Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական “հանդիպման” “սղագրությունը”:
Սերժ Սարգսյան - Վերջին անգամ, երբ հանդիպեցինք Կազանում, բավական անսովոր ձեւաչափ էր. հանդիպմանը մասնակցում էին մեր նախարարներն ու օգնականները:
Իլհամ Ալիեւ – Հա, հիշում եմ. սեղանը բավական փոքր էր ինը մարդ հանգիստ տեղավորելու համար:
Սերժ Սարգսյան – Լավ, հիմա, երբ տեսախցիկները հեռացան, կարող ենք հանգիստ խոսել: Ուզում եմ այսօր որոշ բաներ հստակեցնենք:
Իլհամ Ալիեւ – Ի՞նչ ի նկատի ունեք:
Սերժ Սարգսյան - Կարծում եմ, գիտեք, ինչ եմ ուզում ասել: Պարզ ասեմ. Թուրքիայի հետ վարչապետի հետ ձեր համատեղ ճեպազրույցում անցաք “կարմիր գիծը”:
Իլհամ Ալիեւ – Եթե դուք ձեզ վիրավորված եք զգում…
Սերժ Սարգսյան – Խոսքն իմ մասին չէ: Ուզում եմ ասել, որ երբ դուք վիրավորում եք իմ ազգին, պետք է շատ հստակ պատկերացնեք, որ ժողովուրդը դրանից հետո ինձանից պահանջում է ոչ միայն ոչ մի զիջում չանել, այլեւ խոսել ձեզ հետ ձեր իսկ լեզվով:
Իլհամ Ալիեւ – Դուք էլ երբեմն կոշտ բաներ եք ասում մեր հասցեին:
Սերժ Սարգսյան – Կարծում եմ, որ լավ հասկանում եք տարբերությունը կոշտության և վիրավորանքի միջեւ: Ինչեւէ, եթե որոշել եք գնալ հենց այդ ճանապարհով, մենք ոչ մի տեղ չենք հասնի: Ու եթե իրոք նման որոշում եք կայացրել, եկեք տեղեկացնենք այդ մասին աշխարհին ու ասենք, որ Ադրբեջանը իրականում բանակցել չի ցանկանում:
Իլհամ Ալիեւ – Դա այդպես չէ: Դուք հիմա ինձ մեղադրում եք դիրքորոշումը կոշտացնելու համար, բայց նույնը ես կարող եմ ասել: Դուք ոչ մի քայլ չեք անում, որպեսզի ես կարողանամ համոզել մերոնց, որ այդպիսի խաղաղությունը մեզ համար ձեռնտու է:
Սերժ Սարգսյան – Ի՞նչ եք ակնարկում:
Իլհամ Ալիեւ – Այն, որ ես չեմ անի ոչ մի քայլ, քանի դեռ չեք սկսել վերադարձնել մեր հողերը:
Սերժ Սարգսյան – Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին ու դուք գիտեք իմ դիրքորոշումը:
Իլհամ Ալիեւ – Ես գիտեմ, բայց դուք պետք է ինձ հասկանաք:
Սերժ Սարգսյան – Ես ձեզ շատ լավ եմ հասկանում: Դեռ երկու տարի առաջ եմ ասել, որ երկու նախագահները փորձում են խնդրին նայել միմյանց աչքերով: Ես, համենայնդեպս, փորձել եմ:
Իլհամ Ալիեւ – Չեմ հիշում, որ դուք նման բան ասած լինեիք:
Սերժ Սարգսյան – Հանձնարարեք ձեր օգնականներին, թող նայեն արխիվներում: Ի դեպ, մի բան էլ էի ասել, որի մասին հիմա կասկածում եմ:
Իլհամ Ալիեւ – Ի՞նչ:
Սերժ Սարգսյան – Ասել էի, որ նորմալ մարդ լինելով, դուք պատերազմ չեք ուզում: Հիմա կասկածում եմ: Ավելի ճիշտ, կրկին կարծում եմ, որ պատերազմ չեք ուզում, սակայն ձեր վերջին բոլոր քայլերը տանում են դեպի պատերազմ:
Իլհամ Ալիեւ – Այդպես չէ: Ես ուզում եմ մենք արժանապատիվ խաղաղություն կնքենք:
Սերժ Սարգսյան – Դուք կարծում եք, որ կարո՞ղ եք արժանապատիվ խաղաղություն կնքել մի ժողովրդի հետ, որի արժանապատվությունը հրապարակավ ոտնահարում եք:
Իլհամ Ալիեւ – Դուք կառչում եք այդ մեկ դրվագից:
Սերժ Սարգսյան – Ի՞սկ ձեր քարոզչության վերջին հեքիաթն այն մասին, որ խաղալիքի մեջ պայթուցիկ ենք դնում, որ ձեր երեխաներին սպանենք:
Իլհամ Ալիեւ – Ինձ զեկուցել են, որ նման դեպք եղել է: Եվ նույնը եղել մի քանի տարի առաջ:
Սերժ Սարգսյան – Նման բան չկա: Լավ, կարծես, շեղվում ենք մեր թեմայից: Ի՞նչ եք կարծում Մեդվեդեւի վերջին նամակի մասին:
Իլհամ Ալիեւ – Կարծում եմ, որ կարող ենք աշխատել դրա վրա: Չնայած, երեւի պետք է դեռ սպասենք:
Սերժ Սարգսյան – Ինչի՞ն:
Իլհամ Ալիեւ – Դե, առաջիկայում կիմանանք, թե նրանցից ո՞վ է առաջադրվելու:
Սերժ Սարգսյան – Դա ի՞նչ կապ ունի:
Իլհամ Ալիեւ – Այնպես եք ասում, կարծես թե տարբերությունը չգիտեք:
Սերժ Սարգսյան – Իսկ դուք առաջադրվելո՞ւ եք հաջորդ անգամ:
Իլհամ Ալիեւ – Իհարկե:
Սերժ Սարգսյան – Ես էլ եմ առաջադրվելու: Ու սա նշանակում է, որ մենք ենք խնդրով զբաղվելու` անկախ բոլոր արտաքին փոփոխություններից:
Իլհամ Ալիեւ – Այո, այդպես է:
Սերժ Սարգսյան – Այդ դեպքում, ինչո՞ւ սպասենք: Ժամանակ ենք վատնում:
Իլհամ Ալիեւ – Դուք եք շտապում: Ես շտապելու ոչինչ չունեմ:
Սերժ Սարգսյան – Փաստորեն, հաստատում եք իմ ասածը:
Իլհամ Ալիեւ – Ոչ: Պատերազմ չեմ ցանկանում: Բայց եւ շտապելու որեւէ հիմք չունեմ:
Սերժ Սարգսյան – Հրապարակավ ասեք այդ մասին: Ամեն օր ասում եք, որ ձեր հողերը պետք է անհապաղ վերադարձվեն, մյուս կողմից ասում եք` չեմ շտապում:
Իլհամ Ալիեւ – Դրանք մեր ներքին հարցերն են:
Սերժ Սարգսյան –Թերեւս, Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս հռչակելը եւս ձեր ներքին գործն էր:
Իլհամ Ալիեւ – Միեւնույն է, զգում եմ, որ այսօր նեղացած եք եկել հանդիպման:
Սերժ Սարգսյան – Ձեզանից նեղանալու ոչինչ չունեմ: Փառք Աստծո, պատրանքներ չեմ ունեցել երբեք: Պարզապես զգում եմ, որ հանդիպումից հանդիպում հեռվանում ենք միմյանցից, իսկ դա լավ նշան չէ:
Իլհամ Ալիեւ – Գիտեք, կարծում եմ, որ էմոցիաները մեր գործում օգտակար չեն:
Սերժ Սարգսյան – Դրանք էմոցիաներ չեն. պարզապես հասկանում եմ, որ խնդիրը չեք ուզում լուծել: Եվ այո, իրականում պատերազմ էլ չեք ուզում: Պարզապես ժամանակ եք ձգում:
Իլհամ Ալիեւ – Դե, քաղաքականություն է, բա ի՞նչ եք ուզում:
Սերժ Սարգսյան – Ուզում եմ անկեղծ լինեք: Ոչ թե ինձ հետ: Ինքներդ ձեզ հետ անկեղծ եղեք:
Իլհամ Ալիեւ - Կարծես, խրատ եք կարդում:
Սերժ Սարգսյան – Ամենեւին: Ու հոգու խորքում գիտեք, որ ես ճիշտ եմ ասում:
Այստեղ “սղագրությունն” ընդհատվում է… Որտեղի՞ց այն ինձ: Երկար տարիներ հետեւելով բանակցային գործընթացին, փորձել եմ գուշակել, թե ինչպիսին կլիներ երկու ղեկավարների շփումը վերջին իրադարձություններից հետո:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: