Պելեի մասին այնքան շատ պատմություններ կան, որ երբեմն դրանք մնում են այդպես էլ չբացահայտված: Միգուցե ամեն ինչի պատճառն այն է, որ վերջինս վաղուց արդեն լեգենդ է ու ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունեցել նրա հետ, նույնպես լեգենդար է համարվում:
Ծանոթանանք դրանցից մեկին, որին համաշխարհային մամուլը հատկապես Պելեի մահից հետո կրկին սկսեց ուսումնասիրել, բայց միեւնույն ժամանակ նաեւ իրական պատմությունը չիմացավ:

Լուսանկարը` Marca
«Սանթոս»-ի ու վերջինիս մեծագույն աստղի խաղին աշխարհում հետեւում էին միլիոնավոր երկրպագուներ: Պատահական չէ, որ ակումբին խոշոր գումարներով անընդհատ տարբեր երկրներ էին հրավիրում ու ցուցադրական հանդիպումներ կազմակերպում: 1950-60-ականներին Պելեն ու խաղընկերները շրջում էին ԱՄՆ-ում, Աֆրիկյան երկրներում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում:
Ահա այդ այցերից մեկն էլ կայացել է 1969-ի սկզբին դեպի Աֆրիկա, որտեղ այդ ժամանակ արյունալիր իրադարձություններ էին տեղի ունենում: Շուրջ երկու տարի էր Նիգերիայի եւ Բիաֆրայի միջեւ ընթանում էր քաղաքացիական պատերազմ: Իգբո ցեղի ժողովուրդը ցանկանում էր ազատություն ստանալ եւ ազատվել Նիգերիայում իշխող կենտրոնական կառավարության տիրապետությունից: Այդ տարիներին սպանվեց մոտ երկու միլիոն խաղաղ բնակիչ, 4,5 մլն մարդ ստիպված լքեց իր տունը: Ի վերջո, Բիաֆրան գրավվեց ու կրկին միացվեց Նիգերիային:

Լուսանկարը` BBC
Այդպիսի դաժան պայմաններ էին, երբ «Սանթոս»-ի ինքնաթիռը վայրէջք կատարեց Նիգերիայում ու արդեն հունվարի 26-ին պետք է հանդիպում անցկացներ Լագոսում: Ըստ լեգենդ դարձած պատմության՝ Պելեի ու թիմակիցների Լագոսում հայտնվելուց հետո զենքերը լռում են:
48 ժամ Նիգերիան ու Բիաֆրան հրադադարի ռեժիմ են սահմանում, որի ընթացքում կայանում է «Սանթոս»-«Սուպեր Իգլս» հանդիպումը՝ 2:2: Իր թիմի երկու գոլն էլ խփում է Պելեն՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:
Բազմաթիվ տեղեկություններ պնդում են, որ ռազմական գործողությունները դադարել են այդ հանդիպումից երկու շաբաթ անց միայն, այն էլ Բիաֆրայի սահմանին գտնվող Բենին քաղաքում:

Լուսանկարը` Getty Images
«Սանթոս»-ի պաշտոնական կայքը եւս հաստատում է այս մեկը: Գրված է, որ 1969-ի փետրվարի 4-ին Բենին քաղաքում նրանք հանդիպում են անցկացրել Նիգերիայի թիմի հետ, որն ավարտվել է բրազիլացիների 2:1 հաշվով հաղթանակով. «Այդ օրը ռազմական գործողությունները դադարեցվեցին, որպեսզի բոլորը հետեւեն Պելեի կախարդական խաղին: Ներկա էին 25 հազար հանդիսականներ»:
Ըստ տարբեր աղբյուրների՝ հունվարի խաղից հետո «Սանթոս»-ը հեռացել է Նիգերիայից, սակայն մի քանի օր անց կրկին վերադարձել ու երկրորդ հանդիպումն անցկացրել:

Լուսանկարը` GOAL
Պելեի խաղընկերներ Ժիլմարն ու Կոուտինյոն հիշել են, որ հրադադարը պահպանվել է հազիվ մինչեւ խաղի ավարտը: Երբ ինքնաթիռն օդ է բարձրացել, նրանք լսել են կրակոցի ձայներ, ինչը նշանում է, որ բախումները կրկին սկսված են եղել:
«Պատերազմը դադարեցնելով ցույց տվեցինք մեր ուժը: Մենք կարող էինք ասել, որ պատերազմ է եւ չենք մտնի այդ խառնաշփոթի մեջ: Սակայն ուզում էինք մեկնել ու արեցինք դա»,-ասել է թիմի լեգենդներից Լիման:
2005-ին Time ամսագիրն Աֆրիկայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմին այսպես անդրադարձավ. «Չնայած դիվանագետները շուրջ երկու տարի փորձում էին դադարեցնել արյունալի կռիվը, բայց 1969-ին Նիգերիա ժամանած բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելենին հաջողվեց երեք օր հրադադար բերել»:

Լուսանկարը` Getty Images
Այս տարիների ընթացքում լրագրողներ, վերլուծաբաններ մի շարք ուսումնասիրություններ են կատարել եւ այս փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չեն գտել: Այդ ժամանակներում լույս տեսնող թերթերից եւ ոչ մեկը հրադադարի մասին ոչինչ չի գրել:
Ինքը՝ Պելեն, տարբեր առիթներով տարբեր մեկնաբանություններ է տվել: Ըստ նրա՝ «նիգերիացիները վստահ են եղել, որ բիաֆրանները չեն ներխուժի Լագոս, քանի դեռ մենք այնտեղ էինք»:
Հետագա հարցազրույցներում նա այս պատմությանն ավելի ռոմանտիկ տեսք է հաղորդել:

Լուսանկարը` Getty Images
«Պատերազմի դադարեցումը թեկուզ մի քանի օրով էր, բայց հիանալի էր: Մարդիկ խենթացել էին ֆուտբոլ դիտելուց»,- ասել է նա: Չնայած նա հիշատակել է 1967 թվականը, սակայն լրագրողը ճշտել է, թե «Նիգերիայի՞ հանդիպումը նկատի ունի», ինչին ֆուտբոլի արքան դրական պատասխան է տվել:
Մեկ այլ անգամ նա արդեն այս դեպքի մասին խոսել է ու նշել 1969 թվականը՝ ասելով, որ «ավելի ուշ այս թվականը մտավ պատմության մեջ ու նշվեց, որ «Սանթոս»-ը դադարացրել է պատերազմը»:
Բնական է, որ երկար տարիներ անց Պելեի հիշողությունները կոնկրետ երկրների ու հանդիպումների մասին ոչ ամբողջական կարող էին լինել: Տարբեր տեսաբաններ կարծում են, որ միգուցե զինադադարը եղել է այլ թվի ու այլ երկրում:
Հարկ է նշել, որ 1967-ին բրազիլացիները կրկին մեկնել էին Աֆրիկայի մեկ այլ պատերազմից ավերված անկյուն՝ խաղալով Կոնգոյում, ապա Գաբոնում:

Լուսանկարը` GOA
2012-ին Պելեն կրկին Գաբոն է գնացել ու ասել, որ 1967-ին երկրի նախագահն ասել էր, որ իրենք պետք է դադարեցնեն պատերազմը, քանի որ բոլորը պատրաստվում են դիտել Պելեին. «Նրանք կանգնեցին, մենք խաղացինք եւ հեռացանք, ֆանտաստիկ էր: Ես երբեք դա չեմ կարող մոռանալ»:
Դժվար է նաեւ հստակ պատասխանել, թե «Սանթոս»-ի աֆրիկյան շրջագայության հիմքում մարդասիրական դրսեւորումն է ընկած եղել, թե՞ գումար վաստակելու ցանկությունը: Նշվում է, որ այդ հանդիպումների համար բրազիլական ակումբը քիչ գումար չի վաստակել: Այս մասին ոչ մի պաշտոնական պատասխան այդպես էլ չկա:

Լուսանկարը` Getty Images
Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ու Պելեի կողմից արյունահեղությունը թեկուզ մի քանի ժամով դադարեցնելու մասին այս պատմությունում պարզ չէ, թե որտեղ է իրականությունը եւ որտեղ է սկսվում մտացածինը: Սակայն մի բան հստակ է, որ ֆուտբոլը կարող է թեկուզ մի քանի ժամով, բայց կանգնեցնել պատերազմն ու տառապած մարդկանց ուրախություն պարգեւել:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: