Ապրիլ 20, 2024
2593 դիտում

Աշխարհի ամենագրավիչ մարզիկները. Ալիշա Նյուման


Լուսանկարը` athletics.ca

Լուսանկարը` athletics.ca

Լուսանկարը` athletics.ca

Լուսանկարը` runnerspace.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Agent Provocateur

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` athletics.ca

Լուսանկարը` thestar.com

Լուսանկարը` thestar.com

Լուսանկարը` Agent Provocateur

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Agent Provocateur

Լուսանկարը` Agent Provocateur

Լուսանկարը` Getty Images


Ժամանակակից սպորտային աշխարհում բնավ էլ պարտադիր չէ մեծ տիտղոսների հասնել հայտնի դառնալու ու շահավետ պայմանագրեր կնքելու համար: Երբեմն բավական են նաեւ գեղեցիկ արտաքին տեսքն ու գրավչությունը: Այդպիսի հայտնիություն ունեցող մարզիկներից է ատլետ Ալիշա Նյումանը:

Բարձրացատկի մրցումներում հանդես եկող Նյումանը 2018-ի Համագործակցության խաղերի հաղթող է, Կանադայի 5-ակի չեմպիոն (2016-2019, 2022 թթ.), նրան է  պատկանում երկրի ռեկորդը՝ 4,82 մետր, որը սահմանել է 2019-ին, մասնակցել է Ռիոյի ու Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Մարզուհին ծնվել է 1994 թվականի հունիսի 29-ին Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում: Մինչեւ 13 տարեկանը զբաղվել է մարմնամարզությամբ, սակայն գոտկատեղի վնասվածք է ստացել ու ստիպված մեկ տարով հեռացել սպորտից: Ապա որոշել է վերադառնալ ու այս անգամ՝ զբաղվել ատլետիկայով:

Լուսանկարը` athletics.ca


2013-ին ընդունվել է Միչիգանի համալսարան, սակայն, ինչպես եւ իր մարզիչ Ջերել Լենգլին, որոշել է տեղափոխվել Մայամիի համալսարան, որն ավարտել է 2016-ին:

Առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցել է 2012 թվականին ու պատանիների Աշխարհի առաջնությունում ընդամենը 25-րդ տեղը զբաղեցրել: Ապա 2013-ին կարողացել է Կանադայի պատանիների առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալ ու 3-րդը լինել Պանամերիկյան խաղերում:

Մարզուհու կյանքի ամենանշանակալից իրադարձություններից է 2016 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը, նա հանդես եղավ Ռիոյում ու 4,45 մ արդյունքով գրավեց 17-րդ տեղը ՝ չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը:  

2020-ին նա ընդգրկվեց Տոկիոյի Օլիմպիական թիմի կազմում, սակայն խաղերը հետաձգվեցին մեկ տարով, իսկ 2021-ի տարեսկզբին Նյումանը գլխուղեղի ցնցում ստացավ:

Լուսանկարը` athletics.ca


Դրեյքի ամենամյա մրցումներից առաջ Նյումանն ավարտել էր մարզումն ու պատրաստվում էր ընկերների հետ ընթրիքի գնալ: Նա վերադարձավ հյուրանոցային համար, որպեսզի արագ լոգանք ընդունի ու միանա նրանց: Միացրեց տաք ջուրն ու փորձեց մտնել լոգախցիկ, սակայն սայթաքեց եւ ընկավ սալահատակին՝ հարվածելով դեմքն ու գլուխը:

«Մտածում էի. «Ալիշա Նյուման հանկարծ չմեռնես Այովայում»,-հետո պատմել է նա:

Վերեւից թափվող ջրի շիթերի տակ՝ վնասված ճակատով ու արյունահոսելով սողալով կարողացավ հասնել հեռախոսին ու զանգահարել գործակալին: Մի քանի րոպե անց օգնությունը տեղ հասավ՝ Նյումանը ցավից սկսել էր փսխել ու անշարժ գետնին էր պառկած: Թեեւ նրա մոտ գլխուղեղի ցնցում ախտորոշվեց, սակայն հիվանդանոց չուղարկեցին, այլ տեղավորեցին մարզումային ճամբարում:

«Դրանից հետո ամեն ինչ ավելի վատացավ: Անբացատրելի ապրումներ էի ունենում, օրեր էին լինում, երբ արթնանում էի ու արտասվում, ինձ լրիվ հուսահատ էի զգում եւ չէի ցանկանում ապրել»,-անկեղծացել է Նյումանը:

Լուսանկարը` Getty Images


Թեեւ այդ օրը չմահացավ, սակայն էականորեն տուժեց նրա կարիերան: Բաց թողեց ատլետիկայի «Ադամանդե լիգայի» մրցումները, արդյունքում Տոկիո մեկնեց վատ մարզավիճակում եւ անհաջող օգտագործեց բոլոր 3 փորձերը:

«Այնքան անգամներ էի ասել, որ հետս ինչ-որ բան այնպես չէ, սակայն ոչ ոք չգիտեր ինչպես օգնել: Պարզապես որոշեցին, որ ամեն ինչ կարգին է ու դադարեցին բուժել: Հավաքականում ասացին, որ թիմում եւս 80 մարզիկներ կան, որոնց նույնպես պետք է հետեւել»,- պատմել է նա:

Ցնցման հետեւանքները զգաց մինչեւ տարեվերջ՝ ունենալով վատ ինքնազգացողություն: Միայն հոկտեմբերին Լոս Անջելեսում բժիշկներից մեկն ախտորոշեց գլխուղեղի նյարդային վնասվածք: Դրանից հետո Նյումանը սկսեց վերականգնման նոր փուլ անցել:

«Պարզապես կոտրվեցի, բայց չնայած դրան հավատարիմ մնացի ինձ ու մարդկանց պատմեցի, թե հետս ինչ է կատարվել, որ մարմինս ինձ չի ենթարկվում: Պայմանագրեր ունեի, որոնք կնքել էին իմ սպորտային արդյունքների համար ու պետք է անկեղծ լինեի»:

Լուսանկարը` runnerspace.com


Առողջական վիճակի բարելավմանը զուգահեռ սկսեց մարզվել Նյու Յորքի համալսարանի «Կանադա» ատլետիկական կենտրոնում: Ոգեշնչվելով իր հայրենակից Ջորջիա Էլենվուդի օրինակից՝ ինքն էլ որոշեց փորձարկումներ անել ու հանդես գալ բազմամարտում: 2022-ի մայիսին առաջին անգամ ուժերը փորձեց այդ ձեւում ու 4-րդ տեղը գրավեց: Սակայն բարձրացատկի Աշխարհի առաջնությունում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

«Չգիտեի ինչ անել ու ում դիմել, քանի որ այս մարզաձեւը շարունակում էր կոտրել սիրտս»,- խոստովանել է նա:

Չնայած անհաջողությանը՝ օրեր անց հայտնեց, որ ավարտին է հասցնելու մրցաշրջանն ու անելու է հնարավորը լավ հանդես գալու համար: Ընդգրկվեց Կանադայի հավաքականում ու մասնակցեց Բարեկամության խաղերին, բայց այս անգամ էլ կրնկի վնասվածքը խանգարեց պայքարել մեդալների համար:

Լուսանկարը` Agent Provocateur


Նյումանը թեեւ սպորտային չափազանց համեստ արդյունքներ ունի, բայց բավական պահանջված է սոցկայքերում ու գովազդատուների պակաս չունի: Մասնակցել է Agent Provocateur-ի ներքնազգեստի գովազդի նկարահանումների ու հայտնիություն ձեռք բերել: Maxim ամսագիրը նրան ընդգրկել է մոլորակի ամենացանկալի 100 կանանց ցանկում: 28-ամյա մարզուհին գրավիչ տեսք ունի ոչ միայն ամսագրերում, մրցումների ժամանակ էլ նրան չնկատել հնարավոր չէ:

«Որպես կին ու մարզուհի կարծրատիպեր եմ կոտրել ողջ կյանքի ընթացքում, ու «Խաղա հաղթանակի համար» գովազդային արշավն ինձ թույլ տվեց ցույց տալ գեղեցիկ կին լինելու իմ եւս մեկ կողմը»,- ֆոտոշարքից հետո ասել է մարզուհին:

2019-ին նա սկանդալային պատմության մեջ է ներքաշված եղել: Իր սիրեցյալի՝ «Փիթսբուրգ»-ի կիսապաշտպան Էնթոնի Չիկիլլոյի հետ հանգստանալիս են եղել Nemacolin Woodlands Resort-ում, երբ վիճել են: Նրանց ոստիկանությունն է բաժանել, երկուստեք մեղադրանքներ են առաջադրել միմյանց դեմ, բայց հետագայում նրանց արդարացրել են:

Լուսանկարը` Getty Images


Իր սպորտային կարիերայի ու հաղթահարած դժվարությունների մասին Նյումանը հետեւյալն է ասել.

«Օրվա մեջ 5-6 ժամ մարզվում եմ ու տրվում ամբողջությամբ: Ուզում եմ նվաճումների հասնել, բայց եթե անգամ դա չհաջողվի, նպատակս է մոտիվացնել մարդկանց ու օգնել նրանց դրսեւորել լավագույն որակները:

Մարդկանց փորձում եմ լավատեսություն փոխանցել նաեւ իմ սոցկայքերում, որպեսզի իմ էջում նրանք չտեսնեն որեւէ բացասական բան: Փոխարենն աշխատում եմ ցույց տալ, որ իրենք էլ կարող են սեփական նպատակները կյանքի կոչել:

Ինձ կյանքում երջանիկ է դարձրել միշտ այն, որ երբեք չեմ կասկածել, թե ով եմ ես, հստակ ճանաչել եմ ինձ ու իմ ցանկությունները: Այնքան տքնաջան եմ աշխատել, որ նման մարմին ունենամ, հպարտանում եմ իմ կազմվածքով: Գիտեմ, որ տիպիկ մարզիկ չեմ, ու երկար ժամանակ պահանջվեց, որ սեփական մաշկում լավ զգամ: Մարմինս շատ կանացի է ու ինձ դուր են գալիս նրա բոլոր կորությունները, Agent Provocateur-ի ներքնազգեստներն ինձ այնքան վստահություն տվեցին, որպեսզի փայլեմ ոչ միայն որպես մարզուհի:



Առանց սպորտի չէի լինի այն, ինչ կամ հիմա: Սիրում եմ ինքս ինձ մարտահրավեր նետել եւ ուրախ ժամանակ անցկացնել, իսկ դա միայն ատլետիկան է ինձ տալիս:

Վերջապես կարողացա հանգստանալ Օլիմպիական անհաջողություններից հետո ու կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարեւոր է կյանքում: Երբեք էլ աշխարհի վերջը չէ, պարզապես ոմանց ավելի շատ բարդություններ են բաժին ընկնում:

Եթե առաջին անգամ մեր երկրի համար բարձրացատկում Օլիմպիական ոսկի նվաճելու թեկնածու կա, դա ես եմ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին