Ապրիլ 15, 2025
exclusive
318 դիտում

Վիճահարույց 11-մետրանոց ու միավորների անակնկալ կորուստ առաջնության 25-րդ տուրում


Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Van

Լուսանկարը` FC Shirak

Լուսանկարը` FC NOA


Փոփոխություններ առաջատարների շարքերում, միավորների անակնկալ կորուստ, մրցավարների վիճահարույց եւ վճռորոշ որոշում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում եղան սպասված արդյունքներ, դիտարժան եւ բարձր մակարդակով խաղեր, դրան հակառակ՝ խաղային խոտանով ու բազմաթիվ սխալներով լի մրցավեճեր։

Mediamax Sport-ը հենց ձեզ համար առանձնացրել է տուրի հետաքրքրաշարժ իրադարձությունները։

«Ուրարտու»-«Արարատ-Արմենիա»՝ 0:3

Լուսանկարը` FC Ararat-Armenia


Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ առաջատարների խմբի երկու ներկայացուցչի միջեւ։ Բարդ օրացույցով են շարժվում Վարդան Մինասյանի սաները՝ անընդհատ հանդիպելով մրցաշարային աղյուսակի հարեւաններին («Փյունիկ», «Ուրարտու»): Ի պատիվ նրանց պետք է նշել, որ այս ծանրագույն հատվածը հաղթահարվում է առանց միավորների կորստի։

Առաջին խաղակեսի սկիզբն ընթանում էր փոխնիփոխ գրոհներով, բայց ավելի շատ գնդակին տիրում էր «Արարատ-Արմենիա»-ն։ «Ուրարտու»-ն ձախողեց առաջին խաղակեսը եւ դրան նպաստեց սեփական դարպասին նշանակված 11-մետրանոցը՝ ոչ պարտադիր խախտում սեփական տուգանային հրապարակում։ Հետո թիմը նետվեց հավասարեցնելու հաշիվը՝ թողնելով ազատ գոտիներ թիկունքում։ «Արարատ-Արմենիա»-ն հակագրոհի արդյունքում խփեց երկրորդ գնդակը։

Մինասյանի թիմը խաղում էր այնպես, կարծես իրենք են հետապնդողի դերում։ Շատ լավ աշխատեց Էդգար Գրիգորյան-Մարիուս Նուբիսի զույգը։ Վերջինս հեթ-տրիկի հեղինակ ու թիմի լավագույն ռմբարկու դարձավ, իսկ հայազգի պաշտպանն աչքի ընկավ 2 գոլային փոխանցմամբ։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն բարձրացավ երկրորդ հորիզոնական։

 «Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ 1:1

Լուսանկարը` FC Pyunik


Տուրի գլխավոր անակնկալը կարելի է համարել Եղիշե Մելիքյանի ղեկավարած թիմի միավորների կորուստը։ Այս սայթաքումը կարող է թանկ արժենալ «Փյունիկ»-ի համար։ Եթե խաղային նախաձեռնությունն «Ալաշկերտ»-ի ձեռքում էր, ապա կարճ ժամանակ անց «Փյունիկ»-ն այն իր կողմը թեքեց՝ թույլ տալով մրցակցին միայն հակագրոհել։ Թիմերը շատ արագ փոխանակվեցին խփած գոլերով եւ խաղակեսի մնացած ժամանակն անցավ փոխնիփոխ գրոհներով։

«Ալաշկերտ»-ը հաճելիորեն զարմացրեց թիմային խաղով եւ չպարտվեց՝ մեծ նվեր մատուցելով թիմի դարպասապահ Վալերիո Վիմերկատիին, որը հոբելյանական 100-րդ խաղն անցկացրեց Հայաստանի առաջնությունում:

«Վան»-«Գանձասար»՝ 2:0

Լուսանկարը` FC Van


Տուրի մարզային միակ դիմակայությունը կայացավ Չարենցավանում, ուր իրար հանդիպեցին ծայրահեղ տարբեր կարգավիճակում գտնվող թիմեր․ Եվրագավաթային հույսեր ունեցող «Վան»-ը եւ պարտությունների շարքը շարունակող «Գանձասար»-ը։

Թեեւ խաղի 5-րդ րոպեից «Վան»-ը խաղում էր 10 հոգով (անփույթ խախտման պատճառով հեռացվել էր Էմանուել Ջոնը), «Գանձասար»-ն ի զորու չեղավ օգուտ քաղել այդ հանգամանքից։

«Վան»-ը գնդակը տվեց մրցակցին՝ ապավինելով արագ հակագրոհներին եւ սեփական կիսադաշտում երկար խաղարկումներին։ Հակագրոհներից մեկի ժամանակ նշանակվեց տուգանային հարված, որը հրաշալի իրացրեց Կարեն Նալբանդյանը։ Խաղի վերջակետը դրեց հակագրոհի արդյունքում Դավիթ Տերտերյանի խփած գոլը՝ 2։0։

«Արարատ»-«Շիրակ»՝ 1:2

Լուսանկարը` FC Shirak


Աղյուսակի միջնամասում հանգրվանած թիմերի մրցավեճն անցավ հետաքրքիր պայքարում։ Արդեն զգացվում է, որ «Շիրակ»-ը կերպարանափոխվում է Ռաֆայել Նազարյանի ղեկավարության ներքո։ Թիմը փորձում է համադրել ուղղահայաց ֆուտբոլը եւ կարճ խաղարկումների վրա հիմնված դիրքային գրոհները՝ ստանալով միջանկյալ հիբրիդ։

«Արարատ»-ի կենտրոնական պաշտպաններն անարգել առաջանում էին կենտրոն, բարձրից փոխանցումներով գտնում Կեաս Բահին եւ Կալիֆալա Դումբիային: Հենց այսպիսի փոխանցման արդյունքում էլ վերջինս դարձավ հրաշալի գոլի հեղինակ։ Ապա երեւանյան թիմը կորցրեց գոլ խփելու հնարավորություններ, եղավ չնշանակված 11-մետրանոցի դրվագ։ Այն վիճահարույց էր, բայց կրկնապատկերներում երեւում է, որ «Շիրակ»-ի պաշտպանը փորձում էր ձեռքը հպել մարմնին՝ խուսափելով անբնական դիրքից։

2-րդ կեսում «Արարատ»-ը որոշեց խաղալ հաշվի վրա՝ գնդակը հանձնելով մրցակցին եւ ապավինելով հակագրոհներին։ Դրանից օգտվելով՝ գյումրեցիները նախ հավասարեցրին հաշիվը, ապա կրկնապատկեցին այն։ Իրականում երեւանցիներն ավելի մոտ էին հաղթանակին, բայց չօգտագործված պահերը հանգեցրին տնային պարտությանը։ Առաջին անգամն է, երբ «Արարատ»-ը առաջինն է գոլի հեղինակ դառնում, բայց պարտվում է։

«Նոա»-«Վեստ-Արմենիա»՝ 5:1

Լուսանկարը` FC NOA


Ամենականխատեսելի խաղը կայացավ Աբովյանում։ Խաղի սկզբում թվում էր, թե «Վեստ-Արմենիա»-ն կարող է կազմակերպված պաշտպանությամբ ու հակագրոհներով պայքար առաջարկել «Նոա»-ին։ Բայց դա տեւեց 15 րոպե, որից հետո առաջնության առաջատարը սկսեց թելադրել իր կամքը։ Աչք էր շոյում այն հանգամանքը, որ «Նոա»-ի հարձակման եւ կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստները չունեն ֆիքսված դիրքեր, բոլորը կարող են խաղալ բոլորի փոխարեն՝ ստեղծելով իրական քաոս:

Հատկանշական է, որ «Վեստ-Արմենիա»-ն խաղի ընթացքում դարպասին հարվածեց մեկ անգամ՝ վերածելով այն գոլի։ Բայց ավելի անել չկարողացավ եւ կարելի է ասել, որ ընթացավ մեկ գոլանի խաղ, ինչը սպասելի էր։

Դավիթ Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին