Ապրիլ 15, 2025
405 դիտում

Օլիմպիական չեմպիոն ու Զիմբաբվեի սպորտի վատ նախարար. ՄՕԿ-ի 1-ին կին նախագահը


Լուսանկարը` IOC

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` Անձնական արխիվ

Լուսանկարը` swimswam.com

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` NBC


ՄՕԿ-ի 10-րդ ու առաջին կին նախագահը Զիմբաբվեից Քիրսթի Քովենթրին է: Նա իր պարտականությունների կատարմանն անցնելու է այս տարվա հունիսի 23-ից:

Mediamax Sport-ը ծանոթացել է Օլիմպիական կրկնակի չեմպիոնի կենսագրությանն ու ներկայացնում է մի քանի ուշագրավ փաստեր:

Մեծ առավելությունը

Նախագահի ընտրություններում Քովենթրին ոչ մի ակնհայտ մրցակից չի ունեցել եւ վստահ հաղթել է առաջին իսկ փուլում: Շատերը համարում էին, որ Միջազգային ատլետիկայի ֆեդերացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Կոուն բավական լուրջ մրցակից է ու հենց բրիտանացին էր հիմնական թեկնածու համարվում, սակայն ՄՕԿ-ի անդամները որոշեցին քվեարկել նախկին նախագահ Թոմաս Բախի հովանավորյալի օգտին:

Քովենթրիի 49 ձայնի համեմատ՝ Կոուն ընդամենը 8-ն է ստացել ու 3-րդն եղել։ 2-րդ տեղում 28 ձայնով ՄՕԿ-ի նախկին նախագահի որդին՝ Խուան Անտոնիո Սամարանչ Կրտսերն էր:

Պատմական ցուցանիշը

Բոլորն արդեն խոսում են այն մասին, որ Քովենթրին կարողացել է անել անհնարինն ու դառնալ ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին նախագահը: Նա նաեւ Աֆրիկա մայրցամաքից կառույցի առաջին ղեկավարն է:

Լուսանկարը` IOC


«Անհավանական պահ է: Երբ 9 տարեկան էի, անգամ պատկերացնել չէի կարող, որ մի օր այստեղ կանգնած կլինեմ ու հարգանքի տուրք կմատուցեմ Օլիմպիական շարժմանը:

Սա ոչ միայն անհավանական պատիվ է, այլ նաեւ հիշեցում յուրաքանչյուրիդ հանդեպ իմ ստանձնած պատասխանատվության մասին: Այս կառույցը ղեկավարելու եմ մեծ հպարտությամբ՝ հենվելով նրա արժեքների վրա: Այնպես կանեմ, որ բոլորս շատ հպարտանանք ու վստահ լինենք այն որոշման վրա, որ կայացրել եք այս ընտրություններում: Մեզ համատեղ աշխատանք է սպասվում: Այս մրցավազքն անհավանական էր, այն մեզ ու մեր շարժումն ավելի լավն է դարձրել»,- ընտրվելուց հետո իր ելույթում ասել է Քովենթրին:

Նա խոստովանել է, որ 20 տարեկանից սկսած աշխատանքի բերումով գործ է ունեցել բարդ բնավորությամբ տղամարդկանց հետ ու բնավ էլ չի վախենում իր պաշտոնում սպասվող դժվարություններից. «Ոչ մի դեպքում չենք նահանջելու մեր արժեքներից՝ համերաշխությունից եւ ապահովությունից: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ցանկացած մարզիկ պետք է իրեն ապահով զգա մրցումների ընթացքում»:  

Արեւմտյան ԶԼՄ-ը գրում են, որ դրանով նա հստակ ուղերձ է հղել եւ նախագահներ Դոնալդ Թրամփին, Վլադիմիր Պուտինին ու Սի Ծինփինին ցույց տվել, որ թույլ չի տա սպորտը զենքի վերածել կամ էլ միջամտել ՄՕԿ-ի ներքին քաղաքականությանը:

Մյուս կողմից էլ Արեւմուտքում համարում են, որ Քովենթրին շատ չի շեղվելու Բախի քաղաքականությունից ու մեծ փոփոխություններ չի իրականացնելու:

Լուսանկարը` IOC


Տիտղոսները

41-ամյա Քովենթրին 2004 թվականի Աթենքի եւ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի թիկնալողի չեմպիոնն է, եւս 4 անգամխաղերում արծաթե ու 1 բրոնզե մեդալ է նվաճել:

Աշխարհի բազմակի հաղթող ու ռեկորդակիր է, նա Զիմբաբվեի պատմության ամենատիտղոսակիր մարզիկն է: Երկրի նվաճած Օլիմպիական 8 մեդալներից 7-ը Քովենթրիինն են: Նա 5 անգամ իր երկրի լավագույն մարզիկ է ճանաչվել: 2012 եւ 2016 թվականների Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ իր երկրի դրոշակակիրն է եղել:

Զիմբաբվեի նախկին նախագահ, բռնապետ Ռոբերտ Մուգատեն Քովենթրիին Ոսկե աղջնակ անվանել է:

Երբ Մուգատեն Պեկինում նվաճած 4 մեդալներից հետո Քովենթրիին պետական հեռուստաալիքի եթերում 100 հազ. դոլար պարգեւ է վճարել, լողորդը հայտնվել է քննադատությունների թիրախում: Այդ ժամանակ Զիմբաբվեի բնակչության մեծամասնությունը գնաճի պատճառով տառապում էր քաղցից: Բայց նա կարողացավ այդ իրավիճակն ի օգուտ իրեն դարձնել եւ հայտարարել. «Նախագահ Մուգատեն գիտի, որ պետք է փոփոխություններ անել, քանի որ այդքան շատ մարդիկ են տառապում երկրում»:

Լուսանկարը` CNN


Վատ նախարարը

2013 թվականից հանդիսանում է ՄՕԿ-ի եւ Զիմբաբվեի Օլիմպիական կոմիտեի անդամ: 2018-ից Զիմբաբվեի սպորտի, արվեստի եւ մշակույթի նախարարն է:

Պաշտոնավարումից հետո Քովենթրիի հեղինակությունը շատ է ընկել, քանի որ նա համաձայնվել է իր դաժանության համար Կոկորդիլոս մականունը ստացած Էմերսոն Մնանգագվայի վարչակազմում աշխատել:

Սակայն դա բնավ էլ չի ստիպել Քովենթրին տարածություն պահել նախագահից, լրիվ հակառակը՝ նախորդ տարի նրանց հանրային միջոցառման ժամանակ կողք կողքի պարելիս են նկատել: Այս արարողության ժամանակ հայտնի է դարձել, որ Զիմբաբվեն պատրաստվում է 2027 թվականի կրիկետի Աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտով հանդես գալ:

Քովենթրիին վատ նախարար են համարում ու մեղադրում անարդյունավետ աշխատանքի մեջ: Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան Զիմբաբվեին արգելվել է 2020 թվականից անվտանգ ստադիոններ չունենալու պատճառով հյուրընկալել ազգային հավաքականների խաղերը: Քովենթրին այդ խնդիրը շտկելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Իսկ ամռանը Զիմբաբվեն 74 հոգանոց պատվիրակություն է ուղարկել Փարիզի խաղերին, այն դեպքում, երբ մրցող մարզիկներն ընդամենը 9-ն էին: Հարկատուները բողոքել են, որ իրենց գումարներն անարդյունավետ են օգտագործվում:

Կրթությունը

Սովորել է ԱՄՆ-ի Օբերնի համալսարանում եւ մասնագիտացել հյուրանոցային եւ ռեստորանային մենեջմենթում: Սակայն կարիերան ավարտելուց հետո որոշել է ուժերը փորձել սպորտային կառույցներում:

ՄՕԿ-ում աշխատանքի անցնելուց հետո գլխավորել է Մարզիկների հանձնաժողովը: Ապա Թոմաս Բախը նրան վստահել է ղեկավարել 2032 թվականի Բրիսբենի Օլիմպիական խաղերի եւ 2026-ի Դաքարի պատանեկան խաղերի հանձնաժողովները։

Զիմբաբվեի նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ընթացքում Քովենթրին խիստ քննադատությունների է ենթարկվել, բացի այդ էլ նրան մեղադրել են նախկին նախագահ Մուգաբեի ազգականից ապօրինի հողատարածք ստանալու մեջ: Քովենթրին դիմել է դատարան ու արդարացվել:

Աշխատանքից բացի, նա չի մոռանում նաեւ սիրելի լողի մասին: Նա ոչ կոմերցիոն Kirsty Coventry Academy ունի, որը լողը հասանելի է դարձնում բոլորի համար:


Ընտանիքը

2013 թվականի օգոստոսին Քովենթրին ամուսնացել է Տիրոն Սեւարդի հետ, ով 2010-ից նրա անձնական մարզիչն էր: 2019-ին ծնվել է նրանց դուստրը:

Անելիքները

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում Քովենթրին մի շարք առաջադրանքներ ունի: Առաջին հերթին նա պետք է տրանսգենդերների մասնակցության հետ կապված հստակ քաղաքականություն մշակի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր ընտրվելուց հետո նշել է, որ խստորեն են հետեւելու 2028-ի Լոս Անջելեսի խաղերում այդ մարզիկների մասնակցության հետ կապված հարցերին:

«Իմ դիրքորոշումն է պաշտպանել կանանց սպորտը: Ուզում եմ դրա վերաբերյալ աշխատել միջազգային ֆեդերացիաների հետ: Այդ նպատակով հատուկ խումբ կստեղծենք, որն ամեն ինչ կուսումնասիրի եւ կվերլուծի»,-ընտրվելուց հետո լրագրողներին հարցերին պատասխանելիս ասել է Քովենթրին:

Նա նաեւ պետք է որոշում կայացնի ռուս մարզիկների վերաբերյալ: 2023 թվականին Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի անդամակցությունը ՄՕԿ-ին կասեցվել է, եւ Փարիզում այդ երկրի մարզիկները ելույթ են ունեցել չեզոք դրոշի տակ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին