Դեկտեմբեր 08, 2024
exclusive
2256 դիտում

Շախմատում առկա խնդիրներն ու լուծման տարբերակները. Ռոբերտ Հովհաննիսյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական շախմատում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են լինել մեր ուշադրության կենտրոնում:

Այս անգամ Mediamax Sport-ը զրուցել է Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:

2018-ից հետո սկսված ֆինանսական խնդիրները

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի կազմում 2011 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն: Նա Հայաստանի չեմպիոն է, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր:

Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան սկսել է ուժեղանալ հենց այն ժամանակ, երբ այն գլխավորել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նա այդ ժամանակ դեռ Պաշտպանության նախարար էր ու գրոսմայստերները սկսեցին գումար ստանալ, մրցաշարերի մեկնել: Մինչ այդ շախմատիստները պարտքով փող էին վերցնում, փորձում հասկանալ, եթե հնարավոր է մրցանակային տեղ գրավել, մեկնեն, իսկ դա իրենց աճի համար նպաստավոր չէր: Ու երբ ինչ-որ չափով իրենց ապահովված զգացին, սկսեցին մասնակցել այն մրցումներին, որոնք նպաստում էին զարգացմանը: Երբ արդեն Սարգսյանը դարձավ երկրի նախագահ, շախմատիստների պայմաններն էլ ավելի լավացան, Օլիմպիադայի եռակի ու Աշխարհի չեմպիոն դարձանք: Սա, իհարկե, մեծ ձեռքբերում է, բայց այդ ընթացքում փոխարինողներ պատրաստելու մեջ թերացում եղավ, ինչը լավ չէր»:

Ըստ Հովհաննիսյանի՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ֆեդերացիայի հովանավորները սկսել են պակասել, իսկ նրանց կատարած ներդրումները քչացել են:

Գրոսմայստերը նշում է, որ հիմա էլ գումար ստանում են, բայց այն արդեն անհամեմատ քչացել է, կան նաեւ շախմատիստներ, ովքեր ընդհանրապես սկսել են չվարձատրվել: Նա մեկնաբանում է նաեւ վերջերս Լեւոն Արոնյանի հնչեցրած այն միտքը, որ հայ շախմատիստները վատ են ապրում:


«Հայ շախմատիստները միշտ էլ լավ չեն ապրում հիմնականում մեկ պատճառով՝ երկրի աշխարհագրական դիրքի: Դուրս գալ Եվրոպա ու ելույթ ունենալ մրցումներում դժվար է, միայն ինքնաթիռի տոմս գնելն արդեն մեծ ծախսերի հետ է կապված: Շատերը հենց այդ պատճառով իրար հետեւից մի քանի մրցում են խաղում, սակայն պրոֆեսիոնալ շախմատիստը մրցումից հետո պետք է գտնի իր սխալները, վերլուծի ու հաջորդին պատրաստվի»:

Երբ քաղաքականությունը խանգարում է շախմատին

Երեւանի ֆեդերացիայի նախագահի ընտրության մասին շախմատիստների գերակշիռ մասը, այդ թվում եւ Հովհաննիսյանը, տեղյակ չեն եղել:

«Նախագահ ընտրել են Մխիթար Հայրապետյանին: Հիմա մենք ունենք երկու կառույց, որից մեկն այսպես ասած իշխանամետ է, մյուսը՝ ընդդիմադիր, իսկ արանքում տուժում են շախմատիստները: Որքան հասկանում եմ, Երեւանի ֆեդերացիայի նպատակը Հայաստանի ֆեդերացիայում փոփոխություններ անելն է, բայց պետք է հաշվի առնել գործող լավագույն շախմատիստների կարծիքը: Չեմ կարծում, որ նրանք կողմ են այս ամենին»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատիստը համոզված է, որ ֆեդերացիաների միջեւ պետք է քննարկումներ լինեն, ընդհանուր գաղափարներ առաջ քաշեն ու միասին գտնեն լուծումները: Նա կարծում է, որ միայն համագործակցության եզրեր գտնելով հնարավոր կլինի կրկին միասին աշխատել:

«Ինչո՞ւ են նրանք անջատ գործում, որովհետեւ կառույցները քաղաքականացված են: Երեւի չեն պատկերացնում, որ Իմ Քայլի պատգամավորը կարող է շախմատի շուրջ քննարկում ունենալ Սերժ Սարգսյանի հետ: Եթե կողմերի մոտ ցանկություն լիներ, կդիմեին այդ քայլին ու շախմատիստներին այլեւս չէին խանգարի իրենց գործելաոճով»:

Քննարկումները շախմատի ֆեդերացիայում

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում հանդիպումներ ու քննարկումներ լինում են, սակայն միշտ չէ, որ առաջարկություններն արժանանում են հավանության: Իր առաջարկներից մեկը վերաբերվում է Հայաստանի առաջնությանը: Շախմատիստը կարծում է, որ պետք չէ այդքան շատ մեծ նշանակություն տալ դրան, քանի որ խաղացողները միմյանց որպես մրցակից են ընդունում ու միասին չեն համագործակցում. «Մենք պետք է իրար հետ շատ պարապենք, քննարկենք ու կիսվենք մեր իմացածով, բայց դա տեղի չի ունենում, որովհետեւ ամենակարեւոր մրցմանը մենք իրար մրցակից ենք ընկալում»:

Շախմատիստին ֆեդերացիայում դուր չի եկել հավաքականի կազմի ընտրության հետ կապված փոփոխությունը:

Մինչ հավաքականից Սերգեյ Մովսիսյանի հեռանալը թիմը կազմվում էր հետեւյալ սկզբունքով՝ 4 հոգի ըստ վարկանիշի եւ այդ տարվա Հայաստանի չեմպիոնը: Հետո որոշվել է վարկանիշով ընդգրկել 3-ին, Հայաստանի չեմպիոնին, մեկին էլ ընտրել մրցաշարերի արդյունքներով:


«Հաշվարկն արվում է հունիսի 1-ի ու դեկտեմբերի 1-ի միջին գործակցով ու, քանի որ այդ որոշումը կայացվել էր նոյեմբերին, պարզ էր, որ ես ունեի ամենաբարձր վարկանիշը, հետեւաբար ես պետք է ընդգրկվեի թիմում: Չգիտեմ փոփոխությունը միանձնյա որոշում էր, թե հավաքականի խաղացողներն ու նաեւ մարզիչն էին այդպես ցանկացել: Միգուցե մտածել էին, որ ես արժանի չեմ այդ տարի թիմում լինել: Ես Սմբատ Լպուտյանին հանդիպեցի ու հայտնեցի, որ վիրավորական է այդ ամենը: Թիմում իմ տեղն ապահովեցի ու 2018-ի Օլիմպիադայում հանդես եկա միայն այն բանից հետո, երբ երկու մրցաշարում շատ լավ խաղացի՝ Հայաստանի առաջնությունում գրավեցի 2-րդ տեղն ու ԵԱ-ում հաջող ելույթ ունեցա՝ նվաճելով Աշխարհի գավաթի ուղեգիր: Ստացվեց այնպես, որ հունվարի փոխարեն ես հավաքականի անդամ դարձա մայիսին ու շուրջ կես տարվա աշխատավարձ չստացա»:

Հավաքականի ներկայիս վիճակն ու Արոնյանի նկատմամբ վերաբերմունքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի այսպիսի տեսք՝ Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, այս տարվա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյան, մրցման արդյունքում հաղթած Հայկ Մարտիրոսյան ու ըստ վարկանիշի՝ Ռոբերտ Հովհաննիսյան:

Կորոնավիրուսի պատճառով մրցումներ տեղի չեն ունենում, թիմային պայքարում այս տարի ծրագրված է Եվրոպայի առաջնությունը, սակայն հստակություն այս մասին դեռ չկա:

«Շախմատը շատ է փոխվել, կարծում եմ, որ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը պետք է ունենա օգնական, որը վերլուծություններ կանի, կօգնի պատրաստվել կոնկրետ պարտիայի: Մենք պրոֆեսիոնալներ ենք ու հիմնական աշխատանքը մենք ենք կատարում, սակայն լրացուցիչ վերլուծություններն ավելի շատ օգուտ կտային»:

Հովհաննիսյանը վստահ է, որ Լեւոն Արոնյանի հեռանալուց հետո առաջնություններում հավաքականի գործը դժվարանալու է: Նա նշում է, որ Արոնյանին փոխարինելը կատակ բան չէ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լեւոնն ինքն իրենով ոգեւորող խորհրդանիշ էր Հայաստանի համար: Այդ աստիճան բարձրակարգ մարզիկից զրկվելը մեծագույն ազդեցություն է ունենալու մեր երկրի համար բացասական առումով: Ի՞նչ է նշանակում Լեւոնի հետ հանդիպում ունենալ 15 րոպե: Քիմ Քարդաշյանին ընդունելու համար սեղան են գցում, չնայած նա Հայաստանի ճանաչելիությանը շատ է նպաստում, բայց Լեւոնը գործող մարզիկ է, լավագույնը, ու նման ձեւով նրա հետ վարվելն առնվազն ճիշտ չէ»:

Կորոնավիրուսի ազդեցությունը, օնլայն շախմատն ու երիտասարդ մարզիչները

Հովհաննիսյանի համար մտահոգիչ է նաեւ մրցաշարերի բացակայությունը, ինչը շատ է ազդում շախմատիստների վրա: Առցանց մրցաշարերի գրեթե չի մասնակցում, քանի որ չի վստահում:

«Ոչ ոք չգիտի, թե իր մրցակիցն արդար է խաղում, թե ոչ, երկուստեք սկսում են կասկածել միմյանց, իսկ դա շատ է խանգարում: Օնլայն մրցաշարերի անցկացման հետեւանքով բազմաթիվ լավ շախմատիստների անուններ արդեն կապվում են ոչ ազնիվ մրցակցության հետ: Սա է պատճառը, որ ես չեմ ընդունում այս ձեւաչափը»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կորոնավիրուսը խանգարում է նաեւ պատանի շախմատիստների պոտենցիալի զարգացմանը: Հովհաննիսյանը նշում է, որ բազմաթիվ մարզիչներ մեծագույն ներդրում են ունենում Հայաստանի շախմատի զարգացմանը՝ ուշադրություն չդարձնելով ցածր աշխատավարձին: Կարեւոր է համարում այն, որ երիտասարդ մարզիչներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը սկսել են աշխատել տաղանդավոր պատանիների հետ: Ինքը եւս երեխաների հետ աշխատելու փորձեր է անում, սակայն դեռ մարզչական կարիերայի մասին չի մտածում:

Հովհաննիսյանը համոզված է, որ երիտասարդ շախմատիստները պետք է ավելի շատ օգտվեն համակարգչային ծրագրերից: Հայաստանը գերհզոր համակարգիչ չունի, բայց ինտերնետի միջոցով իրենք ծրագրերից օգտվում են: Այդ վճարովի ծառայությունների համար գումարները շախմատիստներն անձնական միջոցներից են վճարում:

«Մեր երկրում այնպիսի վիճակ է, որ շունը տիրոջը չի ճանաչում, ուր մնաց շախմատային հարցեր լուծեն: Չգիտեմ էլ, արդյո՞ք շախմատն այսօր ամենակարեւորն է: Ամեն դեպքում, երկխոսել ու լուծումներ փնտրել է պետք: Պարզապես մարդիկ, ովքեր ոչնչից տեղյակ չեն, շախմատիստներին տարբեր քաղաքական պիտակավորումներ են տալիս: Սա սխալ ու անընդունելի է, մենք մեր գործն ենք անում, շախմատ ենք խաղում ու փորձում ենք միայն հաջողություններ բերել մեր երկրին»:
 
Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին