Ապրիլ 27, 2024
exclusive
2211 դիտում

Բարսելոնա-92. Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Պետիկյանի ռեկորդով չեմպիոնությունը


Լուսանկարը` Էդվին Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` sportedu.by

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Լուսանկարը` Olympic.org


Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանն ԱՊՀ-ի միավորված թիմում առաջին անգամ հանդես եկավ որպես անկախ պետություն:



Mediamax Sport-ը խաղերի 30-ամյակին նվիրված հոդվածաշարում այսօր պատմելու է հրաձիգ Հրաչյա Պետիկյանի մասին, որը նվաճել է Հայաստանի 3-րդ ոսկե մեդալը:


Խաղերի բացման արարողության ժամանակ ԱՊՀ երկրները հանդես են եկել միասնական թիմով, սակայն յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ տարել է իր պետության դրոշը:

Հայաստանից նման պատվի արժանացել է Սեուլի Օլիմպիական խաղերի մասնակից, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Հրաչյա Պետիկյանը:

«Անբացատրելի զգացողություն էր, երբ իմացա, որ ես եմ տանելու մեր երկրի դրոշը: Մի քիչ լարվել էի, որ ամեն ինչ հարթ ընթանա: Բայց շատ հպարտ եմ, որ առաջինը նման պատվի ես եմ արժանացել»,-պատմում է Պետիկյանը:

Սեուլի խաղերում Պետիկյանը հանդես է եկել ոչ իր նախընտրած ձեւում ու հետագայում մարզիչներին ասել, որ Բարսելոնայում ելույթ է ունենալու միայն այն ձեւերում, որոնցում կցանկանա:

«Ես հավաքականի անդամ էի, մարզումները հիմնականում Հայաստանից դուրս էին լինում: Քանի որ դինամոյական էի ու կենտրոնական միությունը գտնվում էր Մոսկվայում, այնտեղ էլ պատրաստվում էի: ՕԽ-ից առաջ անցա բոլոր ընտրական փուլերով ու ինձ լավ դրսեւորեցի: Ընդհանրապես, մեր գլխավոր մարզիչը չէր սիրում լավ խոսքեր ասել կամ գովաբանել, բայց երբ հայտնում էր խաղեր մեկնողների անունները, կարդաց իմն ու ասաց. «Պետիկյանն ապացուցեց, որ ուժեղ է»: Եւ ես մեկնեցի Բարսելոնա»:

Լուսանկարը` sportedu.by


50 մ հրացան 3 դիրքից մրցումների որակավորման փուլում Պետիկյանը վաստակում է 1169 միավոր ու, գրավելով 4-րդ տեղը, դուրս գալիս եզրափակիչ: Նա խոստովանում է, որ ցանկանում էր ավելի շատ միավորներ հավաքել, որպեսզի եզրափակչում մեծ պաշար ունենար:

«Ես գիտակցում էի, որ ուրիշ այսպիսի հնարավորություն չի լինելու: Այլեւս ԽՍՀՄ չկար, ես չէի ունենալու մարզումային բարձրակարգ պայմաններ ու չէի հասնի այս ամենին: Դրա համար ողջ ուժերս հավաքեցի ոսկե մեդալակիր դառնալու համար: Այս տրամադրվածությամբ մոտեցա եզրափակչին»:

Այս փուլում հանդես էին գալիս լավագույն 8 հրաձիգները: Անչափ լարված մթնոլորտում Պետիկյանը նկատում է, որ ֆին մարզիկից, որն Օլիմպիական ռեկորդով էր դուրս եկել եզրափակիչ, հետ է մնում չորս միավորով: 

«Ես մտքիս մեջ հաշվում էի միավորները, բայց այդքան մանրակրկիտ հաշվարկներ անել ու միաժամանակ էլ դիպուկ կրակել չես կարող: Զգում էի, որ քիչ-քիչ առաջ եմ գնում: Չեմպիոն դառնալուս մասին իմացա, երբ վերջին անգամ կրակեցի, զենքս վայր դրեցի, նայեցի ցուցատախտակին ու տեսա, որ առաջինն իմ անունն է գրված:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից


Շատ էի հուզվել, արտասվեցի, բայց չէի ուզում, որ տեսախցիկներն ինձ նկարեն: Այդ պահին հիշում ես կատարած աշխատանքդ, տանջանքներդ ու չարչարանքներդ: Հետո, երբ հուզմունքի ալիքն անցավ, զգացի, թե ինչքան ուրախ եմ»:

Պետիկյանը չեմպիոն դառնում է Օլիմպիական ռեկորդով՝ վաստակելով ընդհանուր 1267.4 միավոր: 

«Շատ բարդ օր ստացվեց: Դոպինգ ստուգումներից ու լրագրողներին հանդիպելուց հետո գնացի սենյակ, արդեն ուշ էր: Թիմով մի թեթեւ նշեցինք: Ես Հայաստանի վերջին մասնակիցն էի ու հենց այդ գիշեր թռա Մոսկվա, այնտեղից էլ՝ Երեւան: Հայաստան գալու ճանապարհին օդանավում հայտարարեցին, թե ներկա է Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանն ու ինձ հրավիրեցին օդաչուների խցիկ: Գնացի այնտեղ, էլ ե՞րբ պիտի նման հիասքանչ երկինք տեսնեի: Շատ գեղեցիկ թռիչք էր»,-շարունակում է նա:

Այս խաղերից հետո Պետիկյանը մասնակցում է նաեւ Ատլանտայի եւ Սիդնեյի ՕԽ-ին: Բարսելոնայի խաղերին մասնակցած մյուս հայ մարզիկների հետ Պետիկյանն այսօր էլ շփվում է: Հետեւում է նաեւ այսօրվա երիտասարդների ելույթներին ու ցանկանում, որ հրաձգությունը մեր երկրում զարգանա ու մեծ մասսայականություն վայելի:

Լուսանկարը` Olympic.org


«Հրաձգությունը զարգացնելու համար մեր երկիրը պետք է շատ ու նպատակային գումար ծախսի: Հրաձգությունը մասսայականություն չունի, այնինչ Հայաստանի նման երկրի համար դա անչափ կարեւոր է: Հարկավոր է ունենալ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հրաձգարաններ, դրանք լցնել զենքով ու զինամթերքով»,-եզրափակում է Օլիմպիական չեմպիոնը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին