Իսկ հիմա առավել եւս։ Եթե ինչ-որ տեղ եմ դուրս գալիս, ապա ընտանիքիս կամ ընկերներիս հետ մի հանգիստ վայր եմ գնում։ Ես չեմ սիրում լինել մարդաշատ վայրերում։ Ամեն բանից կտրվելու համար սիրում եմ կարդալ»։
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: