Լաշա Տալախաձեն երկար տարիներ է ապացուցում է, որ աշխարհի լավագույն մարզիկներից է: Նրա նկատմամբ Հայաստանում ուշադրությունն առանձնակի է, քանի որ հենց նրա հետ են շարունակ պայքարում ու ոսկե մեդալից զրկվում հայ ծանրորդները:
Նախ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, հիմա նաեւ Վարազդատ Լալայանը Տալախաձեի հետ մշտապես հայտնվում են պատվոհարթակին, սակայն նրան գերազանցել դեռ չի ստացվում:
Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ վրացին նույնպես կարող է խոցելի տեղեր ունենալ, իսկ թե արդյոք կարո՞ղ են մեր մարզիկները դրանից օգտվել, պարզաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Եթե Տալախաձեն հիվանդ էր կամ որեւէ պատճառով այս Եվրոպայի առաջնությանը 50 կգ պակաս բարձրացրեց, դա դեռ չի նշանակում, որ վաղը նրան կհաղթենք: Ամեն քայլը պետք է ճիշտ գնահատել, չեմ ասում, թե Վարազդատը չի կարող նրան հասնել: Մեր ծանրորդը շատ արագ է նոր արդյունքներ գրանցում, նա ամեն ինչ ունի, որ մոտենա Լաշային»:
Սպորտային քայլերը
Տալախաձեն ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 2-ին Լաչխերե քաղաքում: Լաշան, ինչպես եւ շատ վրացիներ, սկսել է ֆուտբոլից, հետո զբաղվել բասկետբոլով ու ըմբշամարտով: Բայց ծանրամարտի պատահական չի գնացել, նրա հայրը եւս ներկայացրել է այդ մարզաձեւն ու հանդես եկել ծանր քաշային կարգում: Նա դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն, բայց լիովին իր պոտենցիալը ցույց տալ չի կարողացել:
Հայրն էլ հենց Լաշայի առաջին մարզիչն է դարձել, հետո նրա համար նոր մասնագետ է գտել: Այդ ժամանակ տղան պոկում էր 130 կգ եւ հրում՝ 135:

Լուսանկարը` mir-ta.com
«Պատկերացում էլ չունեի, որ հորս պես մարզիկ եմ դառնալու: Օլիմպիական չեմպիոն Գեորգի Ասանիձեի հետ հանդիպումը լիովին փոխեց կյանքս: Նա ինձ մեծ հավատ տվեց ուժերիս հանդեպ ու դարձավ մարզիչս: Ասանիձեն արդեն մեծ հաջողությունների էր հասել այդ ժամանակ ու հայտնի մարզիկ էր:
Հայրս ինձ ծանոթացրեց մեկ այլ լեգենդար մարզիկի՝ Կախի Կախիաշվիլիի հետ, որը եռակի Օլիմպիական չեմպիոն է: Մինչեւ հիմա հիշում եմ, թե որքան հուզված էի: Նրանք ինձ անչափ ոգեւորել են ու օրինակ եղել: Առանց նրանց չէի դառնա այն մարզիկը, որին բոլորը ճանաչում են: Մարզիկի հաջողության 60 տոկոսը կախված է հենց մարզիչներից»,- խոստովանել է Լաշան:

Լուսանկարը` lelo.ge
Առաջին մեդալը
Նոր մարզչի գլխավորությամբ պարապելուց կես տարի անց՝ 2010-ին Վալենսիայում կայացած երիտասարդների ԵԱ-ում Տալախաձեն արդյունքը բարելավեց մինչեւ 158 ու 187 կգ-ի: Հենց այդ ժամանակ էլ նա կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց:
«Առաջին մի քանի միջազգային մրցաշարից հետո հասկացա, թե ինչպես են իրական մարզիկ դառնում: Ես տեսա իմ հասակակից բազմաթիվ մարզիկների, ովքեր նույն նպատակներն ունեին, ինչը եւ ես: Մրցակցության ոգին բոլորիս էլ ոգեշնչում էր: Կարողացանք ընկերանալ, բայց նաեւ մրցակցել: Ոչ մեկը չէր պատրաստվում հեշտությամբ զիջել: Ինչ-որ բան ավելի լավ անելն ու հաջողությունն ամեն անգամ զարգացնելու ցանկությունն էլ առաջ է տանում սկսնակ մարզիկին: Սկսում ես սովորել կանգ չառնել ձեռքբերումներով ու նոր ռեկորդներ սահմանել»:
Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր մեծահասակների պայքարում, 2011-ին Փարիզում կայացած ԱԱ-ում նա ելույթն ավարտեց 20-րդ տեղում, դրանից 2 տարի անց որակազրկվեց դոպինգ օգտագործելու պատճառով: Հիմա Տալախաձեն անկախ Վրաստանի առաջին մարզիկն է, որին հաջողվել է Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Getty Images
Հաջողության գրավականը
Լաշայի ուժն ու հսկա կազմվածքը պատահական չեն, ճիշտ այդպիսին են եղել նաեւ նրա պապիկն ու հայրիկը: Բայց լավագույնը դառնալու եւ արդյունքները տարիներով լավացնելու համար նաեւ տքնաջան աշխատել է ու շարունակում է կրկնել ամեն օր:
Թեեւ լրագրողները նրան կրնկակոխ հետեւում են ու ցանկանում զրուցել հետը, բայց շփումը նվազագույնի է հասցրել: Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոնից քիչ զրույցներ է հնարավոր գտնել:
Մարզիչներն այդ ամենը բացատրում են նրա խիստ ռեժիմով ու ժամանակի խնայողությամբ: Լաշան արթանում է ժամը 8-ին, 11-ին առավոտյան մարզումն է, ինչից հետո պարտադիր քնում է, 16:00-ին նորից մարզվում, հետո էլ հանգստանալու կարիք է լինում: Ու այդպես ամեն օր շարունակ, հավաքներից ու մարզումներից ազատ ժամանակն էլ ընտանիքին է նվիրում:
Լաշան ամուսնացել է 2018 թվականին, նրա ընտրյալը 23-ամյա Անուկի Դեմուրիան է: Նրանք ծանոթացել են Բաթումիում, սակայն երկար ժամանակ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել:

Լուսանկարը` Sputnik georgia
«Իմ Անուկին ընտանիք է կազմում մոլորակի ամենաուժեղ տղամարդու հետ: Լաշան անհավանական տղա է, կիրթ է, սիրալիր, բարի ու բազմաթիվ տիտղոսներն ունի: Իսկ Անուկիի տիտղոսը մեկն է՝ լինել Լաշայի կինը»,- հարսանիքից հետո ասել է Անուկիի քեռին՝ հայտնի վրացի լրագրող Գոչի Միրցխուլավան:
Լաշան ու Անուկին 2 դուստր ունեն, ովքեր արդեն հետեւում ու երկրպագում են հայրիկին:
Անհավանական նվաճումները
Լաշա Տալախաձեն Օլիմպիական կրկնակի, Աշխարհի 5-ակի ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն է: Նրա ելույթ ունենալու ընթացքում ոչ մի մարզիկի չի հաջողվել ոսկե մեդալ նվաճել: 3 անգամ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել:
Իր կարիերայի ընթացքում սահմանել է 26 ռեկորդ: Անգերազանցելի են 2021 թվականին սահմանած 3 ռեկորդները՝ պոկումում նա ցույց է տվել 225 կգ, հրել՝ 267, իսկ երկամարտում գրանցել 492 կգ:
Տալախաձեն գերծանր քաշային կարգում ամենաերիտասարդ Օլիմպիական չեմպիոնն է դարձել, նա 2016-ին Ռիոյի խաղերում հաղթել է 22 տարեկանում: +105 կգ քաշային կարգում լավագույնն է դարձել ռեկորդային 473 կգ-ով: Լաշան թարմացրել է 16 տարի առաջ սահմանված ռեկորդը:

Լուսանկարը` Getty Images
Տոկիոյի խաղերում Տալախաձեն +109 կգ քաշային կարգի երկամարտում 488 կգ գրանցեց ու 2-րդ անգամ տիրացավ Օլիմպիական ոսկուն:
Ծանրամարտի աշխարհը սպասում է, թե երբ է նա կարողանալու գերազանցել 500 կգ-ի սահմանն ու նման քաշ ցույց տված առաջին մարզիկը դառնալ:
«Աշխարհի ամենաուժեղ մարդը»
«Ես սիրում եմ մարզվել ու շատ աշխատել: Երբ վերադառնում եմ իմ հարազատ գյուղ, փորձում եմ ծնողներիս օգնել ինչով հնարավոր է:
Պետք է ինքներդ ձեզ գերազանցեք ամեն օր: Հոգեբանական մեծ ճնշման տակ ես, երբ տարվա մեջ 10 ամիս շարունակ հավաքներ ես անցկացնում: Հաճախ եմ լսում իմ հասցեին՝ «Աշխարհի ամենաուժեղ մարդը», սակայն հոգուս խորքում այնքան էլ ուրախ չեմ դրա համար, ես հո գիտեմ, որ ինձնից ուժեղ շատ մարդիկ կան: Պարզապես ուրախ եմ, որ կարողանում եմ իմ տաղանդը ցույց տալ մարդկանց:

Լուսանկարը` Getty Images
Մի քանի տեղեր կան, որտեղ կարողանում եմ ինձ բացահայտել, իսկապես հանգստանալ ու հոգեպես ուժեղ դառնալ: Վրաստանն ինձ ամեն կերպ է օգնում երջանիկ լինել:
Շատ հնրավորություններ են եղել, որ այլ երկիր ներկայացնեմ, բայց երբեք իմ երկրի դրոշն ուրիշով չեմ փոխարինի: Ես մրցումների չեմ մասնակցում, որ լավացնեմ ֆինանսական միջոցներս, այլ որ բարելավեմ արդյունքներս: Ամեն անգամ ուզում եմ ցույց տալ կատարածս աշխատանքն ու ոգեւորել երկրպագուներին:
Մրցումների ժամանակ անգամ մեկ սխալը կարող է քեզ զրկել հաղթանակից: Բայց հավատում եմ, որ Աստված օգնում է ինձ ու ամեն ինչ լավ կլինի»:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: