Հունիս 01, 2025
exclusive
4113 դիտում

Յուրի Ջորկաեֆի 53 տարիները. Ձեռքբերումները, Հայաստանն ու ընտանիքը


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` inter.it

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` purepeople.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` francefootball.fr

Լուսանկարը` purepeople.com

Լուսանկարը` footmercato.net

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` purepeople.com

Լուսանկարը` purepeople.com

Լուսանկարը` edgarmagazine.com

Լուսանկարը` Zilli

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` aypoupen.com

Լուսանկարը` edgarmagazine.com

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` FIFA


Այսօր ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի հայազգի չեմպիոն, Ֆրանսիայի «Պատվո Լեգիոնի» շքանշանակիր, Հայաստանի պատվավոր քաղաքացի Յուրի Ջորկաեֆի ծննդյան 53-ամյակն է:

Mediamax Sport-ը շնորհավորում է նրան ու ներկայացնում ֆուտբոլիստի կարիերայի հիշարժան դրվագները, ձեռքբերումները եւ կարեւոր մտքերը:

Ծնողները. Յուրին կալմիկ Ժան Ջորկաեֆի ու հայուհի Մարի Օհանյանի 3 որդիներից մեկն է: Մարիի ընտանիքը Ցեղասպանությունից մի կերպ է փրկվել ու Բուրսայից հասել Ֆրանսիա:

1968 թվականի մարտի 9-ին ծնված իրենց որդուն նրանք Յուրի են կոչել Դեւիդ Լինի օսկարակիր «Դոկտոր Ժիվագո» ֆիլմի տպավորության տակ: Յուրի Ժիվագոյի դերը մարմնավորել է հայտնի Օմար Շարիֆը, որը հետագայում նկարահանվել է նաեւ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում:

Ժան Ջորկաեֆն էլ ֆուտբոլիստ էր ու խաղացել է Ֆրանսիայի հավաքականում: Նա մասնակցել է 1966 թվականին Անգլիայում կայացած Աշխարհի առաջնությանը, սակայն երեւակայել չէր կարող, որ որդին մի օր ինքն է դառնալու Աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը` Getty Images


Ակումբները. «Գրենոբլը» Ջորկաեֆի կարիերայի առաջին ակումբն է, այնտեղ նա 5 մրցաշրջան է անցկացրել ու հանդես եկել Լիգա 2-ում ու Լիգա 3-ում: 18 տարեկանում նա արդեն ավագի թեւկապն էր կրում:  

Յուրին հիանալի կարիերա ունեցավ «Ինտերում», ակումբի նախագահ Մասիմո Մորատին անգամ խոստացել էր նրան տալ իր շքեղ բնակարանի բանալիներն ու նրա բրոնզաձույլ արձանը կանգնեցնել ստադիոնում, այն բանից հետո երբ նա «Ռոմայի» դարպասը շքեղ գոլ ուղարկեց:



Ակումբի հետ նա 1998 թվականին տիրացավ ՈւԵՖԱ-ի գավաթին: Հետաքրքիր է, որ «Ինտերի» հիմնադրման օրն էլ մարտի 9-ն է:

Ջորկեֆը ոչ մի չեմպիոնական տիտղոս իր ակումբների հետ չի նվաճել, թեեւ դրանք բավական շատ են եղել: Նա խաղացել է նաեւ «Ստրասբուր», «Մոնակո», ՊՍԺ, «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբերն» ու «Նյու Յորք Մեթրո Ստարզ» ակումբներում:

Մականունները. Թանկագին կամ փայլուն: Այսպիսի մականուն Ջորկաեֆը ստացել է Միլանում խաղալու տարիներին, որտեղ նա կարճ ժամանակում կարողացավ դառնալ «Ինտերի» երկրպագուների սիրելին: 1997 թվականին պաշտոնապես ճանաչվեց ակումբի լավագույն խաղացող:

Լուսանկարը` inter.it


Ջորկաեֆին նաեւ օձ էին անվանում՝ պաշտպաններին սահելով շրջանցելու կարողության համար:

«Բարսելոնան». Ի դեպ, 1996 թվականին Ջորկաեֆը կարող էր հայտնվել ոչ թե Իտալիայում, այլ Իսպանիայում: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը ցանկանում էր ահեղ հարձակողական դաշինք ստեղծել՝ Ռոնալդո-Զիդան-Ջորկաեֆ:

Սակայն հոլանդացու նպատակը կյանքի կոչել չստացվեց, նա իր պաշտոնը զիջեց Բոբբի Ռոբսոնին: Սակայն դա չխանգարեց Յուրիին երկու լեգենդար ֆուտբոլիստների հետ էլ խաղալ՝ Ռոնալդոյի հետ «Ինտերում», իսկ Զիդանի հետ 2 անգամ չեմպիոն հռչակվեց Ֆրանսիայի ընտրանու կազմում:

Լուսանկարը` Getty Images


Արսեն Վենգեր. Ջորկաեֆն իրեն իսկապես սկսեց դրսեւորել «Մոնակոյում», որն այն ժամանակ մարզում էր Արսեն Վենգերը, թեեւ ֆուտբոլիստի հետ նրանց հարաբերություններն այդքան էլ սահուն չէին: Այդ մասին Յուրին գրել է իր ինքնակենսագրական գրքում: Սակայն հենց Վենգերի գլխավորությամբ սկսեց ցուցադրել իր պոտենցիալը:

«Վենգերի հետ հիանալի էր աշխատել: Նա հստակ պահանջներ ունի ու անհատական ցուցումներ ամեն ֆուտբոլիստին: Նրանից շատ բան եմ սովորել: Այն ժամանակ հասկացա, որ «Մոնակոյում» ոչ ոք հենց այնպես հիմնական կազմում չի հայտնվում»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Զինեդին Զիդան. Ֆրանսիայի հավաքականում շատ ֆուտբոլիստներ Զիդանի ստվերում էին հայտնվում: Սակայն Ջորկաեֆին հաջողվում էր հիանալի զույգ կազմել Զիդանի հետ ու գրոհներին սրություն հաղորդել: Զիդանը Յուրիին անվանել է ամենահասկացող ու իմաստուն թիմակիցներից մեկը: Նրանք միասին հեղինակել են 1998 թվականի ԱԱ-ի եզրափակչի գոլերից մեկը: Ջորկաեֆն այդ առաջնությունում գոլային փոխանցումների լավագույն ցուցանիշն ուներ:

Լուսանկարը` purepeople.com


Ֆրանսիան. Աշխարհի, Եվրոպայի ու Կոնֆեդերացիաների գավաթի չեմպիոն Ջորկաեֆը եռագույնների հետ տիրացել է բոլոր հնարավոր նվաճումներին: Նա ազգային ընտրանու կազմում 82 հանդիպման է մասնակցել ու 28 գոլի հեղինակ դարձել:

Ջորկաեֆը հեշտությամբ է դարձել թիմի մի մասն ու լեզու գտել Լորան Բլանի, Զիդանի, Մարսել Դեսայիի, Դիդյե Դեշամի հետ:

Ջորկաեֆը շատ արագ հասկացավ, որ հավաքականում չպետք է տարվի անհատական խաղով, նա թիմային ֆուտբոլիստ դարձավ:

«Մեր հավաքականը շատ տարբեր էր, բայց մենք լավ ընկերներ էինք: Այդպիսի միություն, նպատակին հասնելու ձգտում ու մեկը մյուսին աջակցելու պատրաստակամություն իմ կարիերայում էլ ոչ մի տեղ չեմ հանդիպել:

Լուսանկարը` FIFA


Տնային ԱԱ-ից առաջ հասկացա, որ պետք է եսասիրական որակներիս մասին մոռանամ: Չէի ցանկանում 6 գոլ խփել, բայց խմբային փուլից հետո դուրս մնալ պայքարից: Ցույց տվեցի, որ խաղադաշտ եմ դուրս գալիս ոչ միայն գոլ խփելու համար:

Ես ծնվել ու մեծացել եմ Ֆրանսիայում, այդ երկիրն ինձ ամեն ինչ է տվել: Կարող էի նրան փոխհատուցել միմիայն իմ ֆուտբոլային հաջողություններով եւ ուրախ եմ, որ կարողացա անել դա»,- ասել է ֆուտբոլիստը:

Հայաստանը. «Հայկական ոգին ու ֆրանսիական պատրաստվածությունը Յուրիին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն են դարձրել»,- մի անգամ ասել է Չեզարե Մալդինին:

Ջորկաեֆը միշտ կապված է եղել Հայաստանի հետ, կարիերան ավարտելուց հետո էլ նա մշտապես լինում է Երեւանում, տարբեր միջոցառումների մասնակցում ու բարեգործական նախաձեռնություններ իրականացնում:

Լուսանկարը` FIFA


«Հպարտ եմ, որ հայկական արմատներ ունեմ: Երբ տարբեր երկրներում էի հայտնվում, վերցնում էի հեռախոսագիրքն ու սկսում հայկական ազգանուններ փնտրել, ապա զանգահարում էի: Սովորաբար չէի ասում, թե ով եմ, պարզապես որպես հայ էի ներկայանում, որն իրենց երկիր հանգստանալու է ժամանել: Միշտ գիտեի, որ հայերի համար առանձնահատուկ եմ, ինչի համար հպարտանում էի, քանի որ ես էլ հայ եմ»,- ասել է նա:

Ջորկաեֆն իրեն առաջին հերթին ֆրանսիացի է համարում, որն անչափ կապված է Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

«Մենք միշտ ընտանիքի պաշտամունք ենք ունեցել, որի գլխավորը պապս էր՝ Գարո Օհանյանը: Հենց նրա պատվին եմ փոք որդուս Օհան կոչել: Ավագ որդիս երկու անուն ունի՝ Սաշա ու Արամ: Հայկական ընտանիքում երեխաների դաստիարակությամբ կանայք են զբաղվում: Մայրիկս ու տատիկս մեզ պարզ արժեքներ են փոխանցել՝ տալ, հարգել, կիսվել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մանկությանս ամենաանմոռանալի հուշերը կապված են տատիկիս ու պապիկիս հետ, որոնց հետ մենք անց էինք կացնում ուրախ, անհոգ օրեր: Հենց նրանց շնորհիվ է, որ չեմ հեռացել իմ արմատներից: Տատիկս հայկական համեղ կերակուրներ էր պատրաստում, մինչեւ հիմա չեմ մոռացել դրանց համը:

Կինս իսպանուհի է, սակայն ես էլ ավագ եղբորս պես հայկական եկեղեցում եմ պսակադրվել»:

Կինը. Իր առաջին ակումբում խաղալու ժամանակ Յուրին սրճարանում ծանոթացել է Սոֆի Խիմենեսի հետ, որն ուսանողուհի էր ու օտար լեզուներ էր սովորում: Նա գլուխ է գովել, թե շուտով սովորելու է Անգլիայում, սակայն մեկնելուց 2 շաբաթ անց վերադարձել է Գրենոբլ՝ Յուրիի մոտ:

Լուսանկարը` Getty Images


«Տարիներ անց նա Լիոնում թարգմանիչների դպրոց հիմնեց, բայց երիտասարդ տարիքում իր կրթությունը զոհաբերեց հանուն ինձ»,- գրել է Ջորկաեֆը:

Ցեղասպանությունը. Իր ողջ կարիերայի ընթացքում Ջոկաեֆը փորձել է Աշխարհի ուշադրությունը սեւեռել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության վրա:

1993-1994 թթ. Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում նա «Մոնակոյի» կազմում գրավեց թուրքական «Գալաթասարայի» դարպասը, ինչից հետո հայտարարեց. «Սա իմ առաջին պատասխանն էր Ցեղասպանությանը»:

1998 թվականին Անկարան տեղին չհամարեց Աշխարհի հավաքականի կազմում Ջորկաեֆի մասնակցությունը Թուրքիայի հանրապետության 75-ամյակի առթիվ կայանալիք խաղին: Նրա ներկայությունը հավաքականի կազմում Թուրքիան որակեց որպես «անձնական վիրավորանք»: Ջորկաեֆն ինքը մինչ այդ արդեն հայտնել էր, որ Ստամբուլ մեկնելու ցանկություն չունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նման բան տեղի ունեցավ նաեւ 2000 թվականին, երբ Յուրին հրաժարվեց մասնակցել Թուրքիայի ու Ֆրանսիայի հավաքականների ընկերական խաղին:

Դրանից ամիսներ անց՝ 2001 թվականին Ջորկաեֆն ու Բոգոսյանն անձամբ շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին՝ Ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հայաստան-Ֆրանսիա կապը. Ջորկաեֆը պատմել է, որ նրա հայրը պետք է 1998 թվականին գլխավորեր Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: Նրան այդ պաշտոնը ստանձնել առաջարկել էր Ռուբեն Հայրապետյանը:

Դրա հաջորդ տարին Հայաստանն ու Ֆրանսիան ԵՎՐՈ-2000-ի ընտրական խմբում միմյանց դեմ պետք է խաղային:

«Ստադ դե Ֆրանսում» կայացած խաղում առաջին հարվածը կատարեց Շարլ Ազնավուրը: Այդ խաղում Ռոման Բերեզովսկին հրաշքներ գործեց, սակայն պարտությունից խուսափել չստացվեց՝ 0:2: Երկրորդ գոլը Ջորկաեֆ-Ալեն Բոգոսյան համագործակցության արդյունքում եղավ:

Լուսանկարը` francefootball.fr


«Ալենը 17 տարեկանում էր կորցրել հորն ու Հայաստանի հետ այնքան էլ կապված չէր, ինչպես ես: Բայց ես համոզեցի նրան չմոռանալ իր արմատների մասին: Մոռանալ՝ նշանակում է դավաճանել»,- հիշել է Յուրին:

Երեւանում կայացած խաղից առաջ Ջորկաեֆն առաջարկել է խաղացողներին 100-ական դոլար հավաքել, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլոդ Սիմոնեն այն կրկնապատկել է: Յուրին այդ գումարը հատկացրել է երեւանյան դպրոցներից մեկի վերանորոգմանը:

Ջորկաեֆը Երեւանում գոլի հեղինակ է դարձել, Ֆրանսիան էլ հաղթել է 3:2 հաշվով: Նա սակայն թիմի հետ չի մեկնել, մնացել է Երեւանում ու բարեկամների հետ լավ ժամանակ անցկացրել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին