Ապրիլ 27, 2024
exclusive
2936 դիտում

Իզաբելա Յայլյան․ Ինքս ինձ ապացուցեցի, որ կարող եմ անել ավելին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Իզաբելա Յայլյանը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեդալակիր դարձավ առաջին անգամ եւ Երեւանում կայացած առաջնությունում 196 կգ արդյունքով կանգնեց պատվոհարթակի երրորդ աստիճանին։

Mediamax Sport-ը հանդիպել է Յայլյանի հետ ու զրուցել առաջնության, սպորտում կանանց խնդիրների, Հայաստանում տիրող իրավիճակի ու մարզիկների դերի մասին։


Մեդալից հետո վստահությունն աճել է

Լուսանկարը` Մեդիամաքս


Լուրը, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է Հայաստանում, Իզաբելա Յայլյանին ուրախացրել է։ Մարզումային ոչ մի փոփոխություն չի եղել, պարզապես տարբերությունը եղել է տան հարազատության զգացողությունը եւ հանգստությունը։

«Ցանկացած առաջնության մեկնում ենք բարձր արդյունքների համար, բայց այստեղ ավելի պարտավորեցնող էր։ Միգուցե կան մարդիկ, ում խանգարել է, բայց իմ դեպքում այն դրական ազդեցություն ունեցավ։ Այդքան հանդիսական էր հավաքվել դահլիճում, սպասելիքները չարդարացնելը լավ չէր լինի։

Ուրախ եմ, որ մեդալ նվաճեցի։ Ճիշտ է, սա իմ հնարավորությունների առավելագույնը չէր ու ոսկու համար կարող էի պայքարել, բայց չստացվեց»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Յայլյանը ելույթն այդքան էլ վստահ չսկսեց ու միայն երրորդ մոտեցման ժամանակ կարողացավ հաջող գործել։ Զրո ստանալու վախը մի պահ դահլիճում հավաքվածներին անհանգստացրեց։ Սակայն նա կարողացավ հաղթահարել լարվածությունն ու գլխավերեւում պահել ծանրաձողը։

«Նախկինում խառնվում էի, իսկ այս անգամ շատ հանգիստ էի ու պատրաստ։ Ես ավելի վստահ դարձա, իսկ հրման առաջին մոտեցումից հետո արդեն գիտեի, որ մեդալակիր եմ։

Ծանրամարտում կարեւոր է հանգստություն պահպանելը, հնարավոր է ֆիզիկապես շատ լավ վիճակում լինես, բայց չկարողանաս քաշը բարձրացնել։ Լինում է նաեւ հակառակը, երբ կամքի ու տրամադրվածության շնորհիվ ավելի հաջող ես կատարում վարժությունը»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երրորդին մոտենալիս Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը մեկ կիլոգրամ ավելի պատվիրեց։ Ճիշտ է, մեդալի գույնը չէր փոխվելու, սակայն դա մարզուհուն լրացուցիչ վստահություն է տվել։

«Ելույթի ժամանակ մարզիչն է որոշում քաշը, որովհետեւ ծանրորդը չի կարող ամեն վայրկյան կանգնել տախտակի առաջ ու հետեւել մրցակիցների պատվերներին։ Սակայն մեր կարծիքը հաշվի է առնվում։

Վերջին մոտեցման հաջող կատարելուն շատ օգնեց դահլիճը, որի ոգեւորությունն ինձ ուժ տվեց։

Նրանք բոլորն էլ ուզում էին մեզ ոգեւորել, սակայն գալիս է մի պահ, երբ ծանրորդին լռություն է պետք։ Քաշն իջեցնելուց հետո, իհարկե, արդեն կարելի է ուրախանալ ու ծափահարել»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի առաջնության այս մեդալը շատ սպասված է եղել Յայլյանի համար, որը, չնայած շատ էմոցիոնալ չի ընդունել այդ փաստը, սակայն ուրախացել է։

«Ինձ միշտ կես քայլ չի հերիքել մեդալակիր դառնալ, այս անգամ կես քայլ ոսկուց հետ մնացի։ Հուսամ, որ մյուս անգամ սա էլ կուղղեմ։ Ինքս ինձ ապացուցեցի, որ կարող եմ անել ավելին։ Միշտ հարց էի տալիս՝ կկարողանա՞մ մեդալակիր դառնալ։ Հիմա արդեն ներքին վստահությունս անհամեմատ կավելանա»։

Հասարակության ու սպորտի ներկայացուցիչների կարծրատիպային վերաբերմունքը կանանց նկատմամբ

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտում երկրպագուներն ականատես են լինում միայն հաղթանակներին կամ անհաջողություններին, սակայն նրանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչպիսի խնդիրների միջով են անցնում մարզիկները։

Յայլյանը կարծում է, որ կարիք չկա բոլորին բացատրել, թե ինչու է այս կամ այն առաջնությունում անհաջող մասնակցել, ինքն էլ չի սիրում արդարանալ, բայց անհարկի քննադատությունները տհաճ են լինում։

«Երբ 11-12 տարեկան էի, բոլորն ասում էին, թե ինչու է հայրիկս ինձ տարել ծանրամարտի, համոզում էին, որ դա աղջիկների սպորտ չէ։ Հետաքրքիր է, որ քննադատողներն այսօր հպարտանում են ինձնով։

Կարծում եմ աղջիկներից շատերն են հանդիպում այս խնդրին, կարող է ցույց չեն տալիս, բայց տխրում են նման մոտեցումից։ Պետք է ականջ չդնել ու շարունակել մարզվել։ Ես այդպես եմ վարվել ու ձգտել հասնել նպատակիս։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցավալին այն է, որ սպորտում ներգրավված մարդկանցից եմ հաճախ լսում, թե ում է պետք մեր արածը կամ ծանրամարտը կնոջ մարզաձեւ չէ։ Պատահում է ասում են, «մեկ է այս աղջիկը մեդալակիր չի դառնալու, իզուր մի տարեք մրցման»։ Բնականաբար, բոլորը չեն միանգամից մեդալ նվաճում, բայց միգուցե 6-րդ տեղ գրավող երեխայի համար դա խթան լինի հետագայում ավելիին ձգտելու»։

Նրա կարծիքով սպորտային կառույցները կանանց սպորտը տարածելու ու զարգացնելու հարցում թերանում են։ Պետք է խմբակների թիվն ավելանա, դպրոցներում աշխատանքներ տարվեն ու երեխաներին ուղղորդեն դեպի սպորտ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այսօր շատ կանայք մարզվում են, որ գեղեցիկ կառուցվածք ունենան։ Այն կարծրատիպը, թե ծանրամարտը վնասում է կնոջ առողջությանն ու նա չի կարող երեխա ունենալ, չիմացության արդյունք է։ Իհարկե, վնասվածք կարող է լինել, բայց դա բոլոր մարզաձեւերում էլ կա ու չի խանգարում կնոջ առողջությանը։ Հակառակը, սպորտը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում է օրգանիզմի աճին եւ ամրացմանը»։

Չհիասթափվել ու գնալ նպատակի հետեւից

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ի բրոնզե մեդալակիրը համոզված է, որ ճիշտ աշխատելու դեպքում կանանց սպորտը Հայաստանում ավելի արագ տեմպերով կաճի։ Նա գտնում է, որ ծանրամարտում զարգացում կա, բայց աշխարհում մրցունակ լինելու համար այսօրվա պատկերը բավարար չէ։

«Երբ ես սկսեցի մարզվել, Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 8-10 մարզիկ, հիմա 40-ն անցնում է։ Եթե մարզվողների թիվն ավելանա, հավաքականն էլ կադրերի խնդիր չի ունենա։ Աղջիկներին պետք է խրախուսեն, որպեսզի նրանք հասկանան, թե ինչի համար են մարզվում, այլ ոչ թե քննադատեն ու կոտրեն»։

Իրեն պրոֆեսիոնալ սպորտում պահել են ոչ թե պարգեւները, այլ նպատակը, որին հասնելու համար գնացել է շատ զոհողությունների։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես դուրս կգամ պայքարից միայն այն ժամանակ, երբ կզգամ, որ այլեւս ասելիք չունեմ։ Շատ է եղել, որ ասել են թող մարզումներդ, հիասթափվել եմ, երբեմն կոտրվել, բայց չեմ հանձնվել ու Եվրոպայի այս մեդալը լրացուցիչ համոզմունք տվեց, որ ես չէի սխալվում։ Զգում եմ, որ ավելին անելու հնարավորություն ունեմ։

Անցյալում չարածի համար չեմ ափսոսում, այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ, դրա մասին մտածելն ու անընդհատ հիշելն ուղղակի տանջելու է։ Հետեւություններ անել եւ ուղղել, ավելի լավը դառնալ, կատարելագործվել, սրանք եմ միայն անում ու փորձում գտնել ճանապարհները»։

Հայաստանում ստեղծված իրավիճակն ազդում է նաեւ մարզիկների վրա

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիկների համար կենտրոնացված մարզումներն ու ելույթները չափազանց կարեւոր են։ Ծանրորդը փորձում է խնդիրներն իր հետ դահլիճ չտանել, միշտ չի ստացվում, սակայն մոտենալով ծանրաձողին՝ նա այդ պահին աշխատում է ամեն ինչ մոռանալ։

«Այն ծանր վիճակը, որում հիմա գտնվում է մեր երկիրը, բոլորիս վրա էլ ազդում է։ Բոլորս էլ ունենք բարեկամներ կամ ծանոթներ, ովքեր զոհվել են, իսկ սա տանելը հեշտ չէ։ Կարծում եմ, որ մարզիկները կարող են գոնե մի փոքր ուրախություն տալ մարդկանց իրենց նվաճումներով։ Այնպես չէ, որ դրանով ամեն հարց լուծվում է, բայց մի պահ մարդիկ կտրվում են առօրյայից։

Նրանք ուրախանում են ոչ թե ինչ-որ կոնկրետ մարզիկի, այլ Հայաստանի հաղթանակով։ Եւ մենք ենք տխուր, եւ երկրպագուները, երեւի դրա համար էլ ինձ մոտ 2020-ից հետո մեր ժողովրդին մի փոքր ավելին տալու մեծ ցանկություն կա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդունում եմ, որ մարզիկները յուրահատուկ դեր կարող են ստանձնել։ Միգուցե ես պասիվ եմ սոցիալական ցանցերում ու շատ չեմ խոսում պատերազմի մասին, բայց հնարավոր ամեն առիթի ժամանակ այլազգիներին ներկայացնում եմ Հայաստանի շուրջ ստեղծված իրական պատկերը»։

Նա չի ընդունում այն հանդուրժողականությունը, որը կա հայերի մոտ։ Ըստ Իզաբելայի՝ մենք չենք սիրում խոսել խնդիրների մասին եւ ամաչում ենք դրանցից։

«Այնինչ հարկավոր է լինել ընդվզող, ճիշտ բարձրացնենք մեր հարցերը նաեւ աշխարհում, ցույց տանք չիմացողներին, թե ինչ է իրականում կատարվել եւ որ կողմն է մեղավորը»։

Միշտ իմանալ ավելին

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ողջ աշխարհում մարդիկ օրվա մեծ մասը նվիրում են ժամանակակից տեխնոլոգիաներին, երեխաներն իրական խաղերը փոխարինում են վիրտուալով։

Իզաբելան դա նկատում է նաեւ իրենց բակում, որտեղ երբեմն փոքրիկների համար սպորտային մրցումներ է կազմակերպում։

«Ես հասկացել եմ, որ իրականում մենք ոչ թե երեխաների, այլ ծնողների հետ պետք է աշխատենք։ Նրանցից շատերն արգելում են իրենց երեխաներին վազքի մրցման մասնակցել՝ ասելով, որ կընկնի ու կվնասվի։ Փոքրերը պետք է սպորտով զբաղվեն, ոչ թե հեռախոսով անընդհատ ժամանակ անցկացնեն՝ ձեռքբերելով հենաշարժողական խնդիրներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ալարում ենք մաքուր օդին մեկ կանգառ ոտքով քայլել, բայց գնում ենք ֆիթնես սրահ ու այնտեղ ժամերով քայլում։

Ես նկատում եմ եւս մեկ խնդիր։ Մենք չենք սիրում հետաքրքրվել ու նոր բան իմանալ։ Օրինակն իմ մարզաձեւից բերեմ՝ ավելի երիտասարդները հարց են տալիս, միայն դրա պատասխանն իմանում ու վերջ, ավելին չեն ուզում։ Ինձ պետքական տեղեկատվություն ես միշտ փորձում եմ ինքս գտնել, եթե կասկածում եմ, հարցնում եմ բժշկին կամ ինձնից ավելի խելացի մեկին, ամոթ չի հետաքրքրվել»։

Փորձել մեդալ նվաճել նաեւ Աշխարհի առաջնությունում

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կանանց հավաքականն այս առաջնությունում ունեցավ եւս երկու մեդալ՝ Տաթեւ Հակոբյանը երկրորդն էր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ երրորդը։ Մեր մյուս ծանրորդները հիմնականում պատանեկան թիմից էին ու շատերը նույնիսկ 20 տարեկան չկային։

Յայլյանը նշում է, որ հետագայում նրանք կհամալրեն իրենց շարքերը եւ հաջող ելույթներ կունենան նաեւ մեծահասակների պայքարում։ Պարզապես պետք է չկոտրվեն դժվարություններ հաղթահարելիս, պայքարեն ու մնան սպորտում։

«Մենք թիմ ենք եւ օգնում ենք իրար ։ Կապ չունի, թե ով է մեծ կամ ավելի տիտղոսակիր, եթե աջակցում ենք միմյանց, սա միայն լավ ազդեցություն է ունենում տվյալ մարզիկի ու նաեւ ողջ թիմի վրա»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքր դադարից հետո կանանց հավաքականը պատրաստվելու է Աշխարհի առաջնությանը, որը եւս վարկանշային է լինելու։ Իզաբելան հույս ունի, որ այնտեղ եւս կպայքարի մեդալի համար։

«Չգիտեմ ինչու եմ ասում «կփորձեմ», պետք է ասել՝ «անելու եմ»։ Միգուցե նրանից է, որ չեմ սիրում ասել «հաստատ կանեմ» ու հանկարծ չի ստացվում։ Այսպես ձեւակերպեմ միտքս, պարապում եմ մեդալի, ոչ թե ուղղակի մասնակցության համար»։

Իզաբելա Յայլյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին