Մայիս 11, 2025
983 դիտում

«Սյունիքի գավաթ» լրագրողների միջազգային մրցաշարը կարող է դառնալ ավանդական



Օրեր առաջ Կապանում հավաքվել էին լրագրողներ Գերմանիայից, Լիտվայից, Ռումինիայից, Եգիպտոսից, Մոլդովայից, Վրաստանից, Երեւանից եւ Կապանից՝ մասնակցելու «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարին։


Միջոցառման կազմակերպիչ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը պատմել է մրցաշարի անցկացման գաղափարի ու դրա ապագայի, թիմերի ստացած տպավորությունների եւ Սյունիքում անցկացրած օրերի մասին։

Ինչպես Սյունիքն ընտրվեց մրցաշարի անցկացման վայր


Երեւանում 3 անգամ կազմակերպել էինք լրագրողների միջեւ ֆուտբոլային մրցաշար, վերջինը՝ 2019 թվականին։ Թիմերից շատերը խնդրել էին, որ հնարավորության դեպքում նման միջոցառում այլ վայրերում եւս անցկացնենք։ Մենք եւս մտածեցինք այդ մասին, որովհետեւ ցանկություն կար մեր հյուրերին ներկայացնել ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանի այլ բնակավայրեր։  

Վերջին տարիներին Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ ցանկացանք մրցաշարն անցկացնել հենց այնտեղ։ Երկար ժամանակ գործընկեր էինք փնտրում, բարեբախտաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) համաձայնեց հովանավորել։ Կոմբինատը մեծ ջանքեր է գործադրում մարզում սպորտի զարգացման գործում, հանդիսանում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հովանավորը, մասսայական սպորտի ուղղությամբ եւս ներդրումներ է կատարում։


Որոշ աշխատանքներ կատարելուց հետո հասկացանք, որ մրցաշարի անցկացման վայրի լավագույն տարբերակը Կապանն է։ Այն բարձրակարգ քաղաքային մարզադաշտ ունի, որտեղ անցկացվում են նաեւ առաջին լիգայի խաղեր, կան շատ հյուրանոցներ, զարգացած են տարբեր այլ ենթակառուցվածքներ։

Հյուրերը տպավորված են հեռացել


Այն, ինչ մեր գործընկերների հետ ծրագրել էինք, հաջող իրականացրինք եւ հրաշալի արդյունք ունեցանք։ Ես սա որպես զուտ ֆուտբոլային մրցաշար չեմ ընկալում։ Այն միջոցառումների շարք էր՝ ճամփորդություն, այցելություն Տաթեւի վանք, Վահանավանք, «ՏաԹեւեր» ճոպանուղի, որին աջակցեց ճոպանուղու ղեկավարությունը, ծանոթացանք Կապանին, Քաջարանին։ Բոլորը մեծ ոգեւորություն ապրեցին, երբ գնացինք ԶՊՄԿ հանքավայր, որտեղից նաեւ հիանալի տեսարան է բացվում դեպի Խուստուփ ու Կապուտջուղ լեռները։

Մասնակիցները հիացած էին հայերի վերաբերմունքից եւ հյուրասիրությունից։ Ինչ խնդրանքով դիմել են, միայն դրական արձագանք են ստացել։ Ֆուտբոլիստներից մեկը կորցրել էր ճամպրուկը, իսկ կապանցիները կարողացան մեծ չափսի խաղակոշիկ ու մարզահագուստ գտնել նրա համար։


Մեր հյուրերը շատ լավ տպավորություններով հեռացան։ Չնայած նրանք հոգնել էին ճանապարհից, բայց երջանիկ մեկնեցին մեր երկրից ու դեռ շատ երկար ժամանակ այդ վառ հիշողությունները կպահեն իրենց մեջ։

Ուրախ ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ կարողացանք միջոցառումը տոնի վերածել ոչ միայն ֆուտբոլիստների, այլեւ Կապանի բնակիչների համար։ Հազարից ավել երեխաներ էին եկել ստադիոն, նրանց համար էլ խաղարկություն էինք կազմակերպել, արժեքավոր նվերներ շահեցին։

Ֆուտբոլը նպաստում է բարեկամական կապերին


Ֆուտբոլային այս շարժմանը ներգրավված է տարբեր երկրների շուրջ 15 թիմ։ Բոլորին էլ հրավեր ենք ուղարկել, հասկանալի պատճառներով բացառություն է եղել միայն Ադրբեջանը։ Թիմերի մի մասը չկարողացավ գալ տարբեր պատճառներով, չնայած հետաքրքրվածությունը բավական մեծ էր։

Կարող եմ ասել, որ մրցաշարն ուժեղ կազմ էր հավաքվել ու լավ պայքար ծավալվեց։

Մեր լիտվացի ընկերներն ասում են, որ «կարեւորը այն չէ՝ ինչ տեղի է ունենում խաղադաշտում, այլ այն, թե ինչ է լինում հետո»։ Խոսքը միմյանց հետ բարեկամանալու մասին է։ Ես կավելացնեի՝ հետո եւ առաջ, որովհետեւ, իսկապես, տարբեր երկրների լրագրողներ մերձենում են, իսկ ֆուտբոլը հանդիսանում է միջնորդ, որպեսզի նրանք առանց թարգմանչի իրար հասկանան։ Ճիշտ են ասում՝ գնդակը կլոր է ու բոլորը կարողանում են դրա շուրջ տեղ գտնել։  

Մրցաշարն ավանդական դարձնելու նպատակը


Կա ցանկություն, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կիսում է այն, որ մրցաշարը դառնա ավանդական։ Մյուս տարի մասնակիցների թիվը կարող է ավելանալ, ինչու ոչ, հայաստանյան այլ լրատվամիջոցների ֆուտբոլային թիմեր կարող են ներգրավվել, կարող է մասնակցել նաեւ Կոմբինատի թիմը։

«Սյունիքի գավաթ 2023»-ի տպավորություններն այնքան մեծ են, որ մեր գործընկերները սոցիալական ցանցերում շարունակում են գրառումները։ Կարծում եմ, որ դրանք եւս կնպաստեն հաջորդ տարի արտերկրից եկողների թվի ավելացմանը։ Միջոցառման շուրջ հետաքրքրության աճը հաստատ կավելացնի զբոսաշրջիկների թիվը Սյունիքում, ինչը եւս շատ կարեւոր է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին