Մայիս 10, 2025
exclusive
8337 դիտում

Արմեն Բաբալարյան. Գերծանր քաշում ԱԱ-ում առաջին մեդալն ունեցանք


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` Facebook


Բրազիլիայի Սալվադոր քաղաքում կայացած երիտասարդների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունն այդքան էլ հաջող չի դասավորվել Հայաստանի հավաքականների համար:

12 մարզիկներով հանդես եկած ընտրանիների կազմում միակ բրոնզե մեդալը նվաճել է հունահռոմեական գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:

Mediamax Sport-ը հունահռոմեական  ու ազատ ոճի հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Բաբալարյանի ու Ավետիք Վարդանյանի հետ փորձել է ամփոփել տարվա ամենակարեւոր մրցաշարում ելույթները:

Բաբալարյան. Էդգարը Օլիմպիական ուղեգրի համար էլ կպայքարի

Ուրախ եմ, որ Էդգարին հաջողվել է մեդալ նվաճել: Հայաստանի ըմբշամարտի պատմության մեջ դեռ չի եղել, որ Աշխարհի առաջնությունում հայ գերծանր քաշային մարզիկը կարողանա մեդալ նվաճել: Դա շատ ոգեւորիչ փաստ է, իմ մարզչական կարիերայում ես բոլոր քաշային կարգերում հաջողության հասել էի, գերծանր քաշում առաջին անգամ էր:

Էդգարը շատ աշխատասեր է ու դրա շնորհիվ էլ կարողացավ նման հաջողության հասնել: Նա դեռ մեծահասակներում էլ իր խոսքը կասի, գուցե, կարողանա Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Ես միշտ ռիսկի եմ դիմել ու ծանր քաշային կարգերում մարզիկներ եմ հայտավորել:

Լուսանկարը` Facebook


Օգոստոսի 26-ից մենք մեծահասակների ընտրանու հետ ենք հավաք անցկացնելու ու օգնելու նրանց պատրաստել վարկանշային ԱԱ-ին:

Ավետիք Վարդանյան. Վատ մասնակցությունում միայն իմ մեղքը չէ

Ընդհանուր առմամբ, մասնակցությունը շատ վատ եմ համարում, քանի որ 6 մասնակիցներից ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:

Միակ ըմբիշը, որ հնարավորություն ուներ մեդալի համար պայքարել ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ռազմիկ Միսակյանն էր: Նա կարող էր ինչպես եզրափակիչ դուրս գալ, այնպես էլ բրոնզե մեդալ նվաճել, սակայն երկու դեպքում էլ ձախողվեց:

Վատ մասնակցությունում միայն ես չեմ մեղավոր, եթե մարզիկները նման դեպքերում չեն կարողանում իրենց  շանսերն օգտագործել, հետագայում էլ դժվարություններ կունենան:

Մյուսներին վիճակահանությամբ բարդ մրցակիցներ էին բաժին ընկել ու նրանք պարտություն կրեցին:

Տարվա կարեւոր մրցաշարերը՝ ԵԱ-ն ու ԱԱ-ն արդեն ավարտվել են, այդ պատճառով եթե մինչեւ տարեվերջ ֆինանսավորում լինի, կցանկանամ, որ հավաքականի տղաները 2-3 միջազգային մրցաշարերի մասնակցեն: Դրա կարիքը նրանք իսկապես ունեն:  Իսկ եթե գումարի հետ կապված խնդիրներ լինեն, հավանաբար, թիմը կհավաքվի մյուս տարվա հունվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին