Ապրիլ 26, 2024
exclusive
10956 դիտում

Նրանց ֆուտբոլը կիսատ մնաց... Մահը հաղթեց


Դավիդե Աստորին
Դավիդե Աստորին

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` championat.asia

Լուսանկարը` ytimg.com

Լուսանկարը` washingtonpost.com

Լուսանկարը` twimg.com

Լուսանկարը` epimg.net

Լուսանկարը` championat.com


Օրեր առաջ ֆուտբոլային աշխարհը կրկին համախմբվեց՝ սգալու  «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի կորուստը: Ֆուտբոլն հերթական անգամ ապացուցեց, որ ավելին է, քան մարզաձեւ: Աստորիին ներկայացնելու, մարդկային որակներին անդրադառնալու կարիք չկա: Վերջին օրերին ամեն ինչ ասվեց...

Mediamax Sport-ը Դավիդե Աստորիի գլխավորությամբ հիշում եւ ներկայացնում է այն ճանաչված ֆուտբոլիստներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր եւ բոլորի սիրելի մարզաձեւին:

2017 թվական, հունիսի 5։ Այդ շաբաթ Շեյկ Տիոտեի ընտանիքը պետք է համլրվեր 3-րդ երեխայով: Մեկ տարի շարունակ իմանալով սրտի հիվանդության մասին՝ Շեյկը չէր դադարում ֆուտբոլ խաղալ: Սիրելի զբաղմունքով ապրելու համար նա ստիպված էր երկար տարիներ բոբիկ վազել Աբիջանի փողոցներում: Միայն 15 տարեկան հասակում հնարավոր եղավ ունենալ առաջին մարզակոշիկը: Տիտղոսները նշանակալի էին՝ Հոլանդիայի էրադիվիզիայի չեմպիոն, Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող: Կյանքը գավաթներով ետ չես բերի: 7 տարի հարազատ «Նյուքասլին» նվիրելուց հետո՝ Շեյկը հասկացել էր, որ գալիք մրցաշարջանում թիմի հիմնական կազմում խաղալու հնարավորություն չի ստանա: Կոտդիվուարցին պատրաստ էր կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում: Նախնական համաձայնություն կար Մախաչկալայի «Անժիի» ղեկավարության հետ: Տիոտեով հետաքրքված էր անձամբ թիմի մարզիչը՝ Պավել Վրբան: Բուժզննությունից հետո ռուսական ակումբում հրաժարվեցին պայմանագիր կնքել՝ չմանրամասնելով պատճառը:

Լուսանկարը` championat.asia


Հաջորդ ակումբը, որտեղ  Շեյկը զննությունը տապալեց, թուրքական «Գալաթասարայն» էր:  Թուրքիայում նշում էին, որ պատճառը սրտի հետ կապված հիվանդությունն է: Վերջ ի վերջո Տիոտեն փնտրտունքերի արդյունքում հայտնվեց չինական «Բեյցզին» թիմում: Տարօրինակ է, բայց փաստ. չինացի բժիշկները չէին հայտնաբերել առողջական խնդիրը: Մարզումներից մեկի ժամանակ տեղի ունեցավ անդառնալին: Շեյկը կորցրեց գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: 30 տարեկանում կյանքը կիսատ մնաց... Ոմանց հիշողություններում Շեյկ Տիոտեն կմնա մկանների հզոր զանգվածով տղա, ոմանք կխոսեն նրա մարդկային հիանալի որակների մասին, իսկ ֆուտբալասերը նրան կհիշի որպես անկոտրուն մարտիկ. չէ՞ որ նա մահվան հետ 15 ժամ կռիվ էր տվել։ Ապրելու համար․․․

2003 թվական, հունիսի 26: Աշխարհը Մարկ-Վիվիեն Ֆոեին ճանաչեց 1994 թվականին, երբ նա Կամերունից տեղափոխվեց Ֆրանսիա ու դարձավ «Լանսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Կարիերայի ծաղկուն շրջանում նրան մշտապես հետապնդում էին վնասվածքները: 23 տարեկանում ոտքի կոտրվածքը Ֆոեին զրկեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Կարմիր սատանաների ֆուտբոլիստ դառնալ չհաջողվեց, փոխարենը մանկունյական մյուս թիմը՝ «Սիթին» 2002-ին Ֆոեին գրկաբաց ընդունեց իր շարքերը: Այդ տարի Մարկն Աֆրիկայի ազգերի գավաթի չեմպիոնի կարգավիճակով մասնակցել էր աշխարհի առաջնությանը: Հաջորդիվ Ֆրանսիայում կայանալիք՝ 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի չարաբաստիկ խաղարկությունն էր:

Լուսանկարը` ytimg.com


Կոլումբիայի հետ կիսաեզրափակչի 71-րդ րոպեին մարզադաշտը լռեց․ կանգնել էր Ֆոեի սիրտը: Բժիշկները մի քանի րոպե արհեստական շնչառությունից հետո նրան հանեցին խաղադաշտի սահմաններից: Ֆոեն չվերադարձավ: Խաղընկերները հանդիպման ավարտից հետո չէին կարողանում զսպել արցունքները: Ընդամենը մեկ ֆուտբոլային խաղակեսից հետո Մարկն հեռացավ կյանքից: Կամերունն այդ երեկո հաղթելով Կոլումբիային՝ հասավ եզրափակիչ, որտեղ թիմակցիները դուրս եկան նրա հիշատակը հարգելու: Ստադիոնը սգում էր ֆուտբոլիստի մահը: Կամերունը 0-1 հաշվով զիջեց Ֆրանսիայի ընտրանուն, բայց այդ երեկո հաղթողներ չկային՝ ֆուտբոլն էր պարտվել... Մարկ-Վիվիեն Ֆոեն 28 տարեկան էր: «Մանչեսթեր Սիթիիում» մինչ օրս 23 համարը պատկանում է նրան:

2009 թվական, օգոստոսի 8: «Կորնելիա Էլ Պրատ» ստադիոնն իր պատմության  ընթացքում ընդամենը մեկ խաղ է ունեցել, երբ 21-րդ րոպեին չի հիշել հավերժ ավագին: Այդ մրցավեճում հիշողությունների կարիք չկար: Դանիել Խարկեն «Էսպանյոլի» ավագն էր ու դաշտ էր դուրս եկել «Կորնելիայի» բացման խաղին: Կատալոնացիները մրցում էին Սթիվեն Ջերարդի «Լիվերպուլի» հետ: «Էսպանյոլը» 3-0 հաշվով առավելության հասավ մերսիսայդցիների նկատմամբ ու մեկնեց Ֆլորենցիա՝ գալիք մրցաշարջանին պատրաստվելու:

Լուսանկարը` washingtonpost.com


Ընդամենը 6 օր հետո Խարկեի սիրտը Ֆլորենցիայում կանգ առավ: Այդ օրից ի վեր «Կորնելիա Էլ Պրատում», անկախ խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններից, 21-րդ րոպեին երկրպագուները հոտընկայս ծափահարություներով հարգում են Դանիել Խարկեի հիշատակը: Դանիի կորուստը հատկապես ծանր տարավ մտերիմ ընկերը՝ Անդրես Ինիեստան: Մեկ տարի հետո՝ աշխարհի առաջնության ժամանակ, Ինիեստան ցուցադրեց  խաղաշապիկ, որտեղ գրված էր, որ Խարկեն միշտ իր հետ է: Սա դեռ քիչ էր: Եզրափակիչ խաղում Անդրեսը դառնալով միակ ու հաղթական գոլի հեղինակ՝ Իսպանիայի ֆուտբոլային պատմության չեմպիոնական գոլը նվիրեց Դանիել Խարկեին... Ֆուտբոլիստը 26 տարեկան էր:

Լուսանկարը` twimg.com


2007 թվական, օգոստոսի 28:  Անտոնիո Պուերտան իր թիմակից Դանի Ալվեսի հետ միասին համարվում էր անդալուզյան «Սեւիլիայի» ծագող աստղերից մեկը: 22-ամյա ֆուտբոլիստի  ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: Ալվեսն ուղեւորվեց «Բարսելոնա», որի հետ հաղթեց ֆուտբոլում ամեն ինչ: Պուերտայի տեղափոխությունը կիսատ մնաց: 2007 թվականի Պրիմերայի մեկնարկային տուրի խաղում «Սեւիլիան» սեփական դաշտում մրցում էր «Խետաֆեի» հետ: Հանդիպման 31-րդ րոպեին, երբ մադրիդյան փոքր ակումբը հաղթում էր 1-0 հաշվով, տրիբունները վայրկենական քարացան: Պուերտան նկատելով, որ գնդակը լքել է դաշտի սահմանները, կանգնեց, հետո ինչպես տերեւն ընկավ գետնին: Բժիշկների ու թիմակիցների ջանքերով ֆուտբոլիստն ուշքի եկավ ու լքեց խաղադաշտը: Ընդմիջման ժամանակ նա 2-րդ անգամ սրտի հետ կապված խնդիր ունեցավ: Անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ 3-րդ սրտային հարվածին չդիմացավ: Սերխիո Ռամոսը կորցրեց 22-ամյա լավագույն ընկերոջը:

Լուսանկարը` epimg.net


Անտոնիոյի մահվանից ընդամենը 2 ամիս հետո ծնվեց Այտոր Պուերտան: Որդին 11 տարեկան է ու շարունակում է հոր կիսատ թողած գործը: Անտոնիո Պուերտայի հիշատակը թիմակիցները հարգեցին Եվրոպայի սուպերգավաթի «Միլանի» հետ խաղում, որտեղ բոլոր ֆուտբոլիստների խաղաշապիկների վրա գրված էր իրենց խաղընկերոջ անունը: Աշխարհի առաջնությունում Իսպանիայի ընտրանու չեմպիոնությունը Սերխիո Ռամոսը նվիրեց հենց Անտոնիո Պուրետային:

2004 թվական, հունվարի 25: 30 րոպե էր մնացել Պորտուգալիայի առաջնության հերթական տուրի «Բենֆիկա»-«Վիտորիա Գիմարայեշ» խաղի ավարտին, երբ Միկլոշ Ֆեհերը դուր եկավ փոխարինման: Հունգարացին անընդհատ պայքարի մեջ էր ու իրադարձությունների կիզակետում:

Լուսանկարը` championat.com


Մրցավարի կողմից ավելացված «90+3»-րդ րոպեին նա խախտեց կանոնները մրցակցի նկատմամբ: Մրցավարը նրան պատժեց դեղին քարտով: Հունգարացին ժպիտով ընդունեց  որոշումն ու հենց նույն վայրկյանին, կորցնելով գիտակցությունը, հայտնվեց խոտածածկին: Բժիշկները ֆուտբոլիստի կյանքը փրկել չկարողացան՝ կանգնել էր սիրտը: Նա ընդամենը 24 տարեկան էր: Ժպիտը՝ վերջին գործողությունը...

 

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին