Ապրիլ 27, 2024
exclusive
4306 դիտում

Բաբալարյան. Ամոյանը մեծ ցանկության շնորհիվ դարձավ ԱԱ-ի հաղթող


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


1 ոսկե ու 2 արծաթե մեդալներ Աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճած ու թիմային հաշվարկում 3-րդ տեղը գրաված հունահռոմեական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է իր սաներից:

Տրնավայում մեդալակիրներ են դարձել ԵԱ-ում փայլած ըմբիշները: Բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանն ԱԱ-ի հաղթող է, ոսկե մեդալակիր Տիգրան Մինասյանն այս անգամ վերադարձել է արծաթով, իսկ Դավիթ Օվասափյանը բրոնզը դարձրել է արծաթ:

Արմեն Բաբալարյանը Mediamax Sport-ին  ասել է, որ արդյունքն առավել քան գոհացուցիչ է, բոլոր այն մարզիկները, որոնք պատրաստ են եղել ու աշխատել են, ձեռնունայն չեն մնացել:

«Սակայն այս անգամ էլ կարող էինք ավելին անել: Մինասյանը մոտ էր հաղթելուն, Հրաչյա Պողոսյանն էլ բրոնզ նվաճելուն: Եզրափակչում Տիգրանը 4:0 հաշվով հաղթում էր, լավ սկսեց գոտեմարտը, բայց երեւի շտապեց ու զգոնությունը կորցրեց: Նույն սխալը նաեւ Օվասափյանն է թույլ տվել: Հաղթելու ցանկությունը երկուսի մոտ էլ մեծ էր, նրանք փորձեցին գոտեմարտը ժամանակից շուտ ավարտել: Երբեմն հաղթելու համար համբերատարություն է պետք ունենալ»,- նշել է մարզիչը:

Բաբալարյանի խոսքով, Ամոյանն այս անգամ իսկապես հիանալի է գործել ու ոչ մի շանս չի տվել մրցակիցներին: Թեեւ իր ենթախմբում ուժեղ մրցակիցներ են եղել, սակայն կարողացել է բոլորի արգելքն էլ հաղթահարել.

«Եզրափակչում արդեն ամեն ինչ պարզ էր, մնում էր ոսկե մեդալը նվաճել: Իր մեծ ցանկության ու մեր օգնությամբ Ամոյանը հաղթող դարձավ: Նա նախորդ տարվա եզրափակչից դաս էր քաղել ու այս անգամ ամեն ինչ արագ վճռեց»,- ավելացրել է Բաբալարյանը:

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Տարվա կարեւոր մրցաշարերին  հունահռոմեական ընտրանին արդեն մասնակցել է ու միասին նվաճել 2 ոսկե, 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ: Բաբալարյանի թիմին մնում է 2 միջազգային մրցաշարի մասնակցել Իրանում ու Վրաստանում ու օգնել մեծահասակների ընտրանուն պատրաստվել Աշխարհի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին