Հուլիս 27, 2024
exclusive
1757 դիտում

Շանթ Սարգսյան․ Պարտությունից հետո հետեւություններ անել եւ ուժեղանալ է պետք


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այս տարի Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։

Արման Փաշիկյանի գլխավորությամբ հանդես եկան Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը։

Mediamax Sport-ը զրուցել է 21-ամյա Շանթ Սարգսյանի հետ, որը պատմել է առաջին անգամ թիմ հրավիրվելու, երազանքի, տպավորիչ պարտիայի ու հետագա ծրագրերի մասին։

Առաջին անգամ Հայաստանի ընտրանու կազմում

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի առաջնությունից առաջ մեր թիմը հավաք անցկացրեց Ծաղկաձորում, որից հետո մեկնեցինք Մեն կղզու մրցաշարին։ Այն բավական բարդ էր, շատ էներգիա ծախսեցինք։ Կարծում եմ, եթե այնտեղ ելույթ չունենայինք, Եվրոպայի առաջնությանն ավելի լավ կմասնակցեինք։ Մրցաշարի ավարտից մի քանի օր անց արդեն մեկնարկեցինք Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի հավաքականն Օլիմպիադայի գործող փոխչեմպիոնն է, սակայն ԵԱ-ում դա այդքան էլ նշանակություն չուներ, որովհետեւ լրիվ այլ պայքար էր ընթանալու։ Ասեմ, որ հենց սկզբից էլ գնացել էինք առաջին տեղի համար պայքարելու։ Ցանկացած մրցաշարում, մանավանդ թիմային, հիմնական նպատակը հաղթող դառնալն է։ Այս անգամ էլ հույս էր ներշնչում այն, որ Հայաստանի հավաքականը միշտ էլ հաջող է հանդես գալիս, իսկ մենք լավ էինք տրամադրված։

Ես առաջին անգամն էի հանդես գալիս հավաքականի կազմում։ Դա իմ երազանքն էր, որը վերջապես կատարվեց։ Մյուս երազանքս էլ հավաքականի հետ մեդալակիր դառնալն էր, փաստորեն այս առաջնությունում երկուսին էլ հասա։ Մյուս ցանկությունս արդեն ոսկե մեդալն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փորձառու խաղընկերներիս հիմնական խորհուրդն այն էր, որ խաղամ առանց ավելորդ լարվածության։ Մեկնարկում լարվածություն ունեի, բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ։

Թիմային եւ անհատական պայքարում էական տարբերություն չկա, սակայն հավաքականում խաղալը լրիվ ուրիշ ապրումներ է առաջացնում։ Այստեղ լարվածությունը մի փոքր շատ է, քանի որ միայն քո պարտիան չես խաղում։ Պետք է ուշադիր հետեւես նաեւ թիմակիցներդ, որպեսզի իմանաս ինչպես շարունակել խաղդ։
Դեպքեր են լինում, որ անհատական պայքարում հավասար դրության ժամանակ համաձայնում ես ոչ-ոքիի, իսկ թիմայինում, եթե խաղընկերդ վատ դիրք ունի, չես կարող միավորը կիսել ու հաղթանակի հասնելու համար պետք է ինչ-որ լուծում գտնես։

Հաղթել Մայքլ Ադամսին ու դառնալ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր թիմը տարավ 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի գրանցեց ու կրեց միայն 1 պարտություն՝ Գերմանիայի ընտրանուց։ Մինչ Գերմանիայի հետ հանդիպելը մեզ մոտ ամեն բան լավ էր ընթանում, պայքարում էինք չեմպիոնության համար։

Այդ հանդիպումը ես բաց եմ թողել։ Կարծում եմ, որ սկզբնախաղերի խնդիր ունեցանք, մրցակիցը մեզնից ավելի պատրաստ էր։ Պարտությունից հետո հանգստյան օր էր, ինչը կարեւոր էր մեզ համար։ Կարելի է ասել, որ վերադարձանք ավելի ուժեղ, բայց արդեն իրական էր ոչ թե չեմպիոն, այլ մեդալակիր դառնալը։ Մրցաշարն, իսկապես, բարդ էր, բոլորս հոգնած էինք ու վերջին ուժերով էինք խաղում։

Կարեւորագույն հանդիպումը եղավ վերջին տուրում, որտեղ մրցում էինք Անգլիայի դեմ։ Մեդալակիր դառնալու համար Անգլիային ոչ-ոքին էլ էր բավարար, իսկ մեզ միայն հաղթանակ էր պետք։ Լավ տրամադրված էինք ու, ինչպես նախորդ բոլոր տուրերում, կրկին միայն հաղթանակի մասին էինք մտածում։ Իհարկե, կարողացանք հաղթանակ տոնել, ինչը մեզ հնարավորություն տվեց դառնալ ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ արդյունքը միջին եմ գնահատում (Սարգսյանը տոնել է 2 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի, կրել 1 պարտություն, խմբ․), կարող էի ավելի լավ խաղալ, բայց առաջին անգամվա համար կարծում եմ վատ չէր։ Պարտված պարտիան կարող էի ոչ-ոքի ավարտել, բայց կարեւորն այն է, որ թիմի խաղում դա ոչինչ չփոխեց, ընդհանուր միավորներով մենք հաղթեցինք։

Ամենատարբերվողը վերջինն էր։ Միշտ չէ, որ հնարավորություն է լինում խաղալ Մայքլ Ադամսի պես ուժեղ շախմատիստի դեմ, կրկնակի հաճելի է նրան հաղթելը։

Ես նույն ձեւ էի խաղում, հատուկ մոտեցում չկար։ Լավ էի պատրաստվել, հաջող պարտիա անցկացրի ու հաղթանակ տարա։ Ուրախ եմ, որ Անգլիայի դեմ խաղում կարողացա վաստակել Հայաստանի հաղթական միավորը։

Անհատական պայքարում եղած դժվարությունները

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդալակիր դառնալը շատ ոգեւորեց մեզ, էմոցիաները շատ մեծ էին։ Ես երկար տարիներ սպասել էի նման պահի ու, երբ գավաթը տվեցին, աննկարագրելի զգացողություններ ունեի։

Մեր հիմնական նպատակը նաեւ մեր ժողովրդին ուրախացնելն է, ինչը եւ արեցինք։ Պետք է ձգտենք մյուս մրցաշարերում ավելի բարձր տեղեր զբաղեցնել։

Այնպես էր ստացվել, որ ԵԱ-ում հինգս էլ մոտավորապես նույն մարզավիճակում էինք։ Քանի որ մրցաշարից էինք եկել ու հոգնած էինք, կազմում անընդհատ փոփոխություններ էինք անում։ Կարծում եմ՝ բոլորս էլ լավ դրսեւորեցինք մեզ։  

Վերջերս Հայկ Մարտիրոսյանը շատ լավ է խաղում։ Իհարկե, գիտենք, թե որքան ուժեղ շախմատիստ է Գաբրիել Սարգսյանը, բայց կարծում եմ Հայկը մի օր դառնալու էր մեր հավաքականի առաջին համարը։ Նա առաջին անգամ հանդես եկավ առաջին խաղատախտակի վրա, իրեն վատ չդրսեւորեց ու վստահ եմ, որ հաջորդ անգամներն ավելի լավ կստացվի նրա մոտ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականը շատ է տարբերվում այլ թիմերից, այստեղ բոլորս մտերիմ ենք միմյանց հետ ու լավ ընկերներ ենք։ Ես առաջին անգամ էի թիմում, սակայն տեղյակ եմ, որ նախկինում եւս շատ ջերմ մթնոլորտ է եղել։ Տղաներով անհատական մրցաշարերի ժամանակ էլ ենք միասին լինում, հավաքների ենք մասնակցում, ընկերներ ենք նաեւ շախմատից դուրս։ Այս ամենն օգնում է արդեն խաղատախտակի առաջ։

Անհատական պայքարում մեդալ նվաճելն ավելի բարդ է։ Այնպես չէ, որ այնտեղ հաջողություններ չկան, հակառակ դեպքում թիմայինը եւս չէր լինի, բայց խոշոր մրցաշարերում հաղթելու համար լուրջ միջոցներ են պետք։

Օրինակ՝ հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար շատ մեծ ներդրումներ են հարկավոր, դրսի խաղացողներն այդ առումով մի քանի անգամ առաջ են մեզնից։ Մենք արթնանում ենք ու սկսում խաղին պատրաստվել, իսկ նրանք գալիս են մի քանի օգնականով եւ ավելի շահեկան դիրքում են լինում։ Իհարկե, պայքարում ենք նրանց դեմ, երբեմն ավելի լավ խաղում ու հաղթում, բայց մենք մեզնով ենք դա անում ու ինչ-որ պահի հետ ընկնում։

Շախմատը միայն օգնում է մարդուն

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրականում ես շախմատում պատահական եմ հայտնվել։ Բակում տեսա, որ խաղում են, ոչինչ էլ չհասկացա ու չգիտեմ էլ ինչու դուրս եկավ։ Տանը շատ խնդրեցի, որ տանեն շախմատի ու ի վերջո 6,5 տարեկանում բերեցին Շախմատի տուն։ Չնայած սկզբում գրեթե ոչինչ չէի հասկանում, բայց այն ինձ դուր էր գալիս։ Մոտ մեկ տարի անց սկսեցի նորմալ խաղալ, հետո ուժեղացա եւ այդպես սկսվեց իմ շախմատային ուղին։

Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ, ինձ դուր էր գալիս պարտիայի ընթացքը, մտածելը, քայլեր գտնելը։ Հիմա Գաբրիել Սարգսյանի հետ եմ աշխատում։ Առավելություն է տալիս եւ մարզիչ, եւ խաղընկեր լինելը, որովհետեւ իրար հետ ենք միշտ պարապում ու մրցաշարի գնալուց առաջ էլ գիտենք, թե ով ինչ սկզբնախաղ է անելու։

Շախմատը մարդուն միայն օգուտ է տալիս։ Ով զբաղվել է շախմատով եւ հետո իր ուժերը փորձել այլ ոլորտում, հաջողության է հասել։ Ես էլ կյանքում, ինչպես շախմատում, սկսում եմ վերլուծել իրավիճակն ու հասկանալ, թե որն է ճիշտ լուծումը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ է եղել, երբ մրցակիցներս զարմացրել ու անակնկալի են բերել ինձ։ Հաճախ այնպիսի սկզբնախաղ են խաղում, որ առաջին անգամ եմ տեսնում։ Այդ ժամանակ փորձում եմ սառը նայել դիրքին, հասկանալ այն ու ճիշտ քայլեր գտնել։ Հանգստություն պահպանելը շատ կարեւոր է շախմատում։

Երբ ես եմ անակնկալի բերում մրցակցիս, առավելություն եմ ստանում։ Բայց այդ դեպքում մեկ այլ հարց է առաջ գալիս՝ դու պատրաստ ես ու գիտես ճիշտ քայլերը, իսկ ինքը որպեսզի գտնի դրանք, մտածում է ու խորանում դիրքի մեջ, ինչը քեզ մոտ չկա։

Կարծում եմ՝ առավելությունդ ամեն դեպքում պետք է կարողանաս զարգացնել, հակառակ դեպքում անիմաստ է դառնալու մրցակցին մատուցած անակնկալը։

Երիտասարդները կփորձեն կրկնել ավագների գրանցած հաջողությունները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակը նպատակ է ու դրան հասնելուց հետո շատ եմ ուրախանում։ Շախմատ խաղալու իմ հիմնական նպատակն էլ դա է ։ Իսկ պարտություն պետք է լինի, որ դրան հաջորդի հաղթանակը։ Միայն պարտությունն է  ցույց տալիս սխալներդ։ Ցանկացած պարտությունից հետո պետք է հետեւություններ անել եւ ուժեղանալ, առանց դրա ոչինչ չի փոխվի։ Սա ոչ միայն շախմատում է այդպես, այլ ամեն ոլորտում ու կյանքում առհասարակ։

Շախմատը ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս, այս առումով այն, իսկապես, արվեստ է։ Կան շախմատիստներ, որ կարեւորում են ստեղծագործության ընթացքը, բայց ես նախընտրում եմ հաղթել, պարտությունը ծանր եմ տանում։ Այդ առումով էլ շախմատը սպորտ է, իսկ սպորտում առաջին հերթին հարկավոր է հաղթել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս Եվրոպայի առաջնությունում ես ու Հայկ Մարտիրոսյանը նվաճեցինք թիմային մեր առաջին մեդալները, բայց երկուսս էլ դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Իմ սերունդը լավն է, շատ տաղանդավոր ու ձգտում ունեցող շախմատիստներ ունենք։ Բայց մեր նախորդ սերունդը, որը Հայաստանի համար նվաճել է բոլոր հնարավոր մրցանակները, մեր երկրի պատմության ոսկե սերունդն էր։ Դժվար է լինելու նրանց գերազանցելը, բայց մենք փորձելու ենք գոնե նմանվել նրանց։

Քանի որ ես արդեն Հայաստանի հավաքականի անդամ եմ, բայց կթողնեմ հաջորդ տարվա Հայաստանի առաջնությունը եւ կմասնակցեմ Համաշխարհային Օլիմպիադային, որը Եվրոպայի առաջնությունից շատ ավելի ուժեղ կազմ է հավաքելու։ Իսկ այս տարի կմասնակցեմ արագ ու կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությանը եւ կփորձեմ բարձրացնել անհատական վարկանիշս։

Շանթ Սարգսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին