Ապրիլ 30, 2024
3766 դիտում

Ֆուտբոլային հայր եւ որդիներ՝ Մխիթարյաններից մինչեւ Զիդաններ


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` sounderathear.com

Լուսանկարը` 101greatgoals.com

Լուսանկարը` mundodeportivo.com

Լուսանկարը` AS

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FC Ajax

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` football-espana.com

Լուսանկարը` Parismatch

Լուսանկարը` sportsbrief.com


Համաշխարհային ֆուտբոլում քիչ չեն եղել դեպքերը, երբ հայրերն ու որդիները զբաղվել են նույն աշխատանքով՝ հասնելով մեծ հաջողությունների: Որդիները ոգեշնչվել են հայրիկների գործով ու ցանկացել կրկնել նրանց անցած ուղին, ոմանց հաջողվել է գերազանցել իրենց նվաճումներով, մյուսներն էլ պարզապես մնացել են ծնողների ստվերում: Առաջին մասում ներկայացնելու ենք 5 ֆուտբոլային ընտանիքների՝ Մխիթարյանների, Շմեյխելների, Զիդանների, Սիմեոնեների ու Բլինդների մասին:

Մխիթարյաններ

Եթե ֆուտբոլային հայր ու որդի, ապա միանշանակ պետք է սկսել այս անդրադարձը Համլետ ու Հենրիխ Մխիթարյաններից:

Հենրիխ Մխիթարյանը բացել է աչքերն ու տեսել ֆուտբոլ խաղացող հայրիկին, որը հաջող էր հանդես եկել «Արարատ»-ում, իսկ Հենրիխի մանկության տարիներին արդեն ընտանիքով տեղափոխվել էին Ֆրանսիա, որտեղ էլ հայրը հանդես էր գալիս «Վալանս»-ում:

Լուսանկարը` անձնական արխիվից


«Համլետը հաճախակի էր Հենրիխին իր հետ տանում մարզումների, սակայն ամեն անգամ ասում էր, որ դա վերջինն է լինելու: Պատճառն այն էր, որ Հենրիխի պատճառով պարապմունքները ձախողվում էին, բոլորն իրենց գործը թողած փոքրիկի հետ էին խաղում:Բայց Հենրիխն արդեն լավ գիտեր հոր մարզումների ժամերն ու ամեն օր կազմ-պատրաստ դռան մոտ նրան էր սպասում: Իսկ եթե մայրիկին հաջողվում էր նրա ուշադրությունը շեղել, ու հայրը միայնակ էր գնում մարզումների, ողջ օրը լաց էր լինում ու նեղանում բոլորից»,- 2014 թվականին Mediamax Sport«Համլետ Մխիթարյան` մարդն ու ֆուտբոլիստը» հոդվածաշարում պատմել է ֆուտբոլիստի մայրիկը՝ Մարինա Թաշչյանը:

Հայրն ու որդին միասին քիչ ժամանակ են անցկացրել՝ 1996 թվականին 33 տարեկանում Համլետ Մխիթարյանը մահացել է քաղցկեղից, իսկ Հենրիխը միշտ ցանկացել է հասնել այնպիսի նվաճումների, որոնցով հայրը կհպարտանար, ու դա նրան հաջողվել է: Հետագայում Մխիթարյանն այսպես է խոստովանել.

Լուսանկարը` անձնական արխիվից


«Հայրիկիս մահից մեկ տարի անց սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: Նա խթան էր ինձ համար ու իմ կուռքն էր: Ինքս ինձ ասացի, որ պետք է մարզվեմ ու աշխատեմ նրա պես: Հավատում եմ, որ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» պես մեծ ակումբում՝ արժանիորեն հարգում եմ հորս հիշատակը: Այդ ոգեւորությունը նա է իմ մեջ առաջացրել: Հորս հետ կարճ ժամանակ եմ անցկացրել, բայց այն շատ նշանակալի է եղել իմ կյանքում: Իմ առաջին քայլերը նրա շնորհիվ եմ կատարել, մինչեւ հիմա էլ իմ մոտիվացիան է: Թեեւ ինձ հետ չի, բայց հետեւում է խաղերիս: Հայրիկիս եմ պարտական ու շնորհակալ ամեն ինչի համար»:

Շմեյխելներ

Կատարում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընթացքում հաճախակի էին տեսախցիկները ցույց տալիս Պետեր Շմեյխելին, որն անհանգիստ հետեւում էր որդու՝ Դանիայի ընտրանու դարպասապահ Կասպերի ելույթներին: Սա այն դեպքերից է, երբ ընտանիքում մեկի փոխարեն 2 դարպասապահ կա:

Լուսանկարը` Eurosport


«Սկանդինավցի արջին»՝ Պետերին, որը կրում էր գունավոր երկարաթեւ մարզաշապիկներ ու ուներ Ֆորեստ Գամփի սանրվածքը, շատերն են հիշում իր տպավորիչ ելույթներով: Շմեյխելը 90-ականներին հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում եւ աչքի ընկավ անհավանական սեյվերով: Նա անգլիական ակումբում 8 տարի անցկացրեց ու մինչեւ հիմա լավագույններից մեկն է համարվում:

22 տարեկան էր, երբ Կասպերը ծնվեց, կինը ծննդաբերելուց հետո հիվանդանոցից միանգամից ստադիոն բերեց փոքրիկ որդուն, որպեսզի հանկարծ բաց չթողնեն ամուսնու խաղը: Ծնողների շնորհիվ այնպես ստացվեց, որ 4 օրական Կասպերն արդեն գիտեր, թե ինչ բան է ֆուտբոլը: Նա մեծանում էր հոր հաջողությունները տեսնելով: Ինքն էլ ցանկացավ դարպասապահ դառնալ, բայց հետագայում միշտ պայքարում էր հոր ստվերից դուրս գալու համար: Հետաքրքիր է, որ մանուկ տարիքում նրա կուռքը բնավ էլ Պետեր Շմեյխելը չի եղել, այլ Էրիկ Կանտոնան, իսկ որպես դարպասապահ միշտ հավանել է Մանուել Նոյերի խաղը:



Ժամանակի ընթացքում Կասպերը կարողացավ իր կայուն խաղի ու որակների շնորհիվ սեփական հետքը թողնել ֆուտբոլում, Դանիայի ընտրանու դարպասապահը դառնալ ու հիշվել ոչ միայն որպես Պետեր Շմեյխելի որդի:

Զիդաններ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ոսկե Գնդակի հաղթող, Իտալիայի ու Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի հաղթող Զինեդին Զիդանը 4 որդի ունի, բոլորն էլ զբաղվում են ֆուտբոլով, բայց դեռ ոչ մեկի չի հաջողվել մոտենալ նրա որակներին ու նվաճումներին: Բազմաթիվ են նաեւ նրա հաջողությունները որպես մարզիչ, կնշենք միայն Չեմպիոնների Լիգայի՝ 3 ու Իսպանիայի՝ 2 չեմպիոնական տիտղոսները:

Զիդանի որդիներից ֆուտբոլով են զբաղվում բոլորը: 27-ամյա Էնցոն կիսապաշտպան է ու հանդես է գալիս «Ֆուենլաբրադա»-ում, որը մասնակցում է Իսպանիայի առաջնության 1-ին դիվիզիոնի մրցաշարին: Նա ելույթ է ունեցել նաեւ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, սակայն մեծահասակների թիմում նորամուտն այդպես էլ չի նշել:

Լուսանկարը` sounderathear.com


Դարպասապահ Լուկան հիմա «Էյբար»-ում է խաղում, նա այս պահին մասնակցում է Սեգունդա Բ-ին: Երկուսն էլ ժամանակին Մադրիդի «Ռեալ»-ի տարբեր տարիքային թիմերում են ներգրավված եղել:

20-ամյա Էնցոն ու 17-ամյա Էլիասը շարունակում են խաղալ Արքայական թիմում ու հրավիրվել Ֆրանսիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ: Էլիասը 2022-ին Ֆրանսիայի Մ-17 տ. ընտրանու հետ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել:



Հիմա Զինեդին Զիդանը որեւէ թիմ չի մարզում ու հանգիստն է վայելում ընտանիքի հետ ու հաճախակի խնամում թոռնուհուն՝ Էնցոյի դստերը:

Սիմեոնեներ

2011 թվականից Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեnն 3 որդի ունի ու բոլորն էլ ֆուտբոլիստներ են: Դիեգոն հաջողությունների է հասել «Ատլետիկո»-ի ու «Լացիո»-ի հետ՝ հաղթելով Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններում եւ գավաթներում: 1988-2002 թթ. հանդես է եկել Արգենտինայի հավաքականում, 106 խաղից մասնակցել ու 11 գոլ խփել: Որպես մարզիչ 2-ական անգամ հաղթել է Արգենտինայում ու Իսպանիայում, տիրացել Իսպանիայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթներին ու Սուպերգավաթներին, հասել ՉԼ-ի եզրափակիչ:

Նրա ավագ որդին՝ 27-ամյա Ջիովանին վարձավճարով հանդես է գալիս Ա Սերիայի առաջատար «Նապոլի»-ի կազմում: Նրա թիմը նաեւ դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ ու փետրվարի 22 հանդիպելու է «Ֆրանկֆուրտ»-ին:

Լուսանկարը` 101greatgoals.com


Ջիովանին «Ռիվեր Փլեյթ»-ի հետ դարձել է Հարավային Ամերիկայի Գավաթակիր, հաղթել Ռեկոպայան ու Լիբերտադորեսի Գավաթը: Հաջող մեկնարկն է օգնել նրան մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշելուց 3 տարի անց տեղափոխվել Եվրոպա: 2015 թվականին 5,1 մլն եվրոյով նրան ձեռք է բերել «Ջենոա»-ն: Նա Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն ու մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվել:

2022-ին հաջող մրցաշրջանից հետո Ջիովանի Սիմեոնեն զարմացած էր, որ «Նապոլի»-ի կազմում 17 գոլ խփելուց հետո չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի կազմում ու չի մասնակցել Աշխարհի առաջնությանը: Ջիովաննին հորից հետո առաջին արգենտինացին է, որը Չեմպիոնների Լիգայում իր մեկնարկային 4 խաղում էլ գոլի հեղինակ է դարձել:

Լուսանկարը` mundodeportivo.com


Դեռ 13 տարեկան է եղել, երբ ձեռքին ՉԼ-ի դաջվածն է արել ու խոստացել մի օր մրցաշարում գոլ խփել ու այն համբուրել: 14 տարի սպասելուց հետո այդ երազանքը կարողացել է իրականություն դարձնել:

24-ամյա Ջանլուկա Սիմեոնեն արգենտինական «Խերես»-ում է, նա կարիերան սկսել է «Ռիվեր Փլեյթ»-ում ու 4 տարում նույնքան ակումբ փոխել, դեռ զգալի առաջընթաց գրանցել չի հաջողվում:

20-ամյա Ջուլիանո Սիմեոնեն հեռանկարային խաղացող է ու հանդես է գալիս «Սարագոսա»-ում եւ, ի տարբերություն եղբայրների ոչ թե հարձակվող է, այլ կիսապաշտպան: «Ատլետիկո»-ում անցկացրած 2 տարիների ընթացքում դարձել է հիմնական կազմի խաղացող ու նորամուտը նշել առաջնությունում: 2022-ից վարձավճարով «Սարագոսա»-ում է:

Լուսանկարը` AS


Բլինդներ

Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Նիդերլանդների հավաքականի մարզչական շտաբում Դենի Բլինդն էր, իսկ խաղադաշտում նրա որդի՝ Դեյլին: Մրցաշարի լավագույն կադրերից մեկում նրանք հայր եւ որդի տոնում էին Դեյլիի տոնած գնդակը:

Դենի Բլինդը 5 անգամ «Այաքս»-ի հետ երկրի չեմպիոն է դարձել, մի քանի անգամ տիրացել նաեւ Գավաթին ու Սուպերգավաթին: Նա 6 ֆուտբոլիստներից մեկն է, որը դարձել է ՉԼ-ի, ՈւԵՖԱ-ի գավաթի եւ Սուպերգավաթի, Միջմայրցամաքային գավաթի ու Գավաթակիրների գավաթի հաղթող: Կարիերան ավարտելուց հետո մարզիչ է աշխատել մի քանի ակումբներում ու ընդգրկվել հավաքականի մարզչական շտաբում:

Դեյլին մեծացել է հոր հաջողությունները տեսնելով, որը որպես թալիսման տղային միշտ իր հետ տանում էր հանդիպումներին: Ֆուտբոլիստի մայրը՝ Իվոննան, նրա գործակալն է եղել ու ասում են, հենց նա է օգնել, որ որդին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Լուսանկարը` FIFA


2008 թ. Բլինդը ճանաչվել է «Այաքս»-ի ամենատաղանդավոր երիտասարդ խաղացող, հիմնական կազմում հայտնվել է 18 տարեկանում: ՄՅՈւ-ից իր հարազատ ակումբ 2018-ին է տեղափոխվել, իսկ այս տարվանից վարձավճարով «Բավարիա»-ում է:

2019-ին Դեյլիի մոտ սրտամկանի բորբոքում է ախտորոշվել: Եվրոպայի Լիգայում «Վալենսիա»-ի դեմ խաղում գլխապտույտ է ունեցել եւ ավելի ուշ նրան վիրահատել են Ամստերդամում: Մաշկի տակ դեֆիբրիլյատոր են տեղադրել, ինչը թույլ է տվել շարունակել ֆուտբոլ խաղալ: Բլինդը Նիդերլանդների հավաքականի հետ մասնակցել է ԱԱ-ին ու գրավել ԱՄՆ-ի դարպասը: Կատարում նա թիմի կազմում 99-րդ անգամ է կրել ազգային ընտրանու մարզաշապիկը:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին