Մայիս 20, 2025
exclusive
3153 դիտում

ԱԱ. Հերոսներ, որոնք երբեք չեն նվաճել աշխարհի գավաթը


Միշել Պլատինին
Միշել Պլատինին

Լուսանկարը` http://www.foxsportsasia.com/

Պաոլո Մալդինին
Պաոլո Մալդինին

Լուսանկարը` http://www.conti-online.com/

Զիկոն
Զիկոն

Լուսանկարը` Getty Images

Էյսեբիոն
Էյսեբիոն

Լուսանկարը` http://offside.by

Ժյուստ Ֆոնտենը
Ժյուստ Ֆոնտենը

Լուսանկարը` http://cdn.caughtoffside.com

Լեւ Յաշինը
Լեւ Յաշինը

Լուսանկարը` http://img.gazeta.ru

Ռուդ Կրոլը
Ռուդ Կրոլը

Լուսանկարը` http://www.fifa.com/

Միխաիլ Բալաքը
Միխաիլ Բալաքը

Լուսանկարը` http://i.usatoday.net/

Ֆերենց Պուշկաշը
Ֆերենց Պուշկաշը

Լուսանկարը` http://s001.radikal.ru/


Այս անգամ փորձել ենք զսպել գայթակղությունը՝ հավաքականում ներգրավելու Պելեներին, Մարադոնաներին ու Զիդաններին, եւ հավաքել ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հերոսացել են աշխարհի առաջնություններում վերոնշյալներից ոչ պակաս, սակայն երբեք իրենց գլխավերեւում չեն տեսել աշխարհի գավաթը: Գնացինք:

Դարպասապահ. Օլիվեր Կան /Գերմանիա, ԱԱ 1994, 1998, 2002, 2006/

Չորս աշխարհի առաջնություն շարունակ լինել Գերմանիայի հավաքականի կազմում եւ չնվաճել Աշխարհի գավաթը ոչ մի անգամ. սա իսկական ողբերգություն էր գերմանացի դարպասապահի համար, հատկապես երբ նա այդ ընթացքում հասցրեց դառնալ առաջին դարպասապահը, որ ճանաչվում է առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 2002թ. աշխարհի առաջնությունում Օլիվեր Կանը 5 խաղ անցկացրեց առանց բաց թողած գնդակների եւ մինչեւ եզրափակիչ սեփական դարպասից հանելով ընդամենը մեկ գնդակ՝ եզրափակիչ հանդիպմանը երկու գնդակ բաց թողեց բրազիլացի Ռոնալդոյից: Հենց այդ երկու գնդակներն էլ հայտնի դարպասապահին ստիպեցին հայտնվել մեր խորհրդանշական հավաքականի դարպասապահի դիրքում:



Ձախ պաշտպան. Պաոլո Մալդինի /Իտալիա, ԱԱ 1990, 1994, 1998, 2002/

Անցկացնելով ռեկորդային՝ 23 հանդիպում՝ Պաոլո Մալդինին համարվում է աշխարհի առաջնություններում ամենաշատ րոպեներ անցկացրած ֆուտբոլիստը /2217 րոպե/: Լեգենդար ֆուտբոլիստը հուսալի էր պաշտպանական գործողություններում, արդյունավետ միանում էր գրոհներին եւ առանձնանում էր նաեւ առաջնորդական կարողություններով, որոնց շնորհիվ 1998թ. եւ 2002թ. առաջնություններում «Սկուադրա Աձուրայի» ավագն էր: Առաջին երեք աշխարհի առաջնություններում Մալդինին լքել է մրցաշարը 11 մետրանոց հարվածաշարերից հետո, իսկ վերջինում՝ 2002 թ-ին, հայտնի հարավկորեական “թատրոնի” արդյունքում: Այս ընթացքում պաշտպանը հասցրել է կրել արծաթե եւ բրոնզե մեդալներ, սակայն ոսկին նրա համար այդպես էլ անհաս մնաց:



Կենտրոնական պաշտպան. Ֆրանկ դե Բուր /Հոլանդիա, ԱԱ 1994, 1998/

Հոլանդիայի հավաքականի լեգենդար պաշտպանը 112 հանդիպում է անցկացրել նարնջագույն մարզաշապիկով, այդ թվում՝ 1994թ. եւ 1998թ. աշխարհի առաջնությունների ժամանակ: Երկրորդ անգամ արդեն նրա նարնջագույն մարզաշապիկի թեւքին ամրացված էր նաեւ ավագի թեւկապը: Դե Բուրը ոչ միայն ցեմենտում էր պաշտպանությունը, այլեւ արդյունավետ սկսում թիմի խաղը խորքից: 1998թ. Արգենտինայի հետ քառորդ եզրափակիչ խաղում, երբ «թռչող հոլանդացիների» թեւերը կապվել էին, ու հարձակման գծում ոչինչ չէր ստացվում, ընդունելով դե Բուրի ավելի քան 55-մետրանոց հանճարեղ փոխանցումը, Դենիս Բերգկամպը խփեց մրցաշարի ամենագեղեցիկ գնդակներից մեկը եւ կիսաեզրափակիչ դուրս բերեց Հոլանդիայի հավաքականին: Ցավոք, նրանց այնտեղ սպասում էր Բրազիլիայի հավաքականը լեգենդար Ռոնալդոյի գլխավորությամբ, եւ Աշխարհի գավաթն անհաս մնաց հոլանդացիների նաեւ այս սերնդի համար:



Կենտրոնական պաշտպան. Մարիուս Տրեզոր /Ֆրանսիա, ԱԱ 1978, 1982/

«Սեւ մարգարիտ» մականունը ստացած սեւամորթ պաշտպան Մարիուս Տրեզորը, իր անվանը հավատարիմ (tresor՝ ֆր. թարգ. գանձ), իսկական գանձ էր Պլատինիի ժամանակաշրջանի Ֆրանսիայի հավաքականի համար: Տրեզորը առանձնանում էր իր ֆիզիկական պատրաստվածությամբ եւ դիմացկունությամբ, ուներ նաեւ լավ տեխնիկա, որը թույլ էր տալիս նրան ոչ միայն արդյունավետ գործել պաշտպանությունում, այլեւ վտանգ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում: «Եռագույնների» կազմում անցկացրած 65 հանդիպումներում Տրեզորը դարձել է 4 գոլի հեղինակ, սակայն ամենահիշարժանը նրա հիասքանչ գնդակն է 1982թ. Արեւմտյան Գերմանիայի հետ խաղում, որում, սակայն, ֆրանսիացիները պարտվեցին 11-մետրանոց հարվածաշարում: Այդ գնդակը նաեւ Տիերի Անրիի առաջին հիշողությունն է աշխարհի առաջնություններից:



Աջ պաշտպան. Խավիեր Զանետտի /Արգենտինա, ԱԱ 1998, 2002/

Այս լեգենդար ֆուտբոլիստը, որ դեռ վստահորեն չի կարելի ասել՝ ավարտել է արդյո՞ք կարիերան, թե ոչ, ցավոք, մասնակցել է ընդամենը 2 աշխարհի առաջնությունների՝ 1998-ին եւ 2002-ին: Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում դեռեւս երիտասարդ Զանետտին իր թիմի հենասյուներից մեկն էր եւ դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ Անգլիայի դեմ հայտնի դիմակայությունում: 2002 թ-ին Արգենտինայի հավաքականն անհաջողության մատնվեց եւ դուրս մնաց հենց խմբային փուլից: 2006-ին Արգենտինայի հավաքականին Գերմանիայի դեմ քառորդ եզրափակչում չբավարարեց ընդամենը մի փոքր ամրություն եւ փորձառություն, ինչը թիմին կարող էր հաղորդել հենց «Տրակտորը», սակայն Խոսե Պեկերմանի անակնկալ որոշմամբ պաշտպանը տեղ չէր գտել աշխարհի առաջնությանը մասնակցող կազմում:



Կիսապաշտպան. Զիկո /Բրազիլիա, ԱԱ 1978, 1982, 1986/

80-ականների Բրազիլիայի հավաքականը համարվում է համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը, սակայն այն այդպես էլ չնվաճեց աշխարհի գավաթը: Սոկրատես, Էդեր, Ժունիոր, Կերեզո… Սակայն գլխավորում էր այս հավաքականը լեգենդար Զիկոն, որն իր փայլուն խաղի համար ստացել էր նաեւ «Սպիտակ Պելե» անվանումը: Զիկոն ապշեցնող տեխնիկա ուներ, լավ փոխանցումներ, ինչպես նաեւ տուգանային հարվածների մեծ վարպետ էր: Բրազիլացիների գրեթե բոլոր սերունդները ստացել են իրենց արժանի գավաթը, եւ միայն այս սերունդն է, որ պարբերաբար հայտնվում է միմիայն նմանատիպ խորհրդանշական հավաքականներում:



Կիսապաշտպան. Յոհան Նեեսկենս /Հոլանդիա, ԱԱ 1974, 1978/

Մասնակցելով աշխարհի երկու առաջնությունների՝ Յոհան Նեեսկենսը երկուսում էլ հասավ մինչեւ եզրափակիչ, սակայն երկու անգամն էլ բավարարվեց արծաթե մեդալներով: Լինելով Յոհան Կրոյֆի լավագույն գործընկերը խաղադաշտում 1974-ին, 4 տարի անց Նեեսկենսը ինքնուրույն հասցրեց թիմը մինչեւ եզրափակիչ: 1974թ. «Յոհան երկրորդ» մականունը ստացած ֆուտբոլիստը դարձավ 5 գոլերի հեղինակ: Նրա խփած գնդակը Արեւմտյան Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում առաջին 11 մետրանոցն էր աշխարհի առաջնությունների եզրափակչում: Սակայն առավել տպավորիչ է դրան նախորդած հոլանդացիների գրոհը, որը լիովին բնութագրում է տոտալ ֆուտբոլը. գերմանացիները գնդակ ընդունեցին սեփական դարպասը՝ խաղում դեռ ոչ մի անգամ չդիպչելով գնդակին:



Կիսապաշտպան. Միշել Պլատինի /Ֆրանսիա, ԱԱ 1982, 1986/

Ի տարբերություն Զիդանի, ֆրանսիական ֆուտբոլի այս լեգենդին խաղընկերների մակարդակը բավարարեց միայն Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար: Չլինելով հիմնական կազմի ֆուտբոլիստ 1978-ին՝ հաջորդող երկու Մունդիալներում Միշել Պլատինին Ֆրանսիայի հավաքականին առաջնորդեց մինչեւ կիսաեզրափակիչ: Երկու դեպքում էլ նրա չեմպիոնական հույսերը ոչնչացվեցին գերմանական մեքենայի կողմից: Այս ընթացքում Պլատինին հավաքեց բոլոր ակումբային ու անհատական տիտղոսները, ինչպես նաեւ դարձավ Եվրոպայի չեմպիոն, սակայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահին այդպես էլ չտրվեց:



Կիսապաշտպան. Յոհան Կրոյֆ /Հոլանդիա, ԱԱ 1974/

Մեծ համարձակություն պետք չէ Յոհան Կրոյֆին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների թվում ընդգրկելու համար: Տոտալ ֆուտբոլի առաջին եւ լավագույն կատարողը իր տեխնիկայի եւ արագության համար ստացել էր «Թռչող հոլանդացի», իսկ իր ֆուտբոլային գրագիտության, դաշտը տեսնելու ունակության եւ մտքի համար՝ «Պյութագորաս խաղակոշիկների մեջ» մականունները: 1974թ. տոտալ ֆուտբոլ խաղացող առաջին թիմը Կրոյֆի գլխավորությամբ հասավ եզրափակիչ, որտեղ ցավալի պարտություն կրեց Արեւմտյան Գերմանիայից: Դժբախտաբար, սա միակ աշխարհի առաջնությունն էր Կրոյֆի համար, սակայն այստեղ նա հասցրեց դառնալ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաեւ աշխարհին պարգեւել նոր խաբք, որը այդպես էլ մնաց նրա անունով՝ «Կրույֆի պտույտ»:



Հարձակվող. Էյսեբիո /Պորտուգալիա, ԱԱ 1966/

Եթե վերջին տասնամյակներին Պորտուգալիայի հավաքականին մշտապես տեսնում ենք մեծ մրցաշարերի մրցանակային տեղերի հավակնորդների թվում, ապա դեռ 50 տարի առաջ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը նրանց համար մեծ նվաճում էր: Հենց այդ ժամանակ՝ 1966թ. Աշխարհի առաջնությունում մոզամբիկյան ծագումով Էյսեբիոն առաջնորդեց Պորտուգալիայի հավաքականը դեպի իր պատմության առայժմ լավագույն արդյունքը՝ 3-րդ տեղը աշխարհի առաջնությունում: Էյսեբիոն ու թիմակիցները անզոր գտնվեցին միայն տանտերեր եւ ապագա չեմպիոններ անգլիացիների առջեւ: Իսկ այս լեգենդար հարձակվողը իր 6 խաղերում խփեց 9 գնդակ՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու:



Հարձակվող. Ժյուստ Ֆոնտեն /Ֆրանսիա, ԱԱ 1958/

Մինչ բրազիլացի Ռոնալդոն անհանգստանում է, որ Միրոսլավ Կլոզեն կարող է շրջանցել իր՝ աշխարհի առաջնություններում ամենաշատ գնդակներ խփած ֆուտբոլիստի արդյունքը, ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենը հանգիստ է՝ իմանալով, որ իր գրանցած ռեկորդը մոտ ապագայում դեռ ոչ ոք չի կարողանա շրջանցել: Ֆոնտենը ռեկորդային՝ 13 գնդակ է խփել 1958թ. Աշխարհի առաջնությունում եւ մեկ մրցաշարի ընթացքում խփած գնդակների թվով գերազանցում է բոլորին: Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությունում ֆրանսիացիները նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ Ֆոնտենը հասցրեց գրանցել մեկ պոկեր, մեկ հեթ-տրիք, երկու դուբլ:



Փոխարինողներ

Դարպասապահ. Լեւ Յաշին /ԽՍՀՄ, ԱԱ 1958, 1962, 1966, 1970/ - Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահին տրվող մրցանակը տրվում է հենց խորհրդային լեգենդար դարպասապահ Լեւ Յաշինի անունով, մինչդեռ նա երբեք չի նվաճել աշխարհի գավաթը:



Պաշտպան. Ռուդ Կրոլ /Հոլանդիա, ԱԱ 1974, 1978/ - Տոտալ ֆուտբոլի հերթական տաղանդավոր ու ունիվերսալ ֆուտբոլիստը կիսեց իր խաղընկերների՝ Նեեսկենսի ու Կրոյֆի ճակատագիրը:



Կիսապաշտպան. Միխաիլ Բալաք /Գերմանիա, ԱԱ 2002, 2006/ - Հանրահայտ Բալաքը, չկարողանալով իր թիմին օգնել 2002թ. Բրազիլիայի դեմ եզրափակչում, հույս ուներ նվաճելու Աշխարհի գավաթը 2006թ-ին՝ տնային Մունդիալում, սակայն դա այդպես էլ երազանք մնաց:



Հարձակվող. Ֆերենց Պուշկաշ /Հունգարիա ԱԱ 1954/ - Ֆերենց Պուշկաշը Հունգարիայի 50-ականների «Ոսկե թիմի» հերոսներից մեկն էր, որ իր թիմին հասցրեց մինչեւ եզրափակիչ, սակայն պարտվեց Արեւմտյան Գերմանիային, որին մինչ այդ հաղթել էին 8-3 հաշվով:



Կարեն Ռաֆայելյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին