Վաղը «Utah Hockey Club»-ի դեմ կայանալիք խաղում «Լոս Անջելես Քինգս»-ը հարգանքի տուրք կմատուցի հայկական ժառանգությանը։
Դրա շրջանակներում ակումբը կներկայացնի ապրանքների հավաքածու, որը կներառի հայկական ժառանգությունից ոգեշնչված եւ DJ Vick One-ի կողմից նախագծված երեք բացառիկ հագուստ՝ կարճաթեւ, երկարաթեւ եւ հուդի։
Փետրվարի 22-ից երկրպագուներն այդ սահմանափակ քանակությամբ հագուստը կարող են ձեռք բերել ինչպես TeamLA-ի խանութից, այնպես էլ՝ առցանց։

Լուսանկարը` nhl.com
«Հուզված եմ «Լոս Անջելես Քինգսի»-ի «Հայկական ժառանգության երեկոյի» համար այս տարվա հագուստի դիզայնն անելու համար։ Մեծացել եմ Լոս Անջելեսում ու չէի կարող անտեսել համարձակ դրսեւորումներով եւ վառ գույներով փողոցային արվեստի աշխույժ տեսարանները, որոնք արտացոլում են քաղաքի բազմազանությունը։ Որպես Լոս Անջելեսում ապրող հայ՝ ուզում էի այս երկու մշակույթների ազդեցությունը միավորել իմ կյանքում»,- ասել է Vick One-ը։
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքն ընդգծել է, որ Vick One-ն իր աշխատանքներում օգտագործում է գրաֆիտիի ոճերի ակտիվ խառնուրդ, որոնք Լոս Անջելեսի փողոցային արվեստի խորհրդանիշն են։ Նրա գծերը համարձակ են, դետալները՝ բարդ ու գունավոր, իսկ ուժեղ եւ համարձակ տառատեսակը միասնություն, տոկունություն եւ մշակութային հպարտություն են հաղորդում հայ համայնքին եւ ընդգծում նրա ներկայությունը Լոս Անջելեսում։

Լուսանկարը` անձնական արխիվից
Vick One-ն արդեն 20 տարի է աշխատում է ռադիոյում, ինչպես նաեւ վարում հայտնիների մասնավոր միջոցառումները, շրջագայում ամբողջ աշխարհով մեկ։ Նա «Լոս Անջելես Քինգսի»-ի պաշտոնական դիջեյն է եւ միաժամանակ պաշտոններ է զբաղեցրել «Լոս Անջելես Չարջերս» եւ «Լոս Անջելես Գալաքսի» ակումբներում:
Vick One-ի խորը կապը Լոս Անջելեսի հետ ակնհայտ կերպով երեւում է նրա երաժշտության շնորհիվ, որը դարձել է քաղաքի սպորտային երաժշտության ոգու հոմանիշը։
«Լոս Անջելես Քինգսի»-ը հիմնադրվել է 1966 թվականի փետրվարի 9-ին եւ հանդես է գալիս Հոկեյի Ազգային Լիգայում։ Ակումբը 1990/91 մրցաշրջանում դարձել է իր դիվիզոնի հաղթող, 28 անգամ մասնակցել փլեյ-օֆֆին, դրանից 12-ում մեկ փուլից ավելին հաղթահարել, իսկ 4 անգամ՝ երկու փուլ։

Լուսանկարը` CNN
Իր լավագույն արդյունքը «Լոս Անջելես Քինգս»-ը գրանցել է 2011/12 եւ 2013/14 մրցաշրջաններում, երբ երկու անգամ նվաճել է «Սթենլիի Գավաթը»։
Հանդես է գալիս Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում, որը Հոկեյի ազգային լիգայի Արեւմտյան կոնֆերենցիայի երկու դիվիզիոններից մեկն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: