Դեկտեմբեր 22, 2024
exclusive
13888 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Իզաբելա Յայլյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 04.01.1995 թ., Երեւանում

Մարզաձեւ. Ծանրամարտ (59 կգ)

Կրթություն. Ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը

Ընտանեկան դրություն. Ամուսնացած չէ

Անձնական մարզիչ. Հրանտ Տոնոյան

Մարզաձեւի ընտրություն. 12 տարեկանից սկսել եմ մարզվել: Հայրս ծանրորդ է եղել, եղբայրս էլ հաճախում էր ծանրամարտի: Հայրիկիս խորհրդով միացա նրանց: Շատ լավ հիշում եմ առաջին օրը: Հունվարի սկիզբն էր, երբ գնացինք Երեւանի մանկապատանեկան մարզադպրոց, ասացին ամսի 8-ից են դասերը վերսկսվելու, կարող եմ հենց այդ օրն էլ միանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերը. Ես աշխույժ երեխա էի, առաջին անգամ գնացի դահլիճ ու սիրեցի ծանրամարտը: Առանց սիրելու հնարավոր չէ ոչինչ անել: Ինձ միշտ հետաքրքիր է եղել ինչ-որ ծանր բան բարձրացնելը, անել մի բան, որն ուրիշները չեն կարող: Մարզաձեւն ինձ ծանոթ էր, ու ես ցանկանում էի ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել՝ դա անելով ճիշտ ու գեղեցիկ:

Նորամուտը. 2009 թվականին առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Գրավեցի երկրորդ տեղը եւ հասկացա, որ արդեն սա պարզապես հոբբի չէ, այլ սիրելի աշխատանք, պետք է լուրջ տրամադրվել: Հիմա ավելի շատ անհանգստություն եմ ունենում մրցումից առաջ, քան այն ժամանակ էր: Պատճառը երեւի այն էր, որ չգիտեի, թե ինչ բան է միջազգային մրցաշարը: Իսկապես, առաջին մեդալը միշտ ուրիշ է լինում, անչափ շատ էի ուրախացել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդալ, որը փոխեց կյանքը. Այդ տարիքում շատ ծանր էի տանում, որ ինձ արգելում էին գնալ ծանրամարտի: Մայրիկիս հետ պայմանավորվել էի, որ եթե այդ առաջնությունում հաջողություն չունեցա, թողնելու եմ մարզումներս, հակառակ դեպքում՝ կրկին կպարապեմ: Սա էր նաեւ պատճառը, որ շատ էի ցանկանում մեդալակիր դառնալ, մեծագույն ձգտումով էի գնացել, փաստորեն այս արծաթն ինձ օգնեց հետագայում մնալ ու հաստատվել ծանրամարտում:

Կանայք ու ծանրամարտը. Մեր երկրում շատերն են ասում, թե ծանրամարտն աղջկա սպորտաձեւ չէ, որ մարզվելով տարբեր խնդիրներ կառաջանան: Իմ կարծիքով դա ավելի շատ տեղեկացված չլինելով է պայմանավորված: Այն ոչ մի ազդեցություն էլ չի ունենում կնոջ առողջության վրա, պարզապես լինում են վնասվածքներ, որոնք կան ցանկացած մարզաձեւում: Ես սկզբում շատ էի նեղվում, որ բոլորն ինձ ասում էին, թե սխալ սպորտ եմ ընտրել: Ծանրամարտով զբաղվող կանայք նույնպես հետեւում են իրենց ու սիրում են գեղեցիկ լինել: Կարծում եմ, որ կանայք գեղեցկացնում են ծանրամարտը:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց ուժը. Կանանց ծանրամարտը տղամարդկանցից տարբերվում է հոգեբանությամբ: Բնականաբար, տղամարդիկ ուժեղ են, բայց կանայք ավելի պայքարող են: Մանավանդ, որ ամեն ինչ իրենց դժվար է տրվում, նրանք անպայման ուզում են ապացուցել, որ կարող են անել ավելին ու մեդալ նվաճել:

Միշտ փնտրել նորը. Հիմա ինձ հնարավոր չէ կանգնեցնել: Արդեն ընտանիքիս բոլոր անդամներն ավելի շատ են հետեւում ինձ, քան ես ինքս: Միշտ ասում են, երբ է ուտելուս ժամը, երբ հանգստանամ: Դա շատ է ոգեւորում:

Ծանրամարտն ինձ ձգտելու մեծ հնարավորություն է տալիս, ավելիին հասնելու ցանկություն: Սիրում եմ նոր բաներ փորձել, պայքարել, ապացուցել, որ ես էլ կարող եմ: Մարդ երբեք չի կարող կանգնել, ամեն անգամ պետք է նոր ճանապարհներ գտնես, որովհետեւ անընդհատ նույն ուղով գնալով՝ հնարավոր չէ լավ արդյունքի հասնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խիստ կենտրոնացվածություն. Հարթակին կանգնած ես ոչ մի բան չեմ տեսնում ու չեմ լսում: Եթե հանկարծ մեկին տեսա, կշեղվեմ ու այլեւս չեմ կարողանա կենտրոնանալ: Մարզչի ձայնը լսում եմ, բայց հեռվից, իսկ իրականում այնտեղ լինում եմ միայն ես ու ծանրաձողը: Շատ դժվար է, երբ քո ողջ տարվա աշխատանքը ներկայացնում ես մեկ րոպեում: Դրա համար հարկավոր է չընկճվել անհաջող փորձից, հավաքվես ու մյուս մոտեցումներդ օգտագործես:

Ես խոսում եմ ինքս ինձ հետ, տրամադրում, երբեմն մտովի բարձրացնում եմ քաշը: Իրականում պատասխանատվությունը մեծ է, որովհետեւ այսքան տարի ծանրամարտում եմ ու պարտավոր եմ լավ դրսեւորել ինձ:

Ծանրաձողը. Հնարավոր չէ ծանրաձողին խաբել: Իրեն պետք է սիրես, համոզես, բայց չխաբես: Ես ինքս ինձ տրամադրում եմ, մանավանդ, եթե նոր քաշ պետք է բարձրացնեմ ու մոտենում եմ ծանրաձողին: Լինում է, որ մարզումը լավ չի ընթանում, չի ստացվում քո ուզածն անել: Բայց ամեն դեպքում չպետք է հիասթափվես կամ ընկճվես, հարկավոր է ամեն գնով պատրաստ լինել մրցմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծահասակների հավաքականում. Առաջին անգամ 2011 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցեցի ու վարկանշային միավորներ բերեցի թիմին: Տարիքային առումով տարբերությունն ուղղակի ուժերի մեջ է, իսկ մնացած ամեն ինչը նույնն է՝ դու ես ու ծանրաձողը:

Ինքն իրեն քննադատելը. Ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել: Ես չեմ սիրում խոսել խնդիրներից ու արդարացումներ գտնել: Եթե պատճառ փնտրեմ, հազարներով կգտնեմ՝ վնասվածք ունեի, դահլիճը լավը չէր, մարզիչն էր մեղավոր եւ այլն: Պարզապես ասում եմ, որ ես էի մեղավորը, ես էի սխալը, միգուցե մարզումներին լավ չէի պատրաստվել: Երբեք չեմ ընդունում նրանց, ովքեր իրենցից բացի բոլորին մեղադրում են: Ինձ թվում է, որ ցանկացած պայմանում էլ կարող ես չեմպիոն դառնալ, եթե մարդու մեջ կա ուժը, նա կարող է հաղթել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միանշանակ, բոլորս էլ սիրում ենք լավ հագուստ հագնել, բայց եթե ես ամենալավ բրենդի հագուստ կրեմ, դա չի նշանակում, որ իմ կիլոգրամները կբարձրանան: Բնականաբար, լավ պայմանները նպաստում են կատարելագործվելուն, բայց հույսը դնել միայն դրանց վրա ու չաշխատել հնարավոր չէ:

Դեպի Տոկիո. Մեկ տարվա դադարը վատ է նրանով, որ մրցումային փորձ չունեցանք: Բայց հետ չեմ նայում, միշտ առաջ եմ շարժվում, չեմ կոտրվում ու ձգտում եմ հասնել լավին:

Ներքուստ սպասում էի, որ կմեկնեմ Օլիմպիական խաղեր, բայց մինչեւ վերջին վայրկյանը չեմ բարձրաձայնել դրա մասին: Նույնիսկ հորեղբորս ընտանիքը լրատվամիջոցներով է իմացել: Մեր տանը բոլորն ինձնից ավելի շատ են ուրախացել այս հաջողությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երազանքը. Ծաղկաձորում հավաքի էինք, երբ միջազգային ֆեդերացիան հրապարակեց ցուցակները: Իմ քաշային կարգում վարկանիշով 8-րդն եմ, սա ձեռքբերում է ինձ համար: Միշտ երազել եմ Օլիմպիական խաղերի մասին, գիտեի, որ մի օր այն լինելու է: Հիմա մեդալն է երազանք, ինչը եւս անիրական չէ:

Նպատակի հետեւից. Նպատակս լավ հանդես գալն է: Միգուցե ես շատ էմոցիոնալ չեմ, դրա համար առանձնահատուկ չեմ ոգեւորվել: Իհարկե, Օլիմպիական խաղեր են, բայց ամեն ինչ շատ սովորական եմ ընդունում: Հուզմունքս կամ մտածմունքներս այնպիսին են, ինչպիսին ես ունենում եմ ցանկացած մրցումից առաջ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականը. Ուժեղ թիմ ունենք, որտեղ բոլորն էլ ասելիք ունեն: Եթե հասել են այս փուլին, ուրեմն արժանի են: Հաստատ պայքարելու են մինչեւ վերջ:

Հաղթանակի կարեւորությունը. Մեր ազգի համար հաղթանակները շատ կարեւոր են: Պետք է Հայաստան անունը կրկին լսելի դարձնենք միջազգային հարթակներում, ինչու ոչ, կրկին ցույց տանք մեր լավագույն որակները: Սա մեր ազգին շատ է պետք:

Պատանիների ու երիտասարդների ԵԱ-ի ու ԱԱ-ի չեմպիոն ու մեդալակիր

Մեծահասակների ԵԱ-ում նվաճել է երկու փոքր արծաթե մեդալ

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին