Ապրիլ 26, 2024
2307 դիտում

Ջուլֆալակյան. Տղաները լավ պատրաստ են, մնում է ԱԱ-ում ցույց տան իրենց


Լուսանկարը` Mediamax


Հոկտեմբերի 11-24-ը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին հավաք է անցկացնում Օլիմպավանում: Թիմը հոկտեմբերի 25-ից մասնակցելու է Հունգարիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ կիսվել է իր ակնկալիքներով:

Սա վերջին հավաքն է Աշխարհի առաջնությունից առաջ: Մինչ այդ մի քանի հավաքներ ենք ունեցել Ռուսասանում, Բելառուսում ու Ծաղկաձորում: Պլանավորած բոլոր հավաքներն ու մրցաշարերն անցկացրել ենք:

Հավաքականն արդեն կազմավորված է, մրցավայր կմեկնենք հոկտեմբերի 24-ին ու հանդես կգանք 8 ըմբիշով: 

Ինչպես միշտ ըմբիշները լավ պատրաստ են, մնում է կարողանան մրցումներին անել այն, ինչին ընդունակ են ու գորգի վրա իրենց  ունակությունները ցույց տալ: Եթե հաջողությունը մի քիչ իրենց կողմից լինի, առողջ մոտենան պայքարին, սայթաքումներ չլինեն, իմ կարծիքով ամեն ինչ լավ կլինի:

77 կգ-ում Կարապետ Չալյանն է մասնակցելու, ես Լեհաստանում կայացած վերջին մրցաշարի ժամանակ հայտարարել էի, որ ԱԱ կմեկնի հաղթողը: Չալյանն էլ, Արսեն Ջուլֆալակյանն էլ լավ գոտեմարտեր վարեցին ու եզրափակչում հանդիպեցին իրար: Չալյանը հաղթեց ու կմեկնի Հունգարիա:

ԱԱ-ին մասնակցելու են Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանն (87 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին