Ապրիլ 30, 2024
exclusive
24003 դիտում

Տեսակրկնությունը ֆուտբոլում. Հեղափոխական համակարգը


Լուսանկարը` epimg.net

Լուսանկարը` https://s5o.ru

Լուսանկարը` https://s5o.ru

Լուսանկարը` https://s5o.ru

Լուսանկարը` https://s5o.ru

Լուսանկարը` https://s5o.ru


Կոնֆեդերացիայի գավաթ 2017-ը մտավ պատմության մեջ. առաջին անգամ ֆուտբոլային խոշոր մրցաշարում կիրառվեց տեսակրկնությունների համակարգը՝ VAR (Video Assistant Referee):

Պորտուգալիա-Մեքսիկա եւ Կամերուն-Չիլի խաղերի ժամանակ երկրպագուները համոզվեցին, որ նորագույն տեխնոլոգիաները պարզապես անհրաժեշտ են ժամանակակից ֆուտբոլում: Mediamax Sport-ը ներկայացնում է այն ամենը, ինչ պետք է իմանալ հեղափոխական համակարգի մասին:

Ինչի՞ համար են անհրաժեշտ տեսակրկնությունները

Ոչ ոք չի պատրաստվում յուրաքանչյուր որոշում ստուգել այս համակարգի օգնությամբ, քանզի այդ դեպքում խաղերը կտեւեն 3 ժամ: Սա պարզապես ապահովագրում է մրցավարներին՝ կարեւորագույն դրվագներում կոպիտ սխալից խուսափելու համար: Մասնավորապես այն կիրառվելու է՝ գոլի (խաղից դուրս, ձեռքով խաղ եւ այլ խախտումներ հարձակման ժամանակ), 11 մետրանոցի (սիմուլյացիա թե խախտում), հեռացումների (արդյոք խախտումն արժանի է կարմիր քարտի, թե կարելի է բավարարվել միայն դեղինով) եւ ֆուտբոլիստներին շփոթելու դեպքում:

Այս ծրագրի համակարգողներից մեկի՝ Դեվիդ Էլերյայի խոսքերով, սրա հիմնական նպատակն այն է, որ ֆուտբոլում այլեւս չլինեն «աստծո ձեռքով» խփված գոլեր:

Ինչպե՞ս է այն աշխատում

Լուսանկարը` https://s5o.ru


1. Համակարգից օգտվելու որոշում կարող է կայացնել միայն հանդիպման գլխավոր մրցավարը: Ոչ մի խաղացող իրավունք չունի նման պահանջ ներկայացնել, այնպես, ինչպես դա արվում է թենիսում կամ հոկեյում:

Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. կամ մրցավարը հասկանում է, որ դրվագը վիճելի է եւ դիմում վիդեոօգնականներին, կամ վիդեոօգնականները կարող են խորհուրդ տալ գլխավոր մրցավարին կանգնեցնել խաղն ու վերանայել այն վիճելի դրվագը, որը կարող է էական ազդեցություն ունենալ հանդիպման ելքի վրա (գոլ, 11 մետրանոց, կարմիր քարտ, ֆուտբոլիստին շփոթել):

Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մրցավարը:

Լուսանկարը` https://s5o.ru


2. Եթե խաղն ընթացքի մեջ է, իսկ մրցավարը ցանկանում է օգտվել համակարգից, ապա պետք է սպասի մինչեւ գնդակը կհայտնվի չեզոք գոտում՝ այսինքն թիմերից ոչ մեկի համար գրոհ կազմակերպելու հնարավորություն չլինի: Սուլիչից հետո մրցավարը պետք է ժեստով ցուցադրի ուղղանկյուն, որպեսզի ֆուտբոլիստներն ու երկրպագուները հասկանան, որ նա դիմում է վիդեոօգնականներին:

3. Հաճախ որոշում կայացնում են հենց վիդեոօգնականները, ովքեր առանձին սենյակում նստած են մոնիտորների առջեւ: Նրանք են որոշում կար խաղից դուրս, ձեռքով խաղ, կանոնների խախտում, թե՝ ոչ:

Սակայն գլխավոր մրցավարը հնարավորություն ունի անձամբ դիտել վիճելի դրվագի կրկնապատկերը: Այդ դեպքում նա մոտենում է դաշտի եզրային կամ կողային գծին, որտեղ էլ տեղադրված մոնիտորի օգնությամբ դրվագը վերանայելով, կայացնում է վերջնական որոշում:

Լուսանկարը` https://s5o.ru


4. Մրցավարներն իրավունք չունեն երկար հետ տալ կրկնապատկերը: Կարելի է հետեւել միայն վերջին դրվագին: Ի՞նչ է դա նշանակում. եթե գոլային գրոհից առաջ հակառակորդ թիմը կանոնների կոպիտ խախտմամբ է խլել գնդակը, ապա պետք է չարձանագրել գոլն ու նշանակել 11 մետրանոց հարված: Իսկ եթե գոլը խփվել է սխալ նշանակված եզրային նետումից կամ անկյունայինից, որոշումը փոխել հնարավոր չէ:

5. Տեսակրկնությունը դիտելու համար մրցավարը շտապելու առիթ չունի: Կարեւորը որակն է, ոչ թե արագությունը:

Ովքե՞ր կարող են լինեն վիդեոօգնականներ

Փորձնական շրջանում, որը սկսվել է նախորդ տարվանից եւ տեւելու է մինչեւ 2018 թվականը, որպես վիդեոօգնական կարող են աշխատել նախկին կամ գործող մրցավարները: Նրանք անցնում են հավելյալ ուսուցում, քանի որ հատուկ վիդեոօգնականներ դեռեւս գոյություն չունեն:

Կոնֆեդերացիայի գավաթ 2017-ի խաղերի ժամանակ վիդեոօգնականներն իսկապես անվանի մրցավարներ են: Պորտուգալիա - Մեքսիկա խաղը սպասարկում էին Ջեյր Մարուֆոն (ԱՄՆ), սերբ եզրային մրցավար Դալիբոր Ջուրջեւիչը (աշխատել է ՉԼ-ի «Բավարիա» - «Արսենալ» խաղում եւ ԵԼ-ի փլեյ-օֆֆի խաղերում) եւ Օվիդիու Խացեգանը (երկու անգամ աշխատել է ԵՎՐՈ 2016-ի խաղերի գլխավոր մրցավար եւ սպասարկել է ԵԼ-ի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սելտա» խաղը):

Կամերուն - Չիլի խաղի ժամանակ՝ Կլեման Տյուրպենը (սպասարկել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Սեւիլիա» - «Լեսթեր» խաղը), սերբ եզրային մրցավար Միլովան Ռիստիչն ու Աֆրիկայի գավաթի կիսաեզրփակչի գլխավոր մրցավար Մալանգ Դեդիուն:

Վիդեոօգնականների համար հավելյալ տեսախցիկներ կա՞ն

Լուսանկարը` https://s5o.ru


Ոչ, նրանք ստանում են նույն ազդանշանը, ինչ հեռարձակման ռեժիսորը: Այսինքն՝ միաժամանակ կարող են հետեւել յուրաքանչյուր տեսախցիկի նկարահանած դրվագին:

Երբ որեւէ վիճելի դրվագ լինի, ապա վիդեոօգնականները կարող են վայրկյանական նայել տվյալ դրվագի կրկնապատկերն ու տեղեկացնել գլխավոր մրցավարին, որ խաղը պետք է կանգնեցնել:

Որտե՞ղ նորից կգործարկվի տեսակրկնությունների համակարգը:

Փորձարկումներ Ավստրալիայում, Բրազիլիայում, ՄԼՍ-ում: Շուտով նաեւ Գերմանիայում, Պորտուգալիայում եւ Հոլանդիայում: Իտալական Ա Սերիայի գալիք մրցաշրջանում կգործարկվի այս համակարգը: Իսպանիայի եւ Անգլիայի առաջնություններում այն կներդրվի 2018-2019 թթ. մրցաշրջանից: Հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնության ընթացքում եւս օգտագործվելու է այս համակարգը:
Բունդեսլիգայում վաղուց սպասում են այս նորամուծությանը: Ըստ հաշվարկների՝ Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում մրցավարները 59 սխալ որոշում են կայացրել: Տեսակրկնությունների առկայության դեպքում հնարավոր կլիներ խուսափել 45-ից:

Լուսանկարը` https://s5o.ru


Ի՞նչ արժե այս համակարգը

Ըստ Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավար Վիտալի Մուտկոյի՝ համակարգն արժե 1.2 մլն դոլլար, իսկ դրա շահագործումը՝ 100 հազար դոլլար: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոյի խոսքերով՝ այն կազմում է 2 մլն եվրո, իսկ այդ գումարը կհատկացնի Սերիա Ա-ն: Մալազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի խոսքերով՝ այն կազմում է 2.25 մլն դոլլար, իսկ Պորտուգալիայի առաջնությունում այն ներդնելու համար պահանջվել է ընդամենը 1 մլն եվրո:

Ե՞րբ պաշտոնապես կսկսի գործել այս համակարգը

Փորձնական փուլի արդյունքները պետք է հրապարակվեն հաջորդ տարի: Սպասվում է, որ VAR-ը (Video Assistant Referee) պաշտոնապես կգործարկվի 2019 թվականից:

 Միհրան Ալեքսանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին