Ապրիլ 26, 2025
exclusive
585 դիտում

Վահան Բիչախչյանի նշանակալի աճն ու հավաքականին միանալուց առաջ կարեւոր խաղային փորձը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Legia Warszawa

Լուսանկարը` FC Pogon

Լուսանկարը` mskzilina.sk

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Pogoń Szczecin

Լուսանկարը` Reuters


«Շիրակ»-ում կարիերան սկսած ու հիմա Լեհաստանում հանդես եկող Վահան Բիչախչյանն այս պահին հավաքականի ամենաշատ խաղային փորձ ունեցող ֆուտբոլիստներից է:

Նա Հայաստանում ծնված, տեղի մարզչական դպրոցն անցած, հոր գլխավորությամբ հանդես եկած ու տարբեր տարիքային հավաքականներով անցած քիչ հայ ֆուտբոլիստներից է:

2016 թվականին The Guardian-ի վարկածով աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից ցանկում է եղել եւ Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած (17 տարեկան) ամենաերիտասարդ ֆուտբոլիստը դարձել:

Այս տարեսկզբին Բիչախչյանը փոխեց ակումբն ու ավելի լուրջ հավակնություններով  թիմ տեղափոխվեց: 25-ամյա Բիչախչյանի կարիերայում «Լեգիա»-ն 4-րդ ակումբն է «Շիրակ»-ից, «Ժիլինա»-ից ու «Պոգոն»-ից հետո:

Առաջընթացը

Դեկտեմբերին Վահան Բիչախչյանը փոխեց ակումբը, բայց ոչ առաջնությունը: Նա հիմնականում մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակին մոտ տեղ զբաղեցնող «Պոգոն»-ից տեղափոխվեց Լեհաստանի 15-ակի չեմպիոն, 20-ակի գավաթակիր եւ 5-ակի Սուպերգավաթակիր «Լեգիա»:

Լուսանկարը` Legia Warszawa


Նա կիսատ թողեց իր թիմի ուսումնամարզական հավաքն ու միացավ Իսպանիայում մարզվող նոր ակումբին: Պայմանագիր կնքելիս Բիչախչյանն ուրախ էր ու անկեղծ խոստովանեց, որ նոր առաջարկությունն իր սրտով է եղել.

«Շատ էի ցանկանում ներկայացնել այդ ակումբն ու երջանիկ եմ այստեղ լինելու համար: Գիտեմ, որ Վարշավայում միշտ ձգտում են հաղթել: Ամեն մրցաշրջանում թիմը պայքարում է մեծ նպատակների համար, ես էլ այդպիսի բնավորություն ունեմ: Ամեն ինչ կանեմ, որ միասին նվաճումների հասնենք»:

«Լեգիա»-ն Բիչախչյանին ներկայացրեց որպես ունիվերսալ խաղացողի, որը կարող է իրեն լավ դրսեւորել ե՛ւ եզրում, ե՛ւ հարձակման գծում: Հիմա նա հանդես է գալիս 21 համարով ու թիմի կազմում 4 հանդիպման է մասնակցել, այդ թվում Կոնֆերենցիաների Լիգայում մրցել «Մոլդե»-ի դեմ:

«Պոգոն»-ը

Լեհաստանի առաջնությանը կիսապաշտպանը լավ ծանոթ է, քանի որ «Պոգոն»-ի կազմում 118 խաղի է մասնակցել, 12 գոլի հեղինակ դարձել ու մի քանի անգամ էլ թիմի ամսվա լավագույն խաղացողների թվում եղել:

Նա ակումբում անցկացրած 3 տարիների ընթացքում հասցրել է կապվել քաղաքի, թիմակիցների ու երկրպագուների հետ, դա զգացվում էր նաեւ հրաժեշտի խոսքերում: Առհասարակ շնորհակալ լինելն ու լավ ընկերներ ձեռք բերելը հայ ֆուտբոլիստի կարեւոր որակներից են, նախորդ ակումբներում էլ ենք նման օրինակների ականատես եղել:

Լուսանկարը` FC Pogon


«Այս քաղաքում ապրելն ու ակումբում հանդես գալն իսկական երջանկություն է եղել ամեն օր: Հպարտ եմ եղել ներկայացնել այս ակումբը, քաղաքն ու մարդկանց: Սիրում եմ քեզ, «Պոգոն»: Այստեղ ողջ կյանքիս համար ընկերներ եմ գտել, եւ նրանք ինձ օգնել են ավելի լավ խաղացող դառնալ»,- հրաժեշտի խոսքում գրեց Բիչախչյանը:

Այդ 3 տարին իսկապես հիանալի էին ֆուտբոլիստի կյանքում, օգնել են նրան ավելի շատ փորձ ձեռք բերել ու կայանալ, բայց կյանքն առաջ է շարժվում եւ պետք է նոր մարտահրավերների հետեւից գնալ, ինչն էլ Բիչախչյանն արեց:

Ի դեպ, իր նախկին ակումբի կազմում նա գրավել է «Լեգիա»-ի դարպասն ու հաջողությունը շատ բուռն կերպով նշել:



«Ժիլինա»-ն

Առավել երկար՝ 5 տարի ֆուտբոլիստն անցկացրել է «Ժիլինա»-ում, որը նրա առաջին արտասահմանյան ակումբն էր, 18 տարեկանում «Շիրակ»-ից էր Սլովակիա տեղափոխվել:

2022-ին Mediamax Sport-ի հետ զրույցում Բիչախչյանն այսպես էր խոսել արտերկրում ինքնուրույն կյանքին հարմարվելու եւ նոր ակումբի մասին. «Ժիլինա»-ում խաղալն ինձ շատ փորձ է տվել, ֆուտբոլային տեսանկյունից էլ հարմարվելու նրբություններին արդեն ծանոթ էի, դրա համար Լեհաստանում բարդություն չեմ ունեցել: Հենց սկզբում էլ զգացի, որ ճիշտ որոշում եմ կայացրել, քանի որ իմ տեղում եմ: «Պոգոն»-ն իր պատմության ամենալավ տարիներն է անցկացնում թե կազմի առումով, թե գրանցած հաջողությունների»:

Իր կարիերայում առաջին անգամ նա «Շիրակ»-ի կազմում է նվաճման հասել ու 2016-2017 մրցաշրջանում Հայաստանի գավաթակիր դարձել: «Պոգոն»-ի հետ հասել է մինչեւ Լեհաստանի գավաթի եզրափակիչ ու 2-րդ տեղը զբաղեցրել: Թեեւ Բիչախչյանը մեծ ձեռքբերումների ու նշանակալի հաղթանակների դեռ չի հասել, բայց փոխարենը խաղային մեծ փորձ ունի եւ երկար ժամանակ պահեստայինների նստարանին չի մնացել: 25-ամյա ֆուտբոլիստը հավաքականում ու ակումբներում միասին մոտ 225 հանդիպում է անցկացրել:

Լուսանկարը` mskzilina.sk


Հավաքականը

Բիչախչյանն ազգային հավաքականում է 2020 թվականից, նրա նորամուտի խաղն այդ տարվա սեպտեմբերի 8-ին Էստոնիայի դեմ էր, որում 2-րդ խաղակեսում փոխարինման մտավ: Ազգայինի ընտրանու շապիկով 40 խաղի է մասնակցել ու 5 գոլի հեղինակ դարձել Շվեդիայի, Մոնտենեգրոյի, Շոտլանդիայի, Ղազախստանի ու Լատվիայի դեմ հանդիպումներում:

«Ամեն խաղի էլ առավելագույնն եմ տալիս։ Իմ ուժեղ կողմերից է գոլեր խփելը, կանեմ ամեն ինչ, որ հետագայում էլ շարունակեմ օգնել հավաքականին»,- զրույցներից մեկի ժամանակ ասել է նա:

Սովորաբար հանդիպումներից հետո Բիչախչյանը լավատես է լինում եւ միշտ ընդգծում վատ արդյունքը մոռանալու ու հաջորդ խաղի վրա կենտրոնանալու մասին:  

«Լեգիա»-ում Բիչախչյանի աճն ու մասնագիտական որակների ավելացումը մեծապես կօգնեն նաեւ հավաքականին, ավագ սերնդի ֆուտբոլիստների կարիերան ավարտելուց հետո նոր առաջատարներ ու հեղինակություններ են պետք, որոնցից մեկն էլ Բիչախչյանը կարող է դառնալ:

Ինչպես նրան, այնպես էլ մյուս ֆուտբոլիստներին հավաքականում փոփոխություններ են սպասվում: Մարտի խաղերին նրանք ելույթ են ունենալու Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ, որն իր տեսլականով, մարտավարությամբ ու կարգապահությամբ է գալու, եւ հերթական անգամ թիմի համար նոր սկիզբ է լինելու:

Լուսանկարը` Photolure


Ուժեղ եւ թույլ կողմերը

Վահան Բիչախչյանն աչքի է ընկնում իր բազմաֆունկցիոնալությամբ, որը նրա ուժեղ կողմերից մեկն է համարվում: Նա տեխնիկական լավ որակներ ունի, որոնց օգնությամբ կարողանում է հեշտ շրջանցել մրցակիցներին: Կիսապաշտպանը հաճախ է միանում գրոհներին եւ օգնում սուր պահեր ստեղծել:

Նա բավականաչափ արագ է, ինչը հնարավորություն է տալիս իր ֆիզիկական տվյալներն օգտագործել եզրում, ինչպես նաեւ միանալ գրոհներին ու հակագրոհներին: Հատկապես ակումբներում գրանցած գոլերը ցույց են տալիս, որ նա սպառնալիք է ներկայացնում մրցակիցների դարպասապահների համար ու, չնայած ոչ այնքան բարձրահասակ լինելուն, գլխով էլ է գոլեր խփում:

Դրա հետ մեկտեղ էլ միանում է նաեւ պաշտպանությանն ու հաճախ օգնում իր թիմակիցներին: Իր ճկունության շնորհիվ կարեւոր եւ ունիվերսալ խաղացող է համարվում ոչ միայն ակումբում, այլ նաեւ Հայաստանի հավաքականում:

Լուսանկարը` Photolure


Չնայած առավելություններին՝ նրա ելույթները ոչ այնքան կայուն են ստացվում, որքան ցանկալի է: Երբեմն Բիչախչյանը չի զգում իր խաղն ու չի կարողանում թիմակիցների հետ համագործակցության հասնել, ինչն անդրադառնում է նրա գործողությունների վրա:

Ֆիզիկապես ավելի ուժեղ եւ խոշոր պաշտպանների հետ պայքարում զիջում է, եւ հատկապես կոշտ պայքարում անցնող խաղերը բացասաբար են անդրադառնում նրա արդյունավետության վրա:  

Ժամանակ առ ժամանակ կարող է չափից շատ հույս դնել իր որակների վրա ու տարվել անհատական խաղով, ինչի արդյունքում կորցնում է գնդակն ու կտրում թիմային խաղի թելը: Չնայած գոլեր խփելու ունակությանը, երբեմն նրա որոշիչ հարվածներն ոչ այդքան դիպուկ են գտնվում:

Իհարկե, Բիչախչյանն էլ բոլոր մարդկանց ու խաղացողների պես կատարյալ չէ ու սխալներ է թույլ տալիս, բայց կարեւորը նրա մոտ նկատվում է աճելու եւ առաջընթաց գրանցելու ցանկությունը: Բայց թոփ մակարդակի խաղացող դառնալու համար առաջիկայում պետք է մտածի ավելի ուժեղ լիգայում հանդես գալու մասին, քանի որ Լեհաստանի առաջնությունն ՈւԵՖԱ-ի չափորոշիչներով Եվրոպայում ընդամենը 16-րդն է:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին