Դեկտեմբեր 04, 2024
exclusive
14693 դիտում

ՀԱՕԿ-25. Խորհրդանիշներ, պարգեւներ ու նախագահներ


Լուսանկարը` wordpress.com

Դավիթ Սաֆարյան
Դավիթ Սաֆարյան

Լուսանկարը` Photolure

Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպորտկոմիտեի մասնաշենքը
Սպորտկոմիտեի մասնաշենքը

Լուսանկարը` ՀԱՕԿ. ստեղծումը եւ կայացումը» գրքից

Խուան Անտոնիո Սամարանչ
Խուան Անտոնիո Սամարանչ

Լուսանկարը` tributes.com

Լուսանկարը` flicker.com

Ռուբեն Հակոբյանն ու Հարություն Յավրյանը
Ռուբեն Հակոբյանն ու Հարություն Յավրյանը

Լուսանկարը` ՀԱՕԿ. ստեղծումը եւ կայացումը» գրքից

ՀԱՕԿ-ի խորհրդանիշները
ՀԱՕԿ-ի խորհրդանիշները

Լուսանկարը` ՀԱՕԿ. ստեղծումը եւ կայացումը» գրքից


Այս տարի Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն նշում է հիմնադրման 25-ամյակը: Ողջ մարզական աշխարհն է անհամբերությամբ սպասում այդ կարեւոր իրադարձությանը:

Իսկ մինչ այդ Mediamax Sport-ը պատրաստել է երեք մասից բաղկացած հոդվածաշար, որտեղ պատմում է երկրի սպորտային ամենակարեւոր կառույցներից մեկի հիմնադրման ու կայացման պատմությունը:

Մեր օրերում, երբ ինֆորմացիայի պակաս չկա, պարզվում է, որ իրականում մարդիկ այդքան էլ շատ բան չգիտեն ՀԱՕԿ-ի մասին: Շատ տեղեկություններ դեռ շարունակում են անհայտ մնալ մարզասերների համար: 

Այդ պատճառով էլ մեր շարքի 2-րդ մասում ներկայացնելու ենք մանրամասներ ՀԱՕԿ-ի մասնաշենքի, նախագահների, խորհրդանշանների ու ՄՕԿ-ի նախագահի Հայաստան 1-ին այցելության մասին:

25 տարի ու 359 քառ. մետր տարածք

Իր կազմավորման օրվանից՝ արդեն 25 տարի է, Ազգային Օլիմպիական կոմիտեի մասնաշենքը գտնվում է Աբովյան 9 հասցեում: Երկար տարիներ ՀԱՕԿ-ը սպորտկոմիտեի շենքում զբաղեցրել է այնքան աշխատասենյակ, որքան տրամադրել են այդ կառուցի ղեկավարները:

ՀԱՕԿ-ին նույնիսկ այն ժամանակ չի տարածք հատկացվել, երբ սպորտկոմիտեի շենքում 1997 թ. ծագած հրդեհից հետո ՄՕԿ-ից ստացված 25 հազ. դոլար օգնության շնորհիվ շենքն ամբողջովին վերանորոգվեց:  Հարցը վերջնական լուծում ստացավ ՀԱՕԿ-ի այն ժամանակվա նախագահ Իշխան Զաքարյանի միջամտության շնորհիվ:

ՀԱՕԿ-ի խորհրդանիշները ՀԱՕԿ-ի խորհրդանիշները

Լուսանկարը` ՀԱՕԿ. ստեղծումը եւ կայացումը» գրքից


Օլիմպիական կոմիտեի աշխատանքն ապահովելու եւ Երեւանում Օլիմպիական թանգարան ստեղծելու նպատակով Հայաստանի կառավարությունը 2004 թվականի որոշումներով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նկուղային ու 1-ին հարկերից ՀԱՕԿ-ին անհատույց տարածք տրամադրեց:

Այդ 359 քառ. մետր տարածքում էլ արդեն երկար տարիներ է իրենց գործունեությունն են ծավալում ՀԱՕԿ-ի աշխատակիցները:

Մի քանի խորհրդանիշներն ու վերջնական տարբերակը

ՀԱՕԿ-ի հիմնադրման օրվանից առաջնային հարցերից մեկը եղել է սեփական խորհրդանիշ ունենալը: 1990 թվականի նոյեմբերին  հայտարարվեց հանրապետական մրցույթ: Հանձնաժողովը միաձայն որոշեց առաջին մրցանակ չշնորհել: 1000-ական ռուբլի գումարով 2-րդ տեղի համար մրցանակ ստացան նկարիչներ Սեւակ Հայրապետյանն ու Կարեն Ադամյանը:

Սակայն խորհրդանիշ ունենալը պարտադիր էր, ու որոշվեց ժամանակավոր օգտագործել մրցությում 2-րդ տեղը զբաղեցրած տարբերակը, որը պատկերում էր ՀՀ պետական դրոշը, իսկ ներքեւում`Օլիմպիական օղակները:

1993-ին ամերիկահայ Սեդրակ Ագոնյանն ուղարկեց խորհրդանիշի համակարգչային մի քանի տարբերակ, որոնցից մեկն էլ արժանացավ գործկոմի հավանությանն ու ուղարկվեց Լոզան՝ ՄՕԿ-ի հաստատմանը: Դրական պատասխանը եղավ 1993-ի սեպտեմբերին:

Սակայն կրծքանշան կամ էլ հուշանվեր պատրաստելիս խորհրդանիշն այդքան էլ լավ չէր ստացվում, ու նորը ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ:

Այն հանրության դատին ներկայացվեց 1998 թ-ին, իսկ հեղինակը Հայաստանի նկարիչների միության եւ դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ Հրաչյա Ասլանյանն էր:

ՄՕԿ-ի նախագահի 1-ին այցը Հայաստան ու ստորագրած չեկը

Երբ Հայաստանում արդեն ամուր հիմքերով զարգանում էր Օլիմպիական շարժումն ու ՀԱՕԿ-ն իր հաստատուն քայլերն էր անում, առաջին անգամ մեր երկիր այցելեց ՄՕԿ-ի պատվիրակությունը՝ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի գլխավորությամբ: 1994-ին կայացած այդ այցը բավական հագեցած էր ու ընդգրկուն:

Խուան Անտոնիո Սամարանչ Խուան Անտոնիո Սամարանչ

Լուսանկարը` tributes.com


Սամարանչը հանդիպում ունեցավ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ երեկոյան վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարության ընդունելությունների տանը պաշտոնական ընթրիք տվեց:

ՄՕԿ-ի պատվիրակությունը եղավ նաեւ Ծաղկաձորում եւ տեսավ Հայաստանի Օլիմպիական գլխավոր մարզաբազան: Սամարանչը հենց այնտեղ էլ ստորագրեց ու վերանորոգման համար մարզաբազային հանձնեց 7500 շվեյցարական ֆրանկի չեկ, իսկ ՀԱՕԿ-ին միջազգային մարզական ֆեդերացիաների անդամավճարները մուծելու համար`15 հազար ֆրանկ: Պատվիրակությունը եղավ նաեւ մարզահամերգային համալիրում եւ «Հրազդան» մարզադաշտում:

Սպորտային նվաճումների համար տրվող պարգեւներ

1996 թվականից սկսած ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում աչքի ընկածները ստանում են Մովսես Խորենացի մեդալը: Այդ թվականին էլ որոշվեց ստեղծել ՀԱՕԿ-ի Հատուկ պարգեւը, որը հաստատվեց մեկ տարի անց: Կառույցի Գլխավոր ասամբլեան սահմանեց «Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար» ՀԱՕԿ-ի «Պատվո նշան» պարգեւը: Աշխատանքը կրկին վստահվեց Հրաչյա Ասլանյանին:

ՀԱՕԿ-ի 1-ին «Պատվո նշանը» 1999 թվականին շնորհվեց Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: 2002-ին պարգեւը վերանվանվեց «ՀԱՕԿ-ի Շքանշանի»:

Դավիթ Սաֆարյան Դավիթ Սաֆարյան

Լուսանկարը` Photolure


2002-ից է տրվում նաեւ Հրանտ Շահինյան մեդալը: Այն տրվում է Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների այն քաղաքացիներին, որոնք բարձրացրել են սպորտի հեղինակությունն ու մեծ ավանդ են ներդրել երկրում Օլիմպիական գաղափարների տարածման համար:

ՀԱՕԿ-ի նախագահները

ՀԱՕԿ-ը գլխավորել են 6 նախագահներ: Նրանցից առաջինը, ով այդ պաշտոնը ստանձնել է ամենաբարդ ու պատասխանատու տարիներին, եղել է Ռուբեն Հակոբյանը:

1993-ին բաց քվեարկությամբ ՀԱՕԿ-ի 2-րդ նախագահ ընտրվեց ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Ռաֆայել Թորոյանը: Նրան էլ փոխարինեց Ալեքսան  Ավետիսյանը, որի ղեկավարման տարիներին ՀԱՕԿ-ը դարձավ ՄՕԿ-ի լիիրավ անդամ, հայ մարզիկները բարձր մակարդակով մասնակցեցին 1996 թ Ատլանտայի ու 1998-ի Նագանոյի Օլիմպիական խաղերին: Ատլանտայից Հայաստանի հավաքականը վերադարձավ 1 ոսկե ու 1 արծաթե մեդալներով, որոնք իրենց հաշվին գրանցեցին ըմբիշներ Արմեն Նազարյանն ու Արմեն Մկրտչյանը:

ՀԱՕԿ-ի նախագահությունը հաջորդը ստանձնեց Աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը: 1999-ին կայացած ընտրություններին առաջին անգամ 3 թեկնածուներ մասնակցեցին՝ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը եւ կառույցի նախկին նախագահ Ալեքսանյանը:

Մեկ տարի անց Փաշայանը հրաժարական տվեց՝ դա բացատրելով Սիդնեյի Օլիմպիական խաղերում ծանր ապրումների արդյունքում ձեռք բերած առողջական խնդիրներով:  Այնուհետեւ 4 տարի կառույցը գլխավորեց Իշխան Զաքարյանը: Այդ ընթացքում կառուցվեցին ու վերանորոգվեցին բազմաթիվ մարզադպրոցներ, մարզիկներին սկսեցին տարբեր պարգեւներ ու կոչումներ շնորհել:

2004-ին էլ ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, որն արդեն 11 տարի է գլխավորում է կառուցը: Այդ տարիների ընթացքում հայկական սպորտում զգալի դրական տեղաշարժեր ու մարզական մեծ նվաճումներ են արձանագրվել:

Հատվածներ են մեջբերվել Հարություն Յավրյանի «ՀԱՕԿ. ստեղծումը եւ կայացումը» գրքից:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին