Ապրիլ 20, 2024
3292 դիտում

Հարուստ ծնողներին ընդդիմացած ու ֆուտբոլն ընտրած Ուգո Լյորիսը


Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` tf1info.fr

Լուսանկարը` ligue1.fr

Լուսանկարը` challenges.fr

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` BestImage

Լուսանկարը` challenges.fr

Լուսանկարը` FC Nice

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Marca


Օրեր առաջ լավագույն դարպասապահներից մեկը՝ Ուգո Լյորիսը, հայտնեց, որ ավարտում է կարիերան Ֆրանսիայի հավաքականում:

Աշխարհի չեմպիոնը տպավորիչ ելույթներ է ունեցել ընտրանու կազմում, կարեւոր նվաճումների հասել ու անկրկնելի ավագ եղել: Թեեւ ֆուտբոլին հրաժեշտ չի տվել ու շարունակում է հանդես գալ «Տոտենհեմ»-ում, սակայն որոշել ենք ներկայացնել նրա անցած ուղին ու կայացման ընթացքը: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ բավական ունեւոր ու կայացած ընտանիքի երեխան հակառակվել է ծնողներին ու ֆուտբոլիստ դարձել:

Հարուստ ընտանիքը

Ուգո Լյորիսը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին՝ նվերների տոնին, Նիսի արեւոտ ու հարուստ թաղամասերից մեկում: Տղայի ընտանիքը բավական ունեւոր էր, հայրը՝ Լյուա Լյորիսը, բանկում էր աշխատում, իսկ մայրը՝ Մարին, փաստաբան էր:

Լուսանկարը` tf1info.fr


Ծնողները նրան Ուգո են կոչել ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի պատվին, որի գրքերի մեծ սիրահարն են եղել: Սակայն երբեք էլ չեն պատկերացրել, որ որդին կարող է չընտրել իրենց մասնագիտություններից որեւէ մեկն ու կդառնա դարպասապահ:

Նախ Ուգոն ընտանիքի մյուս անդամների պես թենիսով է զբաղվել ու իր տարիքային խմբում բավական առաջադիմել: Խաղացել է մինչեւ 13 տարեկանն եւ աչքի ընկել երիտասարդական մրցաշարերում:

Ֆուտբոլը

Թենիսի մարզումներից առաջ ժամանակն իզուր չանցկացնելու համար Ուգոն թիմակիցների հետ սկսել է ֆուտբոլ խաղալ: Սկզբում նրան դուր էր գալիս հանդես գալ կիսապաշտպանությունում, բայց երբ իր թիմի դարպասապահը վնասվածք ստացավ, կանգնեց նրա փոխարեն:

Ուգոն իրեն այնքան լավ դրսեւորեց, որ թենիսի ակումբի աշխատակիցներից մեկը խնդրեց ֆուտբոլային մարզիչ աշխատող իր եղբորը գալ ու հետեւել տղային: Երբ CEDAC (Տարածման եւ մշակութային գործունեության կենտրոն) խնդրեցին տղային միանալ իրենց թիմին, Ուգոն հիացած էր, մինչդեռ ծնողներին այդ հանգամանքը զայրացրեց:  Ստիպված եղավ շատ երկար ժամանակ նրանց համոզել, մինչեւ ծնողները թույլ տվեցին ֆուտբոլով զբաղվել միայն մեկ պայմանով, որ շարունակի թենիս խաղալ եւ դպրոցում լավ սովորել:

Լուսանկարը` ligue1.fr


Բայց եկավ մի պահ, երբ Ուգոն, իսկապես, սիրահարվեց ֆուտբոլին ու համառ գտնվեց, որպեսզի շարունակի խաղալ: Այդ հարցում նրան օգնեց պապիկը, որը ֆուտբոլի մեծ երկրպագու էր ու հենց ինքն էր տղային մարզումների տանում Նիսի ստադիոն: Զուգահեռ հետեւում էր տեղական թիմի ելույթներին:

Մի ճակատագրական օր էլ քաղաք եկավ Ֆրանսիայի հավաքականի ու «Նիս»-ի նախկին խաղացող Դոմինիկ Բարատելին: Նա հիացած էր Լյորիսի արտաքին տվյալներով ու խաղով: Բարատելին օգտագործեց իր կապերն ու տղային օգնեց ընդունվել «Նիս»-ի երիտասարդական ակադեմիա: Այդ ժամանակ Ուգոն 10 տարեկան էր:

Լյորիսը 12 տարի անցկացրեց հարազատ քաղաքի ակումբում՝ համատեղելով ուսումն ու սպորտը, ինչը բավական բարդ էր: Ծնողները նրան թույլ չէին տալիս մյուս տղաների պես սովորել ակադեմիայի դպրոցում, որտեղ դասաժամերը քիչ էին եւ ուսումնական ծրագիրը հեշտ: Նրանք ֆուտբոլը զվարճանք էին համարում ու համոզված էին, որ Ուգոն լուրջ մասնագիտություն է ընտրելու ու ընդունվելու է համալսարան: Բայց նա սեփական պլաններն ուներ իր ապագայի հետ կապված՝ առաջին պայմանագիրը կնքեց բնական գիտությունների ու մաթեմատիկայի բակալավրի աստիճան ստանալուց անմիջապես հետո:

Լուսանկարը` challenges.fr


2008-ին, երբ դեռ խաղում էր «Նիս»-ում, մահացավ մայրը, դրանից 2 օր անց Լյորիսը ողջ երկրի հարգանքին արժանացավ՝ հրաժարվեց մարզչի առաջարկից ու մասնակցեց առաջնության խաղին: Չնայած ծանր հոգեկան ապրումներին, շատ լավ հանդես եկավ այդ օրը: Ակումբում անցկացրած եւս մեկ լավ մրցաշրջանից հետո արդեն շատերն էին ուզում իմանալ, թե որտեղ է շարունակելու կարիերան: Նա մեկնեց «Լիոն», որտեղ 4 տարի անցկացրեց: 2012-ին ակումբի հետ առաջացած տարաձայնություններից օգտվեց «Տոտենհեմ»-ը, որտեղ էլ մինչեւ հիմա խաղում է Լյորիսը:

Հավաքականը

2003 թվականից Լյորիսը հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային հավաքականներում: 2008-ին 21 տարեկանում նորամուտն է նշել մեծահասակների թիմում, Ուրուգվայի հետ կայացած այդ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: 2009-ին Սերբիայի դեմ խաղում իր առաջին կարմիր քարտն է ստացել Նիկոլա Ժիգիչի հետ պայքարում կանոնները խախտելու համար:

Ժամանակի ընթացքում սկսել է ավելի վստահ զգալ իրեն հավաքականում, իսկ հիմնական դարպասապահ է դարձել 2010-ին ՀԱՀ-ում կայացած առաջնության ժամանակ: 2017-ին Լյորիսը թիմում անցկացրած հանդիպումների քանակով շրջանցել է մեկ այլ հայտնի ֆրանսիացի դարպասապահի՝ Ֆաբիեն Բարտեզին:

Լուսանկարը` FIFA


Հավաքականի կազմում Լյորիսի ամենաանմոռանալի մրցաշարը ստացվել է 2018-ի Մունդիալը, երբ նա չեմպիոն դարձել է ու բարձրացրել գավաթը: 2021-ի Ազգերի Լիգայի հաղթող ու 2022-ի Մունդիալի փոխչեմպիոն է: Հավաքականի կազմում անցկացրել է 145 հանդիպում, ինչը ռեկորդ է Ֆրանսիայի համար: Ավագի կարգավիճակում թիմին խաղադաշտ է դուրս բերել 121 անգամ, ինչը եւս բացառիկ ցուցանիշ է:

«Նախընտրում եմ թոշակի անցնել բարձունքում գտնվելիս»,- խոստովանել է Լյորիսը:

Ընտանիքը

Լյորիսն իր ապագա կնոջ՝ Մարինեի հետ ծանոթացել է 2002 թվականին Նիսում սովորելու ժամանակ: Նա սպորտ ու հատկապես ֆուտբոլ ընդհանրապես չէր սիրում, սակայն Ուգոյի շնորհիվ փոխեց վերաբերմունքը:

Ամուսնացան հանդիպելուց 10 տարի անց Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում: Առաջին դստերը կոչեցին Աննա-Ռոզա, իսկ Ջուլիանան ծնվեց 2014-ին, դրանից քիչ անց Լյորիսը Աշխարհի առաջնությունում դարձավ Ֆրանսիայի հավաքականի ավագը: Ֆուտբոլիստի որդի Լեանդրոն էլ ընտանիքը համալրեց 2019-ին:

Լուսանկարը` BestImage


Ողջ ընտանիքին հաճախակի կարելի է տեսնել Պրեմիեր Լիգայի կամ էլ Ֆրանսիայի ընտրանու հանդիպումներին: Լյորիսի կինն ու երեխաները նրա կողքին են եղել նաեւ Կատարում:

Մարինեն բարձրագույն կրթություն է ստացել մարդկային ռեսուրսների ոլորտում, իսկ հիմա սեփական կարի արտադրամասն ունի, որը կոչվում է Manège en Sucre, այն արտադրում է բարձրորակ հագուստ մինչեւ 12 տարեկան երեխաների համար:

Լյորիսի կրտսեր եղբայրը՝ Գյոթե Լյորիսը, եւս ֆուտբոլիստ է ու արտաքինով շատ է նման եղբորը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին