Մայիս 08, 2024
2453 դիտում

Մեսսիի չեմպիոնական 1-ին զրույցը. Ողջ կյանքիս երազանքն իրականություն դարձավ


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Արգենտինայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին իր առաջին հարցազրույցն է տվել Աշխարհի չեմպիոնի կարգավիճակում ու շատ հետաքրքիր բացահայտումներ արել:

Արգենտինացի լրագրող Էնդի Կուզնեցոֆի հետ զրույցում նա պատմել է չեմպիոնական ապրումների, Ինստագրամի իր էջի արգելափակման, Նիդերլանդների հետ խաղից հետո իր պահվածքի համար զղջալու եւ այլ ուշագրավ դրվագների մասին

Աստծուն ուղղված խոսքերը

Կարծեմ 2014 թվականին եմ ասել, որ Աստված պատրաստվում էր ինձ տալ Աշխարհի Գավաթը: Բրազիլիայում այնքան մոտ էինք հաջողությանը, այդ ամենը նախապատրաստություն էր, նա հարմար պահի էր սպասում եւ Կատարի ԱԱ-ից լավ հնարավորություն չէր էլ կարող լինել: Աստծուն ամեն օր եմ շնորհակալություն հայտնում այն ամենի համար, ինչ ինձ տվել է: Ավելին չեմ էլ կարող խնդրել, ամեն ինչ ունեմ:

Լուսանկարը` FIFA


Ամենաբարդ պահը

Ամենաբարդն ինձ համար Սաուդյան Արաբիայից կրած պարտությունն էր: Մեքսիկայի դեմ ամենադժվար հանդիպումը ստացվեց, քանի որ ամեն ինչ էր որոշվելու դրա արդյունքում: Այդ դիմակայությունում ամենավատը հանդես եկանք, քանի որ պարտավոր էինք ցանկացած գնով հաղթել: Բայց վստահ էի, որ առաջ ենք շարժվելու, եթե չունենայինք նման թիմ, դա անելը հնարավոր չէր լինի:

Մարզչական շտաբը

Արգենտինան հիանալի մարզչական շտաբ ունի, բոլորն էլ գիտեն, թե ինչ է հավաքականը: Նրանք էլ հավաքականի նախկին խաղացողներ են ու մեզ պես նույն ճանապարհն են անցել, Աշխարհի առաջնությունների փորձ ունեն, ամեն պահ գիտեին՝ ինչպես պահել իրենց ու ինչ խոսքերով մեզ դիմել: Յուրաքանչյուր խաղում մրցակցից լավ տեսք ունեինք, քանի որ գիտեինք, թե ինչ ենք անելու: Մարզիչներն ամենայն մանրամասնությամբ էին մեզ պատրաստում խաղերին եւ անցկացրած 7 հանդիպումներից միայն մեկում են սխալվել:

Լուսանկարը` FIFA


Երեխաներն ու ԱԱ-ն

Ողջ ընտանիքիս համար անհավանական ամիս էր, Տիագոն խելագար ապրումներ ուներ: Տեսնում էի, թե նա ինչպես է այդ ամենը վայելում, զգում, տառապում, Նիդերլանդների հետ խաղից հետո արտասվում էր: Ծանր էր նաեւ Սաուդյան Արաբիայից կրած պարտությունը: Չիրոն դեռ փոքր է ու շատ բան չի հասկանում, բայց մյուս երկուսը շատ են անհանգստացել: Անգամ, երբ վերադարձանք Փարիզ, կարոտում էինք Կատարում անցկացրած օրերը:

Սոցկայքերը

Չէի ձգտում, որ իմ նկարն ամենաշատ հավանումներն ունենա: Դա ցույց է տալիս այն հանգամանքը, որ մարդիկ ցանկանում էին ինձ տեսնել այդ գավաթով: Հաղթանակից հետո միլիոնավոր նամակներ ունեի եւ Ինստագրամի էջս արգելափակվեց: Մեծ մասը արգելափակման արդյունքում չհասցրի էլ կարդալ, բոլորը ջնջվեցին, իսկական խելագարություն էր:

Հաճելի է նաեւ մյուս մարզիկներից այդպիսի խոսքեր ստանալ: Առանձնապես չեմ սիրում պատասխանել նամակներին կամ մեկնաբանություններ թողնել, առավելագույնը հավանում եմ որեւէ գրառում: Բայց ուզում եմ բոլորն իմանան, որ տեսել եմ նրանց խոսքերը, թեեւ կարճ ժամանակում այդքան նամակ ստանալն անսովոր էր, բայց փորձում էի որոշներին պատասխանել:


Ափսոսանք Մարադոնայի համար

Կուզեի Դիեգո Մարադոնային նվիրել Աշխարհի Գավաթը: Նա սիրում էր ազգային հավաքականն ու ուզում էր, որ այս ամենը տեղի ունենար: Նրան նվիրված երգն էլ շատ լավն է ու ոգեւորություն առաջացրեց ամբողջ Աշխարհում: Առաջնությունից առաջ ասում էի, որ հավանում եմ այդ կատարումը, բայց այն դեռ այդքան չէր տարածվել: Աստիճանաբար ավելի շատ մարդիկ սկսեցին ծանոթանալ երգին, վարակիչ ռիթմ ու բառեր ունի:



Վերադարձն Արգենտինա

Հիանալի էր հայրենիք վերադառնալը: Երկար ճանապարհ անցանք, հասանք Էզեյզա, որտեղ հազարավոր մարդիկ կային: Մի քանի ժամ կարողացա քնել ու երբ արթնացա, մարդկանց հոսքն ավելի էր շատացել: Հասկանում էի, որ խելագարություն է սպասվում, այդպես էլ եղավ: Անբացատրելի էր տեսնել այդքան մարդկանց երջանկությունը: Ոմանք կամուրջներից փորձում էին ցատկել ավտոբուսի վրա:

Ափսոսանք Նիդերլադների պատճառով

Ես չգիտեի, թե Նիդերլանդների խաղից առաջ ինչ է ասել Վան Գալը, թիմակիցներս ինձ տեղեկացրին: Իհարկե, դուր չի գալիս, որ այդպես պահեցի ինձ նրանց պահեստային նստարանի մոտ, բայց մեծ լարվածության պահերին նման բաներ լինում են: Մարդն արձագանքում է առանց երկար մտածելու: Չէի ուզի նման կերպ հիշվել, բայց դա արդեն եղել է:

Լուսանկարը` FIFA


Համբույր գավաթին

Պարգեւատրման ժամանակ անցնելիս տեսա Գավաթն այնտեղ դրված ու չկարողացա չհամբուրել: Գավաթն ինքն ինձ կանչեց, այդ համբույրի կարիքն ունեի:

Գիշերը եզրափակչից առաջ

Անտոնելլայի հետ շարունակում էինք անել այն, ինչ սովորաբար անում էինք ողջ առաջնության ընթացքում՝ էլի քնելուց առաջ զրուցեցինք: Խաղերից առաջ էլ սովորաբար նույն բաներն էի կատարում: Ամբողջ մրցաշարի ընթացում շատ լիցքաթափված էի, ինձ լավ էի զգում ու հանգիստ քնում: Զգում էի, որ թիմում ամեն ինչ լավ է, դրանից էլ հոգեկան հանգստություն ունեի:

Վերջին 11-մետրանոցը

Դժվար է ասել, թե ինչ էի զգում, երբ Ֆրանսիայի դեմ խաղում Մոնտիելը վերջին դիպուկ 11-մետրանոցն իրացրեց: Շատ բաներ են մտքովդ անցնում ու նույն պահին՝ ոչինչ, մնում է միայն վայելել: Չես կարողանում հավատալ, որ հաջողվեց հաղթել: Հասկացա, որ ինձ ամեն ինչ տրվել է, հավաքականի հետ բոլոր տիտղոսներին արժանացել եմ: Երբեք չեմ պատկերացրել, որ նման կերպ կլինի եւ այդ պահը լավագույնը կդառնա:

Լուսանկարը` FIFA


Ամեն ինչի ավարտը

Հասկանում էի, որ ամեն ինչ արդեն անցյալում է: Այսքան տանջանքներից հետո հասա իմ ուզածին, ընտանիքս ինձ հետ էր անցել բոլոր դժվարությունների միջով: Եղել են ժամանակներ, որ շատ եմ տառապել հավաքականի հետ: Հիասթափություններ են եղել ու պարտված եզրափակիչներ: Այնքան մոտ էի լինում հաջողությանը, բայց ամեն ինչ ձեռքից բաց էի թողնում: Երկար ժամանակ տարատեսակ քննադատությունների եմ արժանացել, այդ ամենի արդյունքում ընտանիքս ավելի շատ է տուժել, քան ես: Միշտ ցանկացել են ինձ ապացուցել, որ միասնական են եւ ուժեղ, բայց հասկանում էի, որ ներքուստ շատ են տառապում անարդար խոսքերի պատճառով, որ իմ հասցեին էին հնչում: Դրանք անցնում էին ֆուտբոլի շրջանակներն ու վիրավորում մեզ: Այդ ամենն ինձ անսահման ցավ էր պատճառում: Աշխարհի առաջնությունում հաղթանակը եզրափակեց այդ շրջափուլը: Հաղթեցինք Ամերիկայի եւ Աշխարհի Գավաթները, ամեն-ամեն ինչ, էլ ոչինչ չմնաց: Դրա համար էլ ասում եմ, որ ամեն ինչ ավարտված է:

Լուսանկարը` FIFA


Չեմպիոն լինելը

Այն ամենն, ինչ պատկերացնում էի, ոչինչ էին իրական ապրումների հետ: Նման պահեր ունենալ մարդկանց հետ, տեսնել, թե ինչ են զգում ընկերներդ ու հարազատներդ, անհավանական էր: Ամբողջ Արգենտինան էր այդ ամենը զգում: Երբեք չէի կարող նման բան պատկերացնել: Իրականում ամեն ինչ ավելի մեծ ու աննկարագրելի էր, քան կարող էի երեւակայել: Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ամեն ինչ փոխվել է, շատերիս համար էր այդ հաղթանակը տպավորիչ: Իմ ողջ կյանքի երազանքը իրականություն դարձավ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին