Ապրիլ 19, 2024
exclusive
14209 դիտում

Երեւան ժամանող լեգենդները՝ Պաոլո Մալդինի


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` REUTERS


Պաոլո Մալդինին օրեր առաջ է տոնել ծննդյան 50-ամյակը: Երեւանում նրան այս առիթով, ինչպես նշել են Լեգենդների խաղի կազմակերպիչները, անակնկալ է սպասվելու:

Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հետաքրքիր տոն են նվիրելու հայ երկրպագուներին:

Լուսանկարը` REUTERS


***
Մալդինին ծնվել է 1968-ի հունիսի 26-ին Միլանում: Նրա ընտանիքը բազմանդամ է եղել, Պաոլոն 3 քույր եւ 2 եղբայր ունի:

Հայրը՝ Չեզարե Մալդինին, նույնպես պաշտպան է եղել ու երկար տարիներ հանդես է եկել «Միլանում»: Պաոլոն 10 տարեկանում դարձել է միլանյան ակումբի պատանեկան թիմի անդամ:

«Կյանքիս 31 տարին նվիրել եմ «Միլանին»: Այն միշտ իմ սրտում է, «Միլանն» իմ մեծագույն սերն է»:

Լուսանկարը` REUTERS


***

Երկար տարիներ լինելով «Միլանի» ու Իտալիայի հավաքականի ավագը՝ Մալդինին ստացել է Il Capitano՝ Ավագ մականունը:

***

647: Ահա այսքան անգամ է Մալդինին ելույթ ունեցել Ա Սերիայում, այսպիսի ցուցանիշ ոչ մի ֆուտբոլիստի գրանցել չի հաջողվել: Իսկ ընդհանուր առմամբ իր միակ ու անփոխարինելի ակումբում նա անցկացրել է 902 խաղ:

Լուսանկարը` REUTERS


***

Նա տիրացել է 26 տիտղոսի՝ 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ տիրացել ՉԼ-ի գավաթին, 5 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին… այս շարքը կարելի է երկար շարունակել:

«2007-ին ՉԼ-ում «Լիվերպուլին» հաղթելուց հետո մենք 36 ժամ նշում էինք: Ապա ես մեկնեցի Բելգիա վիրահատության: Երբ ամեն ինչ ավարտվեց ու ուշքի էի գալիս, մտքումս անընդհատ հարցնում էի, «Մենք հաղթե՞լ ենք, հաղթե՞լ ենք: Այո, մենք հաղթել ենք»: Դա անհավանական էր»:

Լուսանկարը` REUTERS


***

Եվրոպական հայտնի ակումբներ ժամանակին շատ են ցանկացել ձեռք բերել Մալդինիին, առաջարկել են ավելի լավ պայմաններ ու բարձր աշխատավարձ, սակայն իտալացին բոլորին միանգամից մերժել է ու ողջ կարիերան նվիրել իր սիրելին ակումբին:

«Հիշում եմ, որ հատկապես Անգլիայից էին շատ հետաքրքրված: Ոչ մեկի հետ չէի մտնում բանակցությունների մեջ: Միայն մեկ անգամ, երբ Միլանում ինձ համար խնդիրներ էին առաջացել, մտածեցի, իսկ եթե փորձեմ հեռանա՞լ: Ինքս ինձ միանգամից պատասխանեցի՝ ոչ»:

***

Իտալիայի ազգային հավաքականում Մալդինիի նվաճումներն ավելի համեստ են: Նա 1990-ին ԱԱ-ում դարձել է բրոնզե, իսկ 1994-ին՝ արծաթե մեդալակիր: 2000-ին նա իր խաղընկերների հետ տիրացել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը:

Լուսանկարը` REUTERS


***

Մալդինին նաեւ շատ անհատական մրցանակներ է ստացել: Արժե առանձնացնել դրանցից մի քանիսը. նա ընդգրկվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների, բոլոր ժամանակների աշխարհի հավաքականում, ՖԻՖԱ-ի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում:

***

Պաոլո Մալդինին ամուսնացել է նախկին մոդել Ադրիանա Ֆոսսայի հետ: Նրանք երկու որդի ունեն՝ Քրիստիանն ու Դանիելը:

Լուսանկարը` Twitter



«Տղաներս նույնպես «Միլանի» անդամներ են: Սերը դեպի ֆուտբոլ ու հենց այդ ակումբ մենք սերնդեսերունդ ենք փոխանցում»:

Լուսանկարը` Twitter


***

Մալդինին միայն ֆուտբոլով չի հետաքրքրվում: Նա նաեւ երաժշտական հաղորդում է վարում իտալական ռադիոընկերություններից մեկում: Ունի նաեւ վիդեոխաղերի խանութ, «Hollywood» բարի համասեփականատերերից է, որտեղ միլանցիները շատ հաճախ են նշում իրենց հաղթանակները:

***

Նրա համար երբեք ոչինչ էլ ուշ չէ: 49 տարեկանում նորամուտն է նշել պրոֆեսիոնալ թենիսում: Միլանում կայացած մրցաշարում նա Ստեֆանո Լանդոնիոյի հետ զուգախաղում պարտություն է կրել առաջին իսկ խաղի ժամանակ:

Լուսանկարը` Twitter


***

Մալդինին, ընդհանրապես, չի սիրում հարցազրույցներ տալ, փորձում է քիչ շփվել լրագրողների հետ: Նրա տունը գտնվում է «Սան Սիրո» մարզադաշտի մոտակայքում: Ասում են, որ չի սիրում ցուցադրել իր տիտղոսները, փոխարենը տան պատերը զարդարում են ընտանեկան լուսանկարները:

***

Միլանին անմնացորդ նվիրված այս լեգենդար ֆուտբոլիստի մասին պատմող նյութն ավարտենք մի հետաքրքիր փաստով: Իտալերեն նրա ազգանունից (Maldini) կազմվում է di Milan բառակապակցությունը, որը թարգմանաբար նշանակում է «Միլանից»:

Երեւան ժամանող լեգենդները՝ Լուիշ Ֆիգու

Երեւան ժամանող լեգենդները՝ Յուրի Ջորկաեֆ

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին