Ավարտվեց Անգլիայի առաջնությունը. ինչպես եւ սպասվում էր, վերջին տուրից առաջ չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին»:
Այն բանից հետո, երբ «ՄՍ»-ն հաղթանակով ավարտեց «Աստոն Վիլլա»-ի հետ իր հետաձգված հանդիպումը, միայն հրաշքը կարող էր Պելեգրինիի թիմին խանգարել չեմպիոն դառնալ: Վերջին տուրում «ՄՍ»-ին մնում էր սեփական դաշտում չպարտվել «Վեսթ Հեմին», այլապես այդ հանդիպմանը նույնիսկ ոչ-ոքին նրան կդարձներ չեմպիոն: Դժվար էր հավատալ, որ «Վեսթ Հեմը» կարող էր հաղթել «ՄՍ»-ին, այն էլ` հյուրի կարգավիճակում, իսկ իրականում առհասարակ անհավատալի էր: Սենսացիա տեղի չունեցավ. «ՄՍ»-ն վստահ անցկացրեց հանդիպումը եւ, հաղթելով 2:0 հաշվով, իրավամբ, դարձավ չեմպիոն: Թիմը բավականին վստահ անցկացրեց առաջնության ամբողջ մրցուղին` խուսափելով լրացուցիչ ձախողումներից եւ խփելով առաջնությունում ամենաշատ թվով գոլերը` 102 գնդակ («Լիվերպուլից» մեկ գնդակ ավել), եւ բաց թողնելով ընդամենը 37 գնդակ (ավելի քիչ էր բաց թողել միայն «Չելսին»` 27):
Չի կարող չուրախացնել նաեւ այն, որ նոր չեմպիոնը խաղում է հարձակվողական ֆուտբոլ. հիշեցնեմ, որ առաջնության սկզբում «ՄՍ»-ն բոլոր հակառակորդներին ջախջախում էր խոշոր հաշվով` իր միջին արդյունքը հասցնելով 3 գնդակի մեկ խաղի ընթացքում: Չի կարելի չնշել «ՄՍ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի լավ աշխատանքը: Ի սկզբանե այդ մասնագետի ունակություններին ոչ ոք չէր կասկածում, քանի որ իր մարզչական գործունեության ընթացում նա հասցրել էր մարզել «Ռեալին», իսկ «Մալագան» նրա օրոք ֆուրոր էր առաջացրել ՉԼ-ում եւ Լա Լիգայում` ցուցադրելով համակրելի հարձակվողական ֆուտբոլ: Ինչպե՞ս կդասավորվեն նրա գործերը «ՄՍ»-ում: Այդ հարցը տալիս էին շատ մասնագետներ` հիշելով, որ մեկ այլ սուպերակումբում` Մադրիդի «Ռեալում», Պելեգրինիի գործերն անքան էլ լավ չէին: Ժամանակը ցույց տվեց, որ «ՄՍ»-ն չի սխալվել իր ընտրության հարցում: Նույնիսկ երբ թիմը այս կամ այն պատճառներով սկսում էր սայթաքել, փորձառու մարզիչը ձեռք չէր քաշում այն ֆուտբոլից, որը ներարկել էր «քաղաքացիներին», մի կողմից մյուսը չէր նետվում, այլ համառորեն առաջ էր տանում իր գիծը, եւ արդյունքում` նա առաջինն է: Պելեգրինին իր կարիերայով ու իր համեստությամբ (ամբողջ առաջնության ընթացքում նա ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել անհարգալից արտահայտվել հակառակորդի կամ իր գործընկերների հասցեին) անկասկած արժանի է այդ տիտղոսին:
Հիանալի խաղաշրջան անցկացրին «Սիթիի» առաջատարներ Ագուերոն, Յայա Տուրեն, Ջեկոն, Կոմպանին, Սիլվան: Հատկապես պետք է առանձնացնել Յայա Տուրեին: Նա ոչ միայն հիանալի էր կատարում հենակետային կիսապաշտպանի իր գործառույթները, այլեւ շատ արդյունավետ էր թիմի հարձակումների ժամանակ, արդյունքում` 20 գնդակ առաջնության ընթացքում: Հենակետայինի համար դա ֆենոմենալ արդյունք է, նրա գծի ֆուտբոլիստներից ավելի շատ գոլեր է հեղինակել միայն Լեմպարդը: Թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ նաեւ ՉԼ-ում: Անձամբ ես «ՄՍ»-ին համարում էի այս մրցաշարի ֆավորիտներից մեկը: Սակայն նրանց ճանապարհին հայտնվեց «Բարսելոնան», հենց այդ հանդիպումներում Պելեգրինին միակ անգամ որոշեց զգույխ խաղալ եւ սխալվեց: Կարծում եմ, եթե «ՄՍ»-ն խաղար իր ֆուտբոլը, «Բարսա»-ին հնարավոր կլիներ շրջանցել: Սակայն հետադարձ հայացքով խոսելը հեշտ է…
Վստահ եմ, որ հաջորդ ՉԼ-ում «ՄՍ»-ն կասի իր ծանրակշիռ խոսքը: Շնորհավորում ենք «ՄՍ»-ին չեմպիոնության կապակցությամբ:
Հարկավոր է նշել նաեւ Բրենդան Ռոջերսի աշխատանքը «Լիվերպուլում»: Նրա ղեկավարությամբ թիմը մինչեւ վերջին տուրը պայքարում էր տիտղոսի համար: Իր խաղով նա երբեմն հիացնում էր ֆուտբոլի երկրպագուներին: Այդպիսի թեթեւ, ուրախ, սուպերհարձակվող «Լիվերպուլ», անկեղծ ասած, ես չեմ հիշում: Թիմին պարզապես չբավականացրեց չեմպիոնության համար պայքարի փորձը: Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, թե վերջին անգամ երբ էր «Լիվերպուլը» պայքարել տիտղոսի համար: Դա 20 տարի առաջ էր: Դրանից հետո փոխվել է ֆուտբոլիստների ոչ մեկ սերունդ եւ մեծացել է երկրպագուների նոր սերունդ: Եթե «Լիվերպուլի» ղեկավարությունը կարողանա պահպանել իր առաջատարներին, հատկապես Լիգայի լավագույն ռմբարկու Սուարեսին (իսկ դա հեշտ չի լինի անել, քանի որ գրեթե բոլոր սուպերակումբներն աչք են դրել ուրուգվայցու վրա եւ պատրաստ են նրան ձեռք բերել ցանկացած գումարի դիմաց), եւ գնի եւս մի քանի լավ ֆուտբոլիստների, ապա «Լիվերպուլը» հաջորդ տարի նույնպես կարող է լրջորեն հավակնել առաջին տեղին: Ես շատ կցանկանայի, որ հետաքրքիր մարզիչ Ռոջերսի թիմը գոնե եւս մեկ տարի խաղար ներկայիս կազմով:
«Չելսին» եւ «Արսենալը», կարծում եմ, խաղացին ամբողջ ուժով: Ավելին այդ թիմերն անել չէին կարող: Թե Մոուրինյոն, թե Վենգերը առավելագույն արդյունքը ստացան իրենց թիմերից: Եվ եթե «Չելսին» աճելու տեղ ունի, ապա «Արսենալը» այդպիսի կազմով հաջորդ տարի կարող է չհայտնվել ՉԼ-ում, առավել եւս, որ թափ են հավաքում «Էվերտոնն» ու «Տոտենհեմը», իսկ «ՄՅ»-ում այլեւս չկա Մոյեսը, այնպես որ, «Արսենալին» անհրաժեշտ են ուժեղ խաղացողներ:
Նշենք նաեւ «Էվերտոնին». թիմը պայքարում էր ՉԼ-ում տեղի համար եւ հավաքեց իր համար ռեկորդային միավորներ Պրեմիեր Լիգայում:
Եվ վերջում` «ՄՅ»-ի մասին: Մոյեսը հեշտացրեց առաջատարների խնդիրը` գործող չեմպիոնին իջեցնելով այնպիսի փոսի մեջ, որից չափազանց դժվար կլինի դուրս գալ: Պրեմիեր-Լիգայում առաջին անգամ «ՄՅ»-ն չհայտնվեց առաջատարների եռյակում: Ակումբի երբեմնի հզորությունը վերակենդանացնելու է կոչվել Լուի Վան Գալը: Նա, անկասկած, լավ մարզիչ է` խաղի իր փիլիսոփայությամբ: Մտահոգիչ է միայն հոլանդացու ծանր բնավորությունը եւ աստղերի հետ լեզու չգտնելու հանգամանքը: Բայց տեսնենք. մենք բոլորս մեծանում ենք եւ փոխում կյանքի ու մարդկանց նկատմամբ մեր որոշ հայացքները: Կարծում եմ, Վան Գալը նույնպես բացառություն չէ:
38-րդ տուրի արդյունքները.
Նորվիչ - Արսենալ 0-2
ՄՍ - Վեսթ Հեմ 2-0
Լիվերպուլ - Նյուքասլ 2-1
Հալլ - Էվերտոն 0-2
Սաութհեմփթոն - ՄՅ 1-1
Քարդիֆ - Չելսի 1-2
Տոտենհեմ - Աստոն Վիլլա 3-0
Սանդերլենդ - Սուոնսի 1-3
Ֆուլհեմ - Կրիստալ 2-2
Վեսթ Բրոմվիչ - Սթոք 1-2
Մրցաշարային դասավորվածությունը.
1. ՄՍ - 86 միավոր
2. Լիվերպուլ - 84
3. Չելսի - 82
4. Արսենալ - 79
....18. Նորվիչ - 33
19. Ֆուլհեմ - 32
20. Քարդիֆ - 30
Ռմբարկուներ:
Սուարես - 31,
Սթարիջ - 22,
Յայա Տուրե - 20,
Ագուերո - 17,
Ռունի - 17:
Տեսությունը պատրաստեց Արսեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: