Ապրիլ 20, 2024
exclusive
9288 դիտում

Հայաստանի բազմազգ ընտրանին. Լատինական Ամերիկա-Եվրոպա-Աֆրիկա


Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` wikipedia.org

Լուսանկարը` armradio.am

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo


Արգենտինահայ Նորբերտո Բրիասկոյի ժամանումը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական ու նրա շուրջ ստեղծված իրարանցումն առիթ դարձան, որ վերհիշեք արտերկրից մեր ընտրանին համալրած խաղացողներին:

Պարզվում է, հավաքականը ոչ միայն բազմաթիվ արտասահմանցի մասնագետներ են գլխավորել, այլ նաեւ ֆուտբոլիստներ հանդես եկել:

1992-ին հավաքականի ստեղծման օրվանից մինչ հիմա ընտրանու կազմում բազմաթիվ խաղացողներ են հանդես եկել արտերկրից, նրանք պաշտպանել են թիմի դարպասը, գոլեր խփել, սիրվել ու իրենց հետքը թողել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Օտարերկրյա պոտենցիալը

Ռոման Բերեզովսկի. Առանց չափազանցնելու նա հավաքականի ամենասիրված, կրթված ու համեստ խաղացողներից էր: Այս տարվա մարտին արդեն 2 տարի է, որ Բերեզովսկին դադարել է հանդես գալ հավաքականում, սակայն երկրպագուների մտքովն անգամ չի անցնում նրան մոռանալ:

Դարպասապահի ու երկրպագուների փոխհարաբերություններն այնքան յուրահատուկ էին: Բերեզովսկին առիթը բաց չէր թողնում ընդգծելու, որ շատ է սիրում նրանց իրենց նվիրվածության, ջերմության ու աջակցության համար: Իսկ նա երկրպագուների սիրելի «Բերեզն» էր, որի ներկայությամբ դարպասն այնքան անառիկ ու հուսալի էր թվում:

Լուսանկարը` ffa.am


Բերեզովսկին ծնվել ու մեծացել է Երեւանում, իր հայրենիքը Հայաստանն է համարում ու կարոտում, երբ հեռու է լինում:

«Ինձ դեռ 1994-ից հրավիրում էին երիտասարդական հավաքական: Այնպես որ, երբեք չեմ մտածել Ռուսաստանի ընտրանու մասին: Ինձ միշտ հայ եմ զգացել, այնտեղ ամեն ինչն ինձ հոգեհարազատ է: Մարդիկ շատ ջերմ են, երկրպագուները 15 տարի շարունակ մեզ դիմավորում են օդանավակայանում: Երբեք չեմ մոռանա Իռլանդիայից կրած պարտությունից հետո  ինչպես էին մեզ աջակցում: Հայաստանը հարազատ հող է, չմոռանամ ասել, որ մրգերն էլ շատ համեղ են»,- խոստովանել է նա:

Մարկոս Պիզելի. Նա մեր հավաքական բերեց բրազիլական անսպառ էներգիան, յուրահատուկ կոտրտված, բայց եւ հաճելի հայերենն ու մեծ սերը:

Պիզելին Հայաստանում է 2006 թվականից «Արարատ» ֆուտբոլային ակումբի շնորհիվ:  Հայաստանի քաղաքացիություն նա ստացել է 2008-ին ու միացել Հայաստանի ընտրանուն, թիմի կազմում 61 հանդիպման է մասնակցել ու 9 գոլի հեղինակ դարձել:

Լուսանկարը` PAN Photo


«Սկզբում, երբ եկա Հայաստան, ուզում էի ամեն ինչ թողնել ու հեռանալ: Այստեղ ցուրտ էր ու անսովոր: Ինձ թարգմանիչ չէին տրամադրել ու ոչ մեկի չէի հասկանում: Բայց աստիճանաբար հարմարվեցի: Երբ հավաքականից հրավեր ստացա համաձայնվեցի, քանի որ դժվար կլիներ հանդես գալ Բրազիլիայի ընտրանու կազմում: Աննկարագրելի էր այդ առաջարկությունը: Հիմա արդեն ինձ 99 տոկոսով հայ, ու 1-ով եմ բրազիլացի համարում»,- նշել է ֆուտբոլիստը:

Նա իր ամեն խաղով փորձում է շնորհակալություն հայտնել այդքան ջերմորեն ընդունած ու իրեն հարազատ համարող Հայաստանին:

Էդել Ապուլա Էդիմա Բետե. Կամերունցի դարպասապահը Հայաստան է եկել դեռ պատանի տարիքում: 2003-ից սկսել է հանդես գալ «Փյունիկի» հիմնական կազմում ու հրավիրվել երիտասարդական հավաքական: Ազգային թիմում նորամուտը նշել է 2004-ին ու հավաքականի դարպասը պաշտպանել 6 անգամ՝ ոչ մի գոլ բաց չթողնելով:

2005 թ-ին մասնակցել է մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդին, որից հետո պարզապես փախել Հայաստանից: Հետագայում հարցազրույց է տվել ու մեղադրել հայերին իր հետ վատ վարվելու մեջ, իբր դա էլ եղել էր հեռանալու պատճառը: 2011-ին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ կփորձեն վերադարձնել Բետեին, սակայն ջանքերն ապարդյուն էին:

Լուսանկարը` Facebook


Հիմա Բետեն շարունակում է ելույթ ունենալ Իսրայելում: Դարպասապահի կարիերայի ամենահաջող շրջանը եղել է 2007-2011-ին, երբ հանդես է եկել ՊՍԺ-ում:

Խոսե Անդրե Բիլիբիո. Արգենտինացի պաշտպանը ելույթները սկսել է «Արարատում»: Նա «Փյունիկի» հետ հաջող խաղացել է Հայաստանի առաջնությունում, ապա հանդես եկել Չեմպիոնների Լիգայում ու հրավիրվել հավաքական Օսկար Լոպեսի աշխատելու ընթացքում: 2002-2003 թթ. ընտրանու կազմում 10 հանդիպման է մասնակցել: Իսկ Միխայ Ստոյկիցայի հեռանալուց հետո էլ չի հրավիրվել հավաքական, հեռացել է նաեւ ակումբից ու կարիերան շարունակել Բոլիվիայում:

Ալեքս դա Սիլվա. Նա մեր հավաքականի 2-րդ բրազիլացին է, Հայաստանի քաղաքացիություն ստացել է 2016-ին՝ երկար տարիներ «Միկայում» հանդես գալուց հետո: Կիսապաշտպանը Հայաստանում ամենաերկար հանդես եկած լեգիոներներից է: Դա Սիլվան «Միկայում» նույնիսկ ակումբային ռեկորդ է սահմանել՝ Հայաստանի առաջնությունում մասնակցելով 203 խաղի: Սակայն հավաքականի մարզաշապիկը կրել է ընդամենը 2 անգամ:

Լուսանկարը` wikipedia.org


Բալեպ Բա Նդումբուկ. 16-ամյա կամերունցին 2003-ին խաղում էր «Փյունիկի» 2-րդ թիմում, ապա տեղափոխվեց հիմնական թիմ ու հրավիրվեց Մ-19 տ. հավաքական, ապա՝ երիտասարդական: 2004-ին հավաքականում 3 խաղի մասնակցեց, ինչից հետո  հեռացվեց եւ հավաքականից, եւ «Փյունիկից»` անձնական տվյալները կեղծելու ու ավելի երիտասարդ տարիքով ներկայանալու համար:

Հավաքականում հանդես են եկել նաեւ ռումինացի կենտրոնական պաշտպան Տուդոր Մարիան Զեչուն ու արգենտինացի կիսապաշտպան Մարսելո Ալեսանդրո Դեվանին:

Սփյուռքի ներուժը

Յուրա Մովսիսյան. Գյումրու բարբառով հաղթանդամ հարձակվողին շատ արագ սիրեցին Հայաստանում: Հատկապես, երբ ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարում նա տպավորիչ խաղով ու գոլերով սկսեց աչքի ընկնել, հավաքականն առանց նրա անհնար էր պատկերացնել:

Հավաքականում նորամուտը 2010-ին Իրանի դեմ ընկերական խաղում նշեց ու խաղադաշտում ընդամենը 15 րոպե անցկացրեց: «Հրազդանի» տրիբունաներում այդ երեկո երկրպագուները ողջունեցին նրան՝ «Յուրա, բարի գալուստ Հայաստան» պաստառով:

Լուսանկարը` armradio.am


Իր առաջին գոլը թիմում նույն տարի հեղինակեց Մակեդոնիայի դեմ խաղում, որը 2:2 հաշվով ավարտվեց. «Ինձ համար ցանկացած խփած գոլ կարեւոր է, բայց հավաքականի համար չափազանց մեծ նշանակություն ուներ Մակեդոնիայի դարպասը խփած գնդակը, բացի այդ էլ դա իմ առաջին գոլն էր թիմում: Այդ գնդակն ինձ վստահություն հաղորդեց»:

ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլում Մովսիսյանը բազմաթիվ անգամ ուրախության պահեր պարգեւեց հայերին: Հավաքականում նա խաղաց մինչեւ 2015 թվականը՝ 35 խաղերում խփելով 10 գոլ, այնուհետեւ սկսեց թիմ չհրավիրվել.

«Յուրա Մովսիսյանը չի լինելու հավաքականում, եթե անգամ մարզիչը ցանկանա նրան հրավիրել: Նա լավ ֆուտբոլիստ է եղել, սակայն Իտալիայի դեմ խաղից հետո դադարել է ցույց տալ իր որակները»,- որոշումն այսպես բացատրեց Հայրապետյանը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում հավաքականի անհաջող ելույթների ընթացքում տրիբունաներում երկրպագուները հաճախ էին վանկարկում Մովսիսյանի անունն ու պահանջում նրան վերադարձնել:

Արաս Օզբիլիս. Արաքս գետի պատվին անունը ստացած Օզբիլիսը ծնվել է Ստամբուլում, ապա 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Հոլանդիա: Այնտեղ նա լավ ֆուտբոլային դպրոց է անցել ու հանդես եկել «Այաքսում»:

Լուսանկարը` PAN Photo


Օզբիլիսը երկար ժամանակ Հայաստանի հավաքականին միանալու համաձայնությունը չէր տալիս, քանի որ հրավերի էր սպասում Հոլանդիայի ընտրանուց: 2011-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ արդեն ժամանակն է 2 հավաքականների միջեւ ընտրություն կատարելու: Ֆուտբոլիստն ընտրեց Հոլանդիան, քանի որ, ըստ նրա, նարնջագույնների հետ կկարողանար աճել: Ավելի ուշ սկսեց պաշտպանել մեր ընտրանու գույները:

Նորամուտի խաղում 2012-ի փետրվարին գրավեց Կանադայի դարպասը: Հիմա նա իր հաշվին արդեն 35 խաղ ու 6 գոլ ունի գրանցած:

Վերջին շրջանում իր ակումբում քիչ խաղալու արդյունքում չի կարողացել նաեւ լիարժեք օգնել հավաքականին:

Արթուր Սարկիսով. Մեր հավաքականի 4-րդ գոլի հեղինակը. հենց այսպես են շատերը ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլից հետո անվանում Սարկիսովին: Փոխարինման մտնելով խաղավարտին՝ նա կարողանում էր խաղադաշտը լքել գոլով:

Հավաքականում 2011-ից է, առաջին գոլն էլ թիմում խփել է Սլովակիայի դեմ խաղում, որն ավարտվել է 4:0 հաշվով:

Լուսանկարը` Photolure


Գաել Անդոնյան. 23-ամյա ֆրանսիահայ կենտրոնական պաշտպանը 2015 թվականից է հավաքականում: Նա 6 հանդիպման է մասնակցել այս ընթացքում:

«Հայաստանի ընտրանու կազմում ես հանդիպել եմ Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Սերբիայի հավաքականներին: Այսպիսի թիմերի ֆուտբոլիստների դեմ խաղալով՝ ավելի ես ուժեղանում: Միջազգային նման հանդիպումներում ամեն ինչ տարբեր է՝ խաղամակարդակը, հանդիպման մթնոլորտը»,- ասել է Անդոնյանը:

Նրա հետ հավաքականը համալրել է նաեւ Ռուսլան Կորյանը, որը  ծնվել է Սոչիում: Նա հավաքականում ավելի շատ խաղերի է մասնակցել՝ 14-ի ու 3 գոլ խփել:

Նորբերտո Բրիասկո Բալեկյան

22-ամյա Նորբերտոն ծնվել է Բուենոս Այրեսում: Նրա հայկական արմատները մորական կողմից են: Արգենտինական «Ատլետիկո Ուրական» թիմի հարձակվողը խոստովանել է, որ միանգամից է համաձայնվել հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Լուսանկարը` ffa.am


«Դա շատ լավ հնարավորություն է ինձ համար: Ուրախ եմ, որ ելույթ եմ ունենալու Էստոնիայի ու Լիտվայի թիմերի դեմ: Հայերենը բարդ լեզու է, մի քանի հիմնական բառեր եմ գրել, որոնք ինձ օգտակար կլինեն Հայաստանում»,- ասել է նա:

Հավաքականին պետք է միանար նաեւ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, սակայն նրան թիմում կտեսնենք ամռանը: Նա Կոլումբիայում կարեւոր հանդիպումներ ունի, ու ակումբը որոշել է ֆուտբոլիստին այս անգամ բաց չթողնել:

Սփյուռքից հավաքականում հանդես են եկել նաեւ Միշել Տեր-Զաքարյանը, Էրիկ Ասադուրյանը, Անդրեյ Մովսեսյանը, Արմանդո Համբարձումյանը, Ռոբերտ Զեբելյանը, Հրաչ Յագանը, Եղյա Յավրույանը, Արտյոմ Խաչատուրովը, Նորայր Ասլանյանը, Մաուրո Գեւգեոզյանը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին