Ֆուտբոլում լավ համագործակցելու համար չափազանց կարեւոր է թիմային լավ մթնոլորտը:
Հենց դրա հաշվին են մարզիչները կարողանում կյանքի կոչել իրենց ծրագրերն ու հաղթանակներ տանել հանդիպումների ժամանակ:

Լուսանկարը` FC Arsenal
Բացի լավ հարաբերություններից, ֆուտբոլիստները հաճախ մտերիմ ընկերներ են դառնում ու միմյանց աջակցում նաեւ խաղադաշտից դուրս:
Ընտրել ենք մի քանի այդպիսի ընկերների եւ առաջարկում ենք ծանոթանալ նրանց հետ:
Կիլիան Մբապե-Աշրաֆ Հաքիմի

Լուսանկարը` Mbappe Twitter
Այս երիտասարդ ֆուտբոլիստները հանդես են գալիս ՊՍԺ-ում: Հաքիմիին թիմում հարմարվելուն օգնել է հենց Մբապեն: Նրանք ունեին նույն հետաքրքրությունները, սիրում էին նույն երաժշտությունը, Մբապեն ցանկանում էր լավացնել իր իսպաներենն, իսկ Հաքիմին՝ ֆրանսերենը:
«Ես հանդիպեցի մեկին, ով ինձ նման էր, իմ տարիքին: Մենք կարծես երկու երեխա լինենք, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել ու զվարճանալ»,-ասել է Հաքիմին:
Աշխարհի առաջնության ժամանակ եւս նրանք սոցկայքերում միմյանց քաջալերող խոսքեր էին ասում ու աջակցում:
«Հաքիմին հիանալի ֆուտբոլիստ է, բայց առաջին հերթին շատ լավ մարդ ու ընկեր է: Մեր շփումը խաղադաշտից դուրս թույլ է տալիս, որպեսզի ավելի լավ ճանաչենք իրար, իսկ դա օգնում է նաեւ հենց բուն հանդիպման ժամանակ»,-սրանք էլ Մբապեի խոսքերն են:
Ռոնալդո-Ռոբերտո Կարլոս

Լուսանկարը` AFP
Բրազիլական ֆուտբոլի աստղերը ոչ միայն ազգային հավաքականում, այլ նաեւ «Ռեալ»-ի կազմում էին հիանալի համագործակցում միմյանց հետ:
Միմյանց հետ հանդես գալու տարիներին նրանք ապրել են նույն համարում: Մի անգամ Կարլոսը նույնիսկ կատակել է, թե Ռոնալդոյի հետ ավելի շատ գիշեր է անցկացրել, քան իր կնոջ:
Նրանք սիրել են ազատ օրերը միասին հետեւել ավտոարշավների, երբեմն հեռանալ Մադրիդից ու մի լավ ժամանակ անցկացնել՝ մոռանալով ծանր մարզումների մասին:
Լեո Մեսսի-Լուիս Սուարես

Լուսանկարը` Messi Instagram
Արգենտինացին եւ ուրուգվայցին մտերմացան, երբ վերջինս տեղափոխվեց «Բարսելոնա»: Նրանք արդեն երկուսն էլ կայացած ֆուտբոլիստներ ու անհատականություններ էին, սակայն դա չխանգարեց դառնալ իսկական ընկերներ:
Մտերմությանը նպաստեցին նաեւ նրանց կանայք, ովքեր եւս դարձան շատ լավ ընկերուհիներ:
Երբ Սուարեսը հեռացավ «Բարսա»-ից, Մեսսին քննադատական խոսքեր հղեց ակումբի ղեկավարությանը. «Լուիսը նման վերաբերմունքի արժանի չէր»,-ասաց նա:
Ընկերոջը կարճ ժամանակ անց աջակցում էր արդեն Սուարեսը, որը Մեսսիի ՊՍԺ տեղափոխությունից հետո ասաց, որ նա լավագույն ֆուտբոլիստն է ու «Բարսելոնա»-ն մեծագույն սխալն է թույլ տվել:
Նեյմար-Դանի Ալվեշ

Լուսանկարը` PSG
Բրազիլացիները միշտ սիրում են ուրախ ժամանակ անցկացնել եւ զվարճանալ: Նեյմարն ու Դանի Ալվեշն էլ բացառություն չեն: Ազգային հավաքականում, «Բարսելոնա»-ում, ապա ՊՍԺ-ում նրանք միասին շատ լավ են համագործակցել՝ դառնալով նաեւ մտերիմ ընկերներ:
«Հենց Դանին է ինձ համոզել, որ ես գնամ Կատալոնիա: Չնայած ինձնից տարիքով մեծ է, բայց մենք շատ լավ ենք հասկանում միմյանց: Նրա հետ անցկացրած ամեն րոպեն լի է ուրախությամբ»,-ասել է Նեյմարը:
Իկեր Կասիլիաս-Սերխիո Ռամոս

Լուսանկարը` Real Madrid
Անչափ շատ հաղթանակ ու գավաթ են նվաճել Կասիլիասն ու Ռամոսն ինչպես Իսպանիայի հավաքականում, այնպես էլ «Ռեալ»-ում:
Նրանք երկուսն էլ կարգապահ, թիմի արժեքներին հավատարիմ ու նվիրված ֆուտբոլիստներ են: Միմյանց նման լինելն էլ նպաստել է, որ կարճ ժամանակում ընկերանան: Ռամոսը պատմել է, որ Կասիլիասի հետ անցկացրած ամեն օրը ոչ միայն ֆուտբոլային է եղել. «Նրանից ես շատ բան եմ սովորել: Իկերը հիանալի մարդ է, պատրաստ է օգնել ամեն դժվարին հարցում»:
«Սերխիոյի հետ կարելի է խոսել ամենատարբեր բաներից, լսել իսպանական երաժշտություն, երբեմն նաեւ ինքն է երգում ու նաեւ պարում: Զվարճալի է ստացվում այդ ամենը»,-նշել է Կասիլիասը:
Ռոնալդու-Մարսելո

Լուսանկարը` Real Madrid
Ռոնալդուն խոստովանել է, որ ինքը փակ մարդ է եւ այդքան էլ հեշտությամբ չի ընկերանում մարդկանց հետ: Սակայն բացառություններ, իհարկե, կան: Խոսքը Մարսելոյի մասին է, որը շատ շփվող, բաց ու նոր ծանոթություններ հաստատող անձնավորություն է:
«Ռեալ»-ում նրանք աստիճանաբար ավելի մտերմացան ու սկսեցին ժամանակ անցկացնել նաեւ մարզումներից հետո: Մարսելոն սիրում է ակտիվ ու զվարթ կյանք եւ նրա շնորհիվ Ռոնալդուն Մադրիդում սկսեց իրեն ավելի հարմարավետ զգալ:
Թիմակիցները նշել են, որ պորտուգալացուն միայն Մարսելոն է կարողացել ստիպել պարել ու գժություններ անել:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: