Հուլիս 27, 2024
4088 դիտում

Հայ ծանրորդների գրանցած վերջին արդյունքներն ու Փարիզ-2024-ի հիմնական մրցակիցները


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` IWF

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` IWF


Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների համեմատ Փարիզում ծանրորդների քանակը կտրուկ նվազել է եւ 196-ի փոխարեն դարձել 120:

2024-ի խաղերում ուժերն են չափելու հավասար քանակությամբ՝ 60-ական կանայք ու տղամարդիկ: Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենալու, տղամարդիկ ներկայացված են լինելու մինչեւ 89, 102 եւ գերծանր քաշային կարգերում:

Ծանրամարտի մրցումները կայանալու են օգոստոսի 7-11-ը Paris Expo Porte de Versailles ցուցահանդեսների եւ համաժողովների կենտրոնում:

+102 կգ

Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը, որը հաղթել է նաեւ Աշխարհի Գավաթում:

Փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Լալայանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 455 կգ-ով, նրա վերջին մրցաշարը եղել է ապրիլին թաիլանդական Պուկետում, որտեղ գրանցել է 463 կգ: Երկու մրցաշարերն էլ Օլիմպիական խաղերի կրկնակի, Աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն բաց է թողել:

Լուսանկարը` Getty Images


Վերջին անգամ նրանց մրցակցությանը հետեւել ենք 2023-ի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում անցկացված Աշխարհի առաջնությունում: Տալախաձեն 473-ով դարձել է չեմպիոն, Լալայանը՝ 460-ով արծաթ նվաճել, իսկ Գոռ Մինասյանը (Բահրեյն), որն Օլիմպիական խաղերում էլ մեդալների հիմնական հավակնորդներից մեկն է, 459-ով 3-րդը եղել:

Մինասյանն այս տարվա Ասիայի առաջնությունում 433 կգ արդյունքով 2-րդն է եղել, նա զիջել է Ման Ասադին (Սիրիա, 444 կգ), որը եւս հանդես է գալու Փարիզում:

Այս քաշային կարգում են նաեւ Տոկիոյի խաղերի արծաթե մեդալակիր Ալի Դավուդին (Իրան), չեզոք դրոշի տակ հանդես եկող, այս տարվա ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Էդուարդ Զիազուլինը:

5-ական քաշային կարգերից յուրաքանչյուրում ներկայացված են լինելու 12-ական մարզիկներ: +102 կգ-ում հանդես են գալու նաեւ Եգիպտոսը, Իրաքը, Ալժիրը, Ճապոնիան եւ Նոր Զելանդիան, վերջին մասնակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Լուսանկարը` IWF


102 կգ

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է վերջին 2 Եվրոպայի առաջնությունների չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը: Նա ԵԱ-ում 394 կգ-ով բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ Աշխարհի գավաթում՝ 401-ով կանգնել պատվոհարթակի առաջին աստիճանին:

Կարապետյանը նախորդ տարի դարձել է նաեւ երիտասարդների Աշխարհի (378 կգ) ու Եվրոպայի չեմպիոն (386 կգ):

Աշխարհի Գավաթում 413-ով հաղթել է չինացի Լիու Հուանհուան, իսկ ԱԱ-ում նա չեմպիոն էր հռչակվել 404 կգ-ով: Օլիմպիական խաղերում էլ չինացին փորձելու է ցույց տալ իր առավելությունը մրցակիցների նկատմամբ:

Մյուս տիտղոսակիր ծանրորդը 2020-ի խաղերի չեմպիոն, սակայն 96 կգ քաշային կարգում, Ֆարիս Իբրահիմն (Կատար) է: Պայքարի մեջ է լինելու նաեւ Տոկիոյի Օլիմպիական չեմպիոն Աքբար Ջուրաեւը (Ուզբեկստան), որը մինչեւ 109 կգ քաշային կարգում գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին ու ոսկե մեդալ նվաճեց:

Լուսանկարը` Photolure


2024-ի Եվրոպայի չեմպիոն ու 2023-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Եվգենի Տիխոնցովն էլ մեդալային հավակնորդներից մեկն է, բելառուս մարզիկը չեզոք դրոշի տակ է հանդես գալու:

Ելույթ են ունենալու նաեւ ծանրորդներ Կորեայի Հանրապետությունից, Բահրեյնից, Թուրքմենստանից, Վրաստանից, Սամոայից, ԱՄՆ-ից, իսկ 12-րդ ուղեգիրը փախստականների հավաքականինն է:

89 կգ

Անդրանիկ Կարապետյանը վերջին անգամ մեդալ է նվաճել 2023-ի երեւանյան ԵԱ-ում՝ կանգնելով պատվոհարթակի 2-րդ աստիճանին: 2016-ի Եվրոպայի չեմպիոնն այս տարվա ԵԱ-ում 365 կգ-ով 5-րդ տեղն է գրավել:

Կարապետյանը ծանրամարտի հավաքականի կազմում միակն է, որ խաղերի մասնակցության փորձ ունի: Նա 8 տարի առաջ հանդես է եկել Ռիոյում, սակայն վնասվածքի պատճառով դուրս մնացել պայքարից:

Մինչեւ 89 կգ քաշային կարգի անվիճելի առաջատարներից մեկը վերջին 2 տարիների Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Կառլոս Նասարն (Բուլղարիա) է: Այս ԵԱ-ում նա հաղթել է երկամարտի 391 կգ-ով, իսկ ահա Աշխարհում վերջին անգամ ոսկի է նվաճել 2021-ին Տաշքենդում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Համեմատության համար 2023-ի Աշխարհի չեմպիոն Միրմուստաֆա Ջավադին (Իրան) չեմպիոն է դարձել 384 կգ-ով, իսկ Կեյդոմար Վալենիլան (Վենեսուելա)՝ 3-րդ տեղը գրավել 381-ով: Երկուսն էլ ուժերն են չափելու Փարիզում: Ելույթ է ունենալու նաեւ Եվրոպայի եռակի չեմպիոն Անտոնինո Պիցոլատոն (Իտալիա), որն այս տարվա ԵԱ-ում զիջել է միայն Նասարին՝ բարձրացնելով 11 կգ պակաս:

Մինչեւ 89-ում ներկայացված կլինեն Կոլումբիան, Եգիպտոսը, Մոլդովան, Կորեայի Հանրապետությունը, Ավստրալիան եւ չեզոք դրոշի տակ հանդես եկող եւս մեկ մասնակից, վերջին ուղեգիրը կհանձնվի ավելի ուշ:

Անդրանիկ Կարապետյանի ելույթն Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին է, Գարիկ Կարապետյանինը եւ Լալայանինը՝ հաջորդ օրը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին