Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը սպորտային կադրեր պատրաստելու հարցում առաջնային դեր ունի: Հենց այնտեղ են հմտանում մանկապատանեկան դպրոցների լավագույն կադրերը, իսկ հետագայում համալրում տարբեր մարզաձեւերի հավաքականները:
Այս տարի հիմնադրման 50-ամյակը նշող քոլեջը Հայաստանի շատ մարզական կառույցների պես բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց անդրադարձել է Mediamax Sport-ը:
Ժամանակին անհամահունչ քոլեջը փոխվում է
Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը մեկ տարուց ավելի է, որ դարձել է քոլեջի տնօրեն: Նախկինում էլ կառույցը ղեկավարելու առաջարկություններ ստացել է, սակայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի բաժինն էր ղեկավարում: Իսկ երբ քոլեջի նախկին տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը եւս մեկ անգամ հրավիրեց աշխատելու, զգաց, որ պահը հասունացել է ու ընդունեց առաջարկությունը:
Լավ ծանոթ էի քոլեջին ու խնդիրներին, ես էլ սովորել եմ այստեղ, հետո նաեւ աշխատել: Երբ գլխավորեցի քոլեջը կազմակերպչական եւ շենքային պայմանները գոհացնող չէին: Սպորտը թանկ հաճույք է, եւ չեմպիոնի մեդալի միայն մեկ կողմը չէ, մեդալին հասնելու համար նաեւ հսկայական աշխատանքներ են տարվում: Նման հաջողության հասնելու համար բարեկեցիկ պայմաններ են պետք:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գալուստյանը նախկին ղեկավարությունից գոհ է իրեն բաժին հասած աշխատակազմի համար, որը կարողացել է ծանր ժամանակներում եւ տարատեսակ ճնշումների ներքո պահել քոլեջը:
Աշխարհի չեմպիոնը նշում է, որ զգալի դրական փոփոխություններ են արդեն հասցրել կատարել: Հանրակացարանային մասնաշենքի աշխատանքներն են ավարտին մոտենում, բավականին գույք են ձեռք բերել հանրակրթական եւ միջին մասնագիտական քոլեջների համար, ճաշարանը հիմնովին վերափոխել են:
Օգոստոսին քոլեջում լրիվ այլ պատկեր կունենանք: Մինչեւ այդ ժամանակահատվածը միայն շինարարություններ ենք անելու, բարեկարգված ու կանաչապատված բակ, լսարաններ ու նոր մարզադահլիճներ կունենաք: Ծանրամարտի, ըմբշամարտի ու ձյուդոյի դահլիճները կապիտալ վերանորոգվելու են: Դահլիճները նախատեսվում են շահագործման հանձնել 2022-ին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նախագծողի հետ մանրակրկիտ աշխատել եմ, այնպես չէ, որ դիզայներ եմ, պարզապես այնքան եմ խոշոր մրցաշարերի մասնակցել, որ վառ պատկերացնում եմ մարզակառույց ունենալու համար ինչ է պետք: Նախնական պայմանավորվածություններն արդեն կան, եթե երկրում տիրող իրավիճակը չխանգարի, ամեն ինչ իր հունով կընթանա:
Որակյալ կադրերի խնդիրը
Քոլեջը 13 մարզաձեւերում հանդես եկող 524 աշակերտ ունի: Ընդունելությունն արվում է 7-րդ դասարանից: Գալուստյանը նշում է, որ նախատեսում են ընդունելության կարգը փոխել, որպեսզի կարողանան լավ որակ ապահովել:
Մեր մարզիկները պետք է տեղում չմնան, անընդհատ փորձի փոխանակման ու համատեղ մարզումների կարիք կա եւ ոչ միայն մարզական առումով: Այստեղ նաեւ միջին մասնագիտական քոլեջ կա, որը մարզչի որակավորում է տալիս:
Կորոնավիրուսի ընթացքում Հայաստանի մանկապատանեկան դպրոցները չեն աշխատել, քոլեջում այդ խնդիրը յուրովի են լուծել: Պահելով պարետատան բոլոր կանոնները`ստեղծել են բաժանմունքներ մարզումների համար ու 20 հոգանոց խմբերով հավաքներ կազմակերպել: 4 ամիս քոլեջի լավագույն սաներն ապրել են այնտեղ ու նաեւ պահել մարզավիճակը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջին տարիներին Հայաստանի առաջնություններին սկսել են քիչ քանակությամբ մարզիկներ մասնակցել, բավական ընկել է նաեւ նրանց որակը: Այս խնդիրը մտահոգում է նաեւ Վաղինակ Գալուստյանին:
Հայաստանում եղած կադրերի՝ մարզիկների ու մարզիչների որակը չի բավարարում 2 պատճառով: Արտադրանք ստանում ենք մանկապատանեկան դպրոցներից, որոնց աշխատանքը մեզ համար շատ կարեւոր է: Եթե նրանք կաղում են, բնականաբար, քոլեջը չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծված է:
Մենք ընդունում ենք պատանեկան սպորտում որոշակի հաջողությունների հասած ու բարձր արդյունքներ գրանցած մարզիկների: Եթե մարզադպրոցների աշխատանքն ու մարզումները ճիշտ չընթանան, ումի՞ց որակ պահանջենք: Մեզ մոտ բարձր վարպետության խմբեր են ձեւավորվում, որոնց հետ աշխատում ենք ու հասցնում հավաքականների մակարդակին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մարզիչների դերի բարձրացումը
Քոլեջում ամեն ինչ հստակ ժամանակացույցով է արվում՝ մարզիկները պետք է հասցնեն ժամանակին սնվել, 2 անգամ մարզվել, դասերի հաճախել ու հանգստանալ: Հանրակրթական դպրոցներում 120 ժամ բացակայութան դեպքում երեխաները դուրս են մնում ուսումնական պրոցեսից, իսկ քոլեջում այդ առումով կան լավ ու կիրթ մարզիկ պատրաստելու համար բոլոր հնարավորությունները:
Միշտ ասում եմ, որ մանկապատանեկան մարզադպրոցները մեզ համար ամենակարեւորն են: Ինքներս պետք է ամեն ինչ անենք, որ դրանք սկսեն ճիշտ աշխատել: Մարզիչներն այսօր անտեսված են ու հուսալքված, աշխատավարձերը շատ ցածր են, մինչդեռ նրանք պետք է այնքան գումար վաստակեն, որ ուղեղով ու հոգով մնան դահլիճում: Իսկ նրանք շատ հաճախ ստիպված մի քանի աշխատանք են համատեղում:
Կյանքը տասն անգամ թանկացել է, իսկ մարզիչները դեռ 80 հազար դրամ են վաստակում ու աշխարհի չեմպիոններ պատրաստում: Նման մարդկանց նվիրվածության շնորհիվ ենք հաջողություններ ունենում: Ես ու իմ սերնդակիցներն էլ ծանր պայմաններում ենք մարզվել, բայց մեր մարզիչների շնորհիվ ենք սպորտում մնացել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գալուստյանը ցավով է ընդգծում, որ չնայած կյանքի որակն էականորեն փոխվել է, սակայն մարզադահլիճների վիճակը նույնն է մնացել, իսկ արտերկրում անհամեմատ լավ պայմաններում են մարզվում: Ըստ նրա՝ դա է նաեւ պատճառը, որ ծանրամարտի ու ըմբշամարտի պես հարուստ ավանդույթներ ունեցող երկիրը մեկ անգամ գոնե Եվրոպայի առաջնություն չի կազմակերպել սեփական հարկի տակ:
Վերապատրաստման կարիքը
Որակավորման բարձրացման կարիք ունեն ոչ միայն մարզիկները, նրանց հետ աշխատող մասնագետներն էլ ժամանակ առ ժամանակ պետք է բարելավեն իրենց գիտելիքները: Վերջին անգամ շատ տարիներ առաջ է Հայաստանում անցկացվել մարզիչ-մանկավարժների վերապատրաստման միջազգային սեմինար:
Ես էլ մասնակցել եմ դրան, լավագույն մարզիչներն ու մրցավարներն էին ժամանել Երեւան, լուրջ տոն էր մեզ մոտ: Այդ ավանդույթը պետք է վերականգնել: Մարզիչները նաեւ մրցավարությունից պետք է լավ հասկանան, որ կարողանան իրենց սաների շահերը պաշտպանել:
Մեր քոլեջը, ինչպես նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, նաեւ դրանում պետք է մասնագիտանան: Ինստիտուտը նոր ռեկտոր ունեցավ, Դավիթ Խիթարյանը որպես ձյուդոյի մրցավար մեծ փորձ ունի, հուսանք փոփոխություններ կլինեն: Միասին լավ համագործակցում ենք, քանի որ մեր ուսանողները հետո ինստիտուտում են սովորում: Ֆիզկուլտինստիտուտն էլ շատ անելիքներ ունի:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գալուստյանը շատ է ցանկանում, որ իրենց մարզիչներն արտերկրում ուժերը փորձելու հնարավորություն ստանան, այլապես երկար ժամանակ նույն տեղում մնալով լճանում են: Նա նպատակ ունի քոլեջը ժամանակի պահանջներին համապատասխան կառույցի վերածել:
Երկիր-սպորտ կապը
Երկրում տիրող իրավիճակն անմիջականորեն ազդեցություն է թողնում նաեւ սպորտային ոլորտի վրա: Գալուստյանը շատ լավ հասկանում է, որ մեծ ծրագրեր կազմելիս այդ ամենը պետք է հաշվի առնել: Սակայն նա խնդիրների հաղթահարման սեփական տարբերակն է առաջարկում:
Ինչո՞ւ տարիներ շարունակ գոնե մեկ դահլիճ չենք ունեցել, որտեղ հնարավոր կլիներ միջազգային մրցաշար անցկացնել: Եղել է միայն մարզահամերգային համալիրը, որն աստղաբաշխական գումարներ էր ուզում, բացի այդ էլ այն մարզական առումով շատ անհարմար է: Ժամանակն է, որ բոլորս այս իրավիճակից դուրս գանք միայն աշխատելու շնորհիվ:
Իմ աշխատողներին, որոնք 219 հոգի են, ասում եմ՝ մեզ համար հանգստյան օրեր չպետք է լինեն, մեզ նոր մտքեր, գաղափարներ ու եռանդ է պետք: Էլ ի՞նչ հանգստանանք, 30 տարի բավականին հանգստացել ենք: Չէի կարող գալ այստեղ նստել ու ոչինչ չանել: Իմ մոտեցումներն ու պահանջներն այլ են, ես պատկերացնում եմ այս կառույցն ամենաբարձր աստիճանին տեսնել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս տարվա սպասելիքները
Մինչեւ տարեվերջ Վաղինակ Գալուստյանը մի քանի էական փոփոխություններ է ցանկանում կատարել: Նախ նրան չի գոհացնում, որ մարզակառույց մտնելով սպորտային ոչինչ հնարավոր չէ նկատել, բացառություն են կազմում միայն Օլիմպիական օղակները: Նա կառույցի արտաքին տեսքը շատ կարեւոր է համարում, քանի որ առաջին տպավորությունը հենց դրանից է ստեղծվում:
Նախատեսում ենք բացօթյա ամֆիթատրոն ունենալ, որտեղ էկրան կտեղադրվի, ու երեխաները կհետեւեն մեծ սպորտային միջոցառումների: Թենիսի կորտերի կարգավիճակը կփոխենք՝ դարձնելով արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի: Կողքը ռետինե ծածկոցով բազմաֆունկցիոնալ դաշտ կլինի՝ թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի համար: Մեր սաները նոր զբաղվածություն կունենան ու ազատ ժամանակն իզուր չեն վատնի:
Հավելյալ գումարի կարիք չի լինի, քոլեջում շատ լավ են հասկանում, որ լրացուցիչ ֆինանսավորում առանց այն էլ ծանր դրության մեջ հայտնված կառավարությունից պահանջել չեն կարող: Կորոնավիրուսի ընթացքում գումար են խնայել, քանի որ դասեր չեն եղել ու սնունդի համար հատկացված փողը չի ծախսվել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կառավարության որոշումով գումարը մնաց մեզ մոտ ու դրանով աշխատանքներ կանենք՝ հանրակացարանը կկահավորենք, էլեկտրականության լարերն ու խողովակներն ենք փոխում, բարեկարգում եւ սալիկապատում տարածքը: Պետական կառույց եք ու կարողանում ենք մեզ տրամադրված գումարները ճիշտ բաշխել, իհարկե, եթե խնդիրներ լինեն, մասնավորին էլ կդիմենք:
Պլանավորում են նաեւ քոլեջի 50-ամյակը նշել ու հրավիրել այլ երկրների նմանատիպ կառույցներին: Մասնավորապես համագործակցում են Ռուսաստանի մի քանի քաղաքների, Ֆրանսիայի, Վրաստանի քոլեջների հետ: Փոխադարձ այցելություններ ու համատեղ ծրագրեր իրականացնել:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: