Հունվար 31, 2025
94 դիտում

Մագնուս Կառլսենի «սրտի թագուհի» Էլլա Վիկտորիա Մելոուինն ու կյանքի նոր փուլը


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` chess.com


Տարեսկզբին Օսլոյում կայացավ ամենագեղեցիկ հարսանիքներից մեկը՝ Աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը Նյու Յորքում արագ ու կայծակնային ԱԱ-ի ավարտից հետո մեկնեց հայրենիք ու ամուսնացավ:

34-ամյա գրոսմայստերի կինը 26-ամյա Էլլա Վիկտորիա Մելոուինն է, որոնց սիրավեպի ու ընտանիքի մասին էլ պատմելու ենք:

Կոտրված սիրտը

Թեեւ Մագնուս Կառլսենը միշտ էլ ցանկալի փեսացու է եղել, սակայն նրա անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ ստացվում էր: 2017-ին հանդիպում էր դերասանուհի Սիննի Քրիստեն Լարսենի հետ, սակայն սիրավեպն ընդամենը մի քանի ամիս տեւեց:

Շուտով Կառլսենը նոր ընկերուհի գտավ, որը մոդել ու քրեագետ Էլիզաբեթ Լորենցեն Դեննեն էր: Միայն հարաբերություններից մեկ տարի անց զույգը միասին լուսանկար հրապարակեց: Դրանից հետո Էլիզաբեթը հաճախ էր Մագնուսին ուղեկցում խոշոր միջազգային մրցաշարերի ժամանակ:

Լուսանկարը` անձնական արխիվից


Թվում էր՝ ամեն ինչ հարթ է ընթանում եւ 2020-ին համատեղ շքեղ բնակարան ձեռք բերեցին։ ԶԼՄ-ում հաճախ էին գրում, որ շուտով կհայտնեն ամուսնության մասին: Բայց 2021-ի ապրիլին անսպասելիորեն բաժանվեցին, մանրամասներ Կառլսենը չհայտնվեց, բայց խոստովանեց, որ ընկերներ են մնացել:

Ամեն դեպքում, այդ բաժանումը շախմատիստի վրա շատ ազդեց, նրա մարզական արդյունքները զգալիորեն վատացան, իսկ մտերիմները փաստում էին, որ անկայուն է նաեւ էմոցիոնալ վիճակը:

Դրան հաջորդած տարիներին նա միայնակ էր, թեեւ հարցազրույցների ժամանակ շարունակում էր խոսել ընտանիք կազմելու ցանկության մասին: Նշում էր, որ սիրում է ժամանակ անցկացնել իր այն բարեկամների հետ, որոնք երեխաներ ունեն:

Շախմատիստի անձնական կյանքի նկատմամբ ԶԼՄ-ի ուշադրությունը մեծացավ հատկապես, երբ բաժանումից հետո ունեցած ճգնաժամի պատճառով հրաժարվեց պաշտպանել չեմպիոնական թագը:

Լուսանկարը` անձնական արխիվից


Խնդիրների հաղթահարումը

Պարզվում է՝ Էլիզաբեթ Լորենցեն Դեննեն ցանկանում էր ամուսնանալ Կառլսենի հետ, մինչդեռ շախմատիստը բուռն կերպով պատրաստվում էր Յան Նեպոմյնաշնիի հետ չեմպիոնական մրցամարտին: Արդյունքում՝ Էլիզաբեթը չհանդուրժեց երկար ամիսներ տեւող պարապմունքներն ու լքեց նրան, ինչից հետո Կառլսենը խորը դեպրեսիայի մեջ հայտնվեց:

Այդ շրջանում նորվեգացին իրեն բավական տարօրինակ էր պահում: 2022-ին Sinquefield Cup-ի միջնամասում լքեց մրցաշարը՝ 19-ամյա ամերիկացի Հանս Նիմանին մեղադրելով համակարգչային հուշումներից օգտվելու մեջ: Ի պատասխան դրան՝ ամերիկացին Կառլսենի դեմ 100 մլն դոլար պահանջով դատական հայց ներկայացրեց, քանի որ այդ մեղադրանքները «նրա հեղինակության, կարիերայի ու կյանքի վրա կործանարար վնաս էին հասցրել»։

2023-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ մինչեւ դատական գործընթացի ավարտն այդ հակամարտությունն արդեն կարգավորվել է: Կառլսենը խոստովանեց, որ չափից ավելի շատ էր բորբոքվել:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Զգում եմ, որ փոխվել եմ: Արդեն վաղուց ներքուստ հրաժարվել եմ չեմպիոնական մրցավազքին մասնակցելուց: Վերջին տարիներին ինձ համար շատ կարեւոր էր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականներում լինել, բայց հիմա արդեն քիչ եմ սկսել դասական շախմատ խաղալ, հետեւաբար վերաբերմունքս առաջին տեղին առաջվանը չէ: Կփորձեմ էլի առաջին համարը լինել ու մեծ առավելություն ունենալ մյուսների հանդեպ»,- ասել է նորվեգացին:

Նա սկսել է զբաղվել շախմատի նոր ձեւաչափի զարգացմամբ: Կառլսենի ընկերությունը՝ Play Magnus-ը, որը ինտելեկտուալ խաղերի ոլորտում կիբերսպորտային առաջատարներից է, 2022-ին վաճառվել է 83 մլն դոլարով: Ֆինանսական իմաստով՝ աշխարհի ամենահաջողած խաղացողներից է: Նրան մեծ եկամուտներ են բերում նաեւ 2020 թվականից առցանց անցկացվող մրցաշարերը:  

Նոր սերը

2024-ի փետրվարին Գերմանիայում Freestyle Chess G.O.A.T Challenge մրցաշարին Կառլսենը եկավ նոր ընկերուհու՝ Էլլա Վիկտորիա Մելոուինի հետ, նրանք բռնել էին միմյանց ձեռքերն ու շատ ջերմ էին իրար հետ: Ապրիլին էլ միասին հայտնվեցին Լոս Անջելեսում կայացած գիտական Breakthrough մրցանակաբաշխության կարմիր գորգին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Շուտով նա բոլոր առանցքային մրցաշարերին էլ Մագնուսի կողքին էր: Թեեւ իրենց զգացմունքները չէին թաքցնում, սակայն նաեւ պաշտոնապես չէին հաստատում, որ հանդիպում են:

Մելոուինին որպես ընկերուհի Կառլսենն առաջին անգամ ներկայացրեց 2024-ի մայիսին, երբ միասին ժամանել եին The Breakthrough Prize-ին: Այդ ժամանակ Էլլա Վիկտորիան իր առաջին ոչ մեծ հարցազրույցը տվեց.

«Կասեի, որ բավական ամուր մարդ եմ եւ հեշտ եմ լեզու գտնում մյուսների հետ: Բայց այստեղ այնքան տեսախցիկներ կան, որ ապշած եմ: Երբեմն դժվար է Մագնուսի հետ մրցաշարերի մեկնել, սակայն դա անում եմ, քանի որ ուզում եմ լավ ընկերուհի լինել ու աջակցել նրան: Բայց դրան միանգամից չեմ եկել, սովորել եմ: Բարդ է տեսնել, որ խաղում դժվարություններ ունի, սիրում եմ, երբ հաղթում է: Սովոր չեմ ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում լինել, դրա համար փորձում եմ շատ աչքի չընկնել»,- TV2-ին ասել էր նա:

Շախմատիստի կնոջ մասին մինչեւ հիմա էլ քիչ տեղեկություններ կան: Նրա հայրն ամերիկացի է, իսկ մայրը՝ նորվեգացի: Երկար ժամանակ երկու երկրներում էլ բնակվել է, սակայն հետո տեղափոխվել է Սինգապուր:

Մելոունը միայն վերջերս է սոցիալական կայքերի իր էջերը բաց դարձրել, մինչ այդ նախընտրում էր իր մասին ցանկացած տեղեկություն ու լուսանկար փակ պահել:


«Նա հիանալի մարդ է, այնքան հասկացող ու աջակցող: Երբ որեւէ բան նախատեսվածի պես չի ընթանում, նրա ներկայությունը ինձ շեղում է դժվարություններից»,- սիրելիի մասին այսպես է ասել Կառլսենը:

Հարսանիքը

Անգամ երբ հայտնի դարձավ, որ Կառլսենն ու Մելոուինը զույգ են, նախընտրեցին անձնական կյանքի շատ մանրամասներ հանրային չդարձնել: Նրանք այնքան գաղտնապահ էին, որ հարսանիքի մասին տեղեկություններ հայտնի դարձան միայն արարողությունից օրեր առաջ:

Հունվարի 4-ին պսակադրվեցին Օսլոյի հին Հոլմենկոլեն կապելլայում, ներկա էին ընտանիքի անդամներն ու ամենահարազատ մարդիկ: Հարսանիքին հավաքվել էր նաեւ Նորվեգիայի ողջ շախմատային աշխարհը:

«Գուցե այնքան էլ սրտովս չէ մրսել այս ցրտին, բայց Սառցե թագավորն ու թագուհին իրենք են որոշել, ինչպես նշել հարսանիքը», – ասել է ընտանիքի բարեկամ Մագնուս Բաստարդը:

Մեկ ուրիշն էլ ավելացրել. «Արարողությունն իսկապես գեղեցիկ էր»:

Dagbladet-ը գրել է, որ հարսանիքին ներկա է եղել Netflix-ի նկարահանող խումբը: Այս տարի այն նախատեսում է հեռարձակել փաստագրական սերիալ շախմատի մասին: Ամենայն հավանականությամբ, Կառլսենի հարսանիքի կադրերը նույնպես տեղ են գտնելու այդ աշխատանքում:

Լուսանկարը` անձնական արխիվից


Նաեւ նշվում է, որ նրանք նշանվել են դեռ աշնանը, իսկ դեկտեմբերին Մագնուսը Օսլոյում շատ մեծ ու հետաքրքիր երեկույթ է կազմակերպել իր ընկերների համար:

Ամուսինները

Հարսանիքից օրեր անց Կառլսենի կինը փոդքաստի հյուր էր գնացել ու շախմատիստի հետ կյանքի մասին մի քանի մանրամասներով կիսվել.

«Մեր առաջին հանդիպման ժամանակ Մագնուսը շատ հաճելի էր, թեեւ ամաչում էր ու նյարդայնանում: Շատ հուզիչ էր: Նա անհավանական խելացի է, միանգամից հիշեց տարեդարձիս օրը, ինչն ինձ գերեց, բայց հետո պարզեցի, որ շատ լավ հիշողություն ունի: Նա պարզապես անկեղծ մարդ է: Չեմ կարծում, որ շատերը նրա այդ՝ անկեղծ ու անաչառ կողմի մասին տեղյակ են: Նա ինձ ոգեշնչում է, հենց դա էլ ամենից շատ եմ սիրում նրա մեջ:  

Մագնուսն այն մարդկանցից չէ, ովքեր սիրում են գովասանքներ լսել, նա նախընտրում է  ինքն իր հանդեպ խիստ լինել։ Կարծում եմ՝ հենց դա է նրան մոտիվացնում ու լիցքավորում:

Ամենասկզբից կենցաղում իր հանդեպ շատ ցածր պահանջներ է սահմանել: Այդքան էլ շատ բաներ չի կարողանում անել տանը, ինչը նորմալ է: Ինքս եմ զբաղվում լվացքով, իսկ նա աղբն է թափում: Երբ տունը հավաքելու կարիք է լինում, մեզ մաքրուհին է օգնում:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մագնուսը չի ցանկանում ինձ շախմատ խաղալ սովորեցնել: Ասում է, որ քույրերին խնդրեմ այդ մասին, սակայն նրանք էլ են հրաժարվում: Դրա համար էլ դիմեցի Դեւիդ Հաուելին, եւ նա պատասխանեց. «Ինչպես կստացվի: Բայց Մագնուսն իրոք շատ լավ ուսուցիչ է»:

Էլլա Վիկտորիան նաեւ հայտնել է, որ դարձել է ամուսնու անձնական մենեջերը: Հիմա նա է զբաղվում շախմատիստի անձնական գրաֆիկով, պահում լրագրողների ու մրցաշարերի կազմակերպիչների հետ կապը:

Հարսանիքից հետո նորապսակները մեղրամիս չմեկնեցին, քանի որ հունվարի 11-ից Կառլսենը խաղում էր գերմանական Բունդեսլիայում, իսկ կինն այդ ընթացքում ուղեկցում էր նրան:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին