Մայիս 14, 2025
exclusive
2775 դիտում

Գերմանական «սահադաշտն» ու Ակինֆեեւի կոպիտ սխալը


Լուսանկարը` Vostock-Media/REUTERS/Dylan Martinez

Լուսանկարը` Vostock-Media/REUTERS/Jorge Silva

Լուսանկարը` REUTERS/Paul Hanna

Լուսանկարը` REUTERS/Kai Pfaffenbach


Ավարտվեց Բրազիլիայում անցկացվող Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրը: Նշեմ, որ այն մեզ պարգեւեց բազմաթիվ գեղեցիկ հանդիպումներ: Թիմերը փորձում են հաղթանակի հասնել. առաջին 16 հանդիպումներում գրանցվեց ընդամենը երկու ոչ-ոքի: Իհարկե, առաջին հանդիպումների արդյունքում չարժե հեռուն գնացող եզրակացություններ անել. այնուամենայնիվ, մեկնարկային խաղերին հատուկ են լրացուցիչ պատասխանատվությունն ու հուզմունքը: Սակայն ինչ-որ բան նկատել հաջողվեց:  

Շատ ուժեղ տպավորություն թողեց առաջնության ֆավորիտներից մեկի՝ Գերմանիայի, հավաքականի խաղը: Հենց այդ հավաքականին է մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանն անվանել տիտղոսի հիմնական հավակնորդ (եւ զարմանալի չէ հատկապես այն բանից հետո, ինչ գերմանացիներն արեցին մեր հավաքականի հետ): Իր մեկնարկային հանդիպմանը Գերմանիան ջախջախեց Պորտուգալիայի հավաքականին՝ 2013թ. լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուի գլխավորությամբ: Արդեն առաջին խաղակեսում գերմանացիները պորտուգալացիներին խորը նոկաուտի ենթարկեցին՝ նրանց դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ (դուբլի հեղինակ դարձավ Մյուլլերը, եւս մեկ գնդակ խփեց Հյումմելսը): Պորտուգալացիներն այդպես էլ չկարողացան էական ոչինչ հակադրել գերմանական մեքենային, չնայած Ռոնալդուի ջանքերին: Երեւում է, Կրիշտիանուն դեռ վերջնական չի ապաքինվել վնասվածքից հետո, իսկ առանց լիարժեք Ռոնալդուի Պորտուգալիան վերածվում է միջնակարգ թիմի, ինչն էլ ապացուցեց Գերմանիայի հետ հանդիպումը: Երկրորդ խաղակեսում Գերմանիան կարող էր խփել եւս երեք-չորս գոլ, սակայն սահմանափակվեց մեկով. առաջնության առաջին հեթ-տրիկը գրանցեց Մյուլլերը: Հոլանդիայի հետ միասին, հենց Գերմանիան առաջին տուրում ամենամեծ տպավորությունը թողեց իր խաղով: Կհամաձայնեմ Յուրայի հետ առաջնության հիմնական ֆավորիտի վերաբերյալ, տեսածից հետո ոչ մի այլ բան չի մնում:  



Առաջին տուրում հաղթեց նաեւ Արգենտինան՝ բարձր տեղերի եւս մեկ հավակնորդ: Առանց առանձնակի դժվարության արգենտինացիները հաղթեցին Բոսնիայի ամուր հավաքականին: Նշեմ, որ գոլերից մեկը խփեց Մեսսին (մյուսը բոսնիացիներն իրենք իրենց խփեցին): Վստահ հաղթանակ տարան ֆրանսիացիները, որոնք համարվում են չեմպիոնության գաղտնի հավակնորդներ: Հոնդուրասը, չնայած ջանքերին, չկարողացավ դիմակայել Բենզեմային ու Կոյին՝ պարտվելով 0:3 հաշվով (Բենզեման աչքի ընկավ դուբլով):

Վերջինը պայքարի մեջ մտան Н խմբի թիմերը: Բելգիան, որին մասնագետները համարում են առաջնության ստվերային առաջատարներից մեկը, համառ պայքարում պարտվելով 0:1 հաշվով, կարողացավ կոտրել Ալժիրի դիմադրությունը եւ հաղթել 2:1 հաշվով: Անձամբ ինձ Ալժիրն ամենաշատն է դուրս գալիս աֆրիկյան թիմերից: Թիմն, ի տարբերություն իր մայրցամաքի այլ հավաքականների, խաղում էր պատշաճ արագությամբ եւ ոչնչով չէր զիջում հզոր անուններով բելգիացիներին: Հաշվի առնելով, թե ինչ խաղ ցուցադրեցին Ռուսաստանն ու Հարավային Կորեան, ալժիրցիները լիովին կարող են այս խմբից դուրս գալ փլեյ-օֆֆ:   

Ռուսաստանն ու Կորեան անցկացրին առաջնության, հավանաբար, ամենա ոչ դիտարժան խաղը: Հատկապես ռուսները: Այն արագությամբ, որով խաղում էր Ռուսաստանը, մրցաշարում հաստատ շատ առաջ չես գնա: Միգուցե Կապելոն ցանկանում է փլեյ-օֆֆին ընդառաջ թիմին շատ լավ մարզավիճակի՞ բերել: Բայց այնտեղ դեռ պետք է հայտնվել, իսկ նման խաղով դա դժվար կլինի: Ռուսաստանի հավաքականը գոլ բաց թողեց Ակինֆեեւի շատ կոպիտ սխալից հետո, ով չկարողացավ գնդակը ձեռքում պահել ոչ վտանգավոր հարվածից հետո: «Պատռվեց» այնտեղ, որտեղ չէին սպասում, թեեւ Ակինֆեեւին գերհուսալի դարպասապահ կամ առավել եւս դարպասապահ, ում որոշ մասնագետներ համարում են 5 լավագույններից մեկը Եվրոպայում, ես չէի անվանի: Գոլ բաց թողնելուց հետո Կապելոն պայքարի դուրս բերեց Ձագոեւին եւ Կերժակովին, վերջինն էլ Ռուսաստանին փրկեց պարտությունից՝ հաշիվը հավասարեցնելով 74-րդ րոպեին:



Բրազիլիան ու Մեքսիկան հանդիպում անցկացրին արդեն երկրորդ փուլում: Մեքսիկացիները հիանալի խաղացին: Թիմը վստահ էր խաղում պաշտպանությունում եւ հասցնում էր սուր հակագրոհներ ձեռնարկել՝ Բրազիլիայի պաշտպանությանը պահելով լարվածության մեջ: Ֆանտաստիկ խաղ ցուցադրեց մեքսիկացիների դարպասապահ Գիլյերմո Օչոան: Նա առնվազն երեք անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից: Բրազիլիան կորցրեց առաջին միավորներն առաջնությունում:

Եվ մի քանի խոսք Իսպանիայի մասին… Կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը՝ այս անգամ Չիլիի հավաքականից (0:2), երբեմնի լեգենդար իսպանացիներն անփառունակ կերպով լքում են առաջնությունը: Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում, իսկ առայժմ արձանագրենք, որ այս խմբից պայքարը շարունակում են Հոլանդիայի եւ Չիլիի հավաքականները, որոնք իրար մեջ կպարզեն՝  ով ինչպիսի տեղ է զբաղեցնելու:
 
Նույնպիսի ֆուտբոլ ենք սպասում նաեւ այսուհետ: 

Արդյունքները.
Խումբ Е: Ֆրանսիա - Հոնդուրաս 3-0, Շվեյցարիա - Էկվադոր 2-1
Խումբ F: Արգենտինա - Բոսնիա եւ Հերցեգովինա 2-1, Նիգերիա - Իրան 0-0
Խումբ G: Գերմանիա - Պորտուգալիա 4-0, ԱՄՆ - Գանա 2-1
Խումբ Н: Բելգիա - Ալժիր 2-1, Ռուսաստան - Հարավային Կորեա 1-1
Խումբ А: Բրազիլիա - Մեքսիկա 0-0, Խորվաթիա - Կամերուն 4:0
Խումբ B: Հոլանդիա - Ավստրալիա 3:2, Իսպանիա - Չիլի 0:2

Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին