Փետրվար 21, 2025
exclusive
351 դիտում

Ինչպես է անապատը փորձում դառնալ ֆուտբոլային օազիս: Կամ գերեզման․․․



Վերջին տարիներին ֆուտբոլային աշխարհը գնալով ավելի մեծ ուշադրություն է դարձնում Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգային: Եվրոպական հսկաների կողմից երկար ժամանակ անտեսված առաջնությունը դարձել է համաշխարհային մակարդակի խաղացողների վերջին հանգրվանը, սակայն վերջին շրջանում հաճախ ականատես ենք լինում, որ Սաուդյան Արաբիան ընտրում են նաեւ երիտասարդ եւ հեռանկարային ֆուտբոլիստները։ Այս նյութում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞վ է գրավում կամ վանում այդ երկրի առաջնությունը։

Միլիոններ, որոնք փոխում են խաղի կանոնները

Առաջինը, որ գալիս է բոլորի մտքին, չափազանց բարձր աշխատավարձերն են: Պետական հիմնադրամների եւ մասնավոր ներդրողների կողմից ֆինանսավորվող ակումբները պատրաստ են միլիարդավոր դոլարներ ծախսել աստղերին գրավելու համար։

2023 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասր» տեղափոխումը նոր դարաշրջան բացեց Լիգայի համար: Ավելի ուշ պորտուգալացուն սաուդյան առաջնությունում միացան գերաստղեր Նեյմարը, Կարիմ Բենզեման եւ շատ այլ խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների պայմանագիր կնքեց։ Լուրեր են պտտվում, որ Սաուդյան Արաբիա շուտով կմեկնեն Մոհամեդ Սալահը, Կազեմիրոն եւ նույնիսկ Վինիսիուսը։


Անդրադառնալով Մադրիդի «Ռեալի» հարձակվողի մասին հարցին՝ Սաուդյան Արաբիայի առաջնության գործադիր տնօրեն Օմար Մուղարբելն ասել է․ «Վինիսիուսին ձեռք բերելը երազանք չէ. նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիա պարզապես ժամանակի հարց է: Ամեն ինչ կախված է բանակցություններից: Մեր լիգան շարունակում է զարգանալ, բոլոր թիմերն էլ հզորանում են»։

Վերջերս համարձակ հայտարարությունով հանդես եկավ նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն՝ պնդելով, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ եւ մրցակցային է, քան ֆրանսիական «Լիգա 1»–ը։

Կան նաեւ ֆուտբոլիստներ, որոնք կտրականապես դեմ են եւ չեն էլ ուզում անգամ քննարկել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկները, իսկ ոմանք բացեիբաց քննադատում են նման որոշում կայացրածներին։

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր տեղափոխվում են Սաուդյան Արաբիա ֆինանսական պատճառներով՝ նշելով, որ նրանք առաջնահերթություն են տալիս գումարին՝ մարզական նպատակների փոխարեն։ Նա առանձնահատուկ նշել է իսպանական
«Սելտա»-ից» Գաբրի Վեյգայի տեղափոխությունը՝ զարմանք հայտնելով, որ ֆուտբոլիստն ընտրել է պակաս մրցակցային լիգան։


«Նապոլի»-ի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի կողմից առաջարկված 21 միլիոն դոլարանոց տարեկան աշխատավարձով պայմանագիրը՝ նախընտրելով շարունակել իր կարիերան եվրոպական ֆուտբոլում։

Սաուդյան լիգան սկսել է նաեւ հայտնի մարզիչների ներգրավումը․ այստեղ արդեն աշխատում են Լորան Բլանը, Խեսուս Խորխեն, Ստեֆանո Պիոլին։

Սաուդյան Արաբիայի շուրջ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ կան, եւ  երկու տեսակետներն էլ ունեն բացատրություններ եւ պատճառներ։ Մեծ գումարը գրավում է շատերին եւ, միեւնույն ժամանակ, խանգարում նրանց ֆուտբոլային ժառանգություն թողնել Եվրոպայում։ Մի մասը հրաժարվում է աստղաբաշխական պայմանագրերից ընտանեկան պատճառներով, քանի որ չի ուզում փոխել ընտանիքի առօրյան՝ տեղափոխվելով շատ տարբերվող մշակույթ եւ օրենքներ ունեցող երկիր։ Օրինակ, վերջերս «Ալ Նասր» տեղափոխված «Ասթոն Վիլայի» երիտասարդ հարձակվող Ջոն Դուրանը չի կարող իր ընկերուհու հետ բնակվել մի տան մեջ, քանի որ, ըստ Սաուդյան օրենքների, նման հնարավորություն ունեն միայն օրինական ամուսնացած զույգերը։ Դուրանը ապրում է Բահրեյնում եւ ամեն անգամ պարապմունքի եւ խաղի համար ստիպված է երկրից երկիր տեղափոխվել։

Կա նաեւ հարցի հակառակ կողմը․ շատ աստղերի համար Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ոչ միայն փողի, այլեւ հարմարավետության հետ է կապված: Խաղացողներին տրամադրվում են շքեղ կենցացային ապայմաններ` էլիտար բնակարաններ, պրեմիում մեքենաներ եւ անվտանգություն:


Մարզիկների համար ոչ պակաս կարեւոր հանգամանք է նաեւ ավելի փոքր ճնշումը. ի տարբերություն եվրոպական առաջնությունների, մրցակցությունն ու ԶԼՄ-ների ուշադրությունն այնքան էլ մեծ չեն, ինչն ավելի քիչ սթրեսային է դարձնում ընդհանուր մթնոլորտը։

Ենթակառուցվածք

Սաուդյան Արաբիան նշանակալի քայլեր է ձեռնարկում իր ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ 2034 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու եւ մանակպատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար։

Բացվել են բազմաթիվ ֆուտբոլային ակադեմիաներ՝ նպաստելու երիտասարդ տաղանդների զարգացմանը եւ բարձրացնելու ֆուտբոլի մակարդակը։ Այս ակադեմիաներն ապահովում են համաշխարհային մակարդակի պայմաններ, միջազգային փորձ։

Եվրոպական մի քանի ակումբներ արդեն բացել են իրենց ակադեմիաները Սաուդիան Արաբիայում։ Դրանց թվում են «ՊՍԺ»-ն, «Յուվենթուսը», «Բարսելոնան», տեղական ակումբները եւս արդեն ունեն եվրոպական ստանդարդներով մանկապատանեկան ակադեմիաներ։


Մարզադաշտերի կառուցում եւ արդիականացում

Սաուդյան Արաբիան պլանավորում է կառուցել 11 նոր մարզադաշտ եւ վերանորոգել 4-ը՝ 2034 թվականի Աշխարհի առաջնության համար։

Մրցաշարը կանցկացվի 5 քաղաքներում՝ Էր-Ռիադ, Ջիդդա, Ալ Խոբար, Աբհա եւ Նեոմ։ «Քինգ Սալման» մարզադաշտը՝ նախատեսված 92,760 հանդիսատեսի համար, կընդունի բացման եւ եզրափակիչ հանդիպումները։

Prince Mohammed bin Salman Stadium-ը (Քիդդիա) գտնվում է ժայռի գագաթին, նախատեսված է երրորդ տեղի խաղի համար։

Մյուս մարզադաշտերն են Neom Stadium-ը (Նեոմ), Aramco Stadium-ը (Ալ Խոբար), Jeddah Central Development Stadium-ը (Ջիդդա)։

Այս բոլոր նախաձեռնությունները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիան վճռական է ստեղծելու հզոր ֆուտբոլային ենթակառուցվածքներ եւ զարգացնելու ֆուտբոլային մշակույթը 2034 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ։


Տաղանդների ներհոսք

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ակտիվորեն աշխատում է նաեւ երիտասարդ խաղացողների ներգրավման ուղղությամբ, ովքեր դեռ երկար կարող էին հանդես գալ Եվրոպական մարզադաշտերում: Երիտասարդ խաղացողները համարում են իրենց հմտությունները զարգացնելու հնարավորություն՝ խաղալ իրենց կուռքերի կողքին: Նրանցից են 25-ամյա Մուսա Դիաբին, 27-ամյա Սթիվեն Բերգվեյնը եւ Ռուբեն Նեվեսը, 22-ամյա Գաբրի Վեյգան, 21-ամյա Ջոն Դուրանը։

Այս ցանկը կարող է շատ ավելի մեծանալ, եթե Սաուդյան Արաբիան շարունակի գայթակղել երիտասարդներին մեծ գումարներով։


Ասիայի Չեմպիոնների լիգա

Ի՞նչ արդյունքներ ունեն սաուդյան թիմերը Ասիական Չեմպիոնների լիգայում։ Առայժմ ծախսվող ահռելի գումարները շոշափելի արդյունքներ չեն ապահովում։ 2022-2023թթ․ ամենաերկար ճանապարհը անցավ «Ալ Հիլալը», սակայն եզրափակչում զիջեց ճապոնական «Ուրավա Ռեդս»-ին, իսկ 2023-2024թթ․ մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի երեք թիմերն էլ անցան փլեյ–օֆֆ («Ալ Հիլալ», «Ալ Իթիհադ», «Ալ Նասր»)։ 1/4 եզրափակչում «Ալ Նասրը» չկարողացավ հաղթել «Ալ Աին»–ին (ԱՄԷ), իսկ «Ալ Հիլալն» ու «Ալ Իթիհադը» իրար մեջ պարզեցին լավագույնին։ Ճանապարհը շարունակեց «Ալ Հիլալը», որը կիսաեզրափակչում պարտվեց մրցաշարի ապագա հաղթող «Ալ Աին»–ին։

Ինչպես տեսնում եք, սաուդյան թիմերը առայժմ չեն տպավորում իրենց արդյունքներով Ասիայի Չեմպիոնների լիգայում։


Ինչո՞ւ մարեց Չինաստանի ակտիվությունը

Ժամանակին Չինաստանի Սուպեր Լիգան նմանատիպ ագրեսիվությամբ մտավ եվրոպական շուկա։ Ակտիվության նվազման պատճառները մի քանիսն են՝

- ֆինանսական ծանրաբեռնվածություն․ ակումբների մեծ մասը կորցրեց հովանավորներին եւ չկարողացավ կրել ֆինանսական մեծ բեռը։

- ներքին օրենքների փոփոխում․ Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան ձեռնարկեց խիստ ֆինանսական կարգավորումներ՝ կանխելու համար ավելորդ ծախսերը եւ խթանելու կայուն աճը: Դրանք ներառում էին աշխատավարձերի սահմանափակումներ եւ օտարերկրյա խաղացողների ձեռքբերման սահմանափակումներ, որոնք փակեցին ակումբների հնարավորությունները՝ գրավելու բարձր մակարդակի տաղանդներ:


Հեռանկարներ. մարտահրավեր համաշխարհային ֆուտբոլի համար

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան արագորեն դառնում է ուժ, որի հետ պետք է հաշվի նստել: Լիգայի ազդեցությունը զգացվում է նույնիսկ Եվրոպայում, որտեղ ակումբները սկսում են մտահոգվել, որ խաղացողները ապագան ուզում են կապել Սաուդյան Արաբիայի հետ: Մեկնել, թե ոչ՝ սա այսուհետ յուրաքանչյուր խաղացողի եւ մարզիչի ընտրությունն է, սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ, ի տարբերություն Չինաստանի, Սաուդյան Արաբիայի իշխանությունները ֆուտբոլի զարգացման երկարատեւ տեսլական ունեն։ Եվ անսահման գումար․․․

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին