Հուլիս 27, 2024
2155 դիտում

Լեւոն Արոնյան. Հայր լինելն ամենահրաշալի եւ ոգեշնչող բանն է


Լուսանկարը` 64.ru

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` chess.com

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` US Chess

Լուսանկարը` Grand Chess Tour

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Լեւոն Արոնյանի հետ հարցազրույցները շատ հետաքրքիր են ստացվում ու բացահայտում նրա բազմակողմանի զարգացած լինելը: Այս անգամ ԱՄՆ-ի հավաքականի շախմատիստը 64.ru-ին է պատմել ընտանիքի ու դստեր մասին, նշել, թե ինչու է որոշել հեռանալ Հայաստանի ընտրանուց եւ ինչպես է ապրում Սենթ Լուիսում:

Հայրությունը

Հայր լինելն ամենահրաշալի եւ ոգեշնչող բանն է: Լիովին երջանիկ եմ: Կյանքումս շատ բան է փոխվում, բայց դեպի լավը:

Դստերս ծնունդից հետո շախմատային առումով ամեն ինչ նույնն է մնացել, միշտ էլ բարդ է խաղալ: Մրցաշարի ընթացում ավելի հեշտ եմ տանում պարտությունները, քան հաղթանակները: Երբ վատ եմ խաղում, ավելի լավ եմ քնում: Իսկ երբ հասկանում եմ, որ հաղթելու դեպքում ոչ ոք չի ոգեշնչվում ինձնով, սկսում եմ վատ եմ քնել:

Հայերի դեմ խաղալը

Հայրենակիցներիս հետ պարտիաներում միշտ զիջում եմ: Արագ ու կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունում հասկանում եմ, որ ժամանակին պետք է համաձայնվել ոչ-ոքիի: Բայց նրանք գիտեն այդ միտումիս մասին, դրա համար իրենք չեն առաջարկում: Սամուել Սեւյանի հետ կրկնակի է բարդացել խաղալ՝ նա երիտասարդ է ու տաղանդավոր:

Լուսանկարը` FIDE


Հիմա Երեւանում Մանուել Պետրոսյանի բնակարանում եմ ու նրա հետ խաղաքարեր ենք տեղաշարժում: Բայց Մանուելը քննադատում է ներքին ձայնս, քանի որ համակարգիչը հետս չի համաձայնվում: Փորձում ենք սովորել Սիցիլիական պաշտպանության բարդությունները:

Հաջողակը

Բախտս բերեց ու ԱՄՆ-ի գավաթում հաղթող դարձա, բայց այդ ամենը հաջողության գործակցի շնորհիվ էր: Երեւի պատմության ամենահաջողակ շախմատիստն եմ: Շատերն են այդ առումով համաձայնվում հետս:

Ֆիշերն ու Կառլսենը

Ֆիշերի շախմատն ինձ համար տիեզերք է: Անհավանական է, մանավանդ, երբ երկար ժամակարգով ենք խաղում, ինչի մասին վաղուց եմ երազել: Մագնուսի գլուխն արդեն տարել էի, դրա համար էլ ինձ հրավիրեցին Վեյսենհաուսի մրցաշարին: Վարկանիշս բարձր չէ, հիմա այնքան էլ հայտնի չեմ, ինչպես երիտասարդ խաղացողները: Հենց այդ խոսելու արդյունքում եղավ հրավերը եւ մրցաշարից մեծագույն հաճույք ստացա:
Լավ է, որ այնտեղ Մագնուսը դարձավ հաղթող: Ֆիրուջային էլ եմ ասել. «Փառք Աստծո, զիջեցիր Մագնուսին, հակառակ դեպքում մրցաշարը նրա դուրը չէր գա»: Մագնուսը ցանկացած մրցաշար կազմակերպելու գործում նշանակալի դեմք է, դրա համար կարեւոր է, որ նա սիրի այն ամենը, ինչով զբաղվում է:

Լուսանկարը` FIDE


Հայաստանից հեռանալը

Զգացի, որ արժանի հարգանք չկա իմ ու մյուս շախմատիստների նկատմամբ: Շատ ծանր տարա 2020 թվականի պատերազմն ու այն ստերը, որ մեզ պատմում էին այդ մասին: Փորձում էի գումար հայթայթել ու օգտակար լինել իմ երկրին: Չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր ստել սեփական քաղաքացիներին: Քեզ գերազանցող ուժերի դեմ հնարավոր է պարտվել, բայց թաքցնել նման մեծ կորուստները...

Հասարակությունը գոնե մոտավորապես պետք է իմանար տեղի ունեցողի մասին: Մարդիկ զոհվում էին, իսկ մեզ պատմում, թե ամեն ինչ հիանալի է ու շուտով հաղթելու ենք: 5000 զոհը մեր ակտիվ երիտասարդության 30 տոկոսն է:

Ինքս որոշեցի տեղափոխվել ԱՄՆ, ինձ այնտեղից առաջարկություն արել էին 2013-2014 թթ., սակայն մերժել էի: Այս պահին էլ միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ Հայաստանի:

ԱՄՆ-ում

Կնոջս ու դստերս հետ հաստատվել ենք Սենթ Լուիսում: Սկզբում բնակարան էինք վարձակալում, հետո՝ գնեցինք: Հիմա բոլորի պես ապրում ենք ամերիկյան երազանքով, մեր թաղամասը գտնվում է կենտրոնական այգուց ոչ հեռու՝ շախմատային ակումբին մոտ: Բավական հաճելի վայր է, իմ փողոցում համալսարանում սովորող ուրիշ շախմատիստներ էլ են ապրում, ինչպես նաեւ Տաթեւ Աբրահամյանը, Իլյա Նիժնիկն ու այլ գրոսմայստերներ, որոնց անունները մոռացել եմ:

Լուսանկարը` chess.com


Հարեւան փողոցում են բնակվում Ֆաբիանո Կարուանան եւ Յասեր Սեյրավանը: Եթե բլից եմ ուզում խաղալ, զանգահարում եմ ծանոթ շախմատիստներին, օրինակ՝ հույն Նիկոլաս Թեոդորին: Միասին նաեւ բասկետբոլ ենք խաղում, մեզ է միանում նաեւ Ակշատ Չանդրան: Ընկերական բլիցի թեկնածուների մեծ ընտրություն ունեմ՝ Ֆաբին, Լենիերը, Լիեմը, Ռեյ Ռոբսոնի: Բայց վերջինիս հետ խորհուրդ չէի տա, կայծակնային շախմատում շատ ուժեղ է:

Կինը

Անին ինձնից 16 տարի փոքր է, երգչուհի է, ավարտել է Երեւանի Ամերիկյան համալսարանը, ապա Սենթ Լուիսում մեկ տարի ուսանել հատուկ հաղորդակցություն եւ անգլիական գրականություն: Ջազ քոլեջում է սովորել եւ 15 տարեկանից է երգում, հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի սաներից է: Համավարակի ժամանակ դադար էր վերցրել, բայց հիմա նորից վերադարձել է բեմ: Ընդհանուր ծանոթներ ունեինք, ինչպես նաեւ Անիին Երեւանի ակումբներից մեկում եմ տեսել: Այդպես էլ ընկերացանք…

Լուսանկարը` Անձնական արխիվից


Զաբելը

Դստերս ծնունդից հետո արթնացա ու Անիին ասացի. «Մեր աղջկա անունը Զաբել է», պատասխանեց. «Լավ է, կիմանամ այսուհետ»: Զաբելը հայկական թագուհու անուն է, նա Լեւոն թագավորի դուստրն էր, հետեւաբար այնքան էլ դժվար չէր ընտրություն կատարել:

Երբ հայր դարձա, նպատակներս փոխվեցին, ցանկություն ունեմ արարելու եւ օրինակ դառնալու, որպեսզի դուստրս հպարտանա ինձնով: Իհարկե, նրան շախմատ խաղալ եմ սովորեցնելու:

Մոտիվացիան

Մագնուսն Աշխարհի չեմպիոնական կոչումից հրաժարվել է, որովհետեւ նա ամեն ինչ արդեն հաղթել է: Իսկ ես չեմպիոնական խաղից կիլոմետրերի հեռավորության վրա եմ գտնվում, դրա համար էլ մոտիվացիաս չեմ կորցրել: Պետք է շարունակել խաղալ ու հաճույք ստանալ: Հիմա ՖԻԴԵ-ի 22-րդ համարն եմ, առաջիկա նպատակս առաջադիմելն է, տեսնենք, թե ինչպես կստացվի:

Լուսանկարը` US Chess


Շախմատից դուրս

Կարեւորն ինձ համար ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելն է ու շարունակել սովորել, բացահայտել աշխարհը: Վերջերս ինձ համար նոր երաժշտական MP3 եմ գնել, միացրի արդեն միլիոն անգամ լսած երգերս ու ապշեցի: Եթե տեխնիկան լավն է, ավելի շատ ես լսում, քան առաջ: Վերջերս էլ Սենթ Լուսիսում առիթ ունեցա ունկնդրելու Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի ամենագեղեցիկ կատարումը:

Հեծանիվ վարել դեռ Բեռլինում ապրելու տարիներից եմ սիրում: Հիմա սպասում եմ օրերը տաքանան, որպեսզի մեկնեմ Սան Սեբաստիան, որտեղ բնակարան ունեմ: Ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել լողալու սեզոնի մեկնարկը:

Սիմֆոնիան ու կապիկները


Պարտիայի ժամանակ որոշակի դիրքեր ինձ մոտ տարբեր ասոցիացիաներ են առաջացնում: Երբ լսում եմ Բրուքների որեւէ սիմֆոնիա, անպայման շախմատային պարտիա եմ հիշում եւ պարտադիր չէ, որ իմը: Իսկ անհաջող քայլ կատարելիս աչքերիս առաջ գազանանոցից մեծ մակակա է հայտնվում:

Պլանները

Գիրք եմ գրում եւ այդ հարցում ինձ օգնում է իմ ընկեր, հնդիկ Սագար Շահը: Նրան ասել եմ. «Դու փորձառու լրագրող ես ու պարտավոր ես ինձ օգնել»: Շահն ընդունել է իր վրա դրած առաքելությունն, ու հույս ունեմ՝ մեր աշխատանքը լավ կստացվի:

Լուսանկարը` Grand Chess Tour


ԱՄՆ-ի հավաքականը

Թիմի հետ Հնդկաստանում կայացած 2022-ի Օլիմպիադայում այնքան անհաջող եմ հանդես եկել, որ չգիտեմ էլ, արդյոք նորից ինձ կսպասեն այնտեղ: Սոն հավաքականին արդեն վատ վիճակում միացավ, ապա բոլորս հիվանդացանք, ընդ որում չհասկացանք, Ուեսլիից էինք վարակվել, թե մեկ այլ ուրիշ վիրուսով: Թիմի կեսը վատ վիճակում էր: Իսկ ընդհանուր առմամբ հավաքականում ուրախ ժամանակ անցկացրինք Ֆաբիանոյի, Լենիերի եւ Ուեսլիի հետ: Բոլորն էլ հաճելի տղաներ են:

Հիմա, երբ այլ հավաքականում եմ խաղում, սկսել եմ ավելի ջերմ վերաբերվել երիտասարդ հայ շախմատիստներին, շուտով Օլիմպիադայից առաջ հավաք են ունենալու եւ որոշել եմ միանալ նրանց:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին