Ապրիլ 26, 2024
1402 դիտում

Մյունխենյան Օլիմպիական խաղերի ողբերգության 50-ամյակը. Իրականացումն ու պատիժը


Լուսանկարը` washingtonpost.com

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AP

Լուսանկարը` AP

Լուսանկարը` nytimes.com

Լուսանկարը` historycollection.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` nytimes.com

Լուսանկարը` historycollection.com

Լուսանկարը` historycollection.com

Լուսանկարը` historycollection.com

Լուսանկարը` historycollection.com


Այս տարվա սեպտեմբերի 5-ին լրացավ 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 50-ամյակը: Պաղեստինյան «Սեւ սեպտեմբեր» կազմակերպությունը կարողացավ մուտք գործել Օլիմպիական ավան ու հարձակվել Իսրայելի հավաքականի մարզիկների վրա:

Սեպտեմբերի 5-ի առավոտյան սպորտային մարզահագուստ հագած 8 ահաբեկիչներ՝ զինված Կալաշնիկովներով, ատրճանակներով ու նռնակներով, ցատկեցին Օլիմպիական ավանի պարսպով ու հայտնվեցին ներսում:

Ահաբեկիչները Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն մուտք էին գործել անօրինական ճանապարհով ու կեղծ փաստաթղթերով: Նրանք հաստատվել էին ոչ թանկ հյուրանոցներում ու սկսել պատրաստվել գործողությանը՝ իրենց մոտ ունենալով բավականաչափ գումար: Ահաբեկչական թիմի երկու անդամի անգամ հաջողվել է աշխատանքի ընդունվել Օլիմպիական ավանում ու հետախուզական տվյալներ հավաքել:

Լուսանկարը` CNN


Նրանք նպատակ ունեին մուտք գործել Կոնլոլլի շտրասի վրա գտնվող 2 սենյակ, որտեղ հանգրվանել էր իսրայելական թիմը: Թեեւ ծրագիրը հաջողվեց կյանքի կոչել, սակայն լրիվ անսպասելի մուտք գործել համարներ չկարողացան:

Ըմբշամարտի մրցավար Յոսեֆ Գուտֆրոյնդը, քնից արթնանալով, տեսել է զինված խմբին ու փորձել իր հսկայական մարմնով փակել դուռը:

Մեկ այլ մրցավար՝ Մոշե Վայնբերգը, ահաբեկիչների հետ պայքարի մեջ է մտել ու վիրավորվել: Սակայն որոշ ժամանակ անց նորից է հարձակվել ահաբեկիչների վրա, նրանից մեկին նոկաուտի ենթարկել, մյուսին՝ մրգերի համար նախատեսված դանակով վիրավորել: Նույն պահին էլ նրան ատրճանակի կրակահերթով գետնին են տապալել:

Մյուս համարձակը եղել է ծանրորդ Յոսեֆ Ռոմանոն, նա էլ վիրավորել է ահաբեկիչներից մյուսին: Կատաղած խումբը մարզիկին վիրավորել է ու դաժան ծաղրանքների ենթարկել: Ռոմանոն փրկվելու ոչ մի տարբերակ չուներ…

«Սեւ սեպտեմբերը» գերի է վերցրել իսրայելական պատվիրակության 9 անդամի՝ Գուտֆրոյնդին, մարզիչներ Կեհատա Շորային, Ամիցուրա Շապիրոյին, Անդրե Շպիցերին, ծանրամարտի մրցավար Յակով Շպրինգերին, ըմբիշներ Էլիեզեր Հալֆինին եւ Մարկ Սլավինին, ծանրորդ Դավիթ Բերգերին եւ Զեեւ Ֆրիդմանին:

Լուսանկարը` Getty Images


Մյուս իսրայելցիներին՝ ատլետ Սաուլ Լադանին, նետաձիգներ Հենրի Հենրիկովիչին, Զելիգ Ստրոչին, սուսերամարտիկներ Դան Ալոնին եւ Յեգուդ Վեյսենշտեյնին, ինչպես նաեւ պատվիրակության ղեկավար Շմուլ Լալկինին, հաջողվել է փախչել:

Շուտով ահաբեկիչները հայտնել են իրենց պահանջները՝ ազատել Իսրայելում ձերբակալված ավելի քան 200 պաղեստինցիների եւ այլազգիների: Բացի այդ, «Սեւ սեպտեմբերը» պահանջում էր ազատ արձակել Գերմանիայում եւ Արեւմտյան Եվրոպայի բանտերում պահվող 20-ից ավելի ծայրահեղականների: Հակառակ դեպքում՝ սպառնում էին ամեն ժամ սպանել գերիներից մեկին:

Իսրայելի պատասխանը երկար սպասեցնել չտվեց եւ բավական կտրուկ էր՝ ոչ մի բանակցություն ահաբեկիչների հետ: Թել Ավիվն առաջարկեց Մյունխեն ուղարկել հատուկ ջոկատ, որպեսզի ազատեն գերիներին: Սակայն ԳՖՀ-ի ղեկավարությունը՝ կանցլեր Վիլլի Բրանդտի ղեկավարությամբ, այդ առաջարկությունը մերժեց: Եվ դա այն ժամանակ, երբ այդ տարիներին երկրում դեռ չկային ահաբեկչության դեմ պայքարող հմուտ ու որակավորում ունեցող մասնագետներ:

Լուսանկարը` AP


Հետագա գործողությունները ցույց տվեցին, որ նման արտակարգ պայմանների համար գերմանական կառավարությունը գործողությունների հստակ պլան չուներ: Ոստիկանության անհամարժեք պահվածքն էլ բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:

Որոշ ժամանակ անց ահաբեկիչներն արդեն նոր պահանջ առաջ քաշեցին: Նրանք ցանկանում էին իրենց ինքնաթիռ տրամադրեն, որպեսզի գերիների հետ մեկնեն Կահիրե, թեեւ Եգիպտոսի վարչապետ Ազիզ Մուհամեդ Սեդկին հայտնել էր, որ իրենք չեն ցանկանում խառնվել այդ գործին:

ԳՖՀ-ի ղեկավարները նրանց անմիջապես ավտոբուս տրամադրեցին, որն էլ խմբին հասցրեց Ֆյուրստենֆելդբրուքի օդանավակայան: Այնտեղ 5 գերմանացի դիպուկահարներ էին դիրքավորվել, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, այնքան էլ լավ նշանառուներ չէին: Իրականում սովորական ոստիկաններ էին ու հատուկ պատրաստվածություն չունեին:

Օդանավակայանում երկուստեք կրակոցներ հնչեցին եւ նռնակներ պայթեցին: Ահաբեկիչները շատ սառնասիրտ էին գործում, իսկ ոստիկանները ոչ միայն հատուկ հանդերձանք չէին հագել, չունեին նաեւ ռադիոկապ ու որեւէ խելամիտ պլան:

Լուսանկարը` AP


Դրան զուգահեռ էլ բացառիկ բան տեղի ունեցավ՝ օդանավակայան ներխուժած լրագրողներն ամեն ինչ տեսանկարահանում էին եւ ուղիղ եթերում ցույց տալիս կատարվողը: Այդ պատճառով էլ ահաբեկիչներն ամեն ինչ գիտեին ոստիկանների տեղակայման ու գործողությունների մասին:

Արդյունքում բոլոր գերիներն էլ սպանվեցին, նրանց մի մասն ընկավ ոստիկանների կրակոցների տակ: Մինչեւ հիմա էլ վերջնական հայտնի չեն նրանց մահվան հանգամանքները:

Օդանավակայանում կատարվողին ուշադիր հետեւում էին ճգնաժամային խմբի անդամները, որի կազմում էին արտաքին գործերի նախարար Հանս-Դիտրիխ Գենշերը, Բավարիայի ներքին գործերի նախարար Բրունո Մերկն ու Մյունխենի ոստիկանության ղեկավար Մանֆրեդ Շրայբերը:

5 ահաբեկիչներ սպանվեցին, 3-ը՝ ձերբակալեցին: Իսրայելում սուգ հայտարարվեց: Միջադեպից հետո բազմաթիվ էին խոսակցությունները, որ այդ ողբերգությունը հնարավոր էր կանխել:

Լուսանկարը` nytimes.com


Խաղերից մի քանի ամիս առաջ դատական հոգեբան Գեորգ Զիբերը մշակել էր ահաբեկչական գործողությունների 20 հնարավոր սցենար, որպեսզի օգնի կազմակերպիչներին ապահովել անվտանգությունը: Նրա «Իրավիճակ № 21»-ը լրիվ գուշակել էր այդ միջադեպը:

1972-ի խաղերից 5 օր առաջ Սահմանադրության պաշտպանության Բավարական գրասենյակն անանուն տեղեկություն էր ստացել, որ պաղեստինցիները պլանավորում են իրականացնել որեւէ գործողություն: Սակայն ոչ ոք այդ տեղեկությանը լուրջ չէր վերաբերվել:

Անգամ վերջին պահին էր հնարավոր աղետից խուսափել: Լուսադեմին պարսպով ցատկող սպորտային հագուստով մարդկանց նկատել էին փոստատարները, սակայն մտածել, որ նրանք պարզապես գիշերն Օլիմպիական ավանում չեն անցկացրել: Փոստատարներին չի զարմացրել, որ այդ «մարզիկներն» անընդհատ իրենց շուրջն են նայել ու իրենց տարօրինակ պահել՝ հագուստի տակ թաքցնելով մեծ իրեր:

Լուսանկարը` historycollection.com


Սեպտեմբերի 6-ին Օլիմպիական ստադիոնում զոհերի հիշատակը հարգող հոգեհանգստի արարողություն անցկացվեց, որի ժամանակ Մյունխենի օպերային թատրոնը կատարում էր Բեթհովենի «Էգմոնտը»: Սգո արարողությանը ներկա եղավ 80 հազար մարդ, այդ թվում՝ 3000 մարզիկներ: ԽՍՀՄ-ի հավաքականի մարզիկները ներկա չէին, նրանց արգելել էին մասնակցել Մոսկվայից՝ համարելով, որ պետք է չեզոքություն պահպանել:

ԽՍՀՄ-ն այդ ժամանակ լավ հարաբերություններ ուներ Պաղեստինի հետ, ջերմ էր ընդունում նրա առաջնորդ Յասեր Արաֆաթին եւ փոխարենը խիստ քննադատում Իսրայելին:

Օլիմպիական խաղերն ընդհատվեցին միայն 12 ժամով, ապա մրցումները վերսկսվեցին: ՄՕԿ-ի նախագահ Էվերի Բրենդեջն ասեց հետեւյալը. «Խաղերը պետք է շարունակվեն, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան մաքուր, արտակարգ ու արդար»:

Մինչդեռմի շարք մարզիկներ որոշեցին հեռանալ Մյունխենից: Առաջին հերթին իսրայելցիները, նրանց հետեւեցին Ալժիրի ու Ֆիլիպինների մարզիկները, Հոլանդիայի ու Նորվեգիայի թիմերի որոշ ներկայացուցիչներ: Ամերիկյան Sports Illustrated ամսագիրը մեջբերեց հոլանդացի Յոս Հերմենսի խոսքերը. «Եթե մասնակցում եք երեկույթի, որի ժամանակ որեւէ մեկին սպանում են, հեռանում եք: Ես տուն եմ գնում»:

Իսրայելն այդ ահաբեկչությունն անպատիժ չթողեց ու միանգամից իրականցրեց վրիժառության 2 գործողություններ՝ «Երիտասարդության գարուն» եւ «Աստծո զայրույթ»: Համաձայն պլանի՝ Մյունխենում կատարվածի բոլոր մեղավորները պետք է ոչնչացվեին:  

Լուսանկարը` Getty Images


Ահաբեկչության առաջին ենթադրյալ կազմակերպիչ Աբդել Վաիլ Զուայտերը սպանվեց մեկ ամիս անց: Սպանվեցին նաեւ մյուս գործակալները՝ Հռոմում, Փարիզում, Նիկոսիայում, Բեյրութում, Աթենքում…

1991 թվականի հունվարի 14-ին Մոսադի հատուկ խումբը հայտնաբերեց վերջին՝ 17-րդ մասնակցին: Նա «Սեւ սեպտեմբերի» պարագլուխ Աբու Այադն էր: Նրան ողջ թողեցին ու որոշեցին նստել բանակցությունների սեղանին:  

Իսրայելական կողմն ընդգծում էր, որ օպերացիաների նպատակը ոչ միայն վրիժառությունն էր, այլ նաեւ հետագա ահաբեկչական գործողությունների կանխումը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին