Դեկտեմբեր 01, 2023
exclusive
1379 դիտում

Դավիթ Մոսինյան. Առանց բարձրակարգ սպորտային բժշկության սպորտ լինել չի կարող


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտային բժիշկ ու Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Դավիթ Մոսինյանը բոլորից լավ է տեղյակ մեր երկրում մարզիկների բուժման ընթացակարգից, դրա հետ կապված բոլոր դժվարություններից եւ դոպինգների դրական դեպքերից:

Mediamax Sport-ին նա պատմել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բժշկական անձնակազմում աշխատելու, մարզիկների առաջին հայացքից անվճար թվացող բուժման ու որակյալ սպորտային բժիշկների բացակայության մասին:

Ծանրամարտի ԵԱ-ի բժշկական թիմը

Ապրիլի 15-23-ն Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բժշկական անձնակազմում 2 հայ մասնագետ աշխատեց՝ Դավիթ Մոսինյանն ու Ռաֆայել Պետրոսյանը: Արդեն երկար տարիներ է Եվրոպական ֆեդերացիայի բժշկական բաժանմունքը գլխավորում է վրացի Զուրաբ Կախաբրիշվիլին, որից էլ նրանք ստացել էին աշխատելու հրավեր:

Նա Վրաստանի Օլիմպիական թիմի բժիշկն է ու նման մեծ սպորտային իրադարձությունների ժամանակ աշխատելու հսկայական փորձ ունի: Առաջնությանն առաջին անգամ է ուժերը փորձել Ռաֆայել Պետրոսյանը:

«Ռաֆայելը Հայաստանում ճանաչված օրթոպեդ-վնասվածքաբան է, առաջնությունը նրան կօգնի ավելի ճանաչելի դառնալ արտերկրում: Շատ շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար, կարողացավ ինձ հիանալի փոխարինել, երբ ես պետք է մեր ընտրանու հետ լինեի»:

Դավիթ Մոսինյանը Հայաստանի ծանրամարտի հավաքականի բժիշկն է ու վերջին տարիներին միշտ ներկա է եղել խոշոր միջազգային մրցաշարերին, սակայն առաջին անգամն էր ընդգրկվել ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի բժշկական անձնակազմում:

«Առաջնությունը բժշկական տեսանկյունից լավ անցավ, մինչ այդ իմ մասնակցած բոլոր առաջնություններում, ցավոք սրտի, վատ միջադեպեր ու ծանր վնասվածքներ շատ էին գրանցվել: Երեւանյան ԵԱ-ն համարյա թե անցավ առանց լուրջ վնասվածքների, ընդամենը 2 դեպք եղավ: Լինում են դրվագներ, որոնք տրիբունաներից կամ հեռուստացույցով հետեւելիս սարսափելի են թվում, երբ ծանրորդներն ընկնում են կամ ուշագնաց լինում, բայց իրականում այդքան էլ լուրջ են: Միկրովնասվածքներ միշտ էլ պատահում են, նույնիսկ՝ մարզումների ժամանակ»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Դրական դեպքերը

Առաջնության ավարտից հետո Երեւանում մեկնարկեց բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն, որի ժամանակ Հայաստանի Հակադոպինգային գործակալությունն իրականացրեց մրցաշարի դոպինգ ստուգումները:

Մոսինյանը գտնում է, որ սպորտային առումով մրցաշարը հաջող է անցել, այդ մասին են վկայում 13 մեդալները, որոնցից 1-ը ոսկե է, 2-ն արծաթե ու 10-ը՝ բրոնզե:

Հունվարին Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը հայտնեց, որ 1 ըմբիշի ու ուժային եռամարտով զբաղվող 3 մարզիկի դոպինգ նմուշում արգելված նյութ է հայտնաբերվել՝ Օկտադրին եւ Մեթիլհեքսանամին (S6 Խթանիչներ /բ. Հատուկ Խթանիչներ): Բոլորն էլ ժամանակավորապես հեռացվել էին հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Ապրիլին էլ դրական էր եղել բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի թեստի արդյունքը, 2022-ի փետրվարին արգելված նյութ էր հայտնաբերվել բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի մոտ:

Մոսինյանի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում դրական դեպքերը, չնայած թեստավորված մարզիկների թվի կտրուկ աճին, աննշան են եւ գտնվում են այն երկրների մակարդակում, որտեղ հակադոպինգային համակարգը լավ է զարգացած (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա եւ այլն): Դրական նմուշների թիվը բոլոր թեստերի 1%-ն է կազմում: Սակայն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում արգելված նյութերի օգտագործման տեսանկյունից ամենավտանգավորը բռնցքամարտն է, ոչ թե ծանրամարտը:

Լուսանկարը` Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ


«6 տարվա ընթացքում բռնցքամարտում 3 դրական դեպք է գրանցվել: Ստացվում է, որ մեկն իր պատիժը չավարտած՝ մյուսն է արգելված նյութ օգտագործել: Իմ կարծիքով՝ պատճառը գումարների ներդրումն է բռնցքամարտում, եթե աշխարհի չեմպիոնը 200 հազար դոլար է ստանում, դա է մոտիվացնում դոպինգ օգտագործել: Բոլոր մարզիկները ժխտում են, որ տեղյակ են եղել ու պնդում՝ ամեն ինչ պատահական է ստացվել: Բայց հակադոպինգային կանոնները խախտելու համար առաջին հերթին իրենք են պատասխանատու»:

Մոսինյանը պատմում է, որ մարզիկներին պարբերաբար զգուշացնում է չօգտվել հյուրասիրվող ուտելիքից ու ջրից, հատկապես պետք է զգուշանալ ըմպելիքների դեպքում՝ խմել միայն չբացած շշից: Առավել ուշադիր պետք է լինել հանրային միջոցառումների ու խրախճանքների ժամանակ: Նրա խոսքով, մարզիկների համար առաջին ու ամենակարեւոր պայմանը ոչ մեկին չվստահելն է:

«Բռնցքամարտիկներից մեկը վերջերս եկել էր դոպինգ թեստ հանձնելու ու պատմեց, որ երբեք չի մոռանա, թե ինչպես եմ դեռ 2014 թ. նրան զգուշացրել բացած շշից չխմելու ու կասկածելի որեւէ բան չուտելու մասին: Մարզիկները պարտավոր են ուշադիր լինել ու հիշել այդ կարեւոր սկզբունքները, ոչ ոք չի արգելում նրանց գնալ տարբեր զվարճանքի վայրեր, բայց ուշադիր լինել պարտավոր են»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակադոպինգային գործակալությունը

Մոսինյանն ուրախությամբ նշում է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը լավ վիճակում է, մինչեւ 2028 թվականն ունեն WADA-ի (Միջազգային հակադոպինգային գործակալություն) 100 տոկոսանոց համապատասխանություն: 157 երկրից միայն 57-են ստացել նման ցուցանիշ: Կառույցի տնօրենի խոսքով դա առաջին հերթին մարզիկների օգտին է, ինչը թույլ է տալիս նրանց Հայաստանի դրոշի տակ մասնակցել Եվրոպական, Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերին: Ունեն նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխանություն:

Հայ միջազգային կարգի դոպինգ սպաները 4-ն են՝ Դավիթ Մոսինյան, Գոհար Սահակյան, Անժելա Սահակյան եւ Սոֆի Այվազյան, որոնք կարող են աշխատել խոշոր միջոցառումների ժամանակ: Ամռանը Լեհաստանում կայացած Եվրոպական խաղերում Մոսինյանը հակադոպինգայինի խորհրդական էր, իսկ մյուսները քննությունը հաջող էին հանձնել ու դոպինգ սպաներ եղել: Նրանք կարող են աշխատել նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերում:

«Հակադոպինգային գործակալությունը լավ ու մեծ աշխատանքներ է կատարում, բոլոր մարզիկներին անընդհատ հետեւում ենք, տարվա սկզբից 30 կրթական սեմինարներ ենք անցկացրել, որոնցում օգտագործվել են նաեւ գործակալության կողմից պատրաստված ուսուցողական տեսանյութերը: Շուտով բոլոր մարզիկները պետք է լրացնեն ADAMS ծրագիրը, ծանրամարտի հավաքականների բոլոր 76 մասնակիցները վաղուց են այնտեղ գրանցված, արդեն նաեւ մարմնամարզիկներն են լրացնում: Նվազագույն պահանջներից է հայտնել զարթնելու վայրը, մարզումների տեղն ու ժամերը, այդ տեղեկությունն ամեն օր պետք է հասանելի լինի»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մոսինյանը որպես Եվրոպական խաղերի սպա հետեւել ու գրանցել է, թե հայ մարզիկները Լեհաստանի որ քաղաքում են գտնվում, նշել է հյուրանոցի հարկն ու համարը, մարզվելու վայրերն ու ժամերը:

Սպորտային բժշկությունը

«Առանց բարձրակարգ սպորտային բժշկության սպորտ լինել չի կարող, մարդկանց դա այդքան էլ հեշտ չէ բացատրել: Որակավորված սպորտային մասնագետների կարիք ունենք, ամբողջ երկրում միայն մեկ սպորտային սրտաբան կա՝ Նատալյա Կարապետյանը: Մեզ պետք է սպորտային սրտաբան, էնդրոկրինոլոգ, վնասվածքաբան, դիետոլոգ»:

Մոսինյանի խոսքով, հայ մարզիկները տարբեր հաստատություններում են բուժվում ու երբեմն մոռանում ասել, որ սպորտով են զբաղվում, ինչի արդյունքում մասնագետները արգելված նյութեր են նշանակում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:

«Ապրիլին օրենքում փոփոխություն է եղել, հիմա արդեն բժիշկները պարտավոր են մարզիկներին վերաբերվել որպես հատուկ խմբի ու իմանալ նրանց հակացուցված դեղերը: Դա կհեշտացնի մարզիկների ու մեր գործը, հատկապես՝ հակադոպինգային առումով»:

Մոսինյանն առաջին անգամը չի նշում, որ սպորտային բժշկության ոլորտը Հայաստանում բավական վատ վիճակում է, նրա հետ վերջին զրույցից հետո էլ այդ առումով մեծ տեղաշարժեր տեղի չեն ունեցել:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Այնպես չէ, որ լավ բժիշկներ չունենք, բայց ոլորտի զարգացման համար մեզ առանձին բժշկական-սպորտային կենտրոն է պետք, որտեղ մարզիկը կմտնի ու առանց որեւէ հարց կիսատ թողնելու դուրս կգա: Մարզիկներին պետք է լավ հետազոտեն, նշանակումներ անեն, ասեն ինչ դեղորայք ու սպորտային չարգելված կենսաբանական հավելումներ է կարելի օգտագործել»:

Նա որպես սպորտային բժիշկ արդեն երկար տարիներ աշխատում է ծանրամարտի հավաքականի հետ, մեկ տարուց ավել էլ թիմի հակադոպինգային խորհրդականն է: Նշում է՝ որպես սպորտային բժիշկ ոչ աշխատանքային ժամերին խորհրդատու է հանդես գալիս մի քանի հավաքականների մարզիկներին օգնելու համար՝ ծանրամարտի կանանց ու տղամարդկանց, բռնցքամարտի, մարմնամարզության, ազատ ու հունահռոմեական ոճերի ըմբշամարտի: Ավելացնում է, որ Հայաստանի 33 ֆեդերացիաներից միայն 8-ում կա գործող բժիշկ:

Մոսինյանի խոսքով, հավաքականների բժիշկներն ու մերսողը 250-հազարական դրամ աշխատավարձ են ստանում, ինչը քիչ է:

«Պետք է մասնագետներին որակավորում տալ, մերսողներին էլ առանձնացնել, որ բոլորը նույն գումարը չստանան: Բժիշկների աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետեւ իսկապես թիմերի հետ ահռելի ծավալի գործ են անում: Պարգեւավճար 2-րդ մարզչին 50 տոկոսով են վճարում, բժշկին՝ ընդամենը 10: Ցանկացած բան զարգացնելու համար պետք է ֆինանսներ ունենալ, գիտելիքներ ու պայմաններ»:

Բացթողումները

Մարզիկները պետպատվերի շրջանակում անվճար են բուժում ստանում, սակայն նորագույն տեխնոլոգիաներով արվող միջամտությունները դրանց թվին չեն դասվում: Մոսինյանն այսպիսի օրինակ է բերում․ ողնաշարի ճողվածքները վերացնելու համար լազերային վիրահատություն է պետք, դրա արդյունքում ընդամենը 10 օր անց հնարավոր է լինում վերականգնվել ու շարունակել մարզումները:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե մարզիկը մեզ դեռ պետք է ու դրանից հետո շատ արագ կվերադառնա շարք, ինչո՞ւ չենք այդ միջամտությունն օգտագործում: Մյուս տարբերակով նրան վիրահատում են, ինչից հետո 6 ամիս վերականգնվում է ու 1 տարի անց կարողանում վերադառնալ սպորտ: Ըստ գործող կարգի՝ ֆեդերացիաները դիմում են ԿԳՄՍ-ին, այն էլ իր հերթին՝  առողջապահության նախարարությանը, նախարարի ստորագրությունը ստանալուց հետո են միայն մարզիկները վիրահատվում»:

Մոսինյանի վկայությամբ, ամեն դեպքում վիրահատությունն անվճար է արվում, սակայն գործընթացն է չափից շատ երկար տեւում, իսկ սպորտում ամեն օրը չափազանց կարեւոր է: Այդպես ծանրամարտի ԵԱ-ից հետո վիրահատել են Ռաֆիկ Հարությունյանին, որը 10 օրն անց վերսկսել է մարզումները: Մինչդեռ կարելի էր այնպես անել, որ նա առանց վնասվածքի հանդես գար մրցաշարում:

Բուժվելու երկար ընթացակարգը

Նախ մարզիկները ԿԳՄՍ դիմում են ներկայացնում, որ հավաքականի անդամ են, հետո մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հերթ կանգնում, 2 օրից ստանում են պատասխանը, որով կարողանում են ներկայանալ բժշկին: Դրանից հետո նրանց տեղեկացնում են, որ պետպատվերով վիրահատել չեն կարող, նորից վերադառնում են նախարարության սպորտային բաժանմունք, որ վիրահատության վերաբերյալ առցանց էլեկտրոնային հայտ տեղադրեն:

Ապա համապատասխան ուղեգիր են ստանում, նորից գնում բժշկի ու էլի մերժվում, դրանից հետո միայն կարող են դիմել իրենց ֆեդերացիաներին, քանի որ նրանք այդ կարգը շրջանցելու իրավունք չունեն: Բայց դա էլ վերջը չէ, ֆեդերացիան իր հերթին դիմում է նախարարությանը, ինչից հետո միայն նախարարը տեղեկանում է խնդրի մասին: Երեւի թե արդեն պատկերացրիք, թե ողջ գործընթացը որքան երկար է տեւում ու ինչքան նյարդեր քայքայում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պետք է ստեղծվի սպորտային բժշկության վերականգնողական կենտրոն, որտեղ 120 տոկոսանոց հագեցվածություն լինի՝ գործիքներով, կլինիկական հետազոտության ապարատներով, վերականգնողական սարքավորումներով, որոնք բավական թանկ են: Որքան հնարավոր է արագ վերականգնվելու համար գործիքներ են պետք: Բոլոր մարզիկներն էլ տարատեսակ վնասվածքներ ունեն, չկարծեք, թե ծանրամարտի հավաքականի 10 մասնակիցներն ու բռնցքամարտիկները մեդալ են նվաճել, ամեն ինչ լավ է»:

Նա առաջարկում է դիտարկել Բելառուսի օրինակը՝ սպորտային բժշկություն, դիսպանսեր հսկողություն, կամ կիրառել Ուզբեկստանինը, որտեղ Օլիմպիական կոմիտեի շենքին կից սպորտային բժշկության հիվանդանոց կա, իսկ Էստոնիայում գործում է սպորտային բժշկության ինստիտուտ:

Մոսինյանը բերում է նաեւ Վրաստանի օրինակը, որտեղ մարզիկների բոլոր վիրահատություններն անվճար են արվում, բայց եթե խնդիրը հնարավոր է լուծել առանց բժշկական միջամտության, այդպես էլ շատ արագ անում են: Լաշա Տալախաձեին ոտքի լուրջ վնասվածքից հետո հենց այդպես են կարճ ժամանակում շարք վերադարձրել:

«Հիմա կասեք մեզ մոտ էլ է ամեն ինչ անվճար, բայց մարզիկը չի կարող Գյումրիից գալ ու Մասիվի պոլիկլինիկայում հոդի սոնոգրաֆիա անել, դրա համար գումար է պետք վճարել, քանի որ այն ընդգրկված չէ անվճար ծառայությունների թվում»:

Մոսինյանի խոսքով, ԿԳՄՍ-ն նախատեսում է առաջիկա 1-2 տարվա ընթացքում ունենալ սպորտային բժշկության վերականգնողական կենտրոն:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին