Մայիս 20, 2025
exclusive
4569 դիտում

Հայաստանի ֆուտբոլային ակումբները. «Միկա»


Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Մարտիրոսյան
Աշոտ Մարտիրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Ոսկանյան
Արամ Ոսկանյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության այս մրցաշրջանում արդեն կայացել են 12 տուրի հանդիպումներ:

Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել հայկական 8 ակումբները, այս անգամ պատմում ենք Երեւանի «Միկայի» մասին ու զրուցել ենք ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանի հետ:

Վերջին շրջանում «Միկան» սկսեց գլխավոր թիմը համալրել սեփական կադրերով

Երեւանի «Միկա» ակումբը հայկական ֆուտբոլի հնաբնակներից է: Թիմը 1999 թվականից մասնակցում է Հայաստանի առաջնություններին, իր ակտիվում ունի մի շարք մեդալներ ու շատ անգամներ էլ մասնակցել է Եվրագավաթներին:

«Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը փաստեց, որ մրցաշրջանին նախապատրաստվելիս իրենք հույսը դնում են ակումբի կադրերի վրա:

«Այսօր թիմում խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Հայկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը, որոնք պատանեկան հավաքականի անդամներ են: Սարգիս Շահինյանն է վերադարձել, որը մեկ տարով մեկնել էր Պորտուգալիայի «Բրագայի» ակադեմիայում խաղալու: Այս երիտասարդների կողքին ունենք նաեւ հնաբնակներ, ովքեր վերջիններիս օգնում են իրենց ունեցած փորձով»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշում է, որ ակումբին գրեթե ամեն օր տարբեր ֆուտբոլիստներ նամակներ են ուղարկում, ներկայացնում իրենց խաղային մակարդակը, առաջարկում տեսանյութերի միջոցով ծանոթանալ իրենց: Ըստ նրա, «Միկան» այսօր արդեն այնպիսի հեղինակություն ունի, որ շատ ֆուտբոլիստներ են ձգտում գալ իրենց մոտ:



«8 տարի մեր կազմում հանդես է գալիս Ալեքս դա Սիլվան, որն արդեն հայացել է, Հայաստանի հավաքական է հրավիրվում: Ալեքսի կարգի ֆուտբոլիստներ եթե լինեն, մենք կհրավիրենք: Ուժեղ, փորձառու ֆուտբոլիստի կողքին հանդես գալը շատ լավ է անդրադառնում երիտասարդների վրա: Սակայն ավելի ցածր կարգ ունեցողների հրավիրելը մենք նպատակահարմար չենք գտնում»,- շեշտեց «Միկայի» մամուլի քարտուղարը:

Սակայն եթե մի պահ հետ գնանք, ապա կհիշենք, որ 2009-ին «Միկայում» հանդես էին գալիս մեծ թվով լեգիոներներ, որոնց վրա ակումբը մեծ գումարներ էր ծախսում: Սակայն, ինչպես բացատրեց Մարտիրոսյանը, այս ամենն արդյունք չտվեց, ֆուտբոլիստները չարդարացրին սպասելիքները, ու ակումբը հրաժարվեց նրանցից. «Մենք որոշեցինք մեր կադրերով համալրել գլխավոր թիմը, առավել եւս, որ տղաներն արդեն հասունացել էին ու պատրաստ էին խաղալ Բարձրագույն խմբում: Թիմն այսօր տրանսֆերային գումարներ չի ծախսում, եթե դրսից ֆուտբոլիստներ ենք հրավիրում, ապա լինում է վարձավճարով»:

2006 թվականից ակումբում գործում է մարզադպրոց, որտեղ այսօր մոտ 250 երեխա է մարզվում, բոլոր տարիքային խմբերն էլ մասնակցում են Հայաստանի ու Երեւանի առաջնություններին:

Ֆուտբոլը համաչափ զարգանալու համար պետք է  ակումբներ լինեն բոլոր մարզերում

«Միկայի» առաջնային նպատակը մեր երկրում ֆուտբոլը զարգացնելն է: Բացի այս էլ, ակումբը խնդիր ունի նաեւ հավաքականների համար ֆուտբոլիստներ պատրաստելու:

«Դպրոցն արդեն իր կատարած աշխատանքի պտուղները ստանում է: Օրինակ, Հայկ Գալստյանն այսօր հանդես է գալիս «Հոֆենհայմում»: Մենք պետք է   ֆուտբոլիստ աճացնենք, որպեսզի նրանք ավելի բարձր մակարդակով խաղ ցույց տան: Ցավոք, այսօր մենք միայն հավաքականով ենք ուրախանում, բայց ակումբային ֆուտբոլն է հավաքականի հիմքը: Իսկ հիմա մեր հավաքականում հիմնականում հանդես են գալիս արտերկրի ակումբների խաղացողներ: Ես ցանկանում եմ, որ շատ լինեն նաեւ տեղի ակումբներից: Պետք է այնպես անել, որ ակումբային ֆուտբոլի ձայնը միջազգային ֆուտբոլում լսելի լինի»,- ընդգծեց Աշոտ Մարտիրոսյանը:

Նա Հայաստանի առաջնությունում 8 թիմերի քանակը շատ ցավոտ հարց է համարում: Նա նշեց, որ ֆուտբոլային դպրոցներն ավարտելով՝ շատերը դուրս են մնում թիմերի քչության պատճառով. «Ամեն թիմից, որ 2-3 հոգի հաստատվում են ինչ-որ մի ակումբում ու սկսում են հանդես գալ առաջնությունում, ուրախանում ենք, իսկ շատերը պարզապես կորչում են: Այդ տարիքի երեխաները գնում են բանակ ու շատ քչերն են հետ գալիս ու շարունակում զբաղվել ֆուտբոլով»:



Նա ակումբային ֆուտբոլի զարգացման խոչընդոտ է տեսնում նաեւ այն, որ Հայաստանում նույնիսկ Առաջին խումբ որպես այդպիսին չկա, այն վերածվել է մանկապատանեկան մրցաշարի, որտեղ մասնակցում են մեր ակումբների 2-րդ թիմերը:

«Ֆուտբոլիստների մի նեղ շրջանակ կա, որ գրեթե ամեն տարի փոխում են ակումբը: Նրանք բոլորն իրար լավ ճանաչում են ու մարզական չարություն չկա խաղացողների մեջ: Եթե մրցակցությունը մեծ լիներ, ապա ավելի առաջ կգնայինք»,- ավելացրեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա, որպեսզի ֆուտբոլը համաչափ զարգանա ողջ երկրում, պետք է  ակումբներ լինեն նաեւ մարզերում. «Կարող ենք ասել, որ այսօր երեւանյան առաջնություն է ընթանում, միայն երկու թիմ են ներկայացնում մարզերը: Շատ ափսոս է, որ մեր մարզերը, որոնք ԽՍՀՄ տարիներին ակտիվ ֆուտբոլային գործունեություն էին ծավալում, հիմա թիմեր չունեն: Կարծում եմ, պետք է պետական մակարդակով խրախուսում լինի, արտոնություններ տրվեն, ու աստիճանաբար կլավանան որակները: Իսկ եթե շարունակենք 8 թիմով խաղալ, ապա զարգացում այդպես էլ չի լինի»:

Եվրոպայում մրցունակ լինելու համար պետք են շատ մեծ ներդրումներ ու աշխատանքներ

«Միկան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականն ու իրավունք ստացել պայքարել Եվրոպայի Լիգայում: Սակայն թիմն առաջին իսկ շրջանում պարտություն կրեց «Սպլիտից» ու դուրս մնաց հետագա պայքարից:

Եվրոպական ասպարեզում թիմի անհաջող ելույթները Մարտիրոսյանը կապում է նաեւ ընտրության փոքր հնարավորության հետ: Ըստ նրա, հսկայական դեր են խաղում նաեւ գումարները. «Եթե «Սպլիտի» օրինակը բերեմ, ապա պետք է ասեմ, որ նրանց մեկ ֆուտբոլիստի ստացած աշխատավարձն ավելի շատ է, քան երեւի մեր ողջ թիմինը: Եվրոպայում մրցունակ լինելու համար պետք են շատ մեծ ներդրումներ ու աշխատանքներ»:

Թիմի միակ հովանավորն ակումբի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն է: Մարտիրոսյանը նշում է, որ թիմ պահելը շատ դժվար է, ու  Հայաստանում ֆուտբոլն այսօր հետ չի վերադարձնում այն գումարները, որոնք ծախսում է սեփականատերը. «Ոչ մի ակումբ տոմսերից, մարզաշապիկների կամ էլ ֆուտբոլային ատրիբուտիկայի վաճառքից եկամուտ չի ստանում: Օգուտ ստանալուն խանգարում է երկրի տնտեսական վիճակը, միայն ֆուտբոլում չէ, ցանկացած բնագավառում էլ, չեն կարող ավելի առաջ գնալ, քանի որ երկրում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Կարծում եմ, որ եթե երկրի տնտեսությունը զարգանա, զուգահեռ նաեւ մյուս ոլորտները առաջընթաց կունենան»:



«Միկայում» նշանակված է անհատական աշխատավարձ, ամեն ամիս ստանում են հասանելիք գումարը: Ավելի փորձառու խաղացողներն ավելի շատ են ստանում, քան թիմ նոր եկածները:

Ուսումնամարզական հավաքներն ու մարզադաշտն Արդարադատության նախարարությանը հանձնելը

«Միկան» ուսումնամարզական հավաքների մեծ մասը միշտ արտասահմանում է անցկացնում: Վերջին 4 տարիների ընթացքում թիմը մշտապես պատրաստվում է Կիպրոսում:

Մարզչական խորհուրդը որոշում է ընկերական խաղերի ցանկը, ընտրվում են հիմնականում ուժեղ մրցակիցներ, որոնց հետ խաղերը փորձ են տալիս հայկական ակումբի ներկայացուցիչներին:

Մի քանի տարի երեւանյան ակումբը մասնակցել է Թուրքմենբաշու ու  ԱՊՀ երկրների գավաթների խաղարկություններին, բայց մարզիչները նկատել են, որ դա էապես չի օգնում թիմին ու դադարեցրել են այս մրցաշարերին մասնակցել:

 «Արմավիա» ընկերության պարտքերի պատճառով այս ամռանը պետությունը աճուրդով վերցրեց «Միկայի» մարզադաշտն ու այն տվեց Արդարադատության նախարարությանը: Այսօր թիմը շարունակում է մնալ եւ մարզումներն ու հանդիպումներն անցկացնել այդ ստադիոնում: Կողմերն ունեն պայմանավորվածություն, ըստ որի ֆուտբոլային բոլոր թիմերը շարունակելու են գործել ու մարզվել այստեղ:


Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին