Ապրիլ 20, 2024
7187 դիտում

Մրցավարական սխալներն ու ըմբիշների վատ որակը. Ամփոփում է Ջուլֆալակյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփել է օրեր առաջ կայացած Հայաստանի առաջնությունն ու Mediamax Sport-ին պատմել մտահոգող խնդիրների մասին:


Մասնակիցների քիչ քանակը

Առաջնահերթ մտահոգությունս կապված է մասնակիցների քիչ քանակի հետ: Այս տարի ելույթ ունեցավ 84 ըմբիշ, թեեւ նախորդ տարվա համեմատ որոշակի դրական միտում է նկատվել: Դրա հետ մեկտեղ էլ որակը չի բավարարում:

Թերություններ, բնականաբար, շատ կան, բայց առաջին անգամը չէ, որ դրանց բախվում ենք ու կաշխատենք հավաքների ընթացքում շտկել ամեն ինչ:

Մրցավարական սխալները

Այս անգամ էլ զերծ չեղանք մրցավարական սխալներից: Ամբողջ երկրում ընդամենը 5 միջազգային կարգի մրցավար ունենք, ինչը շատ քիչ է: Մի քանի գոտեմարտերում առաջնությունը սպասարկող մրցավարները սխալվեցին, թեեւ չեմ կարծում թե դրանք միտումնավոր էին, սակայն ամեն դեպքում ցավալի է, որ լավ մարզիկների վրա լուրջ ազդեցություն կարող են թողնել:

UWW-ն պահանջում է, որ գոտեմարտերը տեսագրվեն 4 կողմից, բայց մենք դա ապահովել չենք կարողանում, արդյունքում մինչեւ 77 կգ քաշային կարգի վիճահարույց պահը մեր տեսախցիկը չէր արձանագրել:

Լուսանկարը` Մեդիամաքս


77-ի եզրափակիչը

Միմյանց դեմ մրցում էին Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը, գոտեմարտը դիտարժան էր, սակայն կրկին մրցավարի սխալ եղավ: Բողոքարկման արդյունքում խախտումը հնարավոր չեղավ տեսնել, դա նկատելի եղավ միայն հեռուստաընկերությունների նկարահանումների արդյունքում, սակայն գոտեմարտի ընթացքը փոխել հնարավոր չեղավ:

Բացի այդ էլ տրիբունաներում սադրիչներ կային, որոնք իրենց գործողություններով հունից հանեցին Արսեն Ջուլֆալակյանին: Միշտ էլ այդպես է՝ ճանաչված ու հարգված մարզիկների հանդեպ նման ստոր քայլերի են դիմում: Արսենը պետք է սառնասիրտ լիներ ու ուշադրություն չդարձներ դահլիճից լսվող վիրավորանքներին, սակայն չստացվեց: Նա զգոնությունը կորցրեց, ու այն պարագայում, որ հաղթում էր, կարծեց զիջում է, ու մարտը շահել չկարողացավ:

Մարզիկները միջազգային մրցաշարի կմասնակցեն, երկուսն էլ Կիեւ կմեկնեն ու ցույց կտան իրենց: Լավագույնն էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին